Արտակ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն և «Համերաշխություն» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար
Երևան
Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունից» անցել է երկուս ու կես տարի։ Գոյություն ունեցող համակարգի բարեփոխման փոխարեն՝ Հայաստանի նոր իշխանություններն ընթացել են կառավարման բարելավման, ավելի արդյունավետ վարչարարության և իշխանության հետագա ամրապնդման ուղիով։ Դեռ հարց է, թե որքանով է դա նրանց հաջողվում, բայց, ընդհանուր առմամբ, այս միտումը նոր չէ։
1990-ականների կեսերից հետխորհրդային երկրների մեծամասնությունն ընթացել է իշխանության համախմբման ուղիով․ Խորհրդային Միության փլուզմանը հանգեցրած վերակառուցման և հրապարակայնության շրջանից հետո քաղաքական իշխանության կայունությունը կապվում էր քաղաքական վերնախավերի և արդյունավետ վարչարարական կառավարման ինստիտուտների ձևավորման հետ։ 1991 թվականին Տեր-Պետրոսյանն ընտրվել է անկախ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ՝ ստանալով ընտրողների ձայների 83,4 տոկոսը։ Բայց արդեն 1995 թվականին անցկացվել են առաջին կեղծված ընտրությունները․ խախտումներով ընդունվել է իշխանության ուղղահայացն առավելագույնս երաշխավորող սահմանադրություն, մարզպետարանների ստեղծումն ու մարզպետների՝ ներառյալ Երևանի քաղաքապետի, նշանակման կարգն արմատապես կասեցրել է տեղական ինքնակառավարման զարգացումը։ 90-ականների սկզբներին ակտիվորեն իրականացվում էր երկրի քաղաքական կյանքից սփյուռքի օտարումը՝ երկյուղ տածելով նրանց մեծ ազդեցության նկատմամբ։ Հետագայում Հայաստանի քաղաքացիներին արգելել են արտերկրում քվեարկել։ Սկսվել է ընդդիմադիր մամուլի և կրոնական փոքրամասնությունների հետապնդումը։
Համանման գործընթացներ էին տեղի ունենում նաև Ռուսաստանում։ Թեև Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում և Ելցինը Ռուսաստանում չունեին բռնապետական հավակնություններ, բայց հենց նրանց օրոք ստեղծվեցին իշխանությունը հետագայում յուրացնելու նախադրյալները։ 1994 թ․ Բելառուսում բավականին արդար և օրինավոր (լեգիտիմ) ընտրություններում (80%) հաղթել է երիտասարդ ընդդիմադիր Լուկաշենկոն, որն իսկույն սկսել է զբաղվել իշխանության ամրապնդմամբ՝ պահպանելով այն ավելի քան քառորդ դար։ Մի իսկական առեղծված է՝ իշխանության համախմբում և միաժամանակ՝ հասարակության տարանջատում ու օտարացում։ 1990-1991 թթ․ համախմբված հասարակությունից մենք հետևողականորեն ընթանում էինք իշխանության համախմբման և ամրապնդման ուղղությամբ, որը Հայաստանում գագաթնակետին է հասել 2018թ․։ Ի՞նչ ունեինք Հայաստանում մինչև 2018 թվականը. Հանրապետական կուսակցություն անվամբ կորպորացիա՝ իր արբանյակներ «Բարգավաճ Հայաստանի» և «Դաշնակցության» հետ՝ զարմանալիորեն համախմբված քաղաքական համակարգ։ Բայց «Հանրապետական» կուսակցության շարքային անդամները տարօրինակաբար դժգոհ էին իրենց ղեկավարությունից։ Հանրապետական կուսակցության համագումարի պատվիրակներից մեկն ինձ պատմել է, որ համագումարի ժամանակ նա կուսակից պատվիրակներին մի կատակ է պատմել․ «Պատկերացրե՛ք, թե որչափ կշահեր երկիրը, եթե այս սրահը ներկա ողջ ղեկավարության հետ պայթեցվեր։» Ո՛չ այսչափ սուր, բայց ո՛չ նվազ քննադատաբար էին տրամադրված նաև «Բարգավաճ Հայաստան» և «Դաշնակցություն» կուսակցությունների անդամները, որոնք նույնպես ոչ պակաս չափով փոփոխություններ էին ցանկանում։
Հայաստանում, ինչպես և 2020 թվականի Բելառուսում, իշխանության ուղղահայացը հասել էր այնպիսի մակարդակի, որ տեղական բնույթի ամենապարզ իսկ հարցերի լուծման մասին որոշումներ ընդունվում էին նախագահի աշխատակազմի մակարդակով կամ, առհասարակ, չէին ընդունվում։ Ավելի հաճախ՝ չէին ընդունվում, ինչպես հին անեկդոտում. Լուկաշենկոն հեռախոսով զանգահարում և ասում է՝ «լավն է, վատն է, վատն է, լավն է, լավն է․․․», ապա վայր է դնում ընկալուչն ու ասում՝ «տեսե՛ք, ժողովուրդն առանց Բածկայի անգամ կարտոֆիլը ջոկել չի կարող»։
Եվ սա չի վերաբերում սոսկ տեղական ինքնակառավարման սահմանափակվածությանը, այլև լճացման ու անհուսության մեջ հայտնված կառավարական աշխատակազմին։ Առավել ևս, որ 2000-ականներից ի վեր Հայաստանում ընթանում էր նաև կոռուպցիայի կենտրոնացման համար պայքար․ ստորին մակարդակներում կոռուպցիան խիստ կանոնակարգված և վերահսկելի էր․ բոլոր «շահերը» գտնվում էին «ընտրյալների» ձեռքերում։
Հետաքրքիր է, որ Ռուսաստանի բնական հարստությունների և տարածականության շնորհիվ Պուտինը հազիվ թե հետաքրքրվում է, թե, օրինակ, ինչպես են Վլադիվոստոկում կամ Կալինինգրադում որոշումներ ընդունում կամ ինչ կաշառք է վերցնում մաքսավորը, և նա, հաստատ, չի կարող վերահսկել այդ ամենը։ Հավանաբար, տեղերում հարցերն ինքնիրավչաբար կարգավորելու հնարավորությունը Ռուսաստանին դեռ թույլ է տալիս չհասնել ճգնաժամային բողոքի։
Ըստ էության՝ 2018 թ․ Հայաստանը և 2020 թ․ Բելառուսը հասել են առավելագույնին մերձեցող իշխանության համախմբմանը՝ զուգահեռաբար առկա հասարակության լիակատար օտարացմամբ հանդերձ։ Պատահական չէ, որ Հայաստանում ամենամեծ ժողովրդականություն վայելած կարգախոսը եղել է «Մենք ենք տերը մեր երկրի»։
Հայաստանի նոր իշխանությունները կարողացել են վերլուծել ոչ միայն 90-ականների, այլև Վրաստանում Վարդերի հեղափոխության փորձը։ 2004 թ․ ընտրողների ձայների 96,27 տոկոսը հավաքած Միխաիլ Սաակաշվիլին իրականացնում էր արմատական բարեփոխումներ և մեծ հաջողություններ է արձանագրել կառավարման արդյունավետության և տնտեսության ոլորտներում։ Սակայն արդեն 2007 թ․ արտահերթ նախագահական ընտրություններում նրա օգտին են քվեարկել ընտրողների ընդհանուր թվից ընտրատեղամասեր ներկայացած 59 տոկոսից միայն 53,47-ը․ ընտրությունների եզրափակիչ արձանագրությունը ԿԸՀ-ը հաստատել է միայն մեկ ձայնի առավելությամբ։
Դեռևս 2004 թ․ օգոստոսին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) մտահոգություն է հայտնել Վրաստանում մարդու իրավունքների ապահովման առթիվ․ «Հատուկ մտահոգություն են առաջացնում վերջին օրենսդրական և սահմանադրական փոփոխությունները, որոնք հարցականի տակ են դրել հանրապետականի տիպի ուժերի հավասարակշռությունը։ 2004 թ․ փետրվարի 6-ին խորհրդարանի հաստատած փոփոխություններն ընդարձակել են նախագահական լիազորությունները՝ թույլատրելով նրան ցրել խորհրդարանը։ Մյուս փոփոխությունը նախագահին իրավունք է ընծայում նշանակել և ազատել դատավորներին, դրանով իսկ մեծացնելով նախագահի ազդեցությունը դատական համակարգի նկատմամբ, որն արդեն իսկ տուժում է անկախության բացակայությունից։ Ավելին՝ կառավարությունը հիշյալ սահմանադրական փոփոխությունները նախագծի մեջ հապճեպորեն է ներառել, մինչդեռ սահմանադրության պահանջի համաձայն այն նախ պետք է դրվեր հանրային քննարկման»։
2005 թ․ հոկտեմբերին քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին, գնահատելով նախագահի կառավարման առաջին տարին, հայտարարել է․ «Պետությունը վերջին տարվա ընթացքում ակնհայտորեն հետընթաց է ապրում։ Սաակաշվիլու օրոք Վրաստանը ստացել է այն, ինչի համար ես մեծապես կամենում էի, որ Էդուարդ Շեվարդնաձեն պատմության գիրկն անցնի։ Այսօր մենք ունենք լիովին կառավարելի խորհրդարան, իբր ազատ մամուլ, երևակայական քաղաքացիական հասարակություն։ Այն, ինչին վերջին տարիներին ձգտում էր տարեց նախագահը, իրականություն է դարձրել նրա երիտասարդ կորովի հետևորդը։»
Զարմանալիորեն պարզ է դարձել, որ առանց հասարակության ներգրավման և մասնակցության՝ անգամ արտաքնապես հաջողված բարեփոխումների անցկացումն, ի վերջո, հանգեցրել է Սաակաշվիլու վարչակարգի անկմանը։ 2013 թ․ հոկտեմբերին, չլրացնելով վերջին նախագահական ժամկետը, Սաակաշվիլին հեռացել է Վրաստանից, որտեղ այժմ նրա դեմ հարուցված է մի քանի քրեական գործ։
Վերջին հաշվով պետք է արձանագրել, որ խնդիրն այն չէ, թե որչափ հաջողված են իշխանության իրականացրած բարեփոխումները, այլ այն, թե որքան ներառական է որոշումների ընդունումը, որքան հասարակությունն իրեն ներգրավված է զգում որոշումների ընդունման գործընթացի մեջ։
Այս դիտարկումներն ուզում եմ եզրափակել մի անձնական վերհուշով, որն արթնացել է սույն գրությունը շարադրելիս։ 1989 թ․ քաղտնտեսության սեմինարի ժամանակ, մեզ՝ երկրորդ կուրսի ուսանողներիս, հարցրել են․
-Ի՞նչ է ժողովրդավարությունը։
-Մեծամասնության իշխանությունը,- աշխուժորեն պատասխանեցի ես՝ համալսարանի այն ժամանակվա ուսանողական շարժման առաջնորդներից մեկը։
-Ո՛չ,- արձագանքել է դասախոսը,- ժողովրդավարությունն այն է, երբ փոքրամասնությունը կարողանում է ազդել մեծամասնության որոշումների վրա։
Այն ժամանակ նրա պատասխանն ինձ տարօրինակ էր թվացել։