Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ
Քաղաքական և տնտեսական ռազմավարական
հետազոտությունների կենտրոնի ղեկավար
Երևան
2020 թ. արցախյան պատերազմից հետո ինչպես փորձագիտական, այնպես էլ ակադեմիական շրջանակներում առավել շատ քննարկվող հարցերից մեկը Ռուսաստանի քաղաքականությունն ու նպատակներն են։ Ինչ էր ցանկանում Ռուսաստանը Հարավային Կովկասում նախքան պատերազմը, և ինչպիսին են Կրեմլի պատկերացումները տարածաշրջանի և, մասնավորապես, Արցախի ապագայի վերաբերյալ։ Հասկանալի պատճառներով քննարկումները զգալիորեն քաղաքականացված են լինում և հաճախ դուրս չեն գալիս «Ռուսաստան-դավաճան» կամ «Ռուսաստան-փրկիչ» կլիշեներից։ Դրանք հեշտ ընկալելի են հանրության լայն զանգվածների կողմից և վերջիններիս կիրառումը ապահովում է դիտումների զգալի քանակ թվային և ոչ թվային տարատեսակ հարթակներում՝ նպաստելով նման թեզեր հնչեցնողների ճանաչելիության մեծացմանը։ Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ 2020 թ. աղետի պատճառները հասկանալու և ապագայում դրանց կրկնությունը բացառելու նպատակով հրամայական անհրաժեշտություն է Ռուսաստանի ռազմավարության վերաբերյալ հնարավորինս չքաղաքականացված և անաչառ վերլուծությունների իրականացումը։ Անկախ մեր ցանկություններից՝ Ռուսաստանն առնվազն առաջիկա տաս տարիների ընթացքում շարունակելու է մնալ տարածաշրջանի ամենաազդեցիկ դերակատարը, և նրա գործողություններն էական ազդեցություն են թողնելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների վրա։
Ռուսաստանի նպատակները նախապատերազմյան շրջանում
Տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների համար ակնհայտ է, որ Ռուսաստանը չէր կարող չիմանալ 2020 թ. սեպտեմբերին Թուրքիայի ակտիվ ներգրավմամբ լայնածավալ պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի պլանների մասին։ Հստակ է նաև, որ Ռուսաստանն ուներ հնարավորություններ նման զարգացումները կանխելու համար։ Սակայն այս երկու եզրակացությունները ոչ թե պետք է օգտագործել Ռուսաստանին դավաճանության մեջ մեղադրելու և հակառուսական հիստերիա բորբոքելու, այլ Ռուսաստանի կողմից իրականացված քայլերի պատճառները վեր հանելու համար։ Նույնիսկ ոչ մասնագետների համար ակնհայտ է, որ պետությունները գործում են սեփական շահերից ելնելով, հետևաբար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու էր Ռուսաստանին ձեռնտու 1994 թ. ձևավորված ստատուս քվոյի փոփոխությունը, և արդյոք հնարավոր էր փոխել ստատուս քվոն առանց պատերազմի և Հայաստանի ու Արցախի համար հնարավորինս քիչ կորուստներով։
Առնվազն 2000-ական թվականների կեսերից, երբ հետխորհրդային տարածաշրջանում մեկնարկեց «գունավոր հեղափոխությունների» շքերթը, Ռուսաստանի ռազմավարական նպատակն այստեղ սեփական դիրքերի հնարավորինս ամրապնդումն ու այլ դերակատարների ներգրավման նվազեցումն է։ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վստահ էր, որ «գունավոր հեղափոխությունները» կազմակերպվում են ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից՝ Ռուսաստանը թշնամական պետություններով օղակելու, իսկ երկարաժամկետ հեռանկարում բուն Ռուսաստանում իշխանափոխություն իրականացնելու նպատակով։ Կրեմլի պատկերացմամբ՝ այս անցանկալի զարգացումները կանխելու միակ իրատեսական ճանապարհը հետխորհրդային տարածաշրջանում սեփական դիրքերի ամրապնդումն էր։
Ինչպիսի՞ն էր այս առումով իրավիճակը Հարավային Կովկասում։ 1990-ական թվականների վերջից տարածաշրջանում ձևավորվել էր աշխարհաքաղաքական որոշակի հավասարակշռություն։ Ստեղծվել էին երկու առանցքներ՝ Ռուսաստան–Հայաստան և ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան։ Հաշվարկային այս համակարգում Հայաստանի ուղերձը Ռուսաստանին հստակ էր. ես պատրաստ եմ կատարել քո բոլոր պահանջները, իսկ դրա փոխարեն դու պետք է կանխես 1994 թ. մայիսին Արցախում ձևավորված ստատուս-քվոյի ռազմական ճանապարհով փոփոխումը։ Թվում էր, թե սա աշխատող բանաձև է, և գրեթե բացառում է Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը՝ Արցախի հարցի կարգավորումը թողնելով Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին։ Չնայած 2011 թ. Ադրբեջանի կողմից Կազանի փաստաթղթի մերժմանը, Հայաստանը գտնում էր, որ բանակցությունները պետք է շարունակվեն, իսկ Ռուսաստանը այդ ընթացքում պետք է բացառի ռազմական ճանապարհով ստատուս քվոյի փոփոխությունը։ Հայաստանի տրամաբանության համաձայն, Ադրբեջանի ցանկացած հաջողություն բերելու էր Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացմանն ու Արևմուտքի ազդեցության ընդլայնմանը, ինչն ուղղակիորեն հակասում էր Ռուսաստանի կենսական շահերին։
Սակայն այս տրամաբանությունը հաշվի չէր առնում մեկ կարևոր հանգամանք. Ռուսաստանի շահերը պահանջում էին սեփական ազդեցության հաստատում ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Հարավային Կովկասում։ Այս համատեքստում Ռուսաստանի համար էական նշանակություն ունեին հարաբերություններն Ադրբեջանի հետ, որը տարածաշրջանի ամենակարևոր պետությունն էր թե՛ իր ռեսուրսների և թե՛ աշխարհագրական դիրքի հաշվառմամբ։ Վերջին տարիներին Ադրբեջանն ուղերձներ էր հղում Ռուսաստանին՝ վերջինիս հետ շատ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու պատրաստակամության վերաբերյալ, եթե Ռուսաստանը համաձայնվի Արցախում ձևավորված ստատուս քվոյի՝ հօգուտ Ադրբեջանի փոփոխությանը։ Ադրբեջանը Ռուսաստանին ներկայացնում էր Հարավային Կովկասում զարգացումների նոր տեսլական, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով Իրանի և Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների գործարկման միջոցով։
Այս գործընթացին զուգահեռ նախագահ Էրդողանը ձեռնամուխ էր եղել Թուրքիան տարածաշրջանային ինքնուրույն դերակատարի վերածելու և ԱՄՆ-ի կրտսեր դաշնակցի կարգավիճակին հրաժեշտ տալու ռազմավարության իրականացմանը։ Թուրք–ամերիկյան հարաբերություններում աստիճանաբար մեծացող լարվածության գագաթնակետը Թուրքիայում 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձն էր։ Էրդողանի գնահատմամբ՝ ամերիկյան իշխանությունները կամ ներգրավված էին հեղաշրջման կազմակերպման մեջ, կամ առնվազն տեղյակ էին դրանից, սակայն չէին զգուշացրել Թուրքիայի իրենց գործընկերներին։ Պատահական չէ, որ 2016 թ. հուլիսից հետո ռուս-թուրքական հարաբերություններն սկսեցին էլ ավելի ինտենսիվ զարգանալ, այդ թվում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Ադրբեջանի կողմից Ռուսաստանին ուղղված տարածաշրջանային զարգացման նոր տեսլականը և Ռուսաստան–Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող խորքային փոփոխությունները խախտեցին 1990-ական թվականների վերջին ձևավորված աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, որտեղ Ռուսաստանն ու Հայաստանը «դիմագրավում էին» արևմտամետ Թուրքիային, Ադրբեջանին և Վրաստանին։
Ստեղծված նոր պայմաններում Ռուսաստանի շահերից էր բխում Արցախում ստատուս-քվոյի փոփոխությունը և Ադրբեջանի հետ ինտենսիվ համագործակցության ծավալումը՝ Արցախում ռուսական զորքերի տեղակայմանը զուգահեռ։ Դրանց հայտնվելն Արցախում կմեծացներ Ռուսաստանի ընդհանուր կշիռը Հարավային Կովկասում և միևնույն ժամանակ Կրեմլի ձեռքում հավելյալ լծակ կդառնար թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի նկատմամբ։ Պատահական չէ, որ 2019 թ. Ռուսաստանը նորից ակտիվ շրջանառության մեջ դրեց հակամարտության կարգավորման «Լավրովյան պլանը», որն առաջին անգամ կողմերին էր ներկայացվել մի քանի տարի առաջ։ Ցավոք, թե՛ մինչև 2018 թ. մայիս և թե՛ դրանից հետո ընկած ժամանակահատվածում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չկարողացավ կամ չցանկացավ տեսնել տարածաշրջանի անվտանգային համակարգում և Ռուսաստանի քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները։ 2020 թ. գարնանը Հայաստանը փաստացի մերժեց թե՛ «Լավրովի պլանը» և թե՛ Մինսկի խմբի համանախագահների կողմից դեռևս 2006–2007 թթ. մշակված առաջարկները, որոնք շարունակում էին մնալ բանակցությունների սեղանին՝ դրանով ճանապարհ հարթելով 2020 թ. պատերազմի և դրա աղետալի հետևանքների համար։
Ռուսաստանի ռազմավարությունը հետպատերազմյան փուլում
2020 թ. արցախյան պատերազմի ավարտից հետո ամենաշատ քննարկվող հարցը Ռուսաստանի նապատակներն են Արցախում։ Ի՞նչ է ցանկանում Մոսկվան, որքա՞ն ժամանակ ռուս խաղաղապահները կգտնվեն Արցախում, պատրա՞ստ է, արդյոք, Ռուսաստանը ռուսական անձնագրեր բաժանել Արցախում բնակվող հայերին, ո՞րն է Արցախում բնակչության՝ Ռուսաստանի համար ընդունելի թիվը։ Սրանք հարցերի այն հիմնական խումբն են, որոնց պատասխանները փորձում են գտնել ինչպես փորձագիտական շրջանակները, այնպես էլ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ։
Փորձենք պատասխանել այս հարցերին՝ հնարավորինս հենվելով փաստերի և վերլուծական գնահատումների վրա։ 2020 թ. նոյեմբերից Արցախում տեղակայված ռուսական տարբեր ուժերի թվակազմը և Ստեփանակերտի օդանավակայանին կից խաղաղապահ ուժերի բավականաչափ խոշոր կենտրոնակայանի կառուցումը վկայում են, որ ռուսները մտադրություն չունեն Արցախից հեռանալ 2025 թվականին։ Ակնհայտ է, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան ի վիճակի չեն հարկադրելու Ռուսաստանին դուրս բերել իր ուժերը Արցախի տարածքից։ Դա կարող է տեղի ունենալ բացառապես ռուս-թուրքական գործարքի հետևանքով, սակայն այս պահին դժվար է գնահատել, թե ինչ կարող է առաջարկել Թուրքիան, որը Ռուսաստանին կդրդի գնալ նման քայլի։ Անհրաժեշտ է հիշել, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակը Հարավային Կովկասում սեփական դիրքերի հետագա ամրապնդումն է, և ռուսական զորքերի ներկայությունն Արցախում այս հարցում էական գործոն է։
Չնայած 2020 թ. վերջին և 2021 թ. սկզբին տարածվող ակտիվ խոսակցություններին, առայժմ Արցախում ռուսական անձնագրերի բաժանման գործընթաց տեղի չի ունենում։ Մեր գնահատմամբ, Ռուսաստանը դժվար թե գնա այդ քայլին։ Ռուսաստանը հավելյալ պարտավորություններ է ստանձնելու ռուսական անձնագրեր ունեցողների հանդեպ, և անհասկանալի է, թե ինչ է դրանից շահելու Ռուսաստանը։ Եթե խնդիրը 2025 թ. նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահների ներկայության հիմնավորումն է Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման համատեքստում, ապա առանց անձնագրերի բաժանման էլ Ռուսաստանը հանգիստ կարող է հիմնավորել սեփական ուժերի՝ Արցախում մնալու անհրաժեշտությունը՝ ապակայունացումն ու հնարավոր ռազմական բախումները կանխելու նպատակով։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ ռուսական անձնագրեր ունեցողներն ավելի մեծ հնարավորություն կստանան հեռանալ Արցախից և հաստատվել Ռուսաստանում։
Հաջորդ կարևոր խնդիրը Արցախում հայ բնակչության թվաքանակն է։ Հասկանալի է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է որոշակի թվով հայերի առկայություն Արցախում, սակայն որևէ հիմք չկա պնդելու, որ ռուսները ամեն ինչ անելու են Արցախում առնվազն 85-90000 հայ բնակչություն ունենալու համար։ Ռուսներին անհրաժեշտ է այնքան բնակչություն, որքան պետք է ռուսական ռազմակայանի բնականոն գործունեության ապահովման համար, իսկ դա կազմում է մոտավորապես 25-30000 մարդ։ Հետևաբար, ռուսները դժվար թե քայլեր ձեռնարկեն Արցախից հայ ազգաբնակչության արտահոսքը կանխելու ուղղությամբ, քանի որ նրանք շատ լավ հասկանում են, որ առնվազն 25-30000 մարդ, այսպես թե այնպես, կշարունակի բնակվել Արցախում, թեկուզև Արցախից հեռանալու հնարավորություն չունենալու պատճառով։
Ի՞նչ հետևություններ պետք է անել Ռուսաստանի քաղաքականության առնչությամբ։ Անհրաժեշտ է փաստել մի քանի գնահատականներ։ Առաջին. Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի վերստանձնել Արցախի անվտանգության երաշխավորի իր դերակատարությունը (իսկ ՀՀ գործող իշխանություններն առայժմ նման մտադրություն չունեն և դժվար է ասել՝ ընդհանրապես կունենա՞ն, թե՞ ոչ), Արցախից ռուսական զորքերի դուրս բերումը նշանակում է շատ արագ տեմպերով Արցախի ամբողջական հայաթափում։ Երկրորդ. Ռուսաստանը քայլեր չի ձեռնարկելու Արցախից հայ բնակչության արտահոսքը կանխելու ուղղությամբ, առնվազն քանի դեռ Արցախում բնակչության թիվը չի նվազել մինչև 25-30000-ը։ Ստեղծված պայմաններում պետք է երախտագետ լինել ռուսներին Արցախի արագ և ամբողջական հայաթափումը կանխելու համար և միևնույն ժամանակ քայլեր ձեռնարկել Արցախից բնակչության արտահոսքի կանխման ուղղությամբ։ Ռուսաստանին կարող է բավարարել 25-30000 բնակչություն ունեցող, դե յուրե Ադրբեջանի կազմում, իսկ դե ֆակտո Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Արցախի գոյությունը, սակայն քաղաքականապես ակտիվ և հայրենասեր հայության համար սա բացարձակապես անընդունելի ապագա է։