Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկեց Դոնբաս ուղարկել ՄԱԿ-ի խաղաղապահներին, ինչն արևմտյան բլոկին վստահություն չներշնչեց: Ուկրաինայում ՄԱԿ-ի կողմից խաղաղապահների տեղակայման շուրջ համաձայնությունը որոշակի առումով Արևմտյան բլոկի դիվանագիտական հաղթանակն է: Նախկինում Ռուսաստանը միանշանակ դեմ էր արտահայտվում Գերմանիայի, Ֆրանսիայի ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից հնչեցվող նման առաջարկներին՝ պնդելով, որ Ուկրաինայի արևելքում խաղաղության կարելի է հասնել միայն Մինսկի համաձայնությունների հիման վրա:Հիմա, երբ Պուտինը որոշել է հրաժարվել իր նախկին դիրքորոշումից, նա մի քանի նախապայման է առաջ քաշել, որոնք չեն համընկնում Արևմուտքի պատկերացումների հետ: ՄԱԿ-ի խաղաղապահներին ռուս-ուկրաինական սահմանին տեղակայելու փոխարեն (այդկերպ հնարավոր կլինի սահմանափակել զենքի և ռուսամետ զինվորականների ենթադրյալ մատակարարումները) Ռուսաստանի նախագահը ցանկանում է սահմանափակել նրանց ներկայությունը Ուկրաինայի և անջատողականների շփման գծում, որպեսզի խաղաղապահները կարողանան ապահովել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայացուցիչների անվտանգությունը:
Մոսկվայի նոր ռազմավարության նկատմամբ արձագանքը կանխատեսելի էր: Առաջինը, Վաշինգտոնի հետ խորհրդակցություններից հետո Կիևը հայտարարեց, որ ՄԱԿ-ի խաղաղապահները պետք է տեղակայվեն նաև Ռուսաստանի հետ սահմանին՝ հավելելով, որ ռուսական զինվորականների մասնակցությունն առաքելությանն անընդունելի է:
Երկրորդ, Պետդեպարտամենտի նախկին ղեկավար Ջոն Քերին կասկածներ ուներ Կրեմլի մտադրությունների անկեղծության վերաբերյալ՝ ենթադրելով, որ այդ առաջարկը սոսկ թակարդ է:
Երրորդ, Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Սթիվեն Փայֆերը իրավիճակի նկատմամբ իր տեսակետն արտահայտել է «National Interest»-ի հոդվածում՝ առաջարկելով ստուգել Պուտինի մտադրությունների անկեղծությունը: Նախկին դեսպանը գրում է, որ Պուտինի առաջարկին «հարկ է նոր տեսք տալ», ներառելով արևտմյան հռետորաբանության տարրեր, որոնք թույլ կտան հայտնաբերելու Ռուսաստանի թաքնված մտադրությունները: Փայֆերի կարծիքով, ամեն ինչ բացարձակ պարզ կլինի, եթե Պուտինը մերժի Արևմուտքի կողմից առաջ քաշած «ճիշտ» մանդատը: Պուտինը փոխանակ օգտվի հնարավորությունից և քաղաքականապես էլեգանտ ձևով Ուկրաինայի հետ հակամարտությունից դուրս գա՝ 2018-ի նախագահական ընտրություններից առաջ ձգտում է վարկաբեկել ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելությունների գաղափարը: Այլ կերպ ասած, չընդունելով «հեռանկարային մանդատը», որի հետևանքով Արևմուտքը ստիպված կլինի հրաժարվել իր սկզբունքների դեմ խաղից, ռուսական դիվանագետները կարող են այդ մերժումը ներկայացնել որպես բանակցություններից հեռացում. Արևմուտքը չի ցանկանում խաղաղապահ առաքելություն ուղարկել, և վերջ: Ըստ Փայֆերի տրամաբանության՝ եթե Ռուսաստանն իսկապես ցանկանում է խաղաղությանը նպաստող ամուր մանդատ, ապա միակ ելքն իր սամանին և ամբողջ Դոնբասի տարածաշրջանում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայումն է: Չնայած այդ մոտեցումը բավականին փաստարկված է, սակայն դա հիմնարար սխալ է:
Փայֆերն ամբողջովին անտեսում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը և դրանց կարևորության վերաբերյալ Կրեմլի մոտեցումները: Ընդհակառակը, բազմակողմանի վերլուծությունը պետք է իր մեջ ներառի Պուտինի իրական նպատակաների դիտարկումն ու ընկալումը և այն, թե ինչպես են դրանք տարբերվում այն նպատակներից, որոնք ներկայացվում են Վաշինգտոնի կողմից:
«Ռուսաստանի անկեղծության ստուգման» գաղափարը հիշեցնում է անվտանգության վաղուց հայտնի դիլեման. մեկ պետության անպարտելիությունն ինքնաբերաբար ենթադրում է մյուսի խոցելիությունը, և հակառակը: Ուկրաինայում ՄԱԿ-ի առաքելության հաստատման ներկայիս համատեքստում այդ երկընտրանքը հետևյալ ձևն է ընդունում. չնայած մանդատի գաղափարն ընդունելի է երկու կողմերի համար էլ, սակայն Արևմուտքի առաջարկը Պուտինին անընդունելի և վիրավորական է թվում, իսկ Արևմուտքը Պուտինի առաջարկից բավարարված չէ: ԱՄՆ-ն, Եվրոպան և Ուկրաինան ակնհայտ չեն վստահում Պուտինին, վերջինս էլ իր հերթին չի վստահում նրանց:
Ըստ Փայֆերի՝ Դոնբասի խաղաղության Պուտինի առաջարկը լուրջ չէ, քանի որ չի համապատասխանում խաղաղապահների տեղակայման Արևմուտքի տարբերակին: Սա ևս բավականին սխալ մոտեցում է: Պուտինի առաջարկը միանգամայն լուրջ է: Ռուսաստանի նախագահն իսկապես խաղաղության է ձգտում՝ ցանկանալով պահել Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը: Բացի այդ նա ցանկանում է, որպեսզի Ուկրաինան դադարեցնի վարկաբակել էներգետիկ ոլորտում ռուս-եվրոպական համագործակցությունը («Հյուսիսային հոսք-2»), «ղրիմյան հարցում» վերջակետ դրվի, և որ ուկրաինական ուժերը հատուկ ուշադրությամբ ու հարգանքով մոտենան տեղի ռուսալեզու բնակչության իրավունքներին:
Եթե Արևմուտքը շարունակի Ռուսաստանի վրա ճնշում գործադրել իր սահմանին խաղաղապահներ տեղակայելու համար, Պուտինն, ամենայն հավանականությամբ, հետևյալը կանի. նա Արևմուտքի առաջարկը «հարձակվողական» կհռչակի և կարգելափակի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Արդյունքում այդ նախաձեռնությունը կխորտակվի դիվանագիտական վեճերի նոր հորձանուտում:
Այդ պատճառով էլ Պուտինի անկեղծությունն «ստուգելու» Փայֆերի առաջարկը վերնջագրի կմանվի, որն էլ իրականում կհանգեցնի հենց նախաձեռնության փլուզմանը: Այդուամենայնիվ, իրադարձությունների նման զարգացումը հօգուտ Պուտինի կլինի, քանի որ նա երկար ժամանակ ձգձեց այդ հակամարտությունը՝ ակտիվորեն հանդես գալով Ուկրաինայի հարավում խաղաղապահ առաքելություններ տեղակայելու դեմ: Համաձայն Կրեմլին մոտ կանգնած ներքին աղբյուրների՝ Պուտինն այնքան էլ հակված չէր իր առաջարկը հրապարակային ներկայացնել: Միայն Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ջանքերով նա համաձայնվեց Կիևի համար այդքան կարևոր առաջարկն այնպես վերափոխել, որ այն այժմ անընդունելի է, ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ուկրաինայի համար:
Հենց այդ պատճառով էլ Պուտինի «անլրջությունն» ապացուցելու փոխարեն, ինչպես առաջարկում է Փայֆերը, նրա կողմից առաջ քաշած ռազմավարությունը կաշխատի միայն հոգուտ Պուտինի: Ռուսաստանի լրջությունն ստուգելու փոխարեն Արևմուտքը պետք է Պուտինին խոսքի վրա բռնի, ինչպես որ նա արեց 2013-ին Ջոն Քերիի դեպքում: Բաշար ալ Ասադի քիմիական զենքի ոչնչացման նկատմամբ ռուս առաջնորդի դիրքորոշումը, ինչպես ցույց տվեց ժամանակը, եթե ոչ ռազմավարական, ապա մարտավարական հաղթանակ ապահովեց Ռուսաստանի նախագահի համար:
Այդ դեպքում տրամաբանական է հարցը այլ կերպ ձևակերպել: Եթե խաղաղապահների տեղակայումը «միայն շփման գծի երկայնքով է ու բացառապես ԵԱՀԿ-ի դիտորդներին ուղեկցելու համար», ապա սա այն է, ինչ Պուտինն է ուզում, ուրեմն տվեք նրան դա: Անհապաղ: Նման ժեստը չի հանգեցնի ճգնաժամի լուծմանը, սակայն բավարար պայմաններ կստեղծի հետագա գործողությունների համար:
Նախ, դա դրական դինամիկայի տպավորություն կստեղծի: Երկրորդ, Ռուսաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև հաջող համագործակցության նախադեպ կդառանա, որը, սիրական ճգնաժամը հաշվի առնելով, ճիշտ ժամանակին կլինի: Երրորդ, հակամարտության կողմերը կկանխեն ռազմական սրացումը, որն էլ իր հերթին նախադրյալներ կստեղծի Մինսկյան պայմանավորվածությունների համար: Չորրորդ, իրավիճակն ավելի կհստակեցվի, որի շնորհիվ էլ միջազգային հանրությունը լրացուցիչ տվյալներ կստանա, այդ թվում նաև տարածաշրջանում ռուսական զորքերի և խորհրդատուների մասին: Ի վերջո, ավելի հեշտ կլինի առկա խաղաղապահ կոնտիգենտն ընդլայնել, քան նորը բերել:
Հանուն ռազմավարական հաղթանակների հաճախ ստիպված ենք լինում մեկ մարտավարական քայլ ետ կատարել: Եթե Արևմուտքը նման մեծահոգի քայլ կատարի և ընդունի Պուտինի առաջարկը, ապա կհայտնվի մի իրավիճակում, որը հնարավորություն կտա նրան ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա և խաղաղապահներին տեղակայել Ռուսաստանի հետ սահմանին, իսկ ապա տարածել Դոնբասի տարածաշրջանով մեկ: Այդ գործընթացին կնպաստեն Դոնբասում ռուսական ներակայության, ինչպես նաև մալայզիական ավիաուղների МН-17 ինքնաթիռի կործանման հանգամանքների ուսումնասիրության վերաբերյալ խաղաղապահների կողմից ձեռք բերվելիք նոր տվյալները:
Պուտինի առաջարկն առանց փոփոխությունների ընդունումը ենթադրում է ՄԱԿ-ի զորքերի տեղակայման պոտենցիալ դրական ազդեցություն: Բալթյան երկրների բավարարումը թույլ կտա Ուկրաինային կենտրոնանալ իր տնտեսական բարեփոխումների ու կոռուպցիայի դեմ պայքարի վրա և Կիևի «տաք գլուխներին» ետ կպահի երկրի արևելքի վրա հարձակվելու գաղափարից: Բացի այդ, խաղաղապահական մանդատը թույլ կտա փրկել Ուկրաինայի արևելքի խաղաղ բնակիչների կյանքը, որոնց վրա ուկրաինական բանակը և ռուսամետ անջատողական ուժերը ուշադրություն չեն դարձնում: Դա նաև կկասեցնի անջատողականների նոր հարձակումները:
Փայֆերի կողմից արված հայտարարության ոչ ճշմարտացի կողմերից մեկն էլ այն է, որ «Կիևը ներկայիս ստաստուս քվոյի պահպանման դեպքում կորցնելու բան չունի»։ Ամեն դեպքում, եթե այս հակամարտությունը սառեցվի, հրաժարվելով ուկրաիանական հողի վրա խաղաղապահներ տեղակայելու գաղափարից, ապա լինելու են ռազմական գործողությունների վերսկսման և ամբողջ հակամարտության սրման բարձր ռիսկեր: Այդ դեպքում Կիևը ոչ միայն կզրկվի առաջնագծում կռվող երիտասարդ կանանցից և տղամարդկանցից, այլև քամուն կտա այդքան անհրաժեշտ ռեսուրսները: Հրաժարվելով իր տնտեսական վիճակը բարելավելու հնարավորությունից՝ Կիևն ավելի կհեռանա եվրոպական բարեփոխումներ իրականացնելու հնարավորությունից:
Եթե Արևմուտքը կարողանա համոզել Կիևին ետ կանգնել այս կամ այն չմտածված ու արագ քայլից և համաձայնել Ռուսաստանի առաջարկին՝ աշխարհը վերջապես հաղթանակ-հաղթանակ իրավիճակ կտեսնի: Մի կողմից՝ Արևմուտքը հետագա գործողությունների հարթակ կստանա, համոզված լինելով, որ նման պայմաններում հակամարտությունը դժվար կլինի վերսկսել: Մյուս կողմից՝ Պուտինը կփորձի դժվար կացության մեջ իր երեսը պարզ պահել, քանի որ նրան հետևում է ինչպես սեփական ժողովուրդը, այնպես էլ միջազգային հանրությունը:
Խաղաղության հաստատումը կամ խաղաղապահական անձնակազմի մեծացումը բավականին դժվար խնդիր կլինի: Ամեն դեպքում, ավելի ռացիոնալ է աշխատել կոնկրետ և իրագործելի առաջարկի վրա, քան Արևմուտքի «շտկումները» փաթաթել Ռուսաստանի վզին, որը նա դժվար թե կուլ տա:
Այդպիսի դժվար իրավիճակում, երբ անհնար է իդեալական որոշում ընդունել, մենք կցանկանայինք դիմել Լիդել Հարթին և ստուգել իր թեզերից մեկը: Այդ նշանավոր ռազմական տեսաբանը մի առիթով ասել է, որ ռազմավարության մեջ ամենաերկար շրջանցման ճանապարհը հաճախ ամենակարճն է: Մեզ համարեք լավատեսների ճամբարից, բայց մենք կասկածում ենք, որ ինչ-որ մեկը հակառակը կապացուցի:
Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը
Բնօրինակը՝ The National Interest