Թոմաս դե ՎԱԱԼ
Կարնեգի-Եվրոպա հիմնադրամի ավագ գիտական աշխատակից
2020 թվականի ղարաբաղյան նոր պատերազմը, որն ավարտվել է Ադրբեջանի հաղթանակով, ուժերի նոր հարաբերակցություն է ստեղծել Հարավային Կովկասում և արմատապես փոխել է հայ-ադրբեջանական հակամարտության դինամիկան։
Ընդսմին, Լեռնային Ղարաբաղում դարից ավելի շարունակվող հակամարտությունը չլուծված է մնում, և միջազգային խաղաղ գործընթացը՝ միտված վերջնական խաղաղ համաձայնագրին, այս կամ այն ձևով շարունակվելու է։
Խաղաղ գործընթացի ճարտարապետությունը բարդ է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 11-ին Մոսկվայում հայտարարել է, որ նոյեմբերի 9-10-ի համաձայնագրի շնորհիվ «Իրավիճակը, որը ստեղծվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև և շարունակվում էր երկար տարիներ, հանգուցալուծվել է» և, ուստի, քննարկման համար արմատական թեմաներ արդեն չկան։ Համանման դիրքորոշում ունեին նաև շատ հայեր՝ հայկական ռազմական հաղթանակից ու 1994 թվականի զինադադարից հետո։ Սակայն նախագահ Ալիևի խոսքերը պետք չէ տառացիորեն հասկանալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա, այնուամենայնիվ, Բաքու է հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և Մինսկյան գործընթացը լուծարելու կոչ չի արել։
Ինչ խոսք, Հայաստանը միանգամայն այլ դիրքորոշում ունի։ Հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ընդհակառակը, հայտարարեց, որ հակամարտությունը շարունակում է չկարգավորված մնալ, քանի որ Ղարաբաղի կարգավիճակը որոշված չէ։
Հունվարի 18-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունեց, որ հակամարտության կարգավորման ջանքերը պետք է շարունակվեն, բայց որոշ վերապահումներով։ Առաջարկելով «ապագային թողնել» Ղարաբաղի կարգավիճակի թեման՝ Լավրովը հասկացնել տվեց, որ, իր կարծիքով, անկախության հարցը չի քննարկվելու, քանի որ ոչ մի երկիր, ներառյալ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչում։ «Հուսով եմ, զգացմունքները հիմա երկրորդ պլան կմղվեն,- ասել է Լավրովը։- Ի դեպ, հենց այդ պատճառով հիմա լավագույն ժամանակը չէ որպես առաջնահերթ թեմա առաջ մղելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման, այն թողնվում է ապագային»։
Սակայն Ռուսաստանից վերջին ամիսներին ամենատարբեր տեսակետներ են հնչել հակամարտության մասին։ Եղել է ռուս-թուրքական փոխգործակցություն, և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հավանաբար, ակնկալում էր, որ դա կդառնա կարգավորման գլխավոր մեխանիզմը՝ դուրս մղելով Մինսկյան գործընթացը։ Պուտինի և Էրդողանի միջև երկկողմանի գաղտնի բանակցություններն, ըստ երևույթին, Կովկասում շատերին հասան19-րդ դարում Մեծ տերությունների դիվանագիտության կամ էլ 1920-21 թվականներին՝ Կարսի պայմանագրի կնքումից առաջ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ Լենինի վարած բանակցությունների մռայլ արձագանքով։ Մենք երբեք չենք իմանա, թե ինչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը, բայց կարծես թե Թուրքիային հիասթափեցրել է բանակցությունների արդյունքը։
Մեկ այլ Ռուսաստան՝ ի դեմս պաշտպանության նախարարության, միակողմանի կարգով արագ ինտերվենցիա կատարեց Ղարաբաղում դեռևս նոյեմբերի 10-ին և ներկայումս այնտեղ զբաղվում է խաղաղության պահպանմամբ։ Այս Ռուսաստանն արդեն շատ բաներ է անում, որոնք համաձայնեցված չեն հայտարարության մեջ՝ իր կյանքը չբարդացնելով ո՛չ միջազգային այլ խաղացողների հետ խորհրդատվությունների անցկացմամբ, ո՛չ էլ ԵԱՀԿ նախկին ձևաչափի պահպանմամբ։
Երրորդ՝ բազմաբևեռ Ռուսաստանը, ի դեմս Լավրովի և ռուսաստանյան ԱԳՆ-ի, հանդիսանում է Ղարաբաղի հարցով ռուսաստանյան դիրքորոշման գլխավոր արտահայտողը միջազգային ասպարեզում։ Լավրովը պնդել է, որ Մինսկի գործընթացը պահպանվի նախկին տեսքով, թեև Թուրքիան իր համար նոր դեր էր պահանջում հակամարտության կարգավորման մեջ։
Սակայն ոչ մի որոշակիություն չկա ոչ միայն այն հարցում, թե ինչպիսին է հիմա Մինսկյան գործընթացը, այլև նրանում, թե ինչ են կարող և ինչ են պարտավոր անել համանախագահները։
Համանախագահող եվրոպական երկիր Ֆրանսիան սահմանափակված է հակամարտության ժամանակ ունեցած հայամետ դիրքորոշմամբ ու բացի այդ՝ բոլոր միջնորդներից ամենաքիչ ակտիվն էր երկար տարիներ։ Արդյունքում նա Բաքվի վրա ազդելու շատ քիչ լծակներ ունի։
Թրամփի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգները ղարաբաղյան կարգավորման մեջ իրեն շատ պասիվ էր պահում, բացառությամբ Ջոն Բոլթոնի լոկ մի նախաձեռնությամբ 2018 թվականին, որն, իր ասելով, կապված էր Իրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության հետ։ Բայդենի վարչակազմը, հավանաբար, կուզենա առավել ակտիվ դիրքորոշում ունենալ և համանախագահի դերն օգտագործել որպես ազդեցության գործիք, սակայն դա անելն այնքան էլ հեշտ չի լինի։
Եթե Ղարաբաղի կարգավիճակը չլինի քննարկման անմիջական առարկա, համանախագահները ստիպված կլինեն զբաղվել հայ-ադրբեջանական ապագա խաղաղ համագործակցության այլ տարրերով։ Ռուսաստանը եռակողմ նոր աշխատանքային խմբի շրջանակներում արդեն իսկ զբաղվում է տնտեսական կապերի հարցով, բայց դա տարողունակ հարց է, և այլ խաղացողներ, ներառյալԵՄ-ն ու ԱՄՆ-ն, այստեղ կարող են առաջարկել իրենց օգնությունն ու ֆինանսավորումը։ Այն տպավորությունն է, որ ոչ տարածաշրջանում և ոչ էլ Մոսկվայում չեն ուզում այս պահին այնպիսի սուր հարցերի շուրջ գլխացավանք ունենալ, ինչպիսին են հետհակամարտային արդարադատությունը և մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի գնահատականը, որոնք առանցքային տարրեր էին այնպիսի երկրներում եղած խաղաղ գործընթացում, որպիսին են Բոսնիան և Հյուսիսային Իռլանդիան։ Նոր ալիքը երկրորդ պլան է մղել քաղաքացիական հասարակության ջանքերը և երկրորդ տրեկի դիվանագիտությունը, բայց երկարատև հեռանկարի հաշտեցման համար դրանք անհրաժեշտ են։
Նոյեմբերյան համաձայնության շնորհիվ Ռուսաստանի դերը ղարաբաղյան հակամարտությունում արմատապես աճել է։ Ընդսմին, այստեղ նրա ազդեցությունը սահմանափակվում է մի գործոնով, որը չկա հետխորհրդային մյուս հակամարտություններում. ռուսաստանցի խաղաղապահների մանդատը ենթակա է նորացման հինգ տարի հետո, և կողմերից մեկը կարող է վետո դնել դրա վրա, ենթադրաբար՝ Ադրբեջանը։ Ու թեև կարելի է ակնկալել, որ Ռուսաստանը ծանրակշիռ փաստարկներ կգտնի Ղարաբաղում իր մանդատի պահպանման օգտին, Ադրբեջանն այսպես թե այնպես ազդեցության այս լծակն ունի։ Տեսականորեն համանախագահ երկու այլ երկրների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ազդեցությունն աճելու է հնգամյա ուղենիշին մոտենալուն զուգընթաց, քանի որ Բաքուն և Երևանը կարող են վերանայել հետպատերազմյան պայմանավորվածությունները և Ղարաբաղում ավելի բազմակողմանի խաղաղարար գործողությունների կոչ անել։
Բանակցությունների հետ կապված ծագում է ոչ միայն «ի՞նչ», այլև «ո՞վ» հարցը։ Դեռևս իննսունական թվականների վերջից բանակցություններն ընթանում էին Բաքվի և Երևանի միջև, իսկ Ստեփանակերտի հետ անմիջականորեն խոսել ադրբեջանական ղեկավարությունը հրաժարվում էր։ Բաքվում նաև այնպիսի կարծիք է հնչում, թե քանի որ հակամարտությունն արդեն «կարգավորված» է, ապա դա արդեն Ադրբեջանի ներքին գործն է, և Երևանի հետ քննարկելու կարիք չկա այլևս։ Այստեղից տրամաբանորեն հետևում է, որ պետք է խոսել այն մարդկանց հետ, ում նրանք համարում են իրենց քաղաքացիները, այսինքն՝ Ղարաբաղի հայերի հետ։ Բայց կոնկրետ ու՞մ հետ։ Բաքուն արդեն քրեական գործեր է հարուցել Ղարաբաղի ողջ ղեկավարության նկատմամբ, ներառյալ Արայիկ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը և Վիտալի Բալասանյանը։ Այնպես որ, տեսանելի ապագայում միայն կարելի է ակնկալել «բանակցություններ՝ բանակցությունների շուրջ» և վեճեր՝ երկխոսության ձևաչափի շուրջ, այլ ոչ թե բանակցությունների շուրջ՝ որպես այդպիսին։
Անորոշություն է կախվել նաև ԵԱՀԿ երկու մեխանիզմների գլխին, որոնք 1994 թվականի բուդապեշտյան գագաթնաժողովից հետո ստեղծվել էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատելու համար։ Դրանք Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ-ի եռոտանու մյուս երկու ոտքերն են՝ դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորած առաքելությունը և Բարձր մակարդակի պլանավորման խումբը։ Դրանք ոչ ոք չի լուծարել, բայց նոյեմբերի 9-10-ի համաձայնագրում դրանք չեն հիշատակվում։
Բարձր մակարդակի պլանավորման խմբի մանդատի մեջ է մտնում խաղաղապահ առաքելության պլանավորումը, այնպես որ ռուսաստանյան խաղաղապահ գործողությունները իմաստազրկել են դա։ Սակայն խումբը շարունակում է գործել, քանի որ ձևականորեն դրա մանդատի էությունը կայանում է խաղաղ պայմանագրի կնքման նպատակով խաղաղապահ առաքելության պլանավորման մեջ, և ապագայում այն տեսականորեն կարող է իր դերը խաղալ։
Անջեյ Կասպշիկի գլխավորած առաքելությունը կարող է շատ բան անել։ Նրա պաշտոնի անվանումը (ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի քննարկման առարկա հանդիսացող հակամարտության գծով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ) բավականին տարօրինակ է հնչում, որովհետև 1994 թվականին կողմերը չկարողացան պամյանավորվել, թե ինչպես անվանեն հակամարտությունը (տես՝ europarl.eu )։
Ֆորմալ առումով լինելով ԵԱՀԿ գործող նախագահի (2021 թվականին դա Շվեդիան է) պաշտոնական լիազորություն՝ առաքելությունը շարունակում է մնալ որպես տարածաշրջանում միջազգային ներկայության հիմնական պաշտոնական ձևաչափ։ Ավելի քան երկու տասնամյակ այն հիմնականում զբաղվում էր 1994 թ. հրադադարի պայմանագրի համապատասխան կրակի դադարեցման ռեժիմի պահպանման մշտադիտարկմամբ։ Շփման գիծն այժմ լիովին փոխվել է, բացի դրանից տարածաշրջանում խաղաղապահ առաքելություն է ծավալվել։ Բայց ահա ավելի պետքական է դարձել հայ-ադրբեջանական պետական սահմանի մշտադիտարկումը, քանի որ Ադրբեջանի կողմից հետ գրավված շրջաններից չորսը սահմանակից են Հայաստանին՝ Քելբաջարի, Ղուբաթլուի, Զանգելանի շրջանները և Լաչինի շրջանի մեծ մասը։
Սկզբնապես առաքելությունը նախատեսված էր ամենևին էլ ոչ միայն մշտադիտարկման համար, և հիմա այն կարող է զբաղվել 1994 թվականին ստացած մանդատի երբևէ մոռացված բաղադրիչների կենսագործմամբ, ընդ որում՝ դրա համար հարկ չի լինի որևէ բան նորից համաձայնեցնել։ Մասնավորապես, նա մանդատ ունի օգնելու կողմերին իրականացնել և զարգացնել վստահության կառուցումը, խաղաղ գործընթացին նպաստող հումանիտար և այլ միջոցներ, այդ թվում անմիջական կապերին աջակցությամբ, ինչպես նաև մանդատ ունի ըստ նպատակահարմարության համագործակցելու ՄԱԿ-ի և հակամարտության գոտում գործող այլ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։
Անջեյ Կասպշիկը երկար տարիներ գործում էր շատ բաներով որպես Մինսկի խմբի «չորրորդ համանախագահ», բանակցային գործընթացում ապահովելով ինստիտուցիոնալ հիշողությունը։ Նա կամ նրա իրավահաջորդը կարող է շարունակել այդ դերը խաղալ, բայց որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի՝ հարկ է նրա թիմում ավելի շատ մարդկանց ներգրավել։
Հակամարտության գոտում բոլոր գտնվողների համար օգտակար կլիներ ԵԱՀԿ հովանու ներքո միջազգային քաղաքացիական առաքելությունը՝ մոտավորապես այն առաքելության նման, որն Աբխազիայում գործում էր ընդհուպ մինչև 2008 թվականը՝ Վրաստանում ՄԱԿ-ի դիտարկման առաքելությունը (UNOMIG)։ Այն կարող կլիներ գործել որպես չեզոք «աչքուականջ», արձանագրելով բնակիչների բողոքներն ու խնդիրները, տեղեկացնելով արգելված կամ կասկածելի գործունեության մասին և որպես միջնորդ հանդես գալով տեղային վեճերում։ Բացի դրանից, նման առաքելությունը կարող կլիներ ապահովել միջազգային կազմակերպությունների կապը հակամարտության գոտու հետ։
Ղարաբաղի նկատմամբ միջազգային հանրության հետաքրքրությունը երբեք էլ մշտական չի եղել։ 2020 թվականի սեպտեմբերին թույլ տրված նոր պատերազմի սանձազերծումը Մինսկյան գործընթացի ձախողումն է և Հայաստանի ու Ադրբեջանի հանրությունների աջակցությունը ստանալու նրա անկարողության հետևանքը։ Իսկ Ռուսաստանի փաստացի միակողմանի նախաձեռնությամբ պատերազմի դադարեցումը հարված է բազմակողմանի դիվանագիտությանը։
Այդուհանդերձ, սա հայ-ադրբեջանական հակամարտություն է, և ամենադժվար հարցերը պետք է տալ հայերին ու ադրբեջանցիներին, նրանց, ովքեր կռվել են այս պատերազմում և ի վերջո ամենաթանկ գինն են վճարել դրա համար՝ մարդկանց կյանքերը։ Ու այդ հարցերը վերաբերում են ոչ միայն անցյալին, թե ինչ կարելի էր անել արյունահեղությունից խուսափելու համար։ Այդ հարցերը վերաբերում են նաև ապագային՝ ինչ կարելի է հիմա անել, որպեսզի հուսալի խաղաղություն հաստատվի, լիովին բնականոնացվեն հարաբերությունները և խուսափեն ռազմական նոր ընդհարման վտանգից։
1988 թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության անփոփոխ առանձնահատկություններից է եղել այն, որ դրա կողմերը արտաքին արբիտրերին (սովորաբար՝ Մոսկվային) մշտապես կոչ էին անում որոշում ընդունել հօգուտ իրենց, «իրենց փոխարեն կարգավորել հակամարտությունը», փոխանակ ուղիղ երկխոսության մեջ մտնելու իրար հետ և հասնելու այնպիսի համաձայնության, որը բոլորին կբավարարեր։ Արդյունքում կարգավորման նախաձեռնությունը հայտնվել է արտաքին խաղացողների, տվյալ դեպքում՝ Մոսկվայի ձեռքում, որն էլ այդ տարածաշրջանում իր սեփական օրակարգն ունի։
2005 թվականին Ժիրայր Լիպարիտյանը գրել է. «Ի վերջո, բանակցությունների միջոցով հակամարտության լուծումը կախված է երեք գործոնից՝ կողմերի մոտ կարգավորման առաջնահերթության զգացողությունից, առաջնորդների մոտ բավարար քաղաքական կապիտալի առկայությունից՝ կոշտ հռետորաբանության սովոր հանրություններին փոխզիջումային լուծում հրամցնելու համար և, վերջապես, տարածաշրջանային ու միջազգային խաղացողների կողմից նման լուծման համատեղ ու վճռական սատարումից։ Բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորումը երկու այլընտրանք ունի՝ պատերազմի վերսկսումը և դրսից հակամարտության ուժային լուծումը համաշխարհային տերությունների ջանքերով. ոչ մեկը, ոչ էլ մյուսը չի կարող գրավիչ թվալ կողմերից ոչ մեկին» (տես՝ rc-services-assets):
Ի վերջո, 2020 թվականին ծավալվեց Լիպարիտյանի նկարագրած ոչ թե մեկ, այլ երկու «ոչ գրավիչ» սցենար միասին՝ սկզբում պատերազմի վերսկսում, իսկ ապա արտաքին ուժեղ խաղացողի կողմից դրա պարտադրված դադարեցում։ Հակամարտության՝ բոլոր կողմերի համար ընդունելի վերջնական կարգավորման ուղղությամբ շարժումն ակնհայտորեն միանգամայն այլ մոտեցում կպահանջի։ Դրա համար անհրաժեշտ են ուղիղ երկխոսություն և միջազգային շրջանակներ, որոնցում այն կարող է ընթանալ։ Խաղաղ գործընթացի մասնակիցների կազմը և այն՝ դա կլինի ԵԱՀԿ, թե մեկ այլ միջազգային կազմակերպության հովանու ներքո, նվազ կարևոր են, քան այդ գործընթացի ունակությունը՝ նվաճելու ամենատարբեր խաղացողների վստահությունը և մշակելու տեսլական, որը կոգևորի թե՛ հայերին և թե՛ ադրբեջանցիներին։