Lragir.am-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Պարոն Համբարյան, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը վերջին շրջանում դարձյալ քննարկման թեմա է դարձել: Այս հարցին անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանը՝ դա երկկողմանի հարաբերություններում համարելով ցավոտ հարց: Բայց միաժամանակ նա նշել է, որ դեռևս որևէ լուրջ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել ռուսական կողմին: Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի պահվածքն այս հարցում:
Եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ Սերժ Սարգսյանը դժգոհություն էր հայտնում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ: Դրանից հետո Ռուսաստանն անտեսեց Հայաստանի իշխանությունների դժգոհությունը և ավելի մեծ ծավալներով զենք սկսեց վաճառել Ադրբեջանին: Հիմա արդեն ռուս-ադրբեջանական զենքի վաճառքի պայմանագրերի արժեքը մոտեցել է 7 մլրդ դոլարին, և Ռուսաստանը Իսրայելի հետ միասին համարվում է Ադրբեջանին ամենամեծ ծավալի զենք վաճառող երկրներից մեկը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ այդ վաճառքը դեռ որևէ լուրջ հետևանք չի ունեցել, կարող ենք ասել, այո, հիմա չի ունեցել, բայց եթե վաղը ռազմական գործողությունները վերսկսվեն, դրա հետևանքները կտեսնենք: Իսկ հիմա ոչ ոք, հաշվի առնելով նախորդ տարվա ապրիլի պատերազմի փորձը, չի կարող երաշխավորել, որ ադրբեջանական կողմը կրկին նախահարձակ չի լինի: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ զենքը վաղը չի ուղղվի հայերի դեմ: Երբ Ադրբեջանը ժամանակին «Սոնցեպյոկ» էր գնում Ռուսաստանից, ևս ոչ մեկը չէր երաշխավորել, որ այ զենքը չի օգտագործվելու հայերի դեմ: Կամ, երբ Իսրայելից «Կամիմաձե» անօդաչու թռչող սարքերն էին գնում, որոնք մեծ կորուստներ պատճառեցին մեր զինուժին, ևս երաշխիքներ չէին տրվել: Այնպես որ, ես համարում եմ, որ Սերժ Սարգսյանի ասածը մի փոքր տրամաբանությանը մոտ չէ, քանի որ եթե ռուսական կողմը զենք է վաճառում Ադրբեջանին, ինքն իրավունք էլ չունի պաշտոնական Բաքվից պահանջելու, որ այդ զենքը չօգտագործվի հայկական կողմերի դեմ: Մենք միշտ էլ պատերազմի վերսկսման առումով վտանգ ունենք, և հիմա էլ այդ ամենը մեզ համար կրկնակի վտանգ է ներկայացնում, որովհետև ռուսական կողմն սկսել է Ադրբեջանին ավելի նորագույն զինտեխնիկա վաճառել:
Հայ-ռուսական հարաբերություններում ի՞նչ փուլ է հիմա: Պարբերաբար Հայաստանում դժգոհություններ են հնչումռազմավարական գործընկերոջ նկատմամբ Ռուսաստանիպահվածքի վերաբերյալ: Ժամանակի ընթացքում ինչ-որ բան փոխվո՞ւմ է:
Այն ինչ տեղի է ունենում հիմա հայ-ռուսական հարաբերություններում, անընդունելի է: ՌԴ-ն, լինելով մեր ռազմավարական դաշնակիցը, անտեսում է մեզ բոլոր ոլորտներում, սկսած զենքի վաճառքից, վերջացրած Ռուսաստանի տարածքում ապրող ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների չճանաչումով: Սա ցույց է տալիս հայ-ռուսական հարաբերություններում առկա բավական մեծ ճգնաժամային իրավիճակի մասին: Որքան էլ պաշտոնական Մոսկվան ու պաշտոնական Երևանն անընդհատ հայտարարեն, որ ամեն ինչ նորմալ է, մենք ռազմավարական գործընկերներ ենք, իրականությունը բոլորովին այլ է: Հայաստանի ռազմավարական գործընկերը չի կարող Հայաստանն իրեն թշնամի համարող Ադրբեջանին վաճառել 6-7 մլրդ դոլարի զենք և մտածել, թե դա չի փոխում կողմերի միջև զենքի առումով գոյություն ունեցող ստատուս-քվոն: Իրականությունն այն է, որ Ադրբեջանն այս տարիների ընթացքում մի քանի անգամ շատ զենք է գնել, որը բավական մեծ խնդիրներ է ստեղծում մեզ համար:
Երկրորդ, պետք է դիտարկենք նույն ռուսական մենաշնորհների առկայությունը Հայաստանում: Տարրական թալան է տեղի ունենում «Գազպորմ Արմենիայի» կողմից, նույն էլեկտրաէներգիայի ոլորտում պարբերաբար թանկացումներ են եղել, ռուսական կողմին հանձնված հայկական երկաթուղին խայտառակ վիճակում է:
Եվ ամենավերջին հակահայկական դիրքորոշումն այն էր, երբ Հայաստանը միակ երկիրն էր, որը լինելով ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ, նրա քաղաքացիների վարորդական իրավունքներն անվավեր ճանաչվեցին ՌԴ-ում: Դա այն դեպքում, երբ Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի քաղաքացիներն իրենց հայրենիքում ստացած վարորդական վկայականները կարող են անարգել օգտագործել ՌԴ-ում:
Ժամանակին, երբ Ռուսաստանի ԿԳ նախարարը հայատարարեց, որ պարտադիր է ԵՏՄ բոլոր երկրներում ռուսերենը որպես երկրորդ պաշտոնական լեզու ընդունելը, մեզ մոտ ծիծաղեցին և մտածեցին, որ դա մեզ չի վերաբերում: Բայց մենք հիմա տեսնում ենք, որ ծիծաղելու առիթ չկար, որովհետև պաշտոնական Մոսկվան մեզ պարբերաբար շանտաժի է ենթարկում՝ կամ կընդունեք ռուսերենը՝ որպես պետական լեզու, կամ ձեր քաղաքացիները խնդիրներ կունենան ՌԴ-ում: Եվ առաջին խնդիրը դա հայկական վարորդական վկայականները չճանաչելն է Ռուսաստանում:
Ի՞նչ պետք է անի հայկական կողմն այս պայմաններում:
Ես առաջին հերթին կարծում եմ, որ հենց ՀՀ իշխանություններն են իրենց մտցրել այդ անկյունը: Մենք հիմա շատ քիչ մանևրելու շանսեր ունենք, որովհետև մեր բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները՝ էներգետիկա, տրանսպորտ, կապ, գտնվում են ռուսական մոնոպոլիստների ձեռքին: Մենք մեր անվտանգությունն ամբողջովին վստահել ենք ռուսական կողմին, նույնիսկ հոգում ենք Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի, ինչպես նաև ռուսական սահմանապահ զորքերի ծախսերի 50 տոկոսը: Դա այն դեպքում, երբ ՌԴ-ն, որն ունի ռազմաբազաներ Սիրիայում, Ղրղզտանում, Ղազախստանում ու Տաջիկստանում, ոչ միայն հոգում է այդ ծախսերը, այլ նաև վարձավճար է տալիս այդ երկրներին ռազմաբազաների համար: Մենք ահռելի քանակությամբ տարածքներ ենք Գյումրիում տվել ռուսական ռազմաբազային, անհատույց: Բացի այդ, ռուսական ռազմաբազայի զինվորականները պարզապես պատուհաս են դարձել Գյումրիի արվարձանային գյուղական բնակավայրերի համար, որոնց ցանքատարածություններն անընդհատ փչացնում են իրենց տանկերով և այլ ռազմական տեխնիկով, չեն էլ փոխհատուցում: Մենք մեզ հիմա այս վիճակում ենք դրել: Եթե դուք թույլ եք տալիս, որ ձեր հարևանը ձեր տանն ինչ ուզի անի, և դա երկարատև է, ապա նրան կարգի հրավիրելու համար պետք է «վիրահատական» մեթոդներ կիրառել: Կամ նրան դուրս եք հանում, կամ իր տեղն եք ցույց տալիս, ինչը ցավոտ է լինելու: Ես գտնում եմ, որ մենք առաջին հերթին պետք է ռուսական կողմին հայտարարենք, որ Գյումրիում գտնվող ռազմաբազայի ծախսերն ամբողջովին իր վրա են ընկնում: Երկրորդ, ես մի առաջարկ ունեմ: Եթե Ղրղզստանի նման երկիրը, որը ԵՏՄ ու ՀԱՊԿ անդամ է, թույլ է տալիս, որ իր Բիշկեքի Մանաս օդանավակայանում տեղակայվի ամերիկյան փոքրիկ ռազմաբազա, ապա ինչո՞ւ ոչ, Հայաստանի տարածքում ևս թող լինի փոքրիկ ամերիկյան ռազմաբազա: Օրինակ՝ այն կարող է տեղակայվել նույն Արզնիի օդանավակայանում: Եթե մենք Էրեբունի օդանավակայանն անհատույց տվել ենք ռուսներին, եկեք ամերիկյան կողմին էլ տանք Արզնիի օդանավակայանը, և կտեսնենք, թե դրանից ինչ է լինելու:
Իմ կարծիքով՝ այն ինչ տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերություններում, դա ուղղակի ֆարս է, այստեղ հարաբերություններ չկան: Այստեղ Ռուսատսանն օգտագործում է իր բոլոր հնարավորությունները՝ նվաստացնելու մեզ: Ես վերջերս մի հետաքրքիր կարգախոս լսեցի՝ ասում են՝ աշխարհում ԱՄՆ-ն երկրներին առաջարկում է՝ եղեք ինձ հետ, և կլինի շատ լավ: Իսկ Ռուսաստանն ասում է՝ եթե չլինեք մեզ հետ, ավելի վատ կլինի: Հիմա մեզ տարրական շանտաժի են թարկում, որ՝ եթե չլինեք մեզ հետ, ավելի վատ կլինի: Ես հասկանում եմ, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է, բայց այն, ինչ հիմա տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերություններում, բոլոր առումներով անընդունելի է: