Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
“Անալիտիկոն” ամսագրի գլխավոր խմբագիր
Ղարաբաղում ազգային-ազատագրական շարժման նոր փուլը` որպես հանրային համախմբման նախադրյալ
1988 թվականին սկսված ղարաբաղյան շարժումը, ըստ էության լինելով ազգային-ազատագրական, միեւնույն ժամանակ ժողովրդավարության բուռն պոռթկում էր իրենից ներկայացնում: Իզուր չէ, որ խորհրդային տարիներին այն կարծիքն էր տիրում, որ ղարաբաղյան բողոքները ժողովրդավարության առաջին ծիծեռնակներն էին եւ առաջին հանրահավաքները նախկին ԽՍՀՄ-ում, որոնք էլ սասանեցին ամբողջատիրական համակարգը եւ համանման շարժումների նախադեպ հանդիսացան:
Այն ժամանակվա փողոցային ժողովրդավարությունը սթափեցուցիչ ազդակ էր իշխանությունների համար, եւ դա` բառի բուն իմաստով ժողովրդի ձայնը, վճռորոշ էր. տեղական խորհրդարանի` ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստերի ելույթները դրսում դրված բարձրախոսներով հեռարձակվում էին օնլայն ռեժիմով, քաղաքային հրապարակում հավաքված մարդիկ բարձրաձայն հավանություն էին տալիս կամ սուլոցներով դիմավորում այս կամ այն ելույթը: 70-ամյա ամբողջատիրությունից հետո դա ուղղակի անպատկերացնելի էր եւ ոգեւորում էր մարդկանց:
Առաջին հանրահավաքները կայացան 1988 թվականի փետրվարին, որոնց հետեւեցին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանի(փետրվարի 20) եւ կոմկուսի մարզկոմի արտահերթ պլենումի որոշումները (մարտի17 ): Ժողովրդի ձայնը, ինչպես ասում են, հասավ իշխանություններին: Միաժամանակ երեւան եկան հանրային ինքնակազմակերպման առաջին ծիլերը: Մարտի 1-ին ստեղծվեց ՙԿռունկ՚ կոմիտեն, որի մեջ մտան հայտնի հասարակական-քաղաքական գործիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ եւ ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ: Կոմիտեն իսկույն եւեթ իր ձեռքը վերցրեց կառավարման սանձերը: Հենց կոմիտեի կոչով էլ մարտի 2-ին դադարեցվեց կես ամիս տեւած համընդհանուր գործադուլը:
Ավելի ուշ հայտնվեցին հայրենակցական միությունները, ՙԱմարաս՚ բարեգործական կազմակերպությունը եւ այլ հասարակական կազմակերպություններ: Սակայն մտցված արտակարգ դրությունը դարձավ այդ եւ մյուս կազմակերպությունների բնականոն գործունեության առաջին լուրջ խոչընդոտը: Դրության տերը դարձան սկզբում (89 թվականի հունվարից) Հատուկ կառավարման կոմիտեն (ՀԿԿ) եւ ապա (նույն թվի դեկտեմբերից)` Կազմկոմիտեն (ԿԿ): Երկու կառույցներն էլ ստեղծվել էին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշումներով: Ընդսմին, դադարեցվեցին կուսմարզկոմի եւ ժողպատգամավորների մարզխորհրդի լիազորությունները: Սկսվեցին ղարաբաղյան շարժման առաջնորդների ձերբակալությունները եւ հետապնդումները, լրատվամիջոցները գրաքննության ենթարկվեցին: Հարկ է նաեւ նշել, որ նույն այդ ժամանակ` 1989 թվականի օգոստոսին, հրավիրվեց բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարը, որում էլ ընտրվեց ԼՂԻՄ Ազգային խորհուրդը: Իսկ հոկտեմբերի 1-ին` գրեթե 70-ամյա ընդմիջումից հետո, վերստեղծվեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը:
Քաղաքացիական հասարակության կայացումը ԼՂՀ-ում
Պատերազմը խաղի նոր կանոններ մտցրեց հանրության ինքնակազմակերպման գործընթացում: Հետպատերազմյան առաջին` ՙոչ պատերազմ, ոչ խաղաղություն՚ իրավիճակի տարիները նույնպես, մեղմ ասած, բարերար հող չէին հանդիսանում ժողովրդավարության զարգացման համար:
ԼՂՀ-ն երիտասարդ պետություն է եւ նրա կենսագործունեության բոլոր ոլորտները, այդ թվում` երրորդ հատվածը` հասարակական կազմակերպությունները, ըստ էության կայացման փուլում են գտնվում: Այս ոլորտի դժվարությունները ներհատուկ են հետխորհրդային գրեթե ողջ տարածքին, բայց կան նաեւ առանձնահատկություններ: Մի կողմից` ինչպես Հայաստանում, Ադրբեջանում եւ այլ հետխորհրդային տարածքներում իշխանություններն այնքան էլ շահագրգռված չեն անկախ քաղաքացիական հասարակություն, ուժեղ ոչ կառավարական կազմակերպություններ ունենալու մեջ եւ հիմնականում օգնում են իրենց իսկ կողմից կառավարվող ՀԿ-ներին, մյուս կողմից էլ` ղարաբաղյան ՀԿ-ները երկու կրակի արանքում են հայտնվել այն պատճառով, որ ԼՂՀ միջազգային ճանաչման բացակայության պայմաններում բազմաթիվ միջազգային կազմակերպություններ պարզապես խուսափում են համագործակցել ղարաբաղյան քաղաքացիական հասարակության հետ:
ԼՂՀ պետական ռեգիստրի տվյալներով` ԼՂՀ հանրային հատվածում ներկայումս կա 165 կազմակերպություն: Գրանցված կազմակերպություններից շուրջ 30-ը մարզական ֆեդերացիաներ ու ակումբներ են, 7-ը` երիտասարդական, 3-ը` լրագրողական կազմակերպություններ, շատ ՀԿ-ներ սոցիալական ուղղվածության են, կան նաեւ ստեղծագործական եւ մշակութային կազմակերպություններ: Թե դրանցից քանիսն են իրականում գործում` դժվար է ասել, բայց կարելի ասել, որ գործողներն այնքան էլ շատ չեն: Նորերս ՙԱնալիտիկոն՚ վերլուծական հանդեսի համարում (N11 (23), նոյեմբեր, 2010) հետաքրքիր բանավեճ էր ծավալվել այդ թեմայով, որին մասնակցել են առաջատար ՀԿ-ների ղեկավարները` իրենց մտորումները կիսելով առկա խնդիրների եւ երրորդ հատվածի զարգացման հեռանկարների մասին:
Հելսինկյան նախաձեռնություն-92 կազմակերպության ԼՂ կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանի կարծիքով` բացառությամբ ՙՀՆ-92՚-ի, Ստեփանակերտի մամուլի ակումբի եւ մի խումբ բլոգերների` քաղաքացիական հատվածի մնացյալ մասը հանդիսանում է ԼՂՀ իշխանությունների մասնաճյուղը: Եւ խնդիրն այստեղ օրենսդրական դաշտում չէ: Համակարգողը գտնում է, որ ԼՂՀ օրենսդրական դաշտը սկզբունքորեն թույլ է տալիս երրորդ հատվածին զարգանալ:
ՙԺողովրդական դիվանագիտության ինստիտուտ՚ ՀԿ ղեկավար Իրինա Գրիգորյանը փաստում է, որ հասարակական կազմակերպությունների մասին օրենքի համաձայն պետությունը երաշխավորում է ՀԿ-ների շահերն ու իրավունքները: Նրա կարծիքով, սխալ է այն կարծիքը, որ ՀԿ-ն իրենից հակակշիռ կամ ընդդիմություն է ներկայացնում իշխանությանը: ՀԿ-ների անդամները պետության քաղաքացիներն են եւ իրենց առջեւ այնպիսի խնդիրներ են դնում, որոնք չեն հակասում պետական շահերին, այլ ընդհակառակը` լրացնում են պետական ծրագրերը:
ԼՂՀ կառավարության հանրության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Հրանտ Ալեքսանյանը գտնում է, որ պետությունը պիտի ճշտի հանրային հատվածի հետ իր հարաբերությունները: Արդեն երեք տարի է, ինչ հանրապետության ՀԿ-ների զգալի մասը ֆինանսավորվում են գործադիր իշխանության որոշումներով: 2008 թվականին հանրային հատվածին պետական աջակցությունը կազմել է 50 միլիոն դրամ, 2009-2010 թվականներին այդ գումարը դարձել է տարեկան 60 միլիոն, աճել է նաեւ պետական աջակցություն ստացող ՀԿ-ների քանակը` ներկայումս կառավարության աջակցությունից օգտվում է 19 կազմակերպություն եւ 4 ոչ պետական թերթ:
Հանրային հատվածում երկու բեւեռ է առաջացել` պետական աջակցություն ստացող կազմակերպություններ, որոնք այս կամ այն կերպ սատարում են իշխանություններին եւ ՀԿ-ներ, որոնք համագործակցում են միջազգային կազմակերպությունների հետ եւ անկախ քաղաքականություն են վարում: Թեեւ կան կազմակերպություններ, որոնց հաջողվում է համատեղել այս երկու ուղղությունները:
Հակամարտության ազդեցությունը ներքին քաղաքական դինամիկայի վրա եւ ընդհակառակը
Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացի ընդհանուր մթնոլորտն իր հետքն է թողել Լեռնային Ղարաբաղի հանրային ինքնագիտակցության վրա: Տխուր է, բայց փաստ` բանակցային գործընթացի բոլոր թերություններն ու սխալները` սխալ ձեւաչափը, պատճառահետեւանքային կապերի շփոթումը եւ բուն բանակցությունների անառողջ, վստահություն չներշնչող ոգին հանգեցրել են նրան, որ ղարաբաղցիներն անտարբերությամբ ու անվստահությամբ են հետեւում այդ գործընթացին:
Հակահայկական քարոզչությամբ զուգակցվող հարաճուն ռազմական սպառնալիքի առկայությունն արգելակում է ներքին գործընթացները եւ բացասաբար անդրադառնում հանրային զարգացման վրա, քանի որ գլխավորը դառնում է անվտանգության գործոնը: Օրինակ, մարդկանց մոտ դեռեւս ուժեղ է ժողովրդավարական արմատական բարեփոխումների նկատմամբ վախը: Արդյունքում` մինչեւ լավագույն, անվտանգ ժամանակները չափավոր ժողովրդավարությամբ բավարարվելու ցանկություն:
Այս առումով բավականին խորհրդանշական է պետական թերթերից մեկի ու ընդդիմադիր թերթի միջեւ փիլիսոփայական երկխոսություն-վեճը: Պետական թերթի հերթական համարի առաջին էջում մեծ տառերով հետեւյալ միտքն էր արտահայտվել` ՙեթե ինձ ասեն` կշեռքի նժարներից մեկին ժողովրդավարությունն է, իսկ մյուսին երկրի անվտանգությունը, ապա ես կընտրեմ վերջինը, եւ ոչ ոք չի կարող ինձ մեղադրել դրանում՚: Ընդդիմադիր թերթն արտատպել է սա, բայց կողքին զետեղել Բենջամին Ֆրանկլինի հայտնի միտքը` ՙնա, ով պատրաստ է իր ազատությունը զոհել հանուն իր անվտանգության` արժանի չէ ոչ ազատության, ոչ էլ անվտանգության՚: Ահա այսպես` երկու կարծիք, երկու սկզբունք, երկու հոգեբանություն եւ փիլիսոփայություն: Ռւ ոչ ոք հոդաբաշխ ձեւով չի բացատրում, թե ինչպես է ժողովրդավարությունը սպառնում ազգային անվտանգությանը: Այսպես թե այնպես` սա մի միֆ է, որի պսակազերծումն էապես կազդեր ԼՂՀ ժողովրդավարացման վրա:
Այս հոգեբանությունն ակտիվորեն սնուցվում է նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից: Այսպես, կառավարող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ քանի դեռ չի լուծված Ղարաբաղի անվտանգության հարցը` անիմաստ է խոսել ժողովրդավարության զարգացման մասին:
Ընտրական գործընթացներ
ԼՂՀ Ազգային ժողովի վերջին ընտրությունները կայացել են 2010 թվականի մայիսի 23-ին: Դրանք թվով հինգերորդ խորհրդարանական ընտրություններն էին անկախության հռչակումից ի վեր: Առաջին ընտրությունները կայացել են 1991 թվականի դեկտեմբերի 28-ին` դեկտեմբերի 10-ին անցկացված անկախության հանրաքվեից երկուսուկես շաբաթ հետո: Անկախության տարիներին չորս անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, իսկ ՏԻՄ ընտրություններ` ավելի շատ: Ամենաժողովրդավարականը, թերեւս, առաջին խորհրդարանական ընտրություններն էին ղարաբաղյան շարժման ալիքի վրա, որոնց մասնակիցները հավասար մեկնարկային հնարավորություններ ունեին: Հետագայում ընտրական գործընթացներում մինչ այդ անհայտ ռեսուրս է մտցվել` վարչական ռեսուրսը: Եւ ի վերջո այնպես ստացվեց, որ 80-ականների ժողովրդավարական պոռթկումից հետո երկիրը վերածվեց միաբեւեռ հասարակության:
Ահա այսպիսի ոչ դյուրին պայմաններում է գոյատեւում ղարաբաղյան ժողովրդավարությունը: Հենց գոյատեւում է, թեեւ մի պահ կար, երբ թվում էր, թե մենք ականատեսը կդառնանք ժողովրդավարական ՙա լյա 1988՚ եւս մի պոռթկման: Խորհրդանշական է, որ նոր ալիքի սկիզբը դրեց նորաստեղծ ՙՇարժում-88՚ կուսակցությունը, որի առաջնորդը հաղթեց 2004 թվականի ՏԻՄ ընտրություններում եւ դարձավ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետը: Ինքնին Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունն արդեն իսկ նշանակալից երեւույթ էր, քանի որ քաղաքապետին մեր տարածաշրջանում ընտրում, այլ ոչ թե նշանակում էին (Հայաստանում միայն 2010 թվականի մայիսին կայացան Երեւանի քաղաքապետի առաջին ընտրությունները): Այդ ընտրությունները հաճելի անկնկալ եղան ղարաբաղյան հանրության եւ տհաճ անակնկալ` իշխանությունների համար: Վերջիններս ըստ երեւույթին թերագնահատեցին ընդդիմության ուժը եւ ինչպես հարկն է չնախապատրաստվեցին ընտրություններին: Դրա փոխարեն նրանք ամենայն պատրաստությամբ դիմավորեցին հերթական խորհրդարանական ընտրությունները մեկ տարի անց` 2005 թվականին: Այն ժամանակ ընդդիմությունը խոշոր պարտություն կրեց` ընդդիմադիր ՙԴաշնակցություն-Շարժում 88՚ նախընտրական դաշինքը տիրացավ ընդամենը 3 մանդատի 33-ից:
Հերթական նախագահական ընտրությունների նախօրեին` 2007 թվականի ամռանը, լիովին թուլացած ղարաբաղյան ընդդիմությունն այլ ելք չգտավ, քան սեփական թեկնածու չառաջադրելը եւ իշխանության թեկնածուին պաշտպանելը: Ընտրարշավն անցավ համընդհանուր միասնության ներքո: Ընդդիմության բացակայության պայմաններում որպես լուրջ քաղաքական գործիչ հանդես եկավ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը` չընդունելով խաղի ՙընդհանուր՚ կանոնները: Նա չէր փորձում փոխարինել ընդդիմությանը եւ հանդես եկավ բարենորոգչական լուրջ ծրագրով: ՙՀանրությունը բարեփոխումների կարիք ունի,- հայտարարեց նա:- Չժխտելով արդեն իսկ ձեռք բերվածը` ես լճացման վտանգ եմ տեսնում՚: Սակայն իշխանությունները չցանկացան նրան ընդունել որպես բարենորոգիչ եւ այլընտրանքային թեկնածուին վերագրեցին ընդդիմադիր դաշտին: Ի դեպ, նախկին ընդդիմության ընտրազանգվածի զգալի մասը քվեարկեց հենց Մայիլյանի օգտին: Արդյունքում հաղթեց իշխանության թեկնածու Բակո Սահակյանը: ՙԱնվտանգություն` ժողովրդավարության դիմաց՚ հոգեբանությունը վճռորոշ ազդեցություն ունեցավ այդ ընտրությունների արդյունքների վրա:
Քվեարկության ընթացքին մասնակցել են հարյուրից ավելի դիտորդներ աշխարհի տարբեր երկրներից, որոնք ղարաբաղյան ընտրությունները համարեցին ազատ եւ ժողովրդավարական: Այդ պատվիրակությունների մի մասը ոչ պաշտոնական էր, սակայն այդ հանգամանքն ամենեւին էլ չի նվազեցնում բարձր գնահատականները եւ անգամ այնպիսի հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին Freedom House-ն է, գնահատելով աշխարհի տարբեր երկրների ազատությունների ու քաղաքացիական իրավունքների աստիճանը` Լեռնային Ղարաբաղը մեկ աստիճան բարձր դասեց Ադրբեջանից:
Ընդունված է համարել, որ ԼՂՀ-ում ցանկացած ընդհանուր պետական ընտրություններ արցախցիների համար լրացուցիչ փաստարկ են միջազգային հանրության եւ Ադրբեջանի հետ երկխոսությունում: Տեղացի փորձագետների կարծիքով` ԼՂՀ ընտրությունները շահեկանորեն տարբերվում են Հայաստանի եւ էլ ավելի շատ` Ադրբեջանի ընտրություններից: Ո±րն է սկզբունքային տարբերությունը: Ընտրություններն Արցախում ազատ են, բայց ոչ արդար: Իհարկե, դա ավելի լավ է, քան անազատ ու անարդար ընտրությունը: Բայց, մյուս կողմից էլ, մենք դեռեւս հեռու ենք իսկական ժողովրդավարությունից: Ընտրություններն ազատ են թեկուզ եւ այն պատճառով, որ չկա բռնություն, չկան թաղային հեղինակություններ, մահակը չի հանդիսանում քաղաքական տեխնոլոգիայի գործիք, չեն կրակում եւ այլ, եւ այլն: Իսկ անարդար են այն պատճառով, որ վարչական ռեսուրսը շարունակում է իր սեւ գործն անել, եւ քաղաքական ուժերն էն գլխից անհավասար պայմաններում են:
Ժողովրդավարությունը եւ հակամարտությունը
Ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի մասին 1994 թվականի մայիսին ձեռք բերված համաձայնությունը դադարեցրել է հակամարտող կողմերի ռազմական դիմակայությունը: Բայց հետագայում պարզվեց, որ ինքնին մարտական գործողությունների դադարեցումը բավարար չէ հակամարտության վերջնական եւ ըստ ամենայնի կարգավորման հասնելու համար: ՙՈչ պատերազմ, ոչ խաղաղություն՚ իրավիճակը եւ հակամարտության կողմերի միջեւ պաշտոնական միջպետական հարաբերությունների իսպառ բացակայությունը լուրջ խոչընդոտ են հակամարտության կողմերից յուրաքանչյուրի բնականոն զարգացման համար, ինչն էլ բացասաբար է անդրադառնում հակամարտության մեջ ներգրավված պետական կազմավորումների ժողովրդավարական բարեփոխումների տեմպերի վրա:
Ենթադրվում է ստեղծված իրավիճակից երկու ելք, երկու հայեցակարգ: Առաջին` միայն ղարաբաղյան հիմնախնդրի արագ լուծումը կարող է նպաստել պետական շինարարության բնականոն գործընթացին եւ իրական ժողովրդավարության կայացմանը: Եւ երկրորդ` միայն իրական ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացումից հետո է հնարավոր հիմնախնդրի քաղաքական կարգավորումը: Երկու մոտեցումներն էլ յուրովի իրավացի են, բայց ըստ էության` ոչ բավարար: Կարծում եմ, որ մեծ հաշվով ընտրություն չկա, եւ ամենայն հավանականությամբ հարկ է համատեղել երկու ուղղությունները, ընդսմին շեշտը դնելով ժողովրդավարացման վրա: Փորձագետների կարծիքով` ժողովրդավարության աճի համար պայմանների ստեղծումը ցանկացած պարագայում պիտի մի քայլ առաջ լինի հիմնախնդրի կարգավորումից:
Բայց Ղարաբաղը մի լրջագույն խնդիր էլ ունի: Մեզ մոտ շատերն, այնուամենայնիվ, այն կարծիքին են, որ մինչեւ Հայաստանում իրավիճակը չփոխվի` պետք չէ փոփոխություններ սպասել բուն Ղարաբաղում: Կա Հայաստանում եւ Ղարաբաղում բնականոն պետական շինարարությունը խոչընդոտող եւս մի լուրջ գործոն: Դրանք իրար սնուցող անոթներն են. մի կողմից` Հայաստանի իշխանությունների մեծ ազդեցությունը ղարաբաղյան ղեկավարության վրա, մյուս կողմից էլ` ղարաբաղյան գործոնի վճռորոշ ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Սա այն գորդյան հանգույցն է, որի քանդումը օգտակար կլիներ ինչպես հիմնախնդրի կարգավորման, այնպես էլ պետական շինարարության համար:
Ժողովրդական դիվանագիտություն
Հակամարտող երկրներում առկա այսօրվա իրողություններն այնպիսին են, որ հանրությունները մեկուսացված են բանակցային գործընթացից եւ երկխոսությունից: Հայ ղեկավարներից մեկը ժամանակին ասել էր, որ Հայաստանում ու ԼՂՀ-ում բանակցային գործընթացի մասին տեղեկատվությանը տիրապետում է վեց մարդ: Հավանաբար` նույնքան էլ Ադրբեջանում: Այս կապակցությամբ տրամաբանական հարց է ծագում` իսկ որքանո±վ է նպատակահարմար այսքան կարեւոր հարցը մեկ դյուժին մարդկանց վստահելը: Ողջամիտ մարդը, իհարկե, հասկանում է, որ բանակցային գործընթացն առանց գաղտնապահության հնարավոր չէ, այլապես այն կիմաստազրկվեր, բայց, մյուս կողմից էլ, առանց հանրությունների ներգրավման, առանց հասարակական կարծիքը հաշվի առնելու եւ այդ կարծիքը փոխզիջումների համար նախապատրաստելու ցանկացած պայմանավորվածություն օդի մեջ կմնա: Եւ շրջանառության մեջ կդրվեն այնպիսի ծիծաղաշարժ ձեւակերպումներ, ինչպիսին է` ՙղեկավարությունները պատրաստ են փոխզիջման, իսկ հանրությունները` ոչ՚: Եւ ոչ ոք չի հարցնում` իսկ ղեկավարություններն ի±նչ են արել հանրությունների նախապատրաստման համար:
Միով բանիվ` հակամարտող կողմերի հանրությունների ներգրավումը, ըստ իս, պարտադիր պայման է: Բանակցային գործընթացն այն ժամանակ միայն կարող է արդյունավետ լինել, եթե նրա մասնակիցը դառնան հակամարտող կողմերի հանրությունները: Ահա թե ինչու շատ կարեւոր է նախեւառաջ վստահության կամուրջներ ստեղծել եւ հետո միայն նախապատրաստել համընդգրկուն համաձայնագիր: Վճռորոշ է լինելու հենց հակամարտող կողմերի հանրությունների կարծիքը, առանց որոնց գիտակցված հանդուրժողականության խաղաղությունը երկարատեւ չի լինի: Մինչդեռ հանրությունները միշտ էլ անտեսվել են` թե սեփական իշխանությունների, թե միջնորդների եւ այլ միջազգային խաղացողների կողմից:
Փորձագետների կարծիքով` ղարաբաղյան բանակցային գործընթացն աշխարհում ամենափակ խաղաղ գործընթացներից է, եւ հանրության լայն շերտերը նրանում ոչ մի դեր չեն խաղում: Այսպես, ՙՀաշտության պաշարներ՚ կազմակերպության կովկասյան ծրագրերի մենեջեր Լոուրենս Բրոերսը կարծում է, որ ղարաբաղյան խաղաղ գործընթացը չի համապատասխանում խաղաղ գործընթացի լայն սահմանմանը: Ըստ նրա` եԱՀԿ Մինսկի խմբի ներքո տարվող բանակցություններն ավելի շուտ էլիտաների համար հակամարտության կառավարման համակարգ են, ինչն էլ խոչընդոտում է ավելի լայն երկխոսության եւ հանրությունների ավելի լայն շերտերի ներգրավման համար տարածության ընդլայնմանն ուղղված ինովացիաներին:
Ինչպես հայտնի է, մի շարք եվրոպական ոչ կառավարական կազմակերպություններ կազմավորել են գործընկերություն հանուն այն նախաձեռնությունների սատարման, որոնք կարող են ինչ-որ կերպ նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Եվրամիության գործադիր մարմինը` Եվրահանձնաժողովը, ՙՂարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եվրոպական գործընկերության՚ պայմանագիր է ստորագրել եվրոպական կազմակերպությունների նոր կոմսորցիումի հետ, որն էլ համագործակցում է Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի ու Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների հետ:
Խաղաղարար ներուժը եւ համագործակցության հեռանկարները
Այս հարցում հակամարտող կողմերի կարծիքները կտրուկ տարբերվում են իրարից: Ադրբեջանի ղեկավարությունն ըստ ամենայնի խուսափում է հայկական կողմերի հետ ցանկացած փոխկապից ու համագործակցությունից, դնելով հետեւյալ նախապայմանը` նախ հիմնախնդրի լուծումը, հետո համագործակցությունը: Հայկական կողմերի դիրքորոշումը տրամագծորեն հակառակն է` հենց փոխկապերը, համագործակցությունը կարող են նպաստել հիմնախնդրի լուծմանը: Թեեւ վերջին ժամանակներս նաեւ հայկական կողմերն են ՙփորձով իմաստնացած՚ ձեռնպահ մնում համագործակցության կոչերից:
Ուրեմն որտե՞ղ է ելքը, եւ ի՞նչ անել: Միջազգային հանրությունը կիսում է փոխկապերի անհրաժեշտության մասին կարծիքը, ահա թե ինչու այս փուլում հնարավոր չէ առանց միջազգային կազմակերպությունների միջնորդության: Իրենց արդարացրել են միջազգային կազմակերպությունների տարածաշրջանային ցանցային ծրագրերը, որոնցում ներգրավված են հակամարտող կողմերը:
Տեղի կունենա՞, արդյոք, հանրությունների ժողովրդավարական համախմբում
Հակամարտող կողմերը քիչ բանի են հասել ժողովրդավարական բարեփոխումների հարցում. առաջվա պես պահպանվում են ավտորիտար ռեժիմները` տարբեր երկրներում տարբեր նրբերանգներով` մեղմ կամ կոշտ: Ղարաբաղում ժողովրդավարական բարեփոխումների շանս կար, բայց 2007 թվականի նախագահական ընտրությունները դանդաղեցրին այդ գործընթացը, եւ երկիրը վերածվեց միաբեւեռ հանրության: Համեմատաբար բարվոք է վիճակը Հայաստանում, որտեղ ակտիվ է եւ խորհրդարանական, եւ արտախորհրդարանական ընդդիմությունը` ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ իշխանությունը քաղաքական լուրջ մրցակիցներ չունի: Դեռեւս մի քանի ամիս առաջ իրավիճակն այդ երկրներում անելանելի էր թվում ժողովրդավարական բարեփոխումների առումով, սակայն վերջին իրադարձությունները Աֆրիկայում ու Մերձավոր Արեւելքում իրենց հետքը թողեցին հանրային տրամադրությունների վրա: Հայաստանում շատերն արդեն խոսում են հեղափոխական իրավիճակի մասին, իսկ արտասահմանյան փորձագետներն Ադրբեջանը ներառում են աֆրիկայն սցենարին ենթակա երկրների ցանկում: Ղարաբաղում այդ առումով կտրուկ շարժումներ չկան, բայց շատերը կարծում են, որ Հայաստանում հնարավոր փոփոխություններն անմիջապես կտեղափոխվեն Ղարաբաղ: Ընդհանրապես, չի բացառվում շղթայական ռեակցիան ողջ տարածաշրջանով մեկ, ինչը կարող է նպաստել հանրությունների ժողովրդավարական համախմբմանը, որն էլ իր հերթին կարող է դրականորեն անդրադառնալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա:
Սակայն այստեղ կան որոշ նրբերանգներ: Դժվար է միանշանակ պնդել, որ ժողովրդավարական հասարակություններն ավելի հեշտ ու ավելի արագ կարող են լուծել համանման հիմնախնդիրները, հատկապես եթե հաշվի առնելու լինենք այն հանգամանքը, որ հանրության մի մասն ավելի արմատական է, քան իշխանությունը: Հարկ է նկատի ունենալ նաեւ այն, որ իրականում այդ երկրներում իրական ընդդիմություն չկա ղարաբաղյան հարցում, եւ վեճերը տեղի են ունենում մարտավարական, այլ ոչ թե ռազմավարական հարցերի շուրջ: Այսինքն, նույնիսկ հանրությունների ժողովրդավարական համախմբման պարագայում դժվար թե կարելի լինի ակնկալել հիմնախնդրի արագ ու փոխզիջումային լուծում: Ավելին` կարծիք կա, որ ավտորիտար համակարգերն ավելի մեծ ռեսուրս ունեն դժվար փոխզիջումներ ընդունելու եւ հանրությանը պարտադրելու համար: Այս ամենը, իհարկե, ճիշտ է, բայց պիտի նկատի ունենալ մի կարեւորագույն հանգամանք: Ավտորիտար համակարգերի ներուժով կարելի է բանակցային գործընթացում կոնկրետ արդյունքների հասնել մոտակա հեռանկարում, իսկ ահա երկարատեւ խաղաղություն հնարավոր է ձեռք բերել հակամարտության կողմերի հանրային կոնսենսուսի դեպքում միայն, ինչն էլ հայտնի պատճառներով անհնար է ավտորիտար համակարգերում:
Տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները
Ցայսօր տարածաշրջանային ակտորներն իրենց ռազմավարության մեջ շեշտը դնում էին այս կամ այն տերության վրա, հընթացս միմյանց մեղադրելով սատելիտության մեջ: Սակայն փաստը մնում է փաստ` հարավկովկասյան երկրներից ոչ մեկը ռեսուրսներ չուներ ինքնուրույն քաղաքականության համար: Մասամբ նաեւ այն պատճառով, որ բոլոր փորձերը մեկուսի էին, երբեմն էլ` իրարամերժ: Ինչ վերաբերում է սատելիտությանը, ապա գործը երբեմն աբսուրդի էր հասնում` վիճում էին, թե ում տերն է ավելի լավը, հընթացս մյուսին մեղադրելով ստրկամտության մեջ: Ինչպես չհիշել իմաստունի խոսքերը` ստրուկների ազատությունը նշանակում է մի շուկայի առկայություն, որտեղ նրանք կարող են ազատորեն տեր ընտրել:
Իսկ ինչու± գոնե չսկսել չեզոքության քաղաքականությունից: Այո, մեր վառոդի տակառ Կովկասը դժվար է համեմատել Շվեյցարիայի հետ, բայց հույս է տալիս այն հանգամանքը, որ մենք բոլորս ըստ էության դաշնակիցներ ենք այս հարցում, իմա` սկզբունքորեն միայնակ չենք: Կա ՙբնական դաշնակիցներ՚ հասկացություն: Եւ եթե մեր տարածաշրջանում դրա տակ հասկացվում է, ասենք թե, Հայաստանն ու Վրաստանը, ապա իմ ընկալմամբ տարածաշրջանային բոլոր ակտորները, տարածաշրջանային ռազմաքաղաքական հավասարակշռության բոլոր բաղկացուցիչ մասերն իրականում այդպիսին են հանդիսանում: Մենք իրար հետ կապված ենք բազում դյուրավառ նյութերով ու կապերով: Մեր տակառի վրա սկզբունքորեն դժգոհներ չպիտի լինեն, քանի որ դա պայթյունավտանգ է, քանի որ հօդս կցնդենք բոլորս միասին:
Անդրկովկասում հարաբերությունների բնականոնացումը կախված է ոչ միայն Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների բարելավումից, այլեւ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների նորմալացումից: Շատ կարեւոր է տարածաշրջանի երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատումը: Նորերս այս թեմայով հանդես է եկել նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, շեշտը դնելով նման փոխհարաբերությունների տնտեսական բաղադրիչի վրա: Նա հայտարարել է, որ Հայաստանի նախագահի հետ քննարկել են նաեւ հայ եւ վրացական տնտեսությունների ինտեգրման հնարավորությունները եւ դրանցում բյուրոկրատիայի բացառումը: Մեր երկրները փոքր երկրներ են, ուստի մենք կախված ենք մեկը մյուսից եւ պիտի աշխատենք այս ուղղությամբ` ասել է Վրաստանի նախագահը:
Սակայն շատ բան կախված է նաեւ ողջ տարածաշրջանում առկա իրավիճակից, ինչպես նաեւ ռուս վրացական հարաբերությունների զարգացման միտումներից: Ընդունված է կարծել, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը դրականորեն կանդրադառնա իրավիճակի վրա ողջ տարածաշրջանում: Իմ կարծիքով` նույն հաջողությամբ կարելի է պնդել հակառակը` ընդհանուր առմամբ տարածաշրջանային կայունությունը եւ մասնավորապես ռուս-վրացական հարաբերությունների բարելավումը կարող են կառուցողական դեր խաղալ եւ բարենպաստ հող ստեղծել հայ-ադրբեջանական հարաբերությունների բնականոնացման համար: Այս առումով նվազ կարեւոր չէ հենց Վրաստանի դերը տարածաշրջանային հարցերում, ինչպես նաեւ հայ-վրացական հարաբերությունների խորացումը, մասնավորապես` հայ-թուրքական մերձեցման հեռանկարների լույսի ներքո:
Անցած ուղու գնահատականը:
Կորսված հնարավորություններ
Հետահայաց վերլուծելով 1988-ին սկսված ղարաբաղյան շարժումից հետո անցած 23 տարիների իրադարձությունները` կարելի է փաստել մի քանի կորսված հնարավորություն այդ ընթացքում: Պատմությունն, ինչ խոսք, թեական ընկալում չունի, բայց կարելի է ենթադրել, որ իրադարձությունների այլ զարգացման պարագայում, իմա` այդ հնարավորությունների օգտագործման դեպքում իրադարձությունները կարող էին այլ ընթացք ունենալ:
Առաջին կորսված հնարավորությունն ադրբեջանցիների հրաժարումն էր 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Ղարաբաղում անցկացված հանրաքվեին մասնակցելուց: Այն ժամանակ դեռեւս լիովին սպառված չէին հայերի ու ադրբեջանցիների միջեւ երկխոսության բոլոր հնարավորությունները, ավելին` ադրբեջանցիների մասնակցությունը հանրաքվեի ցանկացած արդյունքի պարագայում կարեւորագույն դեր կխաղար նման երկխոսության համար եւ կնպաստեր վստահության կամուրջների կառուցմանը: Ինչ խոսք, ոչ մեկը պատրանքներ չուներ, որ ադրբեջանցիները կքվեարկեին անկախության օգտին, բայց ինքնին նրանց մասնակցությունը կնշանակեր երկրամասի ճակատագրի համար հայերի հետ համատեղ պատասխանատվության ստանձնում եւ ասպարեզ կբացեր բանավեճի ու երկխոսության համար: Որքան ինձ է հայտնի, ադրբեջանցիները քննարկում էին այդ հարցը, սակայն Բաքվից հզոր հակաքարոզչությունը եւ այնտեղից ուղարկված էմիսարները կշեռքի նժարները թեքեցին դեպի հանրաքվեի բոյկոտումը, թեեւ քվեաթերթիկները տպագրվել էին նաեւ ադրբեջաներեն, ինչի մասին մատչելի բոլոր միջոցներով տեղեկացվել են Ղարաբաղի ադրբեջանցիները:
Երկրորդ կորսված հնարավորություն` Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական օպերացիա: Պատերազմը դեպքերի զարգացումը տեղափոխեց մեկ այլ հուն, լիովին բացառելով խաղաղ երկխոսության հնարավորությունները: Իհարկե, այսօրվա դիրքերից հեշտ է գնահատել այն ժամանակվա դեպքերը, բայց բոլոր դեպքերում էլ փորձենք հասկանալ, թե ինչ կլիներ, եթե պատերազմ չլիներ: Ինչի± է պատերազմի արդյունքում հասել ինքը Ադրբեջանը եւ ի±նչ է կորցրել: Եւ ի±նչ են կորցրել ու գտել Ղարաբաղն ու Հայաստանը: Դա շատ կարեւոր է հասկանալ եւ պատկերացնել դեպքերի այլ ընթացք, շատ կարեւոր է դա անել հենց այսօր` հավանական նոր պատերազմի շեմին:
Երրորդ կորսված հնարավորություն` ղարաբաղյան կողմի դուրս մղումը բանակցային գործընթացից: Սրա գլխավոր մեղավորն Ադրբեջանն է համարվում, որը չի ցանկանում ղարաբաղցիների հետ միասին նստել բանակցային սեղանի շուրջ: Այդպես էլ կա, պարզապես շատ բան կախված էր նաեւ պաշտոնական Երեւանի ու Ստեփանակերտի դիրքորոշումներից: Հայաստանը մենաշնորհել է երկու հայկական պետությունների իրավունքները բանակցային գործընթացում: Դա շատ կարեւոր գործիքակազմ է Հայաստանի ղեկավարության համար` հեղինակության եւ ազդեցության, ինչպես նաեւ միջազգային ակտորների աչքերում սեփական կշռի բարձրացման առումով: Ավելի պարզ ասած` իշխանության պահպանման եւ Ղարաբաղից ինքնուրույն եւ Հայաստանի ղեկավարության համար տհաճ հովերի չեզոքացման առումով: Այս իրավիճակը ձեռնտու էր նաեւ ղարաբաղյան ղեկավարությանը, որն իրեն լիովին ապահովագրել է հիմնախնդրի կարգավորման պատասխանատվությունից եւ ներքին կյանքում գործողությունների ազատություն ստացել: Բայց դա կորստաբեր էր Ղարաբաղի ու Հայաստանի հանրությունների համար, ինչպես նաեւ ընդհանրապես բանակցային գործընթացի համար, քանի որ ղարաբաղա-ադրբեջանական հարաբերությունները` անկախ նույնիսկ կոնկրետ արդյունքներից, իր մեջ մեծ ռեսուրս ունի վստահության կամուրջների ստեղծման առումով:
Առաջարկներ ազգային իշխանություններին
Հայաստանում եւ ԼՂՀ-ում այսօր շատ է խոսվում ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության եւ հեռանկարների մասին, սակայն, ըստ իս, այսօր շատ ավելի կարեւոր է ընդհանրապես ղարաբաղյան գործոնի ճանաչման հարցը: ԼՂՀ-ն իր խոսքը պիտի ունենա ոչ միայն բանակցային գործընթացում, այլեւ համահայկական հարցերում:
Ղարաբաղը կարող է եւ պիտի ինքնուրույն տարածաշրջանային ռազմաքաղաքական գործոն դառնա: Ղարաբաղյան ղեկավարությունն այս հրամայականից ու մարտահրավերից խուսափելու տեղ չունի: Քանի որ սուբյեկտի վերաճումը օբյեկտի հղի է տհաճ անկանկալներով եւ սպառնում է ազգային անվտանգությանը: Դրա առաջին քայլը կարող է լինել բանակցային գործընթացում երկու հայկական պետությունների իրավունքների ու պարտականությունների հստակ բաշխումը, ինչը կնպաստեր ղարաբաղյան իշխանությունների կողմից ինքնուրույն քաղաքականություն վարելուն: Սակայն ԼՂՀ իշխանությունները քիչ ռեսուրս ու ցանկություն ունեն ինքնուրույն քաղաքականություն վարելու համար: Եւ սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂՀ-ում իշխանությունը ձեւավորվում է ոչ առանց Երեւանի միջամտության: Սա էլ հենց ամենամեծ մարտահրավերն է ղարաբաղյան հանրությանը: ԼՂՀ ինքնուրույն քաղաքականությունը նաեւ կնպաստեր ժողովրդավարության արմատավորմանը: Հարկ է նշել, որ Ղարաբաղի ժողովրդավարացման հարցը միշտ էլ անտարբերությամբ է ընդունվել Հայաստանում: Հայաստանի իշխանությունների նման դիրքորոշումը բացատրվում է նրանով, որ Արցախի միաբեւեռությունը դիտարկվում է որպես վարչակարգի պահպանման եւ տհաճ անակնկալների չեզոքացման գործիք:
Ղարաբաղը կարող է եւ պիտի ժողովրդավարության օազիս դառնա, քանի որ դրանում է նրա փրկությունը: Ինչպես իմ քաղաքագետ ընկերներից մեկն է ասում` եթե անգամ դա հեքիաթ է, ապա միանգամայն օգտակար հեքիաթ է:
Առաջարկներ միջազգային ակտորներին
Ժողովրդավարացումը չպիտի կախվածության մեջ դրվի ռազմավարական շահերից: Պիտի խթանել ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղում: Հարկ է անմիջականորեն աջակցել ժողովրդավարական ինստիտուտների արմատավորմանը Ադրբեջանում, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում եւ այս առումով ճիշտ կլիներ առաջին հերթին նպաստել անկախ լրատվամիջոցների կայացմանը, քանի որ դրանք կարող են հսկայական դեր խաղալ ղարաբաղյան հիմնախնդրի եւ կարգավորման գործընթացի անաչառ լուսաբանման, տեղեկատվական պատերազմից հրաժարման եւ թշնամու կերպարի արմատախիլ արման գործում, որպեսզի հետագայում ի զորու լինեն ազդելու իրենց կառավարությունների վրա` բանակցային գործընթացի ակտիվացման եւ փոխընդունելի որոշումների ընդունման հարցում:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մրցակցող աշխարհաքաղաքական շահերի պայմաններում եվրամիության մասնակցությունը տարածաշրջանի խաղաղարար գործընթացներին կարող է հավասարակշռել ընդհանուր աշխարհաքաղաքականությունը, իսկ ԵՄ-ն կարող է դառնալ տարածաշրջանային անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասը, հակամարտությունների կարգավորման շղթայի կարեւորագույն օղակներից մեկը: Նման բազմակողմանի եւ փոխլրացնող համակարգը կարող է արդյունավետորեն գործել, եթե դրանում ներառվեն ճանաչված ու չճանաչված բոլոր լոկալ բաղկացուցիչներն ու անվտանգության գործոնները: Տարածաշրջանային ռազմաքաղաքական յուրաքանչյուր գործոն պիտի իր տեղն ունենա ընդհանուր համակարգում` անկախ քաղաքական կոնյունկտուրայից:
Եվրաինտեգրումը կարող է ընդհանուր դաշտ դառնալ ժողովուրդների հաշտեցման համար: Կարծում եմ` եվրաինտեգրման ուղեծրում չճանաչված պետական կազմավորումների ներառման անհրաժեշտություն է ծագել այսօր: Այլապես նորանկախ պետական կազմավորումները ստիպված են լինելու ուժային կենտրոններից մեկի հովանավորությունն ակնկալել, ինչը չի նպաստի տարածաշրջանային կայունությանը: Ուշագրավ է, որ նորանկախ պետական կազմավորումները պատրաստ են բազմավեկտոր համագործակցությանը, եւ դա ոչ թե անելանելիությունից դրդված, այլ իրատեսորեն գնահատելով զարգացման հեռանկարները:
Գեղանկարների հեղինակ` Սոսե ԿԱՐԱԽԱՆՅԱՆ