Ասել, որ 2018 թվականի ապրիլից Հայաստանում մեկնարկած հեղափոխական գործընթացներն ամենասկզբից և կտրականապես դուր չեն եկել հետխորհրդային բռնապետություններին, ինչպես և այն, որ այդ բռնապետություններն ավտորիտարիզմից ազատագրված Հայաստանի դեմ տեղեկատվական սադրանքներ սանձազերծելու առիթ ու պատրվակ բաց չեն թողնում, նշանակում է ոչինչ չասել։
Թավշյա հեղափոխությունից, ոչ բռնի իշխանափոխությունից և բոլոր եվրոպական չափանիշներին համապատասխանած ժողովրդավարական ընտրություններից հետո Հայաստանը հայտնվել է համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կիզակետում։ Տեղի ունեցածը փոխել է իշխանության և պետության իմաստը, որն էլ կարևորագույն տարբերություն է դարձել Հայաստանի և «մեր ռազմավարական դաշնակցի» իշխանության քրեագողապետական էության միջև։ Հավելյալ փաստարկներ չեն պահանջվում ցույց տալու համար, որ տեղի ունեցածը փոխում է հայ-ռուսական հարաբերությունների «ավանդական» հիմքը։ Բնական է, որ անգամ պարբերաբար կրկնվող այն պարզաբանումների ֆոնին, թե Հայաստանը մտադիր չէ աշխարհաքաղաքական շրջադարձներ կատարել և հավատարիմ է մնալու նախկին պայմանագրային պարտավորություններին, Մոսկվայում անընդհատ «ըմբռնման բացակայություն» է նկատվում, որն էլ առաջացնում է բացատրական բնույթի հավելյալ խոսակցությունների «անհրաժեշտություն»։ Վերոնշյալի արձանագրումը հարկավոր է Հայաստանի դեմ տեղեկատվական սադրանքների բնույթը հասկանալու համար, քանի որ դրանք շարունակվելու են մինչ այն պահը, երբ Մոսկվայում կեզրակացնեն, որ Հայաստանն արտաքին աշխարհի համար վերջնականապես դադարել է հետաքրքիր և հեռանկարային լինել։
Ակնհայտ է, որ հաջողակ Հայաստանը Պուտինի քաղաքական իշխանության ողջ համակարգի և գողական «պուտինոմիկայի» դեմ նետված մարտահրավեր է։ Ակնհայտ է նաև, թե ինչ պետք է անի Մոսկվան՝ Հայաստանը հեղինակազրկելու, ապակողմնորոշելու, շփոթեցնելու, խառնակելու, ահաբեկելու, ոգեզրկելու և արդարանալ պարտավորեցնելու համար. նրա՝ որպես թշնամի պետության դեմ կիրառելով հատուկ քարոզչության ողջ զինանոցը։ Պետք չէ խաբվել Մոսկվայի որոշ ներկայացուցիչների բարյացակամ մաղթանքներով, ժպիտներով, ձեռքսեղմումներով և գրկախառնություններով, քանզի նրանց գործերը բոլոր խոսքերից էլ պերճախոս են։
Որչա՞փ կայուն է Հայաստանի՝ որպես պետության և հայ հասարակության տեղեկատվական «իմունիտետն» այսպիսի սադրանքների համար։ Այս հարցի պատասխանն ամեն անգամ ստանում ենք այն ժամանակ, երբ «բարեկամ» և «դաշնակից» երկրում լույս է տեսնում Հայաստանի հասցեին ուղղակիորեն ֆիզիկական սպառնալիքներ կամ վիրավորանքներ պարունակող և հենց ՌԴ ՔՕ հոդվածներով պատժելի հերթական հրապարակում կամ տեսահաղորդում, ինչը մեր սոցիալական ցանցերում առաջացնում է քննարկումների անառողջ ալիք։ Բայց, որպես կանոն, ռուսաստանյան իրավապահ մարմինները կամ «Ռոսկոմնադզորի» պես «հրաշալի» կազմակերպությունը դրանք անուշադրության են մատնում, մինչդեռ վերջինս այս հունվարին հերթով արգելափակել է Հայաստանի մի շարք ռուսալեզու պարբերականներ։ Արգելափակումը հանվել է միայն Ռուսաստանում ՀՀ դեսպանության, ԱԳՆ և «Լրագրողների միության» ուղիղ միջամտությունից հետո։
Հայաստանի մասին «Постправда»-ն տեղեկատվական դաշտն աղտոտում է երեք «արժեքային ինտեգրված» աղբյուրներից՝ բոլոր արբանյակներով հանդերձ բուն ռուսաստանյան քարոզչության և նրա երկու հոգեզավակների՝ ալիևյան Ադրբեջանի վարչակարգի և տեղի «մտահոգվածների» ջանքերով, ընդ որում՝ վերջիններիս «մտահոգվածությունը» ներկայացվում է որպես «պետական մտածողություն»։ Դժվար չէ նկատել նրանց գլխավոր թեզերի լիակատար համընկնումը.«ոչինչ չի փոխվել», «սա երկար չի տևի», «շուտով ղարաբաղյան հարցում զիջումներ կլինեն», «նրանք կործանում են պետությունը» և այլն։ Վենդետայի մասին հին երգը փոխվել է և այժմ հնչում է այսպես. «Քոչարյանը հետխորհրդային տարածության առաջին քաղբանտարկյալն է»։
Ի հեճուկս այս միջոցների ցածրորակ կացնային բնույթի՝ դրանք հանգիստ ծաղրաշատ ժպիտի փոխարեն դեռ վրդովմունք են առաջացնում։ Հոգ չէ, ժամանակի ընթացքում արձագանքելու միակ ճիշտ ձևը կգերիշխի ու կվկայի հասարակության քաղաքականապես ակտիվ հատվածի հասունության մասին, բայց կարճաժամկետ կտրվածքում հիշյալ տեղեկատվական սադրանքները դեռ կարող են էժանագին հուզական ազդեցություն առաջացնել։ Պետական հաստատություններում մասամբ սովորել են արձագանքել ֆեյք-նյուզին ու տեղեկատվական սադրանքներին, սակայն՝ դեռևս «պոստֆակտում»։ Դեռ կան կեղծ նորությունների տեղեկատվական հարձակումների թիրախում գտնվող խոցելի տեղեր։
Կայուն տպավորություն է ստեղծվում, որ պետական հաստատություններում դեռ չեն գիտակցում, որ 21-րդ դարում առանց արդեն մեկնարկած խոշորածավալ փոփոխությունների տեղեկատվական պատշաճ սպասարկման, հնարավոր չէ խուսափել դրանք խաթարելու նպատակ հետապնդող հայտնի արտաքին «բարեկամների» ձեռնածություններից։
Ապաքրեականացումը, ապամենաշնորհայնացումը և քաղաքական ու հասարակական, տնտեսական համակարգերի ժողովրդավարացումը բարդ գործընթաց է թե՛ իրողությունների վերաիմաստավորման, թե՛ հասարակության հետ մշտական հետադարձ կապի ռեժիմում սեփական սխալների շտկմամբ զբաղվելու և թե՛ միջազգային հանրության հետ արդյունավետ աշխատելու համար։
Մի պահ սոցցանցերով հետաքրքրությունը կասկածի տակ է դրել մամուլի ծառայությունների և պետական հաստատությունների հասարակայնության հետ կապերի բաժինների գործունեության հարցը։ Ավելի ուշ նրանց աշխատանքը համեմատաբար կարգավորվել է, բայց այն դեռևս հեռու է 21-րդ դարի չափանիշներից ու պահանջներից։
Եվրոպական, իսրայելական և ուկրաինական փորձը ցույց է տվել, որ թշնամություն սերմանող կացնային քարոզչության հակաթույնը համանման հակադարձ կացնային քարոզչությունը չէ։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Միաժամանակ՝ թափանցիկությունը, հաշվետու գործունեությունը, հետադարձ կապը, սեփական ու միջազգային քաղաքականության էության և նպատակների մասին հասարակության տեղեկացվածության ապահովումը փակում և ամրապնդում են այն խոցելիություններն ու ճեղքվածքերը, որոնք նպատակային հարվածի են ենթարկվում տարբեր աղբյուրներից բխող կեղծ նորությունների միջոցով։ Շատ կարևոր է, որ մատուցվող տեղեկատվությունը գտնվի ազատ մատչելիության մեջ և հրապարակվի «առաջին ձեռքերից», որպեսզի հետագայում անհրաժեշտություն չառաջանա բացատրելու, որ այն «սխալ է ընկալվել» կամ դրա մի մասը «սպուտնիկների» ձեռնածությամբ «համատեքստից դուրս» է ներկայացվել կամ պարզապես կեղծվել։ Համակարգի պարտադիր մասը պետք է լինեն ընթացիկ տեղեկատվություն մատակարարող անկախ ԶԼՄ-ները, հավասարակշռված և բազմակողմանի մեկնաբանությունները, ազատ ռեժիմում հնչող քննադատությունը և մատուցվող տեղեկատվության բազմալեզվությունը։
Դրա համար մեր պարագայում շատ կարևոր է տարբեր լեզուներով՝ նախ և առաջ անգլերենով և ռուսերենով արժանահավատ տեղեկատվության մատուցումը. ցանկալի են նաև ֆրանսերենը, արաբերենը, պարսկերենն ու թուրքերենը։ Եթե նայենք, թե ներկայումս ինչ ծավալ, օպերատիվություն և հանգամանալիություն ունի Հայաստանից դուրս եկող տեղեկատվության որակը, ապա պարզ կդառնա, թե ինչու սադրանքները մեր տեղեկատվական դաշտ այսչափ հեշտ են ներթափանցում։
Ուշագրավ են ներկայումս Հայաստանի դեմ մղվող ռուսական քարոզչության առանձնահատկությունները։ Նշենք, որ «անաչառության» տպավորություն ստեղծելու, հարցը որպես «ներքին» ներկայացնելու, «մենք այնտեղ չկանք» թեզն առաջադրելու համար որպես գլխավոր դերակատար առաջ են մղվում հայկական ազգանուններով ռուսաստանցիները։ Ուշագրավ է 2008 թ.մարտի 1-ի իրադարձությունների մասին Ռուսաստանի պետական հեռուստաալիքի լրագրող Ռոման Բաբայանի նկարահանած «ֆիլմի» պատմությունը։ Ֆիլմում տեղ են գտել հարցվող անձանց միտումնավորապես ապակողմնորոշելու և փաստերը խեղաթյուրելու անհամար դրվագներ։ Նույնքան հատկանշական է «Russia Today» քարոզչական հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի կատարած «հետաքննությունը», թե իբր «Հայաստանը դառնում է դեպի Ռուսաստան հեղափոխություն արտահանելու կենտրոն»։ «Հետաքննության» ցուցադրումը հրապարակային վիճաբանության է վերաճել Մարգարիտա Սիմոնյանի ամուսին Տիգրան Քեոսայանի և «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքի միջև։ Տիգրան Քեոսայանը Հայաստանի նոր իշխանություններին ուղիղ կոչ է արել «ճանաչել» Ղրիմի բռնազավթումը։
Ակներև է, որ տեղեկատվական դաշտը Հայաստանի կառավարության վրա ուղիղ ճնշում գործադրելու գործիք է դառնում։ Դրանց նպատակն է Հայաստանի կառավարությանը պարտադրել այնպիսի քայլեր, որոնք ոչ միայն ու ոչ այնքան ձեռնտու են Ռուսաստանին, որքան չափազանց վնասակար են Հայաստանի համար և Հայաստանի նոր իշխանություններին հեղինակազրկամբ, միջազգային մեկուսացմամբ և նրանց նկատմամբ հանրային աջակցության խաթարմամբ են հղի։ Ռուսաստանյան քարոզչությունը չի դադարելու Հայաստանի նոր իշխանություններին տեղեկատվական ճնշման ներքո պահել՝ պարտադրելով նրանց սեփական քայլերի համար «արդարանալու» և դրանց «հակառուսաստանյան բնույթ» չունենալու մասին պարբերական հավաստիացումներով հանդես գալ։ Մենք դա չպետք է անենք. դա միանգամայն աննպատակ և վնասակար է։ Ակնհայտ է նաև, որ տեղի «մտահոգներն» իրենց ռուսաստանցի բարեկամներին անընդհատ պարզաբանելու են, որ դրան «չի կարելի հավատալ, քանզի այդ ամենի ետևում Սորոսն ու Պետդեպն են»։ Մյուս կողմից՝ այդ նույն «մտահոգներն» իրենց նախկին արևմտյան գործընկերների ականջին շարունակաբար շշնջալու են, որ «սա ողջ հետխորհրդային շրջանում Հայաստանի ամենառուսամետ իշխանությունն է»։
Պետք է հասկանալ, որ սրանք արդեն ձևավորված պայմաններն են, որոնցում մենք պետք է փոխենք մեր կյանքը։ Սա իրականություն է, որում մենք պետք է ապրենք։ Ու պետք չէ, արդարանալ, հատկապես՝ հետին թվով, այլ ընդհակառակը՝ պետք է ժամանակին և ողջ ծավալով՝ օպերատիվ և բոլոր մատչելի լեզուներով տեղեկացնել հանրությանը, թե ինչ ենք անում, ինչու ենք անում և դրա համար միջոցներ չխնայել, քանի որ կյանքն ապացուցում է, որ դրանք լիովին փոխհատուցվում են։