Իդա ՍԱՐԳՍՅԱՆ
Իրանագետ
Երևան
Մայիսի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում կայացել են թվով 12-րդ նախագահական ընտրությունները։ Ի հեճուկս այն հանգամանքի, որ ԻԻՀ քաղաքական համակարգում նախագահը սոսկ գործադիր իշխանության ղեկավարն է և պետության երկրորդ դեմքը՝ Գերագույն առաջնորդից հետո, հետագա չորս տարիների ընթացքում երկրի քաղաքական ուղեգիծը զգալիորեն կախված է հենց նախագահի անձից։
Ընտրությունների անցկացման համար պատասխանատու ՆԳՆ տվյալներով՝ 56 միլիոն ընտրողներից քվեարկել է ավելի քան 40 միլիոնը՝ 72,7%-ը։ Նախագահից բացի իրանցիներն ընտրում էին նաև քաղաքային խորհուրդների անդամներին։ Ընտրությանը ներկայացած քաղաքացիների թիվն այնքան մեծ էր, որ քվեարկության ժամանակը տեղական ժամանակով մինչև կեսգիշեր է երկարաձգվել։ Քվեարկելու հնարավորություն ունեին նաև արտասահմանում բնակվող իրանցիները, այդ թվում՝ Ռուսաստանում՝ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում և Աստրախանում ապրող իրանցիները։ Ընտրություններին մասնակցած իրանցիների բարձր տոկոսը վկայում է ԻԻՀ քաղաքացիների քաղաքական բարձր ակտիվության մասին։ Էքզիթ-փոլերի նախնական հարցումները ցույց են տվել, որ չկային թեկնածուի ընտրության հարցում չկողմնորոշված մարդիկ։ Բոլորն էլ նախապես գիտեին, թե ում են ձայն տալու։Սկզբնապես պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին վեց թեկնածուներ՝
– ԻԻՀ գործող նախագահ Հասան Ռոհանին,
– գործող առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի Քուհշահին,
– մշակույթի նախկին նախարար Սեյեդ Մոսթաֆա Միրսալիմը,
– արդյունաբերության նախկին նախարար Մոսթաֆա Հաշեմի Թաբան,
– Թեհրանի նախկին գլխավոր դատախազ, Մաշհադում Իմամ Ռեզայի դամբարանի պահապան Սեյեդ Էբրահիմ Ռեիսին,
– Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Ընտրարշավն, ինչպես միշտ է լինում Իրանում, շատ «թեժ» էր։ Պայքարն ընթանում էր Իրանի քաղաքական վերնախավի բարենորոգչական և պահպանողական ճամբարների միջև։ Ընտրարշավին կարելի էր հետևել ազգային հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակած՝ սոցիալ-տնտեսական և քաղաքական թեմաներին վերաբերող հեռուստաբանավեճերի երեք փուլերի ընթացքում։ Հեռուստաբանավեճերի առաջին փուլը չափավոր և մինչև իսկ կրավորաբար է ընթացել, բայց վերջին երկուսը վերաճել են սուր դիմակայութան՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու, պետական դավաճանության, բարձր պաշտոններին ազգականներին և մտերիմներին նշանակելու փոխադարձ մեղադրանքների և վիրավորանքների տարափով։
Հաշվի առնելով այն, որ Իրանում ընտրազանգվածի հիմնական հատվածը երիտասարդությունն է, թեկնածուների ընտրարշավը կառուցվում էր երիտասարդությանն իրենց կողմ գրավելու հաշվարկների հիման վրա։ Թեկնածուները, մասնավորապես, խոստանում էին ստեղծել շուրջ 10 միլիոն նոր աշխատատեղ։
Աշխատատեղերի խնդիրը կառավարության առջև սուր է դրված։ Դեռ թեկնածուների ցուցակի վերջնական հստակեցումից առաջ Հասան Ռոհանին սկսել է «Գյուղեր՝ առանց գործազրկության» նախագծի իրականացումը, որը գործարանների, ֆաբրիկաների և այլ արտադրամասերի բացման միջոցով միտված էր մեծաքանակ նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Բացի դրանից, Ռոհանին խոստացել է «երիտասարդացնել» իր կառավարական թիմը՝ նախարարների կազմում ներառելով երիտասարդ, առաջադեմ և պրագմատիկ կադրերի։ Եթե պահպանողականները 11-րդ՝ «ողջամտության և հույսի» կառավարությանը մեղադրում էին «անարդյունավետության և անզորության» մեջ, ապա բարեփոխիչները հստակ հիմնավորումներով և օրինակներով մատնանշում էին իրենց կատարած աշխատանքի արդյունքները՝ պատժամիջոցների վերացումը, նավթամթերքի արդյունահմանման և արտահանման ծավալների աճը, երկրի դրամական ակտիվների ապասառեցումը և այլն։
Համաժողովրդական քվեարկությունից երեք-չորս օր առաջ պահպանողական թևի թեկնածուներից Մոհամմադ Ղալիբաֆը և բարեփոխիչ Էսհաղ Ջահանգիրին հրաժարվեցին ընտրարշավին մասնակցելուց իրենց գաղափարակիցների, համապատասխանաբար՝ Էբրահիմ Ռեիսիի և Հասան Ռոհանիի օգտին։ Իրադարձությունների այսպիսի զարգացում կանխատեսում էին փորձագետները։ Գաղափարակից ճամբարի այլ թեկնածուի օգտին ընտրարշավին մասնակցելուց հրաժարվելն իրանյան ընտրություններին բնորոշ ավանդույթ է։
Ձայների վերջնահաշվարկից հետո ԻԻՀ ՆԳ նախարա Աբդուլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարեց ընտրությունների արդյունքները։ Գործող նախագահ Հասան Ռոհանին հավաքել է 23 միլիոն 549 հազար 161 ձայն, որը կազմում է բոլոր ձայների 57%-ը։ Ռոհանիի գլխավոր մրցակից՝ պահպանողական ճամբարի թեկնածու Էբրահիմ Ռեիսին ստացել է 15 միլիոն 786 հազար 449 ձայն՝ ընտրողների ընդհանուր թվի 38,5 %-ը։ Մյուս երկու թեկնածուների ստացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Մոսթաֆա Միրսալիմը ստացել է 478,215, իսկ Մոսթաֆա Հաշեմի Թաբան՝ 219, 450 հազար ձայն։
Գործող նախագահի հաղթանակն անվիճելի էր, քանի որ հաղթելու համար նա պետք է հավաքեր 50%-ից ավելի ձայներ։ Ընտրությունների արդյունքները հայտարարելու գիշերը Թեհրանի փողոցներում բարեփոխումների և աշխարհի հանդեպ բաց Իրանի կողմնակիցները ցնծության մեջ էին. նրանք երգում և պարում էին։ Ու թեև Էբրահիմ Ռեիսին հայտարարել է, որ բողոքարկելու է ընտրությունների արդյունքները՝ տեղամասերում իր նկատած խախտումների պատճառով, հակադիր ճամբարների միջև բախումներ չեն դիտվել։
Փորձագետներն արդեն նշել են, որ մայիսի 19-ին իրանցիներն ընտրություն էին կատարում առաջադիմության ու անցյալի միջև։ Մահմուդ Ահմադինեջադի նախագահության երկու ժամկետներից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային մեկուսացման մեջ է հայտնվել ոչ միայն տնտեսության, այլև քաղաքականության տեսանկյունից։ Այդ իրավիճակից հոգնած Իրանի ժողովուրդը պահանջում էր պատժամիջոցների վերացում և կենսամակարդակի բարձրացում։ Հասան Ռոհանին 2013թ. կարողացել է լսել ժողովդրի այս ցանկությունը և ստանալ վերջինիս վստահության քվեն։ Վերջին չորս տարիների ընթացքում նրա կառավարության գլխավոր նպատակն էր հասնել իր տված խոստումների իրականացմանը։ 2016թ. հունվարի16-ին դադարեցին գործել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Սակայն նավթի գների անկումը, Իրանի անուղղակի ներգրավվածությամբ Սիրիայում, Իրաքում և Եմենում ընթացող պատերազմները, կոռուպցիայի առկայությունը, ԱՄՆ պատժամիջոցները և մի շարք այլ հանգամանքներ թույլ չեն տալիս լիովին զգալ Հասան Ռոհանիի կառավարության գործունեության դրական արդյունքները։
Այս անգամ բարեփոխիչներին կրկին հաջողվել է զգալ, որ հարկավոր է ականջալուր լինել ժողովրդի իղձերին։ Պետության զարգացման իր բարեփոխիչ հայեցակարգի շրջանակում Ռոհանին սկսել է խոսել գենդերային հավասարության, կրոնական ազատության և լեզվական խտրականության վերացման մասին։ Այդ վերջինը քրդերի և ազերիների համար ենթադրում է մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն։ Հասան Ռոհանին 2016թ. դեկտեմբերին հաստատել է «Մարդու իրավունքների մասին հռչակագիրը», որի համաձայն՝ ԻԻՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։
Իրանի նախագահի համար աղմկահարույց և ռիսկային է դարձել մեկ այլ հայտարարություն այն մասին, թե ազատությանն ու առաջադիմությանը ձգտող երիտասարդությունն իր ընտրությամբ պետք է ցույց տա, որ չի ընդունում այն ուժերին, որոնք վերջին 38 տարիների ընթացքում ցուցադրում էին միայն մահապատիժ կիրառելու կարողություն։ Այնուամենայնիվ, դեռ խիստ վաղաժամ է խոսել Իրանում արմատական փոփոխությունների մասին։ Առկա շատ խնդիրներ պահանջում են խոր ուսումնասիրություն և համակարգային լուծումներ։ Երկրում հարկ է անցկացնել նաև սահմանադրական փոփոխություններ, որոնց մասին, սակայն, ոչ ոք չի համարձակվել խոսել։
Ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ ժողովուրդը հավանություն է տալիս նախագահ Ռոհանիի ընտրած քաղաքական ուղեգծին։ Խոսքն, առաջին հերթին, Արևմուտքի հետ երկխոսության և արտաքին ներդրումների համար ԻԻՀ բաց լինելու մասին է։ Այսօր էլ հենց ԵՄ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի և այլ պետությունների շնորհիվ նավթագազային, միջուկային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում իրականացվում են մի շարք խոշոր նախագծեր։
Համաժողովրդական քվեարկությամբ հաղթանակած թեկնածուն հայտարարել է, որ հաղթանակից հետո կշարունակի ընդլայնել աշխարհի հետ Իրանի կապերը՝ պաշտպանելով երկրի արժանապատվությունն ու շահերը։ Ուշագրավ է, որ Հասան Ռոհանիին հաղթանակի առթիվ առաջինը շնորհավորել է ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ Եվրոպան՝ որպես Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կամ միջուկային համաձայնության կողմ, ողջունում է Ռոհանիի վարած երկխոսության և փոխզիջումների քաղաքականությունը և այսուհետ ևս պատրաստ է խորացնել Իրանի հետ համագործակցությունը։
Իսկ մարտահրավերներն ու սպառնալիքները շարունակում են մնալ նույնը։ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո Վաշինգտոնի հետ եկխոսություն հաստատելու փորձերը «զրոյացել» են։ Թրամփը ոչ միայն սպառնում է չեղյալ հայտարարել միջուկային համաձայնագիրը, թեև դա իրավաբանորեն անհնարին է, այլև Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների փաթեթ է ընդունել՝ այն անվանելով միջազգային ահաբեկչության գլխավոր հովանավոր երկիր։ Արժե նշել և այն, որ ԱՄՆ նախագահի այցն իսլամական աշխարհում Իրանի գլխավոր հակառակորդ հանդիսացող Սաուդյան Արաբիա կայացել է հենց իրանյան ընտրությունների օրը։