Հայաստանը՝ ժողովրդավարության և ավտորիտարիզմի խաչմերուկում
Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Փորձագետ
Երևան
Յուրաքանչյուր տարվա սկիզբ նշանավորվում է նաև տարբեր բնագավառներում նախորդ տարվա արդյունքների ամփոփումով: Ի թիվս բազմաթիվ հրապարակումների՝ վերջին 12 տարում իր ուրույն տեղն ունի The Economist-ի Intelligence Unit-ի ժողովրդավարության ցուցիչը: Աշխարհի 165 անկախ երկրներում ժողովրդավարության մակարդակը համեմատվում է հինգ անվանակարգերում` ընտրական գործընթացներ և բազմակարծություն, կառավարության գործունեություն, քաղաքական մասնակցություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ: Ըստ այդմ էլ երկրները բաժանվում են չորս անվանակարգերի` լիարժեք ժողովրդավարություններ, թերի դեմոկրատիաներ, հիբրիդային և ավտորիտար ռեժիմներ:
Համաձայն 2019 թվականի հրապարակման՝ երկրագնդի բնակչության գրեթե կեսը (48.4%) ապրում է ժողովրդավարության պայմաններում, սակայն միայն 5.7%-ն է ապրում լիարժեք ժողովրդավարության պայմաններում: Համեմատության համար նշենք, որ 2015-ին այդ ցուցանիշը հասնում էր 8.9%-ի: Ժողովրդավարության ցուցիչով ամենաբարձր հորիզոնականներում են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Դանիան, Կանադան, Ավստրալիան, Շվեյցարիան:
Աշխարհի բնակչության մեկ երրորդն ապրում է ավտորիտար ռեժիմի պայմաններում: 2006-ից ի վեր ժողովրդավարության ցուցիչը հասել է իր ռեկորդային մինիմումին հենց այս տարի: Տաս բալանոց սանդղակում միջին ցուցանիշը 5.44 է: Նույնիսկ 2010-ին, երբ ֆինանսական մեծ ճգնաժամ էր, արձանագրվել էին ավելի բարձր միջազգային ցուցանիշներ:
2019թ. շուրջ 68 երկրներում ժողովրդավարությունն անկում է ապրել, սակայն գրեթե նույնքան երկրներ էլ բարելավել են իրենց ցուցանիշները: Այդ երկրների շարքում է նաև Հայաստանը: Հայաստանը նախորդ տարվա համեմատ շուրջ 17 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը: Համաշխարհային ժողովրդավարության անկման համապատկերում սա, բնականաբար, մեծ ոգևորություն և հույս է ներշնչում : Փորձենք համեմատության մեջ հասկանալ, թե որտեղ էինք մենք 5 տարի առաջ, և ինչ հաջողություններ ու բացթողումներ ունենք ներկայումս:
2015-ին մենք աշխարհի դեմոկրատական քարտեզի վրա 167 երկրների շարքում զբաղեցնում էինք 116-րդ հորիզոնականը: Պակիստանից, Կամբոջայից, Մյանմարից, Իրաքից հետո հերթը հասնում էր Հայաստանին: Մեր միջին գնահատականը 4 էր, և հինգ չափանիշներից հատկապես աչքի էր զարնում կառավարության գործունեության և քաղաքական մշակույթի ցածր մակարդակը:
Իսկ ահա 2016-ին իրավիճակն էլ ավելի տխուր է դառնում: Հայաստանը հայտնվում է 120-րդ հորիզոնականում և հիբրիդային ռեժիմից անցում է կատարում ավտորիտար երկրների շարքերը: Հատկապես անկում էր կատարել քաղաքական մշակույթի մակարդակը` հնարավոր 10-ից հասնելով 1.88-ի:
2017-ին Հայաստանը որոշակի առաջընթաց է արձանագրում` զբաղեցնելով 111-րդ հորիզոնականը` վերադառնալով հիբրիդային ռեժիմի շարքերը: Իսկ ահա 2018-ի թավշա հեղափոխությունից հետո Հայաստանը հայտնվում է 103-րդ հորիզոնականում: 2019-ին Հայաստանը շեշտակիորեն բարելավել է իր դիրքերը՝ 103-րդ հորիզոնականից բարձրանալով 86-րդ հորիզոնական: Հայաստանին գրեթե տաս հորիզոնական է բաժանում թերի ժողովրդավարությունների շարքերում հայտնվելուց:
Ի համեմատություն նշենք, որ մեր հարևան Վրաստանը Հոնդուրասի հետ կիսել է 89-րդ հորիզոնականը, Թուրքիան զբաղեցրել է 110-րդ հորիզոնականը՝ Հայաստանի ու Վրաստանի հետ մեկտեղ ներառվելով հիբրիդային ռեժիմ ունեցող պետությունների ցանկում, իսկ ահա Ադրբեջանը զբաղեցրել է 146-րդ տեղը՝ ընդգրկվելով ավտորիտար ռեժիմով պետություննների շարքում: Ռուսաստանն ու Իրանը նույնպես ավտորիտար պետություններ են որակվել: Ընդ որում, ՌԴ-ն 134-րդ հորիզոնականը կիսել է Կոնգոյի Հանրապետության հետ, իսկ Իրանը հանգրվանել է 151-րդ հորիզոնականում:
Ակնհայտ է, որ Հայաստանը ժողովրդավարացման գործընթացում դրական դինամիկա է պահպանում, սակայն փաստ է նաև, որ մենք դեռևս համարվում ենք հիբրիդային ռեժիմ:
Ըստ այդ դասակարգման, հիբրիդային են համարվում այն ռեժիմները, որտեղ ընտրությունները կայանում են նշանակալի խախտումներով: Կառավարությունը ճնշում է գործադրում ընդդիմության վրա: Քաղաքական մշակույթը, կառավարության գործունեությունը և քաղաքական մասնակցությունը գնահատվում է բավականին ցածր: Կոռուպցիան լայն կիրառելիություն ունի և չկա օրենքի գերակայություն: Քաղաքացիական հասարակությունը թույլ է: Սովորաբար կան լրագրողների նկատմամբ ոտնձգություններ և դատական համակարգն անկախ չէ: Իհարկե, Հայաստանի պարագայում պատկերը բավականին բազմազան է, սակայն միջինացված գնահատականը հանգեցնում է հիբրիդային ռեժիմ որակավորմանը:
Փորձենք հանգամանորեն վերլուծել յուրաքանչյուր անվանակարգը, որպեսզի ավելի լիարժեք պատկերացում ունենանք իրավիճակի մասին: Մասնավորապես՝ ընտրական գործընթացներ անվանակարգում Հայաստանը ստացել է 7.50 միավոր, որը բավականին դրական արդյունք է: Նման բարձր ցուցանիշը պայմանավորված է 2018թ-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ, որը միջազգային կառույցների կողմից ևս դրական գնահատանքի է արժանացել: Մասնավորապես` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից հրապարակված զեկույցում նշվում է.
«2018թ-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը, ինչը պետք է պահպանվի ընտրական հետագա բարեփոխումների ժամանակ: Քաղաքական բաց բանավեճը, այդ թվում՝ ԶԼՄ-ներում, նպաստել է աշխույժ քարոզարշավի անցկացմանը՝ չնայած առցանց սադրիչ հռետորաբանության դեպքերը մտահոգության տեղիք են տվել: Կանխամտածված ընտրախախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշումների ընդհանուր բացակայությունը իրական մրցակցության հնարավորություն է ընձեռել»:
Ժողովրդավարության գնահատման գործում մեծ կարևորություն ունի նաև կառավարության գործունեությունը, որի համար ստացել ենք 5.36 միավոր: Այս գնահատականը ձևավորվում է հետևյալ հարցերի պատասխանների հիման վրա՝ արդյո՞ք ազատ ընտրությունների արդյունքում ընտրված կառավարության ներկայացուցիչներն են մշակում կառավարության քաղաքականությունը, արդյո՞ք կա զսպումների և հակակշիռների արդյունավետ մեխանիզմ, արդյո՞ք միջազգային կազմակերպություններն են որոշում կառավարության գործունեությունը, արդյո՞ք կան կառավարության գործունեության վրա ազդեցություն ունեցող խմբեր, կա՞ն արդյոք իշխանությունների հաշվետվողականության մեխանիզմներ, արդյո՞ք կառավարության գործունեությունը բաց է և թափանցիկ, արդյո՞ք քաղծառայողները ցանկանում են կատարել կառավարության որոշումները, ինչպիսի՞ն է հասարակական վստահությունը կառավարության հանդեպ և այլն: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանն այս անվանակարգում միջին ցուցանիշ ունի, ինչն ավելի շատ աշխատելու և կատարելագործվելու հիմք պետք է հանդիսանա: Բացերը շատ են, անելիքներն` էլ ավելի:
Քաղաքական մասնակցությունը Հայաստանում գնահատվել է 6.11 միավոր: Քաղաքական մասնակցության ներքո հաշվի են առնում համապետական ընտրություններում քաղաքացիների մասնակցությունը, ազգային, կրոնական և այլ փոքրամասնությունների խոսքի ազատության մակարդակը, կանանց խորհրդարանական մասնակցությունը, քաղաքացիների քաղաքական մասնակցությունը, կառավարության ջանքերը քաղաքական մասնակցության բարձրացման ուղղությամբ, կրթական համակարգի դերը: Կարծես թե վիճակն այս ճակատում այնքան էլ վատ չէ, ուստի կարևոր է ոչ միայն պահել, այլև զարգացնել քաղաքական մասնակցությունը, որտեղ իր ուրույն տեղը կարող են ունենալ կառավարության ջանքերը:
Քաղաքացիական ազատությունների համար Հայաստանը ստացել է 5.59 միավոր:
Իսկ այն չափվում է հետևյալ հարցերի պատասխանների հիման վրա` ազատ էլեկտրոնային մեդիաների և տպագիր մամուլի, խոսքի և հավաքների ազատության առկայություն, համացանցի մուտքի վրա քաղաքական սահմանափակումների բացակայություն, քաղաքացիների` պրոֆեսիոնալ կազմակերպություններ և առևտրային միավորներ կազմելու ազատություն, դատական իշխանության անկախություն, կրոնական հանդուրժողականության առկայություն, անվտանգության առկայություն, անձնական ազատություններ և այլն:
Հայաստանում աննախադեպ ցածր է քաղաքական մշակույթի մակարդակը, որի համար ստացել ենք 3.13 միավոր: Հիմա փորձենք հասկանալ այն չափանիշները, որոնց տարիներ շարունակ չենք կարողանում համապատասխանել. այդ հարցում նույնիսկ հեղափոխությունն է անզոր: Չափանիշները հետևյալն են` արդյո՞ք կա հասարակական կոնսենսուսին հասնելու ժողովրդավարական ուղի, ինչպե՞ս է բնակչությունն ընկալում առաջնորդին, ովքե՞ր են ցանկանում ունենալ ուժեղ առաջնորդ, որը կարող է շրջանցել խորհրդարանին, ինչպե՞ս է բնակչությունն ընկալում զինվորականությանը, հասարակության ո՞ր մասը կգերադասի ունենալ զինվորական իշխանություն, փորձագետների և տեխնոկրատների կողմից կառավարվելու բնակչության նախապատվության աստիճանը, դեմոկրատիան կառավարման վատ ձև համարող բնակչության տոկոսը, եկեղեցու և պետության անջատման սկզբունքի առկայությունը:
Ահա այստեղ մենք նկատում ենք, որ հիմնական խնդիրները հասարակության ստորին շերտերում են: Եթե կարելի է հեղափոխություն կատարել և փոխել քաղաքական էլիտան, ապա հասարակական գիտակցությունը փոխելը հսկայական ջանքեր է պահանջում և մեկ օրվա գործ չէ: Հարկ է անընդհատ կրթել, բարձրացնել քաղաքացիական ինքնագիտակցությունը, որպեսզի քաղաքական մշակույթի մակարդակը ևս բարձրանա: Սա մեր աքիլլեսյան գարշապարն է, որին ոչ բավարար ուշադրությունը մեզ դարձնելու է կաղացող ժողովրդավարություն: