Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովրդավարություն հանուն
զարգացման» ՀԿ նախագահ
Երեւան
Ընդունված է ասել, որ ապագայի կանխատեսումն անշնորհակալ գործ է: Սրդա Պոպովիչը, ով հանդիսացել է «Օտպոր» շարժման հիմնադիրներից եւ գլխավոր կազմակերպիչներից մեկը Սերբիայում, մի հետաքրքիր պատմություն ունի այս մասին:1 Նա ասում է` պատկերացրեք մի իրավիճակ, որ 2010 թվականի դեկտեմբերին դուք հնարավորություն եք ստանում կանխատեսել 2011 թվականը եւ ձեզ հրավիրում են ելույթ ունենալու հեռուստատեսությամբ ու ասելու այն ամենը, ինչ դուք գիտեք 2011 թվականի մասին:
Դուք ասում եք, որ 2011 թվականին Բեն Ալին, Մուբարաքը եւ Քադաֆին կհեռացվեն իշխանությունից եւ կդատապարտվեն: Այնուհետեւ ավելացնում եք, որ հազարավոր մարդիկ դուրս կգան Լոնդոնի, Աթենքի, Մադրիդի եւ Նյու Յորքի փողոցներ եւ սոցիալական արդարություն կպահանջեն իշխանություններից ու կասեն, որ իրենք ոգեւորված են արաբների հաղթանակներով: Միանշանակ է, որ հաղորդման կեսից ձեզ կհեռացնեն ստուդիայից` մտավոր խնդիրների կասկածով:
Տարբեր բացատրություններ գոյություն ունեն առ այն, թե ինչու աշխարհը 2011-ին զգալիորեն փոխվեց: Ըստ վարկածներից մեկի` պատճառը սոցիալական մեդիան ու ինտերնետն են: Հաճախ հնչում է այն կարծիքը, որ նոր տեխնոլոգիաներն են Արաբական գարնան եւ աշխարհի տարբեր քաղաքներում տեղի ունեցող ցույցերի ու փոփոխությունների պատճառ հանդիսացել: Սակայն այս մոտեցումը փաստարկների տեսանկյունից շատ թույլ կողմեր ունի:2 Այս առումով ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հետաքրքիր տեսակետ ունի: Ըստ նրա` տեխնոլոգիաները փոխակերպում են մեր ամենօրյա ապրելաձեւը, սակայն դրանք չեն փոխակերպման պատճառը հանդիսանում, տեխնոլոգիաները պարզապես արագացնում են ամեն ինչ: Բացի դրանից, մարդիկ փողոց են դուրս եկել հին ժամանակներից ի վեր, եւ հեղափոխություններ են տեղի ունեցել նաեւ տեխնոլոգիաներից զուրկ աշխարհում:
2011-ի ճգնաժամերի հիմնական պատճառ էր նշվում նաեւ հարստության բեւեռացումը աշխարհի գրեթե բոլոր հասարակություններում: Այն հասարակություններում, որտեղ ճգնաժամ է եղել վերջին շրջանում, առկա է վերը նշված խնդիրը:
ՄԱԿ-ի մի շարք զեկույցներ վերջին ժամանակաշրջանում ավելի հաճախ էին ահազանգում Արաբական աշխարհում հասունացող սոցիալ-տնտեսական անհավասարությունների մասին: ՄԱԿ-ի Մերձավոր Արեւելքի վերաբերյալ զեկույցը, ուսումնասիրելով վիճակագրությունը, բացահայտել էր, որ տարածաշրջանում եկամուտների անհավասարության մշտական աճ է գրանցվել: Օրինակ, Եգիպտոսում 1980 թվականից մինչեւ 1990 թվականը հարուստների եկամուտների մասնաբաժինը 21 տոկոսից աճել էր 28 տոկոսի, եւ դա տեղի է ունեցել այն պայմաններում, երբ հարուստների խավը հիմնականում նոր մարդկանցով չի համալրվել, սակայն հարստության մասնաբաժնի ավելացում է տեղի ունեցել:3 Եվ այդ բեւեռացումները վերջում հանգեցրել են հեղափոխությունների Արաբական աշխարհում:
Տարեսկզբին առաջացած խռովությունների ալիքն արաբական երկրների աշխարհագրական տարածքից դուրս եկավ: Օգոստոսին խռովությունների ալիք բարձրացավ Լոնդոնում ու Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում: Ուսումնասիրությունների մի մասը ցույց տվեց, որ հիմնական պատճառներից մեկը տնտեսության կազմակերպման ձեւն է ու վերջինիս սպառողական բնույթը, որը դուրս է եկել վերահսկողությունից: Ըստ «Թուլետ Պրեբոն» հետազոտական կենտրոնի զեկույցի` խռովությունների պատճառ է հանդիսանում տնտեսության թերի բնույթը: Զեկույցը եզրահանգել է, որ չմտածված փոխառու սպառումները, պետական ինստիտուտների նկատմամբ վստահության անկումը եւ կառավարության անհաջողությունները վերջին 20 տարիների ընթացքում հանդիսացել են խռովությունների գլխավոր պատճառը:
Աշնանը խռովությունների ալիքը Եվրոպայից հասավ Հյուսիսային Ամերիկա: Սեպտեմբերի 13-ին Նյու Յորքի Զուկոտի այգում, որը գտնվում է Ուոլ Սթրիթ ֆինանսական կենտրոնի թաղամասում, սկսվեց «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժումը: Շարժման մասնակիցները հիմնականում բողոքում էին սոցիալական եւ տնտեսական անհավասարությունների, գործազրկության բարձր մակարդակի, կոռուպցիայի եւ նմանատիպ անարդարությունների դեմ: Երկար տարիների ընթացքում ԱՄՆ-ում ազատ շուկաների կամ կապիտալիստական համակարգն ամբողջովին թուլացրել էր երկրի ժողովրդավարական համակարգը: Արդյունքը եղավ այն, որ երկրի հարստության գրեթե 35 տոկոսը կենտրոնացավ բնակչության 1 տոկոսի մոտ: Անհավասարությունների առաջացման պատճառներից են եղել նաեւ տնտեսության մեջ նոր մոնոպոլիաների ստեղծումը ու հարկային քաղաքականությունը, ըստ որի` Ուորեն Բաֆեթի քարտուղարուհին ավելի շատ հարկեր էր վճարում իր եկամուտներին համամասնությամբ, քան ինքը Բաֆեթը:
Բնակչության 1 տոկոսը` իր ձեռքում կենտրոնացնելով երկրի հարստության մեծ մասը, սկսեց ավելի հզոր ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների վրա, եւ կայացվող որոշումները հիմնականում բխում էին այս փոքր խմբի շահերից, իսկ հանրային շահը ստորադասվում էր այս փոքր խմբի շահին: Վերը նշվածը ԱՄՆ-ում պատճառ հանդիսացավ, որպեսզի մարդիկ դուրս գան փողոց ու սոցիալ-տնտեսական արդարություն պահանջեն իշխանություններից:
Ընդհանրապես, հարստության բեւեռացումը հասարակություններում մեծ վտանգ է ներկայացնում, ու ցանկացած տնտեսական մոդել անհաջողության է մատնվում, եթե այն չի կարողանում համապատասխան ձեւով լուծել անհավասարությունների հարցը` լինի դա ժողովրդավար, թե ավտորիտար կառավարման համակարգ:
Չնայած Ռուսաստանը 2000-ականներին նավթի գների բարձրացման շնորհիվ կարողացավ տնտեսական աճ ապահովել, սակայն կառավարման համակարգը թույլ չտվեց, որպեսզի այդ հարստությունը հնարավորինս հավասար բաշխվի հասարակությունում: Պուտինի ստեղծած կառավարման համակարգը եւս հնարավորություն չունեցավ անհավասարությունների խնդրին լուծում տալ: Եվ հենց գլխավոր պատճառներից մեկը սա է, որ շարժումների ալիքը տարվա վերջում հասավ նաեւ Ռուսաստան, որտեղ խիստ արտահայտված է հարստության բեւեռացման խնդիրը: Միանշանակ շատ քիչ մարդիկ կարող էին կանխատեսել դեկտեմբերի 3-ին, թե ինչպիսի քաղաքական փոփոխությունների կենթարկվի Ռուսաստանը Պետդումայի ընտրություններից հետո:
Դեկտեմբերի 4-ին` Պետդումայի ընտրություններից հետո, տեղի ունեցավ այն, ինչը բնորոշ էր 2011 թվականին աշխարհում տեղի ունեցող գործընթացներին: Հարստության բեւեռացումը, իշխանության չարաշահումները, ընտրությունների կեղծումը եւ մի շարք այլ խնդիրներ ստիպեցին Ռուսաստանի քաղաքացիներին դուրս գալ փողոց եւ պահանջել քաղաքական այնպիսի փոփոխություններ, որոնք կապահովեն սոցիալ-տնտեսական արդարություն բնակչության համար: 2000 թվականից ի վեր առաջին անգամ Պուտինի ստեղծած կառավարման համակարգը տվեց առաջին ճեղքերը: Հայտնի բլոգեր, հակակոռուպցիոն ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին որոշ ժամանակ բանտում անցկացնելուց հետո ազատվեց եւ լրագրողների հետ հարցազրույցում ասաց. «Ես գնացի ազատազրկման մի երկրում եւ դուրս եկա մեկ այլ երկրում»: Ի դեպ, նա բանտում անցկացրել էր ընդամենը երկու շաբաթից մի քիչ ավել:
Դեկտեմբերի 10-ի եւ 24-ի ցույցերն ամենախոշորն էին Ռուսաստանի վերջին 20 տարիների պատմության մեջ: Ցույցին մասնակցող ընդդիմադիր ուժերը հիմնականում պահանջում էին ժողովրդավարացում ու օրենքի գերակայություն, ինչպես նաեւ արդարություն հասարակության բոլոր անդամների համար:
Ընդհանուր առմամբ` 2011 թվականի գործընթացները ցույց տվեցին, որ երկրի հարստության բեւեռացումը հասարակության փոքր խմբի ձեռքում վտանգներ է ստեղծում տվյալ պետության համար: Ամբողջ տարվա ընթացքում թե° ավտորիտար` Եգիպտոս, Սիրիա, Թունիս, Ռուսաստան եւ այլն, թե° ժողովրդավար` ԱՄՆ, Իսրայել, Անգլիա եւ այլն, ռեժիմները հարստության բեւեռացման պատճառով կանգնել էին խորը ճգնաժամի առաջ:
2011-ի ընթացքում աշխարհը քննարկում էր կառավարման նոր մոդելների ստեղծման խնդիրը, քանի որ ժողովրդավար եւ ավտորիտար կառավարման համակարգերը ճգնաժամի մեջ են մտել, եւ անհրաժեշտ են նոր մոդելներ, որոնք կկարողանան լուծել ոչ միայն անհավասարությունների խնդիրը, այլ նաեւ գլոբալ տաքացման, բնապահպանական եւ այլ հարցեր: Այդ նոր համակարգերը պետք է հնարավորինս նվազագույնի հասցնեն գոյություն ունեցող անհավասարությունները: Նոր մոդելները պետք է ունենան տնտեսական զարգացման եւ քաղաքական այնպիսի ինստիտուտներ, որոնք կարգավորում եւ վերաբաշխում են ստեղծված հարստությունը:
Ընդհանուր առմամբ` 2011 թվականը ցույց տվեց, որ ցանկացած ռեժիմ կարող է փուլ գալ շատ կարճ ժամանակում: Թունիսում գործող 30 տարվա ռեժիմը, որը ղեկավարում էր Բեն Ալին, 18 օրվա ընթացքում դադարեց գոյություն ունենալ: Եվ դա տեղի ունեցավ ոչ միայն Թունիսում: Հենց դրա համար էլ բոլոր կառավարությունները պետք է հաշվի նստեն 2011-ի ընթացքում տեղի ունեցած գործընթացների հետ եւ փորձեն այնպիսի քաղաքականություն մշակել, որը կլուծի անհավասարությունների խնդիրը, ինչն էլ իր հերթին թույլ կտա հասարակության հնարավորինս լայն շերտերին մասնակցել երկրի կառավարման գործընթացին:
————————————————————————-
1. Srdja Popovic: How to topple a dictator www.ted.com/talks/srdja_popovic_how_to_topple_a_dictator.html
2. Foreign Policy Magazine.
www.foreignpolicy.com/articles/2011/11/28/the_fp_top_100_global_thinkers?page=full
3.Stevens, Robert UN report on Middle
East catalogues widening inequality
www.wsws.org/articles/2002/sep2002/mid-s12.shtml