Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ
«Մեսրոպ Մաշտոց» համալսարանի պատմության ամբիոնի դասախոս
Ստեփանակերտ
«Եթե մի օր Թուրքիան քանդվի,
ապա դա կլինի ոչ թե զենքի միջոցով,
այլ՝ ինքնության խնդրի…»
Հրանտ Դինք
Օսմանյան կայսրության ձևավորումն ընթացել է նվաճողական արշավանքների միջոցով, որոնց զուգահեռ կիրառվել է նաև բռնի իսլամացման, թուրքացման քաղաքականություն, ինչի արդյունքում էլ կազմավորվել է խառնածին բնակչություն[1]: 1923թ. կազմավորված Թուրքիայի Հանրապետության կառավարությունը շարունակեց Օսմանյան կայսրության ձուլողական քաղաքականությունը[1, էջ 5 ]: Այդ քաղաքականության հիմնական նպատակը միատարր թուրքական պետականության ստեղծումն էր: Թուրքական պետական քարոզչամեքենան Թուրքիայում բնակվող շուրջ 40 ժողովուրդների ու էթնիկական խմբերի ներկայացնում էր որպես թուրքեր` միանգամայն անտեսելով նրանց բոլոր (կրոնական, լեզվական, մշակութային ու մի շարք այլ) իրավունքները:Թուրքիայի Կայսերի (Կեսարիա), Մալաթիա և Էլազըգ (Խարբերդ) քաղաքների համալսարանների գիտնականները, Ազգային անվտանգության խորհրդի հանձնարարությամբ, ուսումնասիրելով Թուրքիայի ազգային փոքրամասնությունները, 2000թ. կազմեցին և հրապարակեցին ազգային փոքրամասնությունների պատկերը ուրվագծող զեկուցագիր[2, էջ7]: Սակայն զեկուցագրում տեղ գտած ազգային փոքրամասնությունների հրապարակած թվաքանակը չի համապատասխանում իրականության հետ. այն նվազեցված է մի քանի անգամ։ Թուրքական կառավարությունը, իրականացնելով մարդահամար կամ այլ ուսումնասիրություն, ազգային փոքրամասնությունների իրական թվաքանակը խիստ գաղտնի է պահում ու հրապարակում է միայն այն տվյալները, որոնք բխում են պետական շահերից: Վերջին տարիներին սկսվել է մի գործընթաց, որը փաստում է ձուլման պետական քաղաքականության փաստացի ձախողման մասին:
Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի`Թուրքիայում էթնիկ ինքնության շուրջ տեղի ունեցող գործընթացները կարելի է բաժանել պայմանական երկու խմբի. Առաջին՝ տարբեր ժողովուրդներ, ինչպիսիք են քրդերը, չերքեզները (վերջին ժամանակներս նաև իսլամացված հայերը) առավելապես բացահայտ պայքարում են իրենց իրավունքների համար, վերարժևորում իրենց ազգային մշակույթը, լեզուն, սովորույթները և դրանով փորձում թոթափել պարտադրված «թուրքի» ինքնությունը: Տարբեր ազգերի էթնիկ ինքնությունն անտեսելուն է միտված Թուրքիայի դպրոցներում պարտադրվող, այսպես կոչված, «Աշակերտի երդումը»: Այդ երդմամբ են ամեն օր Թուրքիայի դպրոցներում միլիոնավոր աշակերտներ սկսում իրենց ուսումնական գործընթացը. երդման առաջին բառերն են՝ «Թուրք եմ, ճիշտ եմ, աշխատասեր եմ»: Ահա հենց սա է պատճառ դարձել, որ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ դիմեն դատարաններ, այդ թվում և Մարդու իրավունքների եվրոպական դատարան, պահանջելով վերացնել այդ երդումը և չստիպել, որ քուրդ, չերքեզ, հայ, հույն և այլ ազգերի երեխաներ ամեն օր երդվեն, որ իրենք թուրք են:
Երկրորդ՝ տարբեր ժամանակաշրջաններում բռնի ձուլման ենթարկված մարդկանց շրջանում սկսվում էր էթնիկ ինքնագիտակցության վերաբերյալ լուռ գործընթաց, որը հետագայում նույնպես ստանում է բացահայտ բնույթ: Բռնի ձուլման ենթարկված մարդկանց մի մասը նախ սկսում է կասկածի ենթարկել իր «թուրքական» ինքնությունը, ինչին հաջորդում է իրական ինքնության փնտրտուքը: Ահա հենց այս երևույթի արդյունքում Թուրքիայի բնակչության որոշակի հատվածում սկսվել է, այսպես կոչված, էթնիկ ինքնության ճգնաժամ: Այսօր Թուրքիայում գիտական, հասարակական և քաղաքական մակարդակներում ամենատարածված հարցերից է՝ ո՞վ ենք մենք: Թուրք որոշ սոցիոլոգներ, անդրադառնալով այս խնդրին, իրավացիորեն երևույթը դասում են թուրքական հասարակության շրջանում տարածված հիվանդությունների շարքին: Այս առումով բավական հետաքրքիր են անգլիացի և գերմանացի մասնագետների հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց` Թուրքիայի բնակչության 38-40 տոկոսը իրեն թուրք չի համարում: Թուրքիայում էթնիկ ինքնության ճգնաժամի խորացմանը նպաստում են նաև ներկայիս տարաբնույթ գործընթացները. օրինակ՝ տասնամյակներով արգելված թեմաների քննարկումները, մի շարք տաբուների ճեղքումը, որոնք իրենց հերթին բազմաթիվ հարցականներ են առաջացնում հասարակության համար[3]:
Թուրքիան գտնվում է քրդական օղակի մեջ. մի կողմից՝ Սիրիայի տարածքի քրդական բնակավայրերը, որոնք գտնվում են թուրք-սիրիական սահմանամերձ գոտում, մյուս կողմից` Հյուսիային Իրաքի տարածքում գտնվող Քրդստանի առկայությունը, որն, ի դեպ, ունի նաև նավթային բավականաչափ պաշարներ, մեկ այլ կողմից էլ` Թուրքիայի ներսում բնակվող` պաշտոնական տվյալներով 20 միլիոն քրդեր, որոնք 2015թ. հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություների արդյունքում առաջին անգամ իրենց սեփական կուսակցությամբ են կարողացել պատգամավորական մանդատներ ստանալ խորհրդարանում, սակայն իշխող կուսակցությունը չկարողացավ կոալիցիոն կառավարություն կազմավորել, նոյեմբերի 1-ին անցկացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց ժամանակ քրդերը հավաքեցին անելի քիչ ձայներ, քան հունիսին, սակայն դարձյալ զգալի թվով պատգամավորական մանդատներ ստացան:
«Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի երևան գալուն պես թուրքերն սկսեցին ոչ բացահայտ աջակցել այդ կառույցին, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված ահաբեկչական խմբավորումը հարձակումներ էր իրականացնում քրդական բնակավայրերի վրա: Այդ պատճառով էլ թուրքական կառավարությունը երկար ժամանակ չմասնակցեց միջազգային կոալիցիային, որը միայն օդային հարվածներ էր իրականացնում ահաբեկչական վերոնշյալ կառույցի դիրքերին: Թուրքիան միայն վերջերս միացավ միջազգային կոալիցիային, սակայն, թուրքական կործանիչների թիրախը հանդիսացան քրդական դիրքերը: Հարկ է նշել, որ այդ պայքարում առավել արդյունավետ մարտեր են մղում քրդերը, սակայն դա Թուրքիայի շահերից չի բխում, քանի որ պաշտոնական Անկարային ձեռնտու չէ քրդական միասնական պետության ստեղծումը: Ի պատասխան թուրքական հրթիռակոծություների`քրդերը երկրի մի շարք բնակավայրերում հարձակումներ են իրականացնում զինվորակաների, ուժային այլ կառույցների ստորաբաժանումների վրա: Դրան զուգահեռ` պայթեցնում են նաև էներգակիր ենթակառուցվածքները, ինչը բավական նյութական կորուստներ է պատճառում թուրքական պետական բյուջեին[4]:
Սույն թվի հուլիսին տեղի ունեցավ անհաջող ռազմական հեղարջման փորձ, որի դաժան ճնշումից և ցայսօր շարունակվող զանգվածային ձերբակալություններից հետո թուրական պետական վարչամեքենան օգոստոսի 24-ին ձեռնակեց «Եփրատի վահան» գործողությունը, որը, ըստ թուրքական կողմի, անվտանգության խնդիր է լուծում։ Թուրքերը որպես իրենց «իրավացիության փաստարկ» բերում են ՄԱԿ-ի պայմանագրի 51-րդ կետում առկա պաշտպանության իրավունքը: Սակայն Թուրքիան Սիրայի տարածքում ավելին հեռուն գնացող խնդիրեներ է լուծում.
- Նպատակ է հետապնդում վերացնել քրդական կազմավորումները Սիրայի տարածքում, որոնք, ի դեպ, հիմնականում թուրք-սիրական սահմանին են գտնվում.
- Սիրայում վերականգնում է նախկին Օսմանյան կասրության ազդեցությունը, ինչի վառ ապացույցն են նաև տարածքային նկրտումները Հալեպի նկատմամբ:
Թուրքական գործողության ծավալների մեծացումն ի հայտ է բերում հակամարտության մեջ ներգրավված առանցքային կողմերի, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Իրանի անհանգստությունը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հետևում է Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի գործողություններին՝ կոչ անելով դրանք համաձայնեցնել պաշտոնական Դամասկոսի հետ: Թեհրանը ևս լուրջ անհանգստություն է հայտնել՝ ընդգծելով Սիրիայի ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը: Սակայն, Թուրքիան, ըստ էության, կանգ առնելու մտադրություն չունի[5]: Դրա վառ ապացույցը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս արված հայտարարությունը, որում ոչ միայն Հալեպն է համարում «թուրքական տարածք» այլ նաև Իրաքյան մի շարք բնակավայերը ևս:
Թուրքական վարչակարգին նյարդայնացնում է նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ սատարում է Սիրիայի քրդերին: ԱՄՆ-ն կարծես թե մտադիր է մասնատել Սիրիան մի քանի անկախ պետական կազմավորման` ըստ կրոնական հատկանիշի: Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, այդ մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ռամիզ Թարջամանը: Բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ըստ Մերձավոր Արևելքում Իսրայելի աջակցությանն ուղղված ԱՄՆ ռազմավարության՝ «Սիրիայի տարածքը պետք է մի քանի պետական կազմավորման բաժանվի՝ ըստ դավանական հատկանիշի»: «Վաշինգտոնը ցանկանում է, որ Սիրիան լինի թույլ, նպատակ ունի մասնատել երկիրը: Մասնավորապես, նախատեսվում է քրդական պետություն հռչակել հյուսիսում, որպեսզի Սիրիան առնվազն դաշնության կամ համադաշնության վերածվի»,-հայտարարել է Թարջամանը[6] (նախագծի քարտեզը տես հավելված 1-ում):
Այսպիսով, ինքնության ճգնաժամն ու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և արդի աշխարհաքաղաքական զարգացումները լուրջ հարված են հասցնում Թուրքիայի պետական ու վարչական կառուցվածքին և նեոօսմանականության հեռանկարներին։
Հավելված 1
Հավելված 2