Փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ առաջ քաշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։ Անկախ Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող այս դրվագը (1997-1998 թթ. Վազգեն Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի միջև սկիզբ առած հակասությունները ԶՈՒ կողմից հրապարակային հրաժարականի պահանջի տեսք չեն ստացել) միանգամից սրեց առանց այն էլ հրադադարի համաձայնությունից հետո ալեկոծված քաղաքական կյանքը։ Նիկոլ Փաշինյանի կողմից զինված ուժերի բարձրագույն հրամանատարության պահանջը որակվեց որպես «ռազմական հեղաշրջման փորձ»՝ թեպետ ռազմական հեղաշրջմանը բնորոշ գործիքներ ու քայլեր զինվորականների կողմից այդպես էլ չկիրառվեցին։
Ինչու՞ ըմբոստացան զինվորականները
Քաղաքական ղեկավարության ու զինվորականության միջև հակամարտության կենտրոնական անձը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն էր։ Վերջինս իր կերպարով ու անցած մարտական ուղով Հայաստանի գեներալիտետի շատուշատ դեմքերից էականորեն տարբերվում էր։ Անցնելով զինվորական աստիճանակարգության բոլոր մակարդակները՝ Գասպարյանը դարձել էր գեներալ, իսկ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հենց Նիկոլ Փաշինյանի կողմից նրան շնորհվել էր գեներալ-գնդապետի կոչում։ Քանի որ գեներալ լինելով համեստ կյանքով էր ապրում՝ Գասպարյանի շուրջ ձևավորվել է հանրային դրական ընկալում, ու սա էր պատճառը, որ ներքաղաքական թնջուկի հիմնական թիրախ իշխանության կողմից դիտվում էր ոչ թե Օնիկ Գասպարյանը, այլ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ ԶՈՒ ԳՇ հայտարարությունից մեկ օր առաջ պաշտոնանկ էր արվել Օնիկ Գասպարյանի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը, սակայն ճիշտ չէր լինի միայն այս դրվագով պայմանավորել զինվորականների հայտարարության մոտիվացիան։ Առհասարակ, Օնիկ Գասպարյանի և զինվորականների հայտարարությունը չի կարելի պայմանավորել միայն մեկ գործոնով. ըստ էության՝ զինվորականների գործողությունները պայմանավորված են մի քանի գործոններով, որոնցից ամենաակնհայտը իրավական առումով զինվորականությանը պատասխանատվության կանչելու մասին հայտարարություններն էին (Նիկոլ Փաշինյանն անձամբ էր ԱԺ ամբիոնից հայտարարում, որ պատերազմում զինվորականների գործողությունների հետ կապված 1000 քրեական գործ է քննվում): Այլ կերպ ասած՝ պատերազմում պարտության առաջնային մեղավոր էին «կարգվում» զինվորականները, իսկ մինչ այդ պատերազմի հանգեցրած քաղաքական ղեկավարության գործողությունները չեն ստանում իրավական որոշակիություն, ու քաղաքական իշխանությունը միայն արտահերթ ընտրություններն է դիտարկում որպես պատասխանատվության միջոց։
Մյուս կողմից՝ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը հեղափոխությունից ի վեր ռազմական ղեկավարության վերաբերմունքի արտահայտումն էր առ քաղաքական իշխանություն։ Թե´ պաշտպանական ոլորտի որոշ փոփոխությունները, ներառյալ կոռուպցիայի ծավալի որոշակի հատվածի նվազումը, թե´ արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի անորոշությունը զինված ուժերի որոշ շրջանակների մոտ անվստահություն ու անհարմարություն էին ստեղծում։ Սրան կարելի է գումարել հետևողականորեն բանակը քաղաքական իշխանությանը հակադրելու քարոզչությունը, որ մեծ թափ առավ հատկապես պատերազմի ընթացքում ու հրադադարի կնքումից հետո։
Հատկանշական է, որ պաշտպանության նախարարը լարվածության թուլացման ուղղությամբ որևէ էական դերակատարում չունեցավ կամ առնվազն հրապարակային մակարդակում վերջինիս դերակատարության մասին հիշատակում չեղավ։ Երկար տարիներ պաշտպանության նախարարը ազդեցիկ, որոշ իմաստով նաև առանձին ֆիգուր է եղել իշխանական հիերարխիայում։ Թե ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարն ինչ կշիռ ու ինչ դիրք ունի, դժվար չէ ենթադրել՝ թեկուզ հիմնվելով միայն ԶՈՒ կողմից սկսած գործընթացի օրերին վերջինիս ցուցաբերած վարքի վրա։
Ընդդիմությունն ու բանակի ղեկավարությունը
Գլխավոր շտաբի հայտարարությունը ցնծությամբ ընդունեց ընդդիմության՝ նոյեմբերի 10-ից փողոցային գործընթաց սկսած հատվածը։ 17+ քաղաքական ուժերը այդ հայտարարությամբ փողոցային գործողություններն ակտիվացնելու նախադրյալ տեսան։ Միևնույն ժամանակ, այդ ուժերը զինվորականներին գրեթե ուղիղ տեքստով կոչ էին անում ուժային միջամտությամբ երկրում իշխանություն վերցնել։ Առաջին հայացքից՝ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը բոլոր հնարավորություններն ուներ նման գործողության գնալու համար, սակայն չի բացառվում, որ ի սկզբանե զինվորականները նման ծրագիր չեն ունեցել։
Իսկ ո՞ր պայմաններում ԶՈՒ ԳՇ-ն կանցներ ավելի արմատական քայլերի կամ ուժային լուծումների։ Ըստ էության, այս սցենարը կարող էր լինել, եթե ընդդիմությանը հաջողվեր կրիտիկական զանգված հավաքել կամ գոնե ապահովել պետական կառավարման բարձր օղակների այլ հեղինակավոր ներկայացուցիչների համակարգից պոկելու գործընթաց՝ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հեռացումը ձևակերպելով որպես պետական ապարատի պահանջ։ Նիկոլ Փաշինյանն իր հերթին փողոցային հերթական գործողություններով ցույց տվեց, որ շարունակում է ունենալ մեծ թվով համակիրներ, որոնք կրիտիկական պահերին օգնության են հասնում Փաշինյանի իշխանությանը, և չի բացառվում, որ այդ հանրահավաքը զինվորական ղեկավարության հետագա գործողությունների հարցում զսպող դեր է ունեցել։ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը հանրային համաձայնության դրսևորում չդարձավ նաև պատերազմի ընթացքում բանակային որոշ գործիչների սխալների ու տարածքային կորուստների պատճառով, ու որքան էլ քաղաքական ղեկավարությունն է մեղավոր դեպի պատերազմ տանող քաղաքականություն վարելու ու դրա ընթացքում կայացրած որոշումների համար, միևնույն է՝ ռազմական գործողությունների ու դրանց արդյունքների առաջնային պատասխանատուն զինվորականներն էին։
Այնուհանդերձ, եթե զինվորական ու քաղաքական ղեկավարությունների միջև կոնֆլիկտն այս անգամ չբերեց ծանր հետևանքների, դա չի նշանակում, որ կողմերի միջև խնդիրները վերացել են։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու գործողություններն անհասկանալի են ռազմական ղեկավարության համար, ապագայի համար սա կարող է նորանոր ծանր հետևանքների բերել՝ զինվորականների կողմից հնարավոր ուժային լուծման ռիսկն անընդհատ կախելով իշխանության գլխին։ Ընդ որում, քաղաքական իշխանության պատասխանատվությունն է հնարավորինս ներառական մոտեցմամբ հարթել զինված ուժերի հետ հակասությունների սուր անկյուններն ու բացառել ոչ սինքրոն աշխատանքը։
Արտահերթ ընտրություններ
Գլխավոր շտաբի հայտարարությունը նոր խթան հանդիսացավ արտահերթ խորհրդարանական ընտրությունները որպես քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման տարբերակ ավելի լուրջ դիտարկելու հարցում։ Արտահերթի և դրան հասնելու ճանապարհների շուրջ խորհրդարանական ուժերի հնարավոր կոնսենսուսը, սակայն, չի նշանակում, որ ընտրակարգի հարցում ևս կարող է ձեռք բերվել համաձայնություն։ Վենետիկի հանձնաժողովին ուղարկված ընտրական օրենսգրքի նախագծում թեև բացակայում է ռեյտինգային ընտրակարգը, սակայն մի շարք քաղաքական ուժերի համար այս ընտրակարգի գոյությունը ուղիղ կապված է ընտրություններում գրանցվելիք արդյունքների հետ։ Սա հատկապես վերաբերում է ընդդիմությանը։
Նախկին իշխանություններն ու խորհրդարանական ընդդիմությունը ռեյտինգային ընտրակարգի դեպքում օգտագործելու են տեղերում իր ունեցած հեղինակություններին։ Ի տարբերություն իշխանության, վերջիններս այդ տեղերում ունեն որոշակիորեն կայացած տարածքային կառույցներ, մարդկային ներուժ ու ֆինանսներ։ 2018-ի խորհրդարանական ընտրություններում այս գործոնը էական դեր չխաղաց՝ հետհեղափոխական շրջանի ոգևորությամբ ու նախկին իշխանությունների անկազմակերպվածությամբ, իրենց հեղինակազրկվածությամբ պայմանավորված։
Այժմ, սակայն, իշխանության վարկանիշը թե´ պատերազմի արդյունքների, թե´ դրան հաջորդած ցնցումների , թե´ բարեփոխումների տեմպերի հետ կապված սասանված է, և ընդդիմության համար հանրային դժգոհ շերտերին միավորելն ավելի դյուրին է լինելու։ Ընդդիմությունն իր հերթին բազմաշերտ է ու նրա ներսում հանրության չկողմնորոշված հատվածին իր կողմ քաշելու խնդիր կա։ ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցման տվյալների համաձայն՝ եթե հաջորդ կիրակի ընտրություններ լինեին, ապա հարցվածների 42 տոկոսը որևէ քաղաքական ուժի ձայն չի տա, իսկ 33 տոկոսը իր ձայնը կտա «Իմ քայլը» դաշինքին։ Սակայն բոլոր քաղաքական ուժերին մերժող ընտրողների մի մեծ հատվածը, սովորաբար, ընտրությունների նախօրեին կողմնորոշվում է, և այդ ձայների համար ընդդիմության ներսում մեծ պայքար է ընթանալու։
Քաղաքական հիմնական դերակատարների ներկա դիրքավորումից պարզ է դառնում, որ վերջիններս մասնակցելու են արտահերթին (արտահերթ ընտրությունները մերժելու ճանապարհով են գնում միայն ՀՀԿ-ն և Վազգեն Մանուկյանը): Հաշվի առնելով վերը նշված սոցհարցման տվյալները, կարելի է եզրակացնել, որ ընդդիմությունը միայն լայն կոնսոլիդացիայի միջոցով կարող է մարտահրավեր նետել իշխանությանը։