Միքայել ԶՈԼՅԱՆ
Տարածաշրջանային վերլուծությունների
կենտրոնի վերլուծաբան
Երեւան
Գլխապտույտ հաջողություններ
Պատմության տարբեր փուլերում հայությունը տեսել է բազմաթիվ պոտենցիալ «փրկիչների»: Վերջին երկու հարյուր տարում այդ դերում առավել հաճախ հայտնվում էր Ռուսաստանը (երբեմն` համաշխարհային կոմունիզմի անվան տակ): Երբեմն, ընդ որում ավելի հաճախ, քան մենք այսօր գիտակցում ենք, այդ դերում հայտնվել է Արեւմուտքն ընդհանրապես, կամ Արեւմուտքի որոշակի երկրներ` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը: Իհարկե, միայն մեծ տերությունները չեն, որ հայտնվում են փրկիչների դերում. վերջին քսան տարիների ընթացքում պարբերաբար փրկչի դերում էր հայտնվում այս կամ այն քաղաքական գործիչը` երբեմն սեփական կամքով, երբեմն էլ հանգամանքների բերումով:
Մի քանի տարի առաջ, սակայն, հայ ժողովրդի փոքրաթիվ, բայց կիրթ եւ ակտիվ մի հատված, կարծես, գտել էր մի նոր փրկչի: Այս անգամ փրկիչը ոչ թե մեծ տերություն էր, կամ քաղաքական գործիչ. այս անգամ փրկչի դերում հայտնվեցին նոր տեխնոլոգիաները` ինտերնետը, կամ ավելի կոնկրետ` սոցիալական ցանցերը, նոր մեդիան: Հայ հասարակության մի որոշակի հատված ոգեշնչվել էր այն հնարավորություններով, որոնք ընձեռում էին ֆեյսբուքը եւ սոցիալական ցանցերը, բլոգները, յություբը: Այն ամենը, ինչ տարիներ առաջ թվում էր անհնարին, այժմ թվում էր բավականին հեշտ: Եթե ձեզ դուր չի գալիս իշխանության որեւէ գործողություն, բավական է ֆեյսբուքում ստեղծել խումբ, նշանակել բողոքի գործողության օր եւ ժամ, եւ ձեզ կմիանան տասնյակ, հարյուրավոր, գուցե հազարավոր մարդիկ, ձեր պահանջները կհայտնվեն լրատվամիջոցների էջերին: Իսկ եթե ձեր համախոհների մեջ կան կրեատիվ մտածելակերպ ունեցող եւ ինտերնետից հասկացող մարդիկ, նրանք կարող են շատ ավելի հետաքրքիր, անսպասելի եւ արդյունավետ միջոցներ գտնել: Թվում էր, թե չկա այնպիսի խնդիր, որը չի կարելի լուծել այս նոր հնարավորությունների օգնությամբ:
Թերեւս, այս դեպքում, ի տարբերություն մյուս, ավելի ավանդական «փրկիչների», լավատեսության հիմքերն ավելի շատ էին: Ավելին, հայ ակտիվիստները միայնակ չէին իրենց սպասումներում: Ամբողջ աշխարհն էր խոսում նոր տեխնոլոգիաների ընձեռած աննախադեպ հնարավորությունների մասին: Ժողովրդավարության կողմնակիցները ցնծում էին, իսկ բռնապետական վարչակարգերն ահաբեկված էին: Դավադրության տեսությունների կողմնակիցները սոցիալական ցանցերը համարում էին հերթական սատանայական գործիքը, որի օգնությամբ նեխած Արեւմուտքը սասանում է կայունությունը եւ սադրում հեղափոխություններ: Աշխարհով մեկ քաղաքական վերլուծաբանները քննարկում էին, թե ինչպիսի անծայրածիր հնարավորություններ են բացում նոր տեխնոլոգիաները քաղաքացիական հասարակության, ակտիվիզմի, ժողովրդավարական շարժումների համար:
Իհարկե, կային նաեւ հոռետեսաբար տրամադրված ձայներ: Այսպես, օրինակ, Բելառուսից ԱՄՆ տեղափոխված Եվգենի Մորոզովը զգուշացնում էր (http://netdelusion.com), որ ինտերնետն ընդամենը տենխնոլոգիա է, որը հավասարապես կարող են օգտագործել ժողովրդավարության թե° կողմնակիցները, թե° հակառակորդները: Սակայն, մեծամասնությունն, այնուամենայնիվ, կազմում էին այն վերլուծաբանները, որոնք նոր տեխնոլոգիաներում տեսնում էին ժողովրդավարական փոփոխությունների գրավականը: Հայ վերլուծաբանները, այդ թվում տողերիս հեղինակը, եւս անմասն չմնացին այդ ալիքից: Ես ինքս մի հոդված գրեցի նույն այս ամսագրում («Անալիտիկոնում») սոցիալական ցանցերի եւ նոր մեդիաների հնարավորությունների մասին: Հոդվածս գրեցի 2010թ. դեկտեմբերին: Արդեն մյուս տարվա հունվարին սկսվեց «արաբական գարունը»: Թվում էր, թե ֆեյսբուքը, թվիթերը եւ յություբն իրո՞ք ի վիճակի են փոխելու աշխարհը:
Սկզբից Թունիսում, հետո Եգիպտոսում երիտասարդությունը դուրս եկավ փողոց, ընդ որում` նրանց բողոքի շարժման մեջ հսկայական դեր խաղացին նոր մեդիաները: Այսպես, Եգիպտոսում առաջին բողոքները կոորդինացվում էին ֆեյսբուքի էջերի միջոցով: Դրանցից մեկն էր «մենք բոլորս Խալեդ Սայիդն ենք» խումբն էր, որը նվիրված էր ոստիկանական բռնությանը զոհ գնացած անմեղ մի երիտասարդի: Երբ եգիպտական գաղտնի ծառայությունները բացահայտեցին խմբի ադմինիստրատորին` Գուգլի աշխատակից Վաել Ղոնիմին, նրան բանտ նետեցին, սակայն արդեն ուշ էր: Ընդամենը օրեր անցան, ու Ղոնիմին ազատ արձակեցին, եւ նա դարձավ եգիպտական հեղափոխության ամենահայտնի դեմքերից մեկը: Հետագայում Ղոնիմը գիրք գրեց այդ ամենի մասին, որն անվանեց «Հեղափոխություն 2.0»:
Հայաստանի քաղաքականապես ակտիվ երիտասարդությունը գրեթե ուղիղ եթերով հետեւում էր եգիպտական հեղափոխությանը: Ես էլ էի կլանված հետեւում Եգիպտոսից նորություններին եւ ոչ պակաս կլանված` դրանց արձագանքներին հայկական ֆեյսբուքում: Հիշում եմ, Հոսնի Մուբարաքի հրաժարականից րոպեներ անց ընկերներիցս մեկը մի գրառում թողեց ֆեյսբուքում, որը լավագույնս արտահայտեց այն, ինչ այդ պահին զգում էին մեզնից շատերը: Գրառումը մեջբերում եմ մոտավորապես, ինչպես հիշում եմ. «Թվիթերում գրում են, որ Վիքիպեդիայում արդեն փոխել են Մուբարաքի կառավարման տարիները. ահա մեր ժամանակների էությունը»: Ես բացեցի Վիքիպեդիայի «Հոսնի Մուբարաք» հոդվածը, եւ այնտեղ իրոք արդեն գրված էր. «կառավարման տարիներ. հոկտեմբերի 14, 1981 – փետրվարի 11, 2011»:
Նոր մեդիայի պերճանքն ու թշվառությունը
Այսօր, համարյա չորս տարի անց, իհարկե, այն օրերի ոգեւորությունն այլեւս չկա: Պարզ է դառնում, որ ժողովրդավարության հակառակորդները` բռնապետերից մինչեւ ծայրահեղականներ եւ ահաբեկիչներ, սովորել են օգտագործել սոցիալական ցանցերը եւ նոր մեդիաները: Յություբի հոլովակներից այսօր ամենաշատը քննարկվում են ոչ թե խաղաղ ցույցերի տեսարանները, այլ այն սարսափազդու հոլովակները, ուր ահաբեկիչները տեսախցիկի առաջ գլխատում են իրենց զոհերին: Բռնապետները եւ ծայրահեղականները ոչ միայն սովորել են օգտագործել համացանցը, այլեւ փորձում են իրենց հակառակորդներին զրկել այն օգտագործելու հնարավորությունից: Որոշ երկներում ինտերնետը գրեթե փակ է (Հյուսիսային Կորեա), կամ խստորեն վերահսկվում է (Չինաստան), կամ էլ ակտիվորեն օգտագործվում է իշխանական քարոզիչների կողմից (Վենեսուելա): Ինտերնետը սահմանափակելուն ուղղված քայլեր են կատարվում նաեւ այնպիսի երկրներում, որտեղ այն նախկինում համեմատաբար ազատ էր (Ռուսաստան), առավել եւս այն երկրներում, որտեղ նախկինում էլ կային որոշ սահմանափակումներ (Թուրքիա):
Հայաստանում, փառք Աստծո, ոչ ոքու չեն գլխատում, բլոգերներին չեն դատում եւ յություբը չեն արգելում, գոնե առայժմ: Բայց այստեղ էլ չկա նախկին ոգեւորությունը սոցիալական ցանցերի եւ նոր մեդիաների կապակցությամբ: Պարզվեց, որ նոր մեդիան կարելի է օգտագործել ոչ միայն քաղաքացիական նախաձեռնությունների, այլեւ այս կամ այն իշխանավորի կամ օլիգարխի փիառի համար: Որ կարելի է կեղծել ոչ միայն իրական, այլեւ ֆեյսբուքյան քվեարկությունները: Որ ֆեյսբուքում կարող են ակտիվ լինել ոչ միայն առաջադեմ հայացքներով քաղաքացիական ակտիվիստները, այլեւ իշխող կուսակցության առջեւ «միավորներ» վաստակող կարիերիստները, էլ չենք խոսում «ֆեյքերի» մասին: Ավելին` պարզվեց, որ նախկինում միեւնույն ցույցերին գնացած եւ միասին հրապարակներում գիշերած ակտիվիստները կարող են ֆեյսբուքում միմյանց վերջին բառերով հայհոյել, քանի որ, օրինակ, մեկը աջ հայացքների տեր է, իսկ մյուսը` ձախ: Վերջապես` պարզվեց, որ ապագա ակցիաների մանրամասներին ֆեյսբուքի շնորհիվ կարող են տեղեկանալ ոչ միայն ակտիվիստներն ու լրագրողները, այլեւ ոստիկանները, եւ խափանել ակցիան:
Այնուամենայնիվ, ի՞նչ տվեց մեզ ֆեյսբուքը
Մի խոսքով, ինչքան մեծ էր ժամանակին ոգեւորությունը, նույնքան էլ մեծ է այսօր հիասթափությունը: Թերեւս խնդիրն այն էր, որ մենք չափազանց տպավորված էինք նոր հնարավորություններով եւ չէինք նկատում այն, ինչն, ըստ էության, միշտ էլ ակնհայտ էր. նոր մեդիան ընդամենը հաղորդակցության տեխնոլոգիա է: Այո, այն հեղափոխական է, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին հեղափոխական էին, ասենք, տպագիր գիրքը, օրաթերթը, ռադիոն, հեռուստատեսությունը: Այո, այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել մարդու իրավունքները պաշտպանելու, այլընտրանքային տեղեկատվություն տարածելու, իշխանությանը վերահսկելու, ժողովրդավարական շարժումներ կազմակերպելու համար: Կարող է նաեւ օգտագործվել քաղաքացուն վերահսկելու, իշխանական քարոզչությունը տարածելու, այլախոհներին ճնշելու համար: Այո, այդ տեխնոլոգիաներն ավելի բարդ են օգտագործման տեսակետից, քան այն գործիքները, որոնք առկա են բռնատիրության ավանդական զինանոցում: Բայց, եթե ունես փող եւ իշխանություն ու պատրաստ ես այն ցանկացած գնով պահել, ապա այնքան էլ դժվար չէ գտնել մասնագետների, որոնք կանեն դա քո փոխարեն:
Եվ, այնուամենայնիվ, հուսահատվելը եւ նոր տեխնոլոգիաներից երես թեքելը նույնքան սխալ կլիներ, ինչքան դրանցով չափից ավելի տարվելը: Այո, ոչ բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները պսակվեցին հաջողությամբ: Այո, Հայաստանի քաղաքական համակարգը մնում է նույնքան հեռու ժողովրդավարությունից, որքան նախկինում: Սակայն, ինչ-որ մի բան հասարակական մթնոլորտում, այնուամենայնիվ, փոխվել է: Այլեւս դժվար է պատկերացնել վերադարձ այն ժամանակներին, երբ իշխանության եւ հասարակության միջեւ հաղորդակցությունը միայն մեկ ուղղություն ուներ` վերեւից ներքեւ: Այն ժամանակ «հասարակ» մարդը կարող էր ստանալ «մեսիջ» վերեւից, օրինակ` հեռուստատեսության միջոցով, նա կարող էր հեռուստացույցի առջեւ նստած դժգոհ մրթմրթալ, անգամ կիսաձայն հայհոյել, բայց դա մնում էր իր անձնական գործը: Այսօր ցանկացած պետական պաշտոնյա կամ քաղաքական գործիչ գիտի, որ իր արտասանած յուրաքանչյուր բառ քննարկվելու է սոցիալական ցանցերում, նրան սպասում է քննադատություն, հաճախ նաեւ ծաղր:
Իսկ դա նշանակում է, որ իշխանությունն այլեւս երբեք չի ունենա «սրբության» կարգավիճակ, առնվազն` համացանցային իրականության մեջ. այն, ինչ կարելի է քննարկել, քննադատել, առավել եւս ծաղրել, այլեւս «սուրբ» լինել չի կարող: Իսկ, իշխանության` «սրբազան», քննադատությունից եւ ծաղրից վեր կարգավիճակը ցանկացած բռնապետության համար գոյատեւման ամենակարեւոր պայմանն է: Մի խոսքով, այն քննադատական դիսկուրսը, որը գրեթե բացակայում էր մեր երկրում եւ առանց որի հնարավոր չէ ժողովրդավարությունը, ի հայտ եկավ նոր մեդիայում: Եվ եթե այդ դիսկուրսը կա վիրտուալ իրականությունում, դա նշանակում է, որ մի օր այն դուրս կգա վիրտուալ իրականության սահմաններից եւ կդառնա գերակայող մեր հասարակության մեջ: Իհարկե, դրա համար պետք է աշխատել եւ ավելին` պայքարել: Ընդ որում` ոչ միայն վիրտուալ իրականության մեջ: