Իշխանափոխությունից հետո սկսված` Հայաստանի քաղաքական դաշտի ակտիվ վերակազմավորումը տեղի է ունենում միջազգային հարաբերությունների կտրուկ փոփոխությունների շրջանում։ Գործընթացները հատկապես բուռն են ընթանում մեր տարածաշրջանում։ Թուրքիայում, Իրանում, Սաուդյան Արաբիայում եւ տարածաշրջանի մյուս երկրներում կատարվող ներքաղաքական փոփոխությունները պայմանավորված են աշխարհաքաղաքական գործոններով: Այս պնդումը ճիշտ կլինի նաեւ հակառակ կողմից մոտենալու դեպքում՝ ներքաղաքական փոփոխություններն ազդում են միջազգային իրավիճակի վրա։Սիրիայի պատերազմը ցնցեց Մեծ Մերձավոր Արեւելքը: Թրամփը հարցականի տակ է դնում անշրջելի թվացող գլոբալացումը եւ հանդես է գալիս «Առաջնայինն Ամերիկան է» կարգախոսով։ Գլոբալացմանը բնորոշ` սահմաններ չճանաչող միջազգային ազատ առեւտրի սկզբունքը, ըստ էության, եւս հարցականի տակ է։ Նրան փոխարինելու են գալիս պրոտեկցիոնիզմը եւ առեւտրական պատերազմները։ Եվրամիությունը փորձում է ստեղծել միացյալ զինված ուժեր։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը միացյալ զինված ուժերի ստեղծումը բացատրեց Ռուսաստանից, Չինաստանից եւ… ԱՄՆ-ից պաշտպանվելու անհրաժեշտությամբ։
Ոլորտի տեսաբաններն արդեն քննարկում են նոր միջազգային հարաբերությունների հնարավոր կանոնները կամ նոր աշխարհակարգի հնարավոր սկզբունքները։
Պատմությունից հայտնի է, որ համաշխարհային մի կարգից մյուսին անցնելը կատարվում է պատերազմների միջոցով։ 17-րդ դարում երեսնամյա պատերազմը հիմք դրեց Վեստֆալյան միջազգային համակարգին, Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերից հետո ձեւավորվեց Յալթայի աշխարհակարգը։ Հիմա նորից անորոշության շրջան է սկսվում։
Թե ինչպիսի փոփոխություններ են աշխարհին սպասվում` առանձին քննարկման թեմա է: Քննարկման թեմա է նաեւ նոր գլոբալ պատերազմի հավանականությունը, սակայն լոկալ ընդհարումները մեր տարածագոտում տեղի են ունենում «հիբրիդային» պատերազմների տեսքով։
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Արցախի հակամարտությունն անվանեց համաշխարհային նշանակության հարց։ Նա Հարավային Կովկասը հայտարարեց ԱՄՆ-ի ազգային շահերի տարածաշրջան։ Նման խոսքերը պատահական չեն ասվում։
Այս ամենի խորապատկերին արցախյան հակամարտությունը հայտնվում է աշխարհաքաղաքական փոփոխությունների կիզակետում։ Հայաստանի շուրջ ընթացող զարգացումնները հուշում են, որ Արցախի խնդրի վերաբերյալ սպասվող բանակցությունների աշխուժացմանն անտարբեր չեն մնալու Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, ինչպես նաեւ տարածաշրջանի մեծ ու փոքր խաղացողները։ Սակայն Հայաստանի քաղաքական կուսակցությունները` այն էլ ընտրությունների նախաշեմին, խնդրո առարկա թեմային նվիրված քննարկումներ չեն կազմակերպում։ Ամենահավանական պատճառն այն է, որ կուսակցությունները եւ, առհասարակ, Հայաստանի քաղաքական միտքը անկարող եղան այս հարցում ռազմավարություն, ուստիեւ մարտավարություն մշակել։
Հայաստանի իշխանափոխության առանցքում կոռուպցիայի դեմ պայքարի, արդարության, բնապահպանության, քաղբանտարկյալների ու քաղաքական սպանությունների հարցերն էին։ Մարդիկ փոփոխություններ էին ուզում։ Նախկին իշխանությունները Հայաստանը ճահճացման էին հասցրել։ Իշխանափոխությունը կատարվեց։ Թե որքանով են հանրության սպասելիքներն արդարանում` դա այլ հարց է, սակայն ԱԺ ընտրություններից հետո վերջին տասնամյակներում ավանդական` Արցախի խնդիրը նորից կարող է դառնալ քաղաքական կյանքի գլխավոր, դժվարլուծելի կնճիռը, որից նոր իշխանություններին հազիվ թե հաջողվի խուսափել։ Առավել եւս, որ այս հարցով շահագրգռված գերտերությունների ու տարածաշրջանային դերակատարների տեսակետները, հնարավոր է, լինեն իրարամերժ։