Տարեկան միջինը 7 տոկոս տնտեսական աճ, աղքատության մակարդակի կրկնակի նվազում, նվազագույն աշխատավարձի բարձրացում, ժողովրդագրական աճ, արտաքին հետախուզական ծառայության ստեղծում։ Սրանք Հայաստանի նոր կառավարության պլաններն են առաջիկա 5 տարիների ծրագրով։ Գործադիրը հաստատել է 2021-26 թթ․ գործունեության ծրագիրը։
44-օրյա պատերազմից հետո և հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող սադրանքների ֆոնին առավել հետաքրքրական է, թե ինչպես են լուծվելու անվտանգային խնդիրները, որոնք են այս ոլորտում իշխանության առաջնահերթությունները։
Հիմնական քաղաքական ուղերձը
Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունը Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է։ Սակայն նոր կառավարությունը հաշվի է առնում, որ «խնդրի լուծումը միայն ՀՀ-ից չի կախված, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից»:
Ամեն դեպքում, Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնում իրականացնել իր բաժին անելիքը։ Իսկ երկրին սպառնացող արտաքին և ներքին մարտահրավերները հաղթահարելու համար, այն պատրաստվում է համախմբել հանրային և ազգային լավագույն ներուժը։
«2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն էականորեն փոխել են Հայաստանի արտաքին միջավայրը՝ ոչ միայն սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ, այլև առաջ բերելով նորերը:
Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ առաջնային», — ասված է ծրագրում։
Սա, Փաշինյանի խոսքով, կառավարության հիմնական քաղաքական ուղերձն է։
Բանակի արդիականացում
Փաշինյանի կառավարությունը նախատեսում է Զինված ուժերում իրականացնել կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ՝ ռազմավարական հեռանկարում ունենալով աստիճանական անցումը պրոֆեսիոնալ բանակի։
Նոր ձևավորված կառավարությունը կարծում է, որ առաջիկայում բանակը պետք է զբաղվի մարտական պատրաստվածության և մարտունակության բարձրացման հարցերով, իսկ պետական սահմանների պահպանությունը պետք է իրականացնեն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը։
«Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, Զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի», — ասվում է ծրագրում:
Ռուսաստանի դերը
Կառավարությունը նպատակ ունի զարգացնել երկկողմ և բազմակողմ հարաբերությունները բոլոր պետությունների և կազմակերպությունների հետ, բայց առանձնահատուկ կարևորում է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը, որի շրջանակներում՝
կշարունակեն հագեցվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները,
ՀՀ պետական սահմանի մի շարք հատվածներում սահմանի պահպանությանը կշարունակեն մասնակցել ռուս սահմանապահները,
ՌԴ սահմանապահ զորքերի ներգրավվածությունը Հայաստանի պետական սահմանի պահպանությանը կընդլայնվի։
Կայուն միջավայր տարածաշրջանում և ապաշրջափակում
Կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը։
«Մենք տարածաշրջանի խաղաղության և կայունության համար էական ենք համարում թշնամության մթնոլորտի կառավարումն ու հաղթահարումը», — ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ ջանքեր կգործադրի նաև տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ։ Միաժամանակ գործադիրը վստահեցնում է՝ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի և Արցախի անվտանգային ու կենսական շահերի հաշվին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը
Հայաստանի կառավարությունը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերն առանցքային է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում։
Վարչապետը հիշեցրեց Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 29-ի հայտարարությունը, որում նրանք կողմերին կոչ էին արել հնարավորինս շուտ վերսկսել խաղաղ բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Փաշինյանն ընդգծել է, որ ծրագիրը կազմելիս նաև այդ առաջարկն է հաշվի առնվել՝ բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելու համար նախապայմաններ չեն առաջադրվել։
Բարեփոխումներ ԱԱԾ համակարգում
Կառավարության 5-ամյա ծրագրի համաձայն՝ ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես կվերազինվեն, կհամալրվեն որակյալ կադրերով, կիրականացվի մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման շարունակական գործընթաց։
Սա, ըստ ծրագրի դրույթների, գերակա խնդիր է հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի արդյունքներ գրանցելու համար։
Քաղաքագետի կարծիք
Կառավարության ծրագրի անվտանգությանը վերաբերող դրույթներում կոնկրետությունը բացակայում է, ներկայացված ծրագիրն ընդհանրական է, կարծում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը․
«Պարզ չէ՝ ինչպես է Փաշինյանի կառավարությունը հասնելու այս նպատակներին։ Չկան կոնկրետ ուղենիշեր, թե ինչ է պատրաստվում անել կառավարությունն Արցախի հետ՝ թե՛ տարածքների մասով, թե՛ ընդհանրապես։ ՀՀ կառավարությունն ինչ է հասկանում Արցախ ասելով․ հասկանում է 2020 թվականի սեպտեմբերի 26-ի՞, թե՞ ներկայիս տարածքներով»։
Քաղաքագետը հարցեր է բարձրացնում, որոնց պատասխանները չի կարողացել գտնել կառավարության 5-ամյա ծրագրում։
«Ի՞նչ է մտադիր անել Հայաստանը, երբ օրինակ, ռուսական ուժերն Արցախից դուրս գան։ Մենք պատրաստվո՞ւմ ենք պաշտպանել, ապահովել անվտանգությունը, ինչպե՞ս ենք դա անելու, ի՞նչ միջոցներով։
Պետք է հասկանանք՝ ՀՀ կառավարությունն ի՞նչ պատկերացումներ ունի ստեղծվող նոր իրավիճակի հետ կապված, հաշտվե՞լ է Արցախի անորոշ ապագայի և Արցախից բնակչության դանդաղ տեմպերով արտագաղթի հետ, ի՞նչ է մտադիր իրականացնել դա կանխելու համար, ինչպե՞ս է մտադիր արցախցիներին համոզել, որ իրենք այնտեղ մնան։ Կոնկրետ հարցեր են, որ լուծում են պահանջում», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Պողոսյանը։