Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լրագրող
Երևան
Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մեջ առանձնահատուկ էր ուսանողության դերը: Ուսանողների մասնակցության ծավալները, ինքնակազմակերպման բարձր մակարդակն ու գործողությունները տարբերվում էին նախորդ շարժումներում նրանց մասնակցությունից: Ու ինչպես Հայաստանում ձևավորված մթնոլորտն է անհրաժեշտ առարկայացնել կոնկրետ գործողությունների ու արդյունքների, այնպես էլ ուսանողական շարժումն է անհրաժեշտ վերափոխել ուժեղ ուսանողական, այլընտրանքային կառույցի:Համալսարաններում ուսանողության ինքնակազմակերպման գործում սիմվոլիկ դեր խաղաց ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին՝ քայլարշավով Երևան հասնելու օրը ցուցարարների առաջ ԵՊՀ-ի փակ դռները ուժով բացելու փաստը: Սա թեև ընդհանուր հեղափոխական գործընթացի մեջ փոքրիկ, բայց համալսարանի շուրջ եղած գործընթացների շրջանակում կարևոր նրբերանգ ու խորհուրդ էր պարունակում: Համալսարանների դռները փակ էին 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի շարժման անդամների առաջ, դրանք փակ էին 2013-ին ընդդիմության շարժումը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանի առաջ, համալսարանի դռները փակ էին նույնիսկ տարկետման սահմանափակման դեմ ակցիա իրականացնող ուսանողների առաջ: Տարիներ շարունակ ռեկտորների կողմից քաղաքական շարժումների առաջ կողպված դռները Փաշինյանի ու Փաշինյանի կողմնակիցների կողմից ուժով բացվում էին, համալսարանների ներսում հնչում էին քաղաքական պահանջներ ու հայտարարություններ: Ռեկտորների ու դեկանների կողմից ուսանողներին փակի տակ պահող կրթական այդ փակ համակարգը հենց ապրիլի 13-ին ստացավ առաջին ուժեղ հարվածը: Ու հատկանշական է, որ հաջորդող օրերին ԵՊՀ դռներն այլևս չէին փակվում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ բողոքող ուսանողների առաջ: Սերժ Սարգսյանի հեռացման քաղաքական գործընթացի շրջանակում առաջին դասադուլը տեղի ունեցավ հենց ապրիլի 13-ին: Այդ ժամանակ ուսանողների թիվը չափազանց նվազ էր, իսկ արդեն քաղաքական գործընթացի սրմանը զուգընթաց բողոքող ուսանողների թիվը գնալով աճեց՝ նորանոր, շատ հաճախ նաև երբևէ քաղաքացիական որևէ ակտիվությամբ աչքի չընկած ուսանողների ներգրավելով անհնազանդության գործողությունների մեջ:
Դեռ անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբերին ուսանողների մի խումբ պայքարում էր կրթական տարկետման իրավունքը պահպանելու համար: Չնայած լայն դժգոհությանը՝ այն ժամանակվա իշխանություններն այդպես էլ ուսանողների հետ համաձայնության չեկան, ու տարկետման իրավունքը խստորեն սահմանափակվեց: Այս գործընթացի արդյունքում համալսարանում ձևավորվեց ուսանողների մի շրջանակ, որը սկսեց զբաղվել համալսարանի խնդիրների լուծմամբ ու փաստեր հրապարակեց համալսարանում կոռուպցիոն դրսևորումների մասին: Ստեղծվեց «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը, որն էլ նախաձեռնողը դարձավ զանգվածային դասադուլների ու ակցիաների: Մինչ այդ կրթական փորձագետների ու այլ մասնագետների հետ «ԵՊՀ ռեստարտը» սկսեց քննարկումների շարք՝ կրթական, բուհական խնդիրների հետ կապված: Այս քննարկումներում ԵՊՀ ղեկավարությունը չէր ներգրավվում: Ուսանողական միջավայրը բարելավելուն ուղղված դիսկուրսը ձևավորվում էր համալսարանների պատերից դուրս: Ըստ էության՝ համալսարանների ներսում ուսանողների ու համալսարանական ղեկավարության միջև հաղորդակցության բացակայությունը ստիպում էր ուսանողական օրակարգի քննարկումն անցկացնել համալսարանից դուրս փորձագիտական շրջանակների հետ հանդիպումներում: Մինչդեռ համալսարանները հնարավորություն ունեին տարկետման վերացման դեմ բողոքի գործողությունների ժամանակ կամ դրանից հետո համարժեք քայլեր ձեռնարկել՝ ուսանողական նշված խմբերին ներառելով համալսարանական կառավարման գործընթացում: Սա տեղի չունեցավ ու «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը սկսեց կրթական համակարգում փոփոխությունների հասնելու գործընթաց: Թավշյա հեղափոխության օրերին այս նախաձեռնությունն ուսանողական մոբիլիզացիայի անգնահատելի դեր խաղաց, անհնազանդության օրերին ԵՊՀ-ին հարակից փողոցները, որպես կանոն, կաթվածահար էին լինում հենց ԵՊՀ ուսանողների կողմից:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի ուսանողական շարժման կողմից սոցիալական ցանցերն առավել արդյունավետ օգտագործելու փաստը: Ամենօրյա ակցիաների մասին առաջին տեղեկատվությունը տարածվում էր սոցցանցերով և որպես ինֆորմացիայի տարածման գործիք՝ այն իրեն լիարժեք արդարացրեց: Համալսարաններն սկսեցին ապակենտրոն գործողություններ իրականացնել, իսկ քաղաքացիական անհնազանդության կիրառված գործիքները մեծ համախմբում ապահովեցին: Սա մեծ դժվարություններ էր առաջացնում ոստիկանության համար, իսկ որոշ համալսարաններում համալսարանական ղեկավարների կողմից ճնշումներն ուղղակի հակադարձ էֆեկտի պատճառ հանդիսացան:
Ուսանողական ընդվզումների առանձնահատկություններից մեկն էլ դրա աշխարհագրական տարածվածությունն էր: Ուսանողական ակտիվությունը դուրս էր եկել Երևանից ու հասել էր Գյումրի, Վանաձոր, Իջևան ու այլ քաղաքներ: Հեղափոխությունից հետո այս քաղաքներում «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը սկսեց քննարկումների շարք՝ տեղերում համալսարանների վիճակին ծանոթանալու համար: Ուսանողները սկսեցին պահանջներ ներկայացնել ռեկտորներին՝ համալսարաններում փոփոխությունների ու հրաժարականների տեսքով: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը մայիսի 25-ին բուհում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո հայտարարեց հրաժարականի մասին: Ապա, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջից հետո, «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության կողմից ռեկտորի աշխատասենյակը շրջափակվել էր, որի հետևանքով ռեկտորի ինքնազգացողությունը վատացել էր: Սրան նախորդել էին Շիրակի պետական համալսարանում ռեկտորի հետագա պաշտոնավարման դեմ ուղղված գործողությունները: Չի բացառվում, որ նորանոր համալսարաններ հայտնվեն այս շղթայի մեջ:
Ուսանողների այսօրինակ ակտիվությունն ու խնդիրները բարձրաձայնելու նախաձեռնողականությունն այժմ անհրաժեշտ է ինստիտուցիոնալիզացնել-կառուցակարգել: Այս հարցում առանձնահատուկ հիշատակման է արժանի այն փաստը, որ «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության համակարգողներից շատերը հեղափոխությունից հետո պետական կառավարման համակարգում են, ինչը նշանակում է, որ նրանք հնարավորություն են ստացել ի պաշտոնե համակարգի ներսից վերահսկողություն իրականացնել համալսարանների գործունեության նկատմամբ: Մեկ այլ տարբերակ է թավշյա հեղափոխության ընթացքում ի հայտ եկած ուսանողական պոտենցիալը վերածել շատ կոնկրետ ուսանողական-քաղաքացիական միավորի, որը պետք է գործի անկախ, ինքնավար՝ այլընտրանք դառնալով գործող ուսանողական խորհուրդներին, որոնք, ըստ տարածված կարծիքի, չեն ներկայացնում ուսանողների շահերը և ստեղծվել են քաղաքական շարժառիթներով: Հայաստանի բոլոր համալսարաններում նման կառույցների ստեղծումը թույլ կտա արդյունավետ վերահսկողություն իրականացնել բուհերում, վերահսկել ֆինանսական դաշտը՝ մուտքերն ու ծախսերը: Համալսարանների նկատմամբ վերահսկողության նորանոր կառույցների մասին մտածելու հարկ միգուցե չլիներ, եթե քաղաքական-հասարակական փոփոխված իրողություններով պայմանավորված՝ բուհերն իրենք սկսեին լայնածավալ առողջացման ծրագրեր, այդ թվում՝ որոշ ռեկտորների հրաժարականների, ֆինանսական հաշվետվողականության թափանցիկության բարձրացման, ուսանողական խորհուրդների լուծարման տեսքով: Համալսարաններից նման ազդակներ դեռևս չկան: Ավելին՝ թավշյա հեղափոխությունից հետո «ԵՊՀ ռեստարտը» պահանջում էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, մինչդեռ վերջինս հայտարարում է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, նաև խոսում է գործադիր իշխանության կողմից համալսարանի վրա կիրառվող ճնշման մասին: Ուսանողները, ներկայիս բուհական օրենսդրության համաձայն, ուսանողական խորհուրդների միջոցով 25 տոկոսով պետք է ներկայացված լինեն համալսարանական կառավարման խորհուրդներում: Պատվիրակված կառույցի՝ ուսանողական խորհուրդների նկատմամբ, ինչպես վերևում նշեցինք, կա անվստահություն, ուստի անհրաժեշտ է ուսանողների շահերի ներկայացումը պատվիրակել բոլորովին այլ, վերակազմակերպված ուսանողական խմբի:
Մեկ այլ տարբերակ ևս՝ Հայաստանում սպասվող առաջիկա խորհրդարանական ընտրությունների խորապատկերում ուսանողական հեղափոխական ընդվզումը քաղաքական ուժերի համար կարող է դիտվել որպես կարևոր քաղաքական կապիտալ: Սա նշանակում է, որ քաղաքական ուժերը հնարավոր է փորձեն թավշյա հեղափոխության մասնակից ուսանողական խմբերին, որպես պոզիտիվ դերակատարում ունեցող միավոր, ներգրավել առաջիկա քաղաքական գործընթացներում: Ավելին՝ ուսանողական ակտիվի որոշ հատված արդեն իսկ հեղափոխությունից հետո ձևավորված գործադիր իշխանությունում է:
Ի հեճուկս Թավշյա հեղափոխության մեջ ուսանողների ունեցած հսկայական դերի՝ համալսարաններում դեռևս ամբոջությամբ չի հաջողվել հասնել փոփոխությունների: Սա խոստովանում են նաև «ԵՊՀ ռեստարտի» անդամները: Համալսարանների կառավարումը շարունակում է կատարվել հին մեթոդներով: Դժգոհության առիթ է համալսարանների հոգաբարձուների խորհուրդներում Հանրապետական կուսակցության ղեկավարների առկայությունը: Համալսարաններում ղեկավար կազմերի փոփոխությունների հարցում որոշիչ դեր կարող է ունենալ նոր գործադիր իշխանությունը: Այս հարցում, սակայն, կան բարդություններ՝ ԵՊՀ-ի ՀՀԿ-ական ռեկտորը, օրինակ, բուհում փոփոխությունների փորձերը համարում է ճնշում գործադիրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իր և բուհական ինքնավարության վրա: Չի կարելի բացառել նաև, որ որոշ ռեկտորներ կփորձեն հարմարվել քաղաքական փոփոխություններին ու գործակցության եզրեր կփնտրեն գործադիր իշխանության հետ: Ի դեպ, «ԵՊՀ ռեստարտին» այս ընթացքում հաջողվել է նոր իշխանությունների հետ քննարկման արդյունքում հասնել մի կարևոր խնդրի հանգուցալուծման: Խոսքը տարկետման իրավունքի կոշտ սահմանափակման մասին է, մասնավորապես՝ ուսանողներին հաջողվել է նվազեցնել տարկետման որոշ չափորոշիչներ՝ հնարավորություն տալով ավելի շատ ուսանողների փորձել ստանալ տարկետում:
Այժմ, սակայն, անհրաժեշտ է վերլուծել ուսանողական շարժման ողջ պատկերը և ունեցած ակտիվությունը վերածել խնդիր լուծող կոնկրետ միավորի՝ երկարաժամկետ կրթական բարեփոխումների հրամայականին աջակցելու համար: