Դերենիկ ՄԱԼԽԱՍՅԱՆ
«Պոլիտիկա» կենտրոնի համակարգող,
Politica.am կայքի խմբագիր
Երևան
Հեղափոխությունները հաջողության հասնում են այն դեպքում, երբ ընդդիմությունը ստիպում է իշխանություններին սխալվել: Առանց իշխանությունների սխալների՝ հեղափոխությունները կամ հանրային ճնշման միջոցով իշխանափոխությունները, եթե չասենք կտապալվեն, ապա սահուն ու անարյուն չեն լինի:
Հայաստանում տեղի ունեցած գերարագ քաղաքական զարգացումները, որոնք հանրագումարում ստացել են «Թավշյա հեղափոխություն» անվանումը, կարելի է բաժանել 3 փուլի՝
- Մարտի 31-ապրիլի 13՝ Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» նախաձեռնության շրջանակներում Գյումրիից դեպի Երևան քայլարշավ է սկսում «ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի և ընդդեմ ՀՀԿ-ի»:
- Ապրիլի 13-23՝ Երևանում սկսվում են քաղաքացիական անհնազանդության գործողություններ, երթեր, հանրահավաքներ, պետական հաստատությունների շրջափակումներ: Ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հանրային ճնշման ներքո հրաժարական է տալիս:
- Ապրիլի 23-մայիսի 10՝ Սերժ Սարգսյանի հրաժարականով «Թավշյա հեղափոխությունը» կանգնեցնելու ու Կարեն Կարապետյանին վարչապետ ընտրելու պլանը տապալվում է: Մայիսի 1-ին ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը տապալած ՀՀԿ խմբակցությունը նահանջում է, և մայիսի 8-ին նա ընտրվում է վարչապետ:
Ամենավճռորոշ ու շրջադարձային փուլը երկրորդ փուլն էր: Հենց այս ընթացքում էլ իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի կոպիտ սայթաքումներն ու սխալներն էականորեն նպաստեցին «Թավշյա հեղափոխության» կերտմանը:Սարգսյանի վերարտադրությունը կայծ՝ հեղափոխության համար
Ապրիլի 13-ին Ազատության հրապարակի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի հայտարարած քաղաքացիական անհնազանդության ակցիաների ֆոնին ապրիլի 14-ին Ծաղկաձորում կայացած ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստում Սերժ Սարգսյանն առաջադրվում է ՀՀ վարչապետի պաշտոնում:
Սերժ Սարգսյանը 2014թ. խոստացել էր «չհավակնել վարչապետի պաշտոնին»: Թեև հայտնի էր, որ նրան սեփական կուսակցությունն առաջադրելու է վարչապետի պաշտոնում, սակայն բուն առաջադրման փաստի արձանագրումն ու Սարգսյանին ցմահ Հայաստանի ղեկին տեսնելու հեռանկարներն ակտիվացրին հանրության դժգոհ հատվածին՝ ավելացնելով քաղաքացիական խաղաղ անհնազանդության ներուժը:
Այդ առաջադրումը կատարեց գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, ով իշխանության ներսում շատերի ու հանրության որոշ մասի կողմից որպես այլընտրանք էր դիտարկվում Սերժ Սարգսյանին: Վերջինիս սահուն հեռացումն ու իշխանության փոխանցումը Կարապետյանին կարող էին կանխել հեղափոխական զարգացումները Հայաստանում: Սակայն փողոցում դեռ չկար կրիտիկական զանգված, և իշխանությունը որևէ վտանգ չէր զգում:
Իսկ Ծաղկաձորում արտագնա նիստ անելը նպատակ էր հետապնդում խուսափելու հնարավոր կոնֆլիկտներից, քանի որ Փաշինյանը խոստացել էր շրջափակել ՀՀԿ-ի շենքը, ինչը կարող էր հանրային մեծ ուշադրություն գրավել նոր ձևավորվող շարժման վրա:
Դեպի ցմահ իշխանություն. հասարակության պատասխանը
Ավտորիտար երկարամյա ռեժիմները սովորաբար լիցքաթափվում են, կորցնում են իրականության զգացողությունն ու իրավիճակը ճիշտ գնահատելու կարողությունը: Իսկ Հայաստանում առավել ևս՝ քաղաքական դաշտում մրցակիցներ չէին նկատվում:
Ծավալային առումով էական զարգացում չգրանցող քաղաքացիական անհնազանդության շարժմանը զուգահեռ ոստիկանական պատնեշների ու փշալարերի հետևում ապրիլի 17-ին խորհրդարանում Սերժ Սարգսյանն ընտրվում է ՀՀ վարչապետ: ԱԺ-ում հանրապետականների ու Սարգսյանի ինքնավստահ, տեղ-տեղ նույնիսկ ցինիկ ելույթները, բողոքի ձայներին անհաղորդ լինելը, ինչպես նաև ևս 4 տարի նույն թիմին իշխանության ղեկին տեսնելու հեռանկարը նոր ազդակ հանդիսացավ համաժողովրդական ընդվզման ծավալման համար:
Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքների մարդաշատության դինամիկան, որը կարելի է տեսնել թռչնաթռիչք բարձրությունից կատարված լուսանկարներն ու նկարահանումները համեմատելով, ցույց է տալիս, որ զանգվածային անհնազանդության ակցիաներն աճի միտում են գրանցում հատկապես ապրիլի 17-ից սկսած:
«Թավշյա հեղափոխությանը» Սարգսյանը հերթական «աջակցությունը» ցուցաբերեց ապրիլի 19-ին՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցով: Հակառակ երկրում տիրող սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակին` նա պնդում էր, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, որ իր կառավարման տարիներին իրականում հաջողություններ են գրանցվել, իսկ երկրի բնականոն զարգացմանը խանգարել են քաղաքական անկայունությունն ու հանրահավաքային պայքարը. «Որևէ մեկը չի կարող 5, 10, 15 տարում ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլորն այդ պայմաններից գոհ լինեն: Եվ այս 25-26 տարիների ընթացքում, եթե հաշվի առնենք բոլոր այն խնդիրները, որ եղել են Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների առջև, մեր երկիրը վատ չի զարգացել»:
Հարցազրույցը չաշխատեց իշխանությունների օգտին: Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Երևանի ու հանրապետության շատ բնակավայրերում քաղաքացիական անհնազանդության ալիքը ապրիլի 20-ից նոր թափ հավաքեց:
Զանգվածային անհնազանդության ակցիաների մասշտաբայնությանն ու մարդաշատությանը նպաստում էր նաև ՀՀ ոստիկանության՝ բավականին չեզոք ու կոշտ ուժ չկիրառելու քաղաքականությունը: Տպավորություն էր, որ իշխանության ներսից ոստիկանությանը զսպող գործոններ են աշխատում:
Եթե մինչև վարչապետ ընտրվելը Սերժ Սարգսյանը «չէր նկատում» Նիկոլ Փաշինյանին ու շարժումը, ապա վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո փորձեց լուծել «փողոցի» խնդիրը:
Սարգսյանի ապրիլքսաներկուսյան Վաթեռլոոն
Ապրիլի 22-ը ճակատագրական նշանակություն ունեցավ հանրության ճնշմամբ իշխանափոխության կերտման գործում: Այդ օրը տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան բանակցությունները և դրան հաջորդած գործողությունները վճռորոշ եղան իրադարձությունների հետագա զարգացումների համար:
Նախ՝ իշխանությունների հետ բանակցությունների նստելու կոչերին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հրապարակային ու միանշանակ հայտարարում էր, որ բանակցությունների օրակարգի միակ թեման կարող է լինել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ապրիլի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց. «Բանակցությունները կարող են լինել միայն Սերժ Սարգսյանի հեռանալու և իշխանության անցնցում փոխանցման շուրջ»:
Նման հստակ օրակարգի հրապարակումից հետո ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանի կողմից բանակցություններին ներկայանալն արդեն իսկ տարօրինակ էր ու ավտորիտար իշխանության հասկացության կոնտեքստում՝ թուլության ցուցադրում:
Երկրորդ՝ բանակցությունների հենց սկզբում Նիկոլ Փաշինյանից լսելով օրակարգային միակ հարցի մասին՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ դա շանտաժ և ուլտիմատում է, ու ավելացրեց. «Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից, և եթե այդ տոնով պետք է խոսել, ապա ինձ մնում է Ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և, ընդհանրապես, տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը Ձեր վրա է: Ընտրեք»:
Այս հայտարարությունը գնահատվեց որպես սպառնալիք ու խիստ բացասական արձագանք գտավ հանրության շրջանում:
Հանդիպումից ժամեր անց Նիկոլ Փաշինյանն ու շարժման մյուս առաջնորդները ձերբակալվեցին:
Մարտի 1-ով սպառնալն ու ընդդիմության առաջնորդների ձերբակալությունը քաղաքացիական անհնազանդության ակցիաների ու բողոքի գործողությունների առումով ոչ թե զսպիչ ազդեցություն ունեցան, այլ ավելի թեժացրին իրավիճակը: Ընդդիմության առաջնորդների ձերբակալությունից ժամեր անց Երևանի փողոցներ դուրս եկան տասնյակ հազարավոր քաղաքացիներ, նույնը տեղի ունեցավ մարզերում:
Սերժ Սարգսյանի՝ ապրիլքսաներկուսյան սայթաքումները, ըստ էության, վերջնականապես կանխորոշեցին իշխանությունից նրա հեռանալը: Հանրապետության հրապարակում ապրիլի 22-ի երեկոյան տեղի ունեցած հանրահավաքը մարդաշատության առումով աննախադեպ էր, և դրա «հովանավորը», կարելի է ասել, Սերժ Սարգսյանն էր:
Ապրիլի 23-ի առավոտյան ոչ միայն Երևանում, այլ հանրապետության բազմաթիվ բնակավայրերում առանց առաջնորդների, ապակենտրոնացված կերպով փողոց դուրս եկավ այն կրիտիկական զանգվածը, որի հետ հաշվի չնստել Սերժ Սարգսյանն արդեն չէր կարող: Ակնհայտ դարձավ, որ ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլև հանրության շատ լայն զանգվածների նկատմամբ կորցրել է իշխանությունը:
Նույն օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում թեև դժվարությամբ ու ոչ սահուն, սակայն հանրային ակտիվ ու աննախադեպ աջակցության պայմաններում, ինչպես ասում են, տեխնիկայի հարց դարձավ: Հանրային սուպեր աջակցությունը, որն աննախադեպ ծավալների հասավ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, Նիկոլ Փաշինյանի կողմից ճիշտ օգտագործվեց: Արդյունքում՝ մայիսի 8-ին հանրային ճնշման ներքո ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն ստիպված բավարար թվով քվեներ ապահովեցին ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության համար:
«Թավշյա հեղափոխության» հաղթական հանգուցալուծման մեջ, ի թիվս այլ գործոնների, առանցքային նշանակություն ունեցան 2-ը՝ Սերժ Սարգսյանի կոպտագույն սխալներն ու հայ հասարակության բավականին հասուն, համարժեք ու ակտիվ վարքագիծը: