Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Լրագրող
Երեւան
Ազգային պետությունը ներկայումս աշխարհում հասարակությունների կազմակերպման ամենաարդիական եղանակն է համարվում: Ազգային շրջանակները ընդլայնելու եւ պետությունը համամարդկային արժեքների վրա կառուցելու փորձերը դեռեւս բախվում են լուրջ խնդիրների. սույն տարվա ամռանը եվրոպական ամենահանդուրժողական կոսմոպոլիտ եվրոպական երկրների ղեկավարները ստիպված եղան խոստովանելու բազմամշակութայնության (multiculturism) քաղաքականության տապալումը եւ վերադարձն ազգային պետություն կերտելու գաղափարին:
Հայաստանը եւ Արցախն, ըստ էության, ազգային պետություններ են, թեեւ նրանց սահմանադրությունները երաշխավորում են բոլորի իրավունքներն` անկախ ազգային պատկանելությունից: Այս երկու պետությունների ազգային բնույթը ենթադրում է, որ դրանց կառավարմանը պետք է մասնակցի ոչ միայն ՀՀ եւ ԼՂՀ բնակչությունը, այլեւ արտերկրում բնակվող ազգի մյուս մասը: Սակայն Հայաստանի ու Արցախի 20-ամյա անկախ գոյության ընթացքում ազգին չի հաջողվել մշակել 7 միլիոնանոց Սփյուռքի` 3 միլիոնանոց Հայաստանի եւ 150 հազարանոց Արցախի կյանքին մասնակցելու ինստիտուցիոնալ մեխանիզմներ:
Ինչո±ւ Հայաստանին ու Արցախին անգնահատելի աջակցություն ցուցաբերող Սփյուռքին չեն թույլատրում մասնակցել որոշումների ընդունմանը: Ոմանք կարող են առարկել, որ այլ պետությունների քաղաքացիներն իրավասու չեն միջամտելու ՙօտար՚ երկրների գործերին: Իսկ դա նշանակում է, որ մենք զրկում ենք մեր հայրենակիցներին իրենց Հայրենիքը բարեկարգելու եւ անգամ սեփական միջոցների օգտագործումը վերահսկելու հնարավորությունից, այն դեպքում, երբ ինքներս պարբերաբար դիմում ենք նրանց հայրենասիրությանն ու գրպանների պարունակությանը:
Բայց, ի±նչ վատ բան կա մեր հայրենակիցների միջամտության մեջ, չէ± որ մենք խոսում ենք ազգային պետություններ կերտելու մասին, իսկ ազգը պետություններն են` Սփյուռքի հավելմամբ:
Անցած տարիների ընթացքում մի քանի փորձ է արվել միավորելու կուսակցական եւ անգամ գաղափարախոսական հատկանիշներով բաժանված սփյուռքյան կազմակերպությունները: Երեւանում երեք անգամ կայացել են համահայկական համաժողովներ, Ռուսաստանի հայերի միության նախագահը նախաձեռնել էր Համաշխարհային հայկական կոնգրեսի ստեղծումը, բայց այդ հավաքների մասնակիցները սահմանափակվել են Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի եռամիասնության մասին վերամբարձ խոսքերով եւ ապա վերադարձել տուն:
Այս գարնանը ԱՄՆ-ում փորձ է արվել համահայկական համաժողով ստեղծելու, որի ընթացքում, թերեւս առաջին անգամ, բարձրացվել է Սփյուռքի` Հայաստանի քաղաքական կյանքին ինստիտուցիոնալ կերպով մասնակցելու հարցը: Առաջ է քաշվել մի քանի առաջարկություն, այդ թվում եւ` մշտապես գործող ու խորհրդատվական կամ դիտորդական իրավասություններով օժտված Համահայկական կոնգրես ստեղծելու վերաբերյալ: Հնչել է նաեւ Հայաստանի խորհրդարանում սփյուռքահայ կազմակերպությունների համար տեղեր հատկացնելու առաջարկը:
Սույն թվականի սեպտեմբերի 19-20-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի Սփյուռքի նախարարության կազմակերպած եւս մի համաժողով: Համաժողովից հետո ի հայտ են եկել տեղեկություններ` Հայաստանի խորհրդարանում Սփյուռքի ներկայացուցիչների համար քվոտաներ տրամադրելու վերաբերյալ, թեեւ չէր խոսվում որեւէ կոնկրետ մեխանիզմի մասին: Այսուհանդերձ` ակնհայտ է, որ հարցը ձեռք է բերել օպերատիվ լուծումներ պահանջող արդիականությունը:
Ինչո±վ է պայմանավորված այս հարցի արդիականացումը: Հայաստանում եւ Արցախում առկա խնդիրներից Սփյուռքը լռելյայն մեկուսացնելու համապատկերին (մեր երկու պետությունների մասին Սփյուռքում խոսում էին այնպես, ինչպես մահացածների մասին կխոսեին` ՙկամ լավ, կամ` ոչինչ՚) վերջին տարվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք ապացուցել են, որ պետությունը չի կարող լուծել համազգային խնդիրներ առանց Սփյուռքի հետ խորհրդակցելու:
Առաջին անգամ երեւույթն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հետեւելով Մոսկվայի ՙխորհրդին՚, որոշել է Թուրքիային հաշտություն առաջարկել: Այդ հաշտությունը ենթադրում էր ազգային տարողության մի շարք այլափոխություններ եւ վերաբերվում էր բոլորովին ոչ միայն Հայաստանի բնակիչների շահերին: Մասնավորապես, հաշտության շրջանակներում նախատեսվող Թուրքիայի սահմանների ճանաչումը եւ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը հայ ժողովրդին զրկում էին դարավոր պահանջատիրությունն իրականացնելու եւ հատուցում ստանալու իրավունքից: Բացի դրանից, հաշտությունը ենթադրում էր զիջումներ նաեւ արցախյան հիմնահարցում եւ դա դարձյալ վերաբերվում էր ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին:
Եվ Սփյուռքն, առաջին անգամ լինելով, ցույց է տվել, որ մտադիր չէ հրաժարվել իր իրավունքներից` ի շահ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության: Շատ երկրներում տեղի են ունեցել բազմահազար ցույցեր, Բեյրութում եւ Փարիզում Սերժ Սարգսյանին ընդունել են ոչ այնպես, ինչպես վայել է ընդունել ազգային պետության նախագահին: Ազգային պահանջատիրությամբ հանդես եկող եւ համաշխարհային հայության նշանակալից մասին միավորող Դաշնակցությունը Հայաստանում դուրս եկավ իշխանական կոալիցիայից: Այս ամենն ազդել է Հայաստանի իշխանությունների վրա, որոնք չհամարձակվեցին գնալ ակնբախ զիջումների, որի արդյունքում էլ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների ստորագրած հայ-թուրքական արձանագրությունները տապալվեցին, իսկ Թուրքիան դրա մեջ մեղադրեց Սփյուռքին:
Սակայն արդեն այդ ժամանակ պարզ դարձավ, որ Սփյուռքը չունի լծակներ Հայաստանի իշխանությունների վրա ազդելու համար, քանի որ հայտնի չէ` կկարողանա±ր, արդյոք, Սփյուռքը ՙհետ պահել՚ Սերժ Սարգսյանին, եթե աշխարհաքաղաքական ՙփասյանսն՚ այլ կերպ դասավորվեր:
Երկրորդ ուշագրավ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբներին, երբ հայտարարվել է, որ սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը Լոս-Անջելեսում կազմակերպում է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ընդունելություն: ՀՅԴ Արեւմտյան Ափի կենտրոնական կոմիտեն անսպասելիորեն հանդես է եկել աննախադեպ խիստ հայտարարությամբ, հրաժարվելով մասնակցել Սերժ Սարգսյանի կազմակերպելիք ընդունելությանը: Թեեւ ընդդիմադիր ներկայացող հայաստանյան Դաշնակցությունը պահպանում է ՙկոռեկտության՚ սահմանները, ՀՅԴ ամերիկյան կենտրոնական կոմիտեն խստագույնս դատապարտել է ներկա իշխանության քաղաքականությունը` մեղադրելով վերջինիս օլիգարխացման, տնտեսության եւ քաղաքականության մենաշնորհայնացման, կոռուպցիայի եւ այլ մեղքերի մեջ:
Դա, թերեւս, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մեջ սփյուռքյան կազմակերպության հրապարակային միջամտության առաջին նախադեպն էր: Սակայն այս հայտարարությունը չի սատարվել կուսակցության այլ մարմինների, այդ թվում եւ Հայաստանյան մարմնի, ոչ էլ այլ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների կողմից: Եվ քանի որ Սփյուռքը չունի հայաստանյան իշխանությունների վրա ներազդելու ինստիտուցիոնալ լծակներ, խնդիրը կարգավորվել է ՙավանդական՚ եղանակով` շատ չանցած նույն Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որի մեջ ասվում էր, թե ընդունելությունը կազմակերպվում է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ անկախության հոբելյանի պատվին, ուստի եւ որոշվել է ընդունելությանը մասնակցել:
Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը դաշնակցականներին մոլորյալ որդիների պես կընդունի, բայց նա ամեն րոպե պետք է սպասի Սփյուռքի հետաքրքրության նորանոր դրսեւորումների` Հայաստանում իշխանության վարած քաղաքականության հանդեպ:
Երկար սպասելու կարիքը չեղավ: Սեպտեմբերի 19-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն համահայկական համաժողովում մեղադրել է Հայաստանի իշխանություններին արտագաղթին նպաստելու եւ երկիրն ամայացնելու քաղաքականություն վարելու մեջ: Նրան չեն զորակցել ո°չ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, եւ ո°չ էլ հավաքված կազմակերպությունների ղեկավարները: Բայց ոչ ոք չի վիճարկել Հայաստանից դուրս բնակվող կաթողիկոսի իրավունքը` երկրի ներքին գործերի մեջ ՙմիջամտելու՚ մեջ:
Ինչո±ւ Սփյուռքին չի հաջողվում ձեռք բերել լծակներ Հայաստանում եւ Արցախում որոշումների ընդունման վրա: Շատերը կարծում են, որ խնդիրը հենց Սփյուռքի այլազանության մեջ է, որի պատճառով նա ընդունակ չէ ոչ միայն համաձայնեցնել ինչ-ինչ մեխանիզմներ, այլեւ անգամ նման լծակներ ունենալու անհրաժեշտությունը: Ոմանք էլ պնդում են, որ խոչընդոտը համապատասխան միջազգային նախադեպի բացակայությունն է: Մեզ էլ թվում է, որ խնդիրն, այնուամենայնիվ, բուն Հայաստանում է:
Արդյո±ք Հայաստանի իշխանությանն անհրաժեշտ է վերազգային մի մարմին, որը կսահմանափակի իր ազատության ընդգրկույթը: Հայաստանյան իշխանությունն ակնհայտորեն պատրաստ չէ բացել պետությունն ազգի առջեւ, առավել եւս` վերջինիս հետ իշխանությամբ կիսվել: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում եւ Արցախում նախագահական իշխանությունը համարյա բացարձակ է, իսկ խորհրդարանն ու պետական մյուս հաստատություններն ունեն անվանական դերակատարություն` ոչ հավասար հիմունքներով մասնակցելով պետական որոշումների ընդունմանը: Հայ քաղաքական գործիչները խոստովանում են, որ առանց նախագահի չեն լուծվում անգամ աննշան հարցեր: Այս համապատկերին հազիվ թե նախագահն սկսի խթանել իր քաղաքականության վրա ազդեցության լծակի ձեւավորումը:
Սակայն ներկա պայմաններում, երբ Հայաստանում ընդդիմությունը չափազանց թույլ է որոշումների ընդունման վրա ազդելու եւ քաղաքական առաջնահերթությունները որոշելու հարցում, Սփյուռքի` ազգային հարցերի լուծմանը մասնակցելու նախանձախնդիր պահանջը կարող է լուրջ դերակատարություն ունենալ: Խորհրդատվական սփյուռքյան մարմնի ձեւավորումը կարող է ոչ միայն հավասարակշռել որոշումների ընդունման ավտորիտար եղանակը, այլեւ պատվաստել նոր մշակույթ` խթանելով նաեւ մյուս պետական հաստատությունների` խորհրդարանի, դատարանների, քաղաքացիական հատվածի ու մամուլի անկախությունը: