«Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի /Բաքու/ ղեկավար Իլգար Վելիզադեն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում մեկնաբանում է Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև խոսում ադրբեջանառուսական հարաբերությունների, ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հեռանկարների, Թուրքիայի հետ հարաբերությունների մասին:-Արդյո՞ք ինչ-որ փոփոխություն եք սպասում Ադրբեջանի արտաքին հարաբերություններում երկրում խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, մասնավորապես՝ ԱՄՆ և Եվրամիության երկրների հետ:
-Ադրբեջանը նախագահական հանրապետություն է, և, համաձայն Սահմանադրության, երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը որոշվում է նախագահի, այլ ոչ թե՝ խորհրդարանի կողմից, ինչպես կառավարման նախագահական կարգով մնացած բոլոր պետություններում: Այդ պատճառով խորհրդարանական ընտրությունների հետ արտաքին քաղաքակական ուղեգծի որևէ փոփոխություն կապել պետք չէ: Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների առնչությամբ Եվրամիության կամ ԱՄՆ արձագանքի էությունն առաջնահերթ թեմաների և ուղղությունների շուրջ Բաքվի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամության մեջ է կայանում:
-Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված դեպի Ռուսաստանի կողմն Ադրբեջանի նկատելի շրջադարձը, Արևմուտքի հետ հարաբերությունների դիտվող սրացումից բացի:
-Երկար տարիներ Բաքուն իր արտաքին քաղաքականությունում պահպանում է բազմավեկտորությունը՝ չնայած այն բանին, որի տարիների ընթացքում, երկրից չկախված պատճառներով, ավելի դժվար է դառնում անել դա: Միաժամանակ Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև՝ գլխավորապես ուկրաինական ճգնաժամի պատճառով, հարաբերությունների սրացումը, իրոք, բացասաբար է անդրադարձել հետխորհրդային տարածության բոլոր երկրների արտաքին քաղաքական օրակարգի վրա՝ հատկապես այն երկրների, որոնք ՙԱրևելյան գործընկերության՚ ծրագրի մասնակից են:Հայտնվելով ՙկամ-կամ՚ ընտրության պայմաններում՝ այդ երկրիների մեծ մասն ստիպված էր հրաժարվել արտաքին քաղաքական ուղեգծի հավսարակշռվածությունից՝ նախապատվությունը տալով ծավալված կոնֆլիկտի կողմերից մեկին: Գործընթացի որոշ մասնակիցների համար այդ ընտրությունը տանջալից էր, մյուսները որոշեցին նույնիսկ այդ պայմաններում պահպանել արտաքին քաղաքականությունում հավասարակշռվածությունը: Ադրբեջանը, պաշտպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչն ընդհանուր առմամբ համապատասխանում էր Արևմուտքի շահերին, միաժամանակ հրաժարվեց մասնակցել արևմտյան երկրների հակառուսական գործողություններին, որոնք կարող էին բացասաբար անդրադառնալ ադրբեջանառուսական հարաբերությունների վրա: Դա ըմբռնումով է ընկալվեց Մոսկվայում, սակայն խիստ բացասաբար Արևմուտքի մի շարք առաջատար երկրների կողմից, ինչից հետո Բաքուն սկսեց բավականին կոշտ քաղաքական ճնշման ենթարկվել: Ակնհայտ օրինակներից մեկը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների անտեսումն էր: Սա աննախադեպ դեպք է ԵԱՀԿ հետ Ադրբեջանի հարաբերությունների պրակտիկայում: Փոխարենը Մոսկվան քաղաքական բարձրագույն ղեկավարության մակարդակով քաղաքական ճնշում որակեց այդ քայլը և հանդես եկավ Ադրբեջանի կողմից: Դա ևս աննախադեպ քայլ է: Վերջին ժամանակներս Արևմուտքի աննախադեպ ճնշման և Ռուսաստանի աննախադեպ աջակցության նման գործողությունները բավականին շատ էին, ինչը դեպի Ռուսաստանի կողմի Ադրբեջանի ՙշրջադարձի՚ տպավորություն է ստեղծում:
-Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը չի բացառել ԵՏՄ-ին երկրի անդամակցությունը: Ինչպե՞ս եք պատկերացնում նման հեռանկարները:
-Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, խոսելով ԵՏՄ-ին երկրի անդամակցման հեռանկարների մասին, ընդամենը հայտարարել է՝ ՙԵրբեք մի ասա երբեք՚: Որևէ մանրամասն բացատրություն այս առնչությամբ չի եղել: Մամեդյարովը միայն հավելել է, որ Ադրբեջանն այժմ կենտրոնացած է Եվրասիական դաշինքի երկրների հետ ավելի շատ երկկողմ հարաբերություններ կառուցելու վրա: ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին առարկայորեն խոսելը վաղաժամ է: ԵՏՄ-ին անդամակցությունը ենթադրում է մասնակիցների միջև բոլոր մաքսային և այլ արգելքների վերացում, ինչը, նկատի ունենալով ղարաբաղյան հակամարտության առկայությունը, որը չի նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև արգելքների վերացմանը, այլ, ընդհակառակը, լուրջ խոչընդոտներ է ստեղծում տնտեսական ինտեգրման ճանապարհին, անիրականանալի խնդիր է այսօր:
Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը հավերժ չէ, և հույս կա, որ վերջինիս կարգավորմամբ տարածաշրջանում նոր ժամանակներ կսկսվեն, երբ հնարավոր կլինի իրատեսորեն խոսել համատեղ ինտեգրացիոն նախագծերի իրականացման մասին: Եվ այդ նախագիծը լիովին կարող է ԵՏՄ-ն դառնալ:
-Ձեր կարծիքով, ո՞րն է ՙԱդրբեջանի տարածքներն օկուպացումից ազատագրելու՚ պատրաստակամության վերաբերյալ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի հայտարարության շարժառիթը:
-Կարծում եմ, որ ոչ ոքի համար գաղնիք չէ, որ ադրբեջանաթուրքական ռազմատեխնիկական համագործակցությունն ունի ինչպես ռազմական, այնպես էլ՝ քաղաքական ասպեկտներ:
Թուրքիան Ադրբեջանի զինված ուժերի ձևավորման առաջին իսկ օրից աջակցել և աջակցում է ինչպես անձնակազմի նախապատրաստման, այնպես էլ՝ ռազմատեխնիկական ծրագրերի իրականացման հարցերում: Ադրբեջանական բանակի համար հիմնական խնդիրը եղել և մնում է հայկական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքների ազատումը: Թուրքական զինված ուժերն իրենց ներդրում են ունենում ադրբեջանական բանակի՝ տարածքների ազատագրման նախապատրաստություններում: Դրանում է կայանում ադրբեջանական տարածքների ազատագրմանն աջակցելու պատրաստակամության վերաբերյալ խոսքերի իմաստը:
-Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարո՞ղ են արդյոք ինչ-որ կերպ ազդել Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների վրա:
-Թուրքիայում, ինչպես հայտնի է, հաղթանակ է տարել կառավարող Արդարության և զարգացման կուսակցությունը, որը նախկինում էլ հավատարիմ էր Ադրբեջանի հետ բազմակողմ մերձեցման ուղեգծին: Այժմ, երբ այն միակուսակցական կառավարություն ձևավորելու հնարավորություն է ստանում, ուղեգծի փոփոխության լուրջ հիմքեր չկան: Բաքվի և Անկարայի միջև երկխոսությունը զարգանում է շատ ուղղություններով, և դրանց զգալի մասը նախաձեռնվել է ԱԶԿ կառավարման տարիներին: Ներկայիս պայմաններում երկու երկրները շահագրգռված են միայն այդ երկխոսության արագացմամբ, վերջինիս համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականությունում ձևավորվող իրողություններին համարժեք դինամիկա հաղորդելով:
-Իրանի միջուկային խնդիրը կարգավորող համաձայնագրերի ստորագրումն աշխարհաքաղաքական նոր հնարավորություններ է ընձեռում Թեհրանին, այդ թվում՝ հյուսիսային ուղղությամբ: Ինչպե՞ս եք պատկերացնում Բաքվի և Թեհրանի փոխհարաբերությունների հեռանկարները՝ հարավային հարևանի դերի և հնարավորությունների մեծացման պայմաններում:
-Իրանի հետ հարաբերություններն Ադրբեջանի արտաքին քաղաքական գերակայություններից մեկն է: Նոր պայմաններում, երբ Իրանը պատրաստվում է դուրս գալ պատժամիջոցների ռեժիմից, այդ հարաբերություններն առանձնահատուկ երանգ են ստանում: Ներկայումս երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության դիվերսիֆիկացման համար նպաստավոր պայմանների առկայության դեպքում ապրանքաշրջանառության՝ մեկ միլիարդ դոլար գոյություն ունեցող ծավալը չի համապատասխանում իրական ներուժին: Նախորդ տարիներին գործունեության տարբեր ոլորտներում բավական շատ ադրբեջանա-իրանական համատեղ ձեռնարկություններ կային, զարգանում էր ներդրումային համագործակցությունը, բանկային ոլորտում համագործակցությունը, սակայն պատժամիջոցների կիրառմամբ այդ համագործակցությունը դանդաղեց: Նոր պայմաններում, օրինակ, ՙՀյուսիս-Հարավ՚ մուտիմոդալային փոխադրումների նախագծի շրջանակներում Ադրբեջանի և Իրանի միջև երկաթուղային պաստառի կառուցման արագացման հույս է առաջացել: Հնարավոր են համատեղ ներդրումային նախագծերի իրականացման նախաձեռնություններ: Էներգետիկ ոլորտում նման առաջարկներ արդեն հնչում են և շուտով կարող են հաջորդել նաև սահմանամերձ համագործակցության ոլորտներին առնչվող նախաձեռնություններ: Բացի այդ, Իրանն ակտիվ խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ իրանական ապրանքների, առաջին հերթին՝ էներգակիրների, եվրոպական շուկաներ տեղափոխելու համար վերջինիս տրանսպորտային և խողովակաշարային ենթակառուցվածքի օգտագործման հնարավորության շուրջ: Ընդհանուր առմամբ մեկուսացումից Իրանի դուրս գալը դրական երևույթ է տարածաշրջանային քաղաքականությունում, ինչի առնչությամբ, մասնավորապես, Ադրբեջանում լավատեսական սպասումներ ունեն:
Դավիթ Ստեփանյան