Սերջո Լա ԿԻՆԱ
Գրող
Իտալիա
Տեղեկատվության աշխարհը կամ, եթե ավելի բարդ ձեւակերպենք, զանգվածային տեղեկատվության միջոցների տիեզերքը երբեմն հետեւում է տարօրինակ կանոնների: Երբ օրակարգում է հայտնվում ինչ-որ արդիական հարց, խնդիր կամ իրավիճակ, դրանց մասին տեղեկատվությունը լցվում է թերթերն ու հեռուստաալիքները, անհանգստացնում է` ստիպելով բոլորին խոսել այդ իրադարձությունների մասին:
Այդ պահին տեղեկատվությունը դառնում է միաժամանակ թե՛ ավելի հարուստ, եւ թե՛ ավելի աղքատիկ, թե՛ ավելի բարդ, եւ թե՛ ավելի պարզ: Տեղեկությունների տարափն ահագնանում է, իսկ վերլուծությունները, բանավեճերն ու մեկնաբանությունները միմյանց հետզհետե բովանդակապես ավելի են հակադրվում` դառնալով սուր եւ անհաշտ: Այսօր մենք դա տեսնում ենք իսլամ-(քիչ թե շատ քրիստոնեական) Արեւմուտք` ինտեգրո՞ւմ, թե՞ քաղաքակրթությունների ու կրոնների հակամարտություն թեմայի օրինակով:
Եթե դիտարկենք այս ձեւով որոշված սցենարը, ապա ակամա կմտածենք, որ ճակատային բախումն անխուսափելի է: Ասիական իսլամը (Սիրիա-Իրաք-Իրան, Պակիստան-Աֆղանստան, որը բոլորի շուրթերին է), միջերկրականի հարավային ափի աֆրիկյան իսլամը, ինչպես նաեւ Նիգերիան, Սուդանը եւ Սոմալին կարող են արդարացնել ամենահիմնավոր հոռետեսությունը եւ հանգեցնել իսլամի նկատմամբ շատ խիստ վերաբերմունքի (Բալկաններում իսլամը նույնպես կատակ չէ): Եգիպտոսում ղպտի քրիստոնյաների նկատմամբ թշնամանքը նույնպես չի մեղմացնում իսլամական աշխարհի սովորական դարձած վարկանիշը: Բայց արդյո՞ք մենք պարտավոր ենք հաշտվել ատելության եւ արյան այսչափ մռայլ համայնապատկերի հետ, վերադառնալով այն ժամանակներին, որոնց մասին այսօր էլ հիշում են Իտալիայի բնակիչները. երբ ՙմայրիկ. այնտեղ թուրքեր են՚ բացականչությունը սովորական էր դարձել: Արդյո՞ք մենք հարկադրված ենք դիմակայել հենց այդպիսի աշխարհին: Արդյո՞ք մենք ունենք հարցի լուծումը: Ո՛չ: Մենք չունենք պատրաստի եւ արդյունավետ լուծման բանալին: Բայց մենք հետաքրքրաշարժ ենք, իսկ հետաքրքրաշարժությունն, ինչպես հայտնի է, գիտությունն առաջ է մղում:
Նախ, տեսնենք, թե ինչ են գրում արաբական թերթերը, եւ թե ինչ է տեղի ունենում նրանց երկրներում: Ինչի՞ մասին կարելի է կարդալ ամեն օր եւ ոչ թե այն ժամանակ, երբ տեղի են ունենում համաշխարհային նշանակության իրադարձություններ: Պետք չէ խելացի տեսք ընդունելով հակաճառել, թե ՙարդյո՞ք դուք հավատում եք թերթերի գրածին՚: Իհարկե, թերթերը կարող են ստել յուրաքանչյուր իրադարձության, բայց ոչ իրենց իսկ մասին: Փորձառու ընթերցողը միշտ ի վիճակի է տարբերելու կառավարական թերթը սկանդալային թերթից, գիտակցված խաղաղասեր դիրքորոշում ունեցող թերթը` գաղափարապես զայրացած թերթից: Այսպիսի ընթերցողը, համեմատելով տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, գրածի տողատակերից կարող է հայտնաբերել այն, ինչ գիտակցաբար լռության է մատնվում:
Մի կողմ թողնելով բոլոր նախապաշարմունքներն ու անվստահությունը` միջամուխ լինենք բուն հետազոտության մեջ` գնելով Ջենովայի մամուլի կրպակներում, քաղաքի կենտրոնում եւ երկաթուղային կայարանում վաճառվող որեւէ արաբական թերթ: Վերցնենք կահիրեյան ՙԱլ-Ահրամ՚` թարգմանաբար` ՙԲուրգեր՚ կամ երուսաղեմյան ՙԱլ-Ղուդս՚` թարգմանաբար` ՙՍրբազան քաղաք՚ միջազգային կարգավիճակ ունեցող կամ կահիրեյան ՙԱլ-Նաբա՚` ՙԼուրեր՚ թերթերը: Ընթերցումը չենք սկսի առաջին էջից, քանի որ այն պատմում է մեզ հայտնի նորությունների մասին (արաբական այս թերթերը միշտ մեկ օր ուշացմամբ են հասնում), այլ վերջին էջից: Ինչո՞ւ հենց վերջից. որովհետեւ հենց այնտեղից մենք կկարողանանք իմանալ ինչ-որ կոնկրետ բաներ` մեզանից շատ տարբեր աշխարհի մարդկանց առօրյա սովորական կյանքի մասին:
Ձայնասփյուռին, հեռուստատեսությանը, կինոարվեստին ու թատերական ներկայացումներին նվիրված էջում, ահավասիկ, առանձնանում է ուշագրավ վերնագիր. ՙՈ՞ւր գնալ այս երեկո՚: Ցուցակում գտնում ենք Շերլոկ Հոլմսի մասին լայնորեն գովազդվող շարժանկար, տարբեր աստղերի կյանքին վերաբերող հոլիվուդյան պատմություններ, օրինակ` Նիկոլ Քիդմանի եւ այլոց մասին, մի քանի անմեղ ասեկոսեներ, ժպտացող կանացի հրաշալի բաց եւ անքող դեմքերի լուսանկարներ: Մարդկանց տեղեկացնում են երիտասարդ նկարիչների մոտալուտ ցուցահանդեսի բացման, իտալական բալետի ներկայացման, Կահիրեում հայտնի թատերական դերասանուհու գտնվելու վերաբերյալ լուր եւ այլն: Այստեղ տեղին է ինքներս մեզ հարցնենք. ո՞ր տեսակ ընթերցողի համար են հրապարակվում այս բոլոր նորությունները, եւ հասարակության սոցիալական ո՞ր շերտերին է դիմում թերթը: Միգուցե նրա՞նց, ովքեր վերջին նախընտրական շրջանում հարում էին ազատականներին, որոնք հակադրված էին ՙմահմեդական-եղբայրներին՚: Իսկ միգուցե եգիպտական իսլամի ավանդական հոսանքին պատկանող ՙսալաֆիթների՞ն՚:
Բայց, եկեք չշտապենք: Կրկին էջն էջի հետեւից աչքի տակ անցկացնենք առկա հրապարակումները` ակնհայտի ու տարրականի դեմ ապացույցներ որոնելու հույսով: Կանգ առնենք մշակույթին նվիրված էջի վրա: Այստեղ մենք կգտնենք գրականության գծով Նոբելյան մրցանակ ստացած շվեդ գրողի մասին հոդվածը: Նույն տեղում է նաեւ նրա հեղինակած երկերից մեկի արաբերեն թարգմանությունը: Հիշյալ հոդվածի ու թարգմանության կողքին զետեղված է Կահիրեի համալսարանի փիլիսոփայության դասախոսներից մեկի հետ հարցազրույցը, որում վերջինս խստորեն դատապարտում է իսլամի միստիկական հոսանքի` սուֆիականության ուսմունքը: Հաջորդ օրն այլ թերթում գտնում ենք տղամարդ եւ կին ընթերցողների գրած բանաստեղծություններով լի էջը: Հիշում եմ, որ դրանցից երկուսը շատ լավն էին: Գաղափարների առնչականության համաձայն մեջբերում եմ ՙԱլ-Ահրամ՚ թերթի մշտական սյունակում զետեղվող թերթի խմբագրության ստացած նամակները, որոնցում արտահայտվում են ամենատարբեր տեսակետներ, անմիջական դիտարկումներ, քննադատություն եւ տարատեսակ դատողություններ, օրինակ, Մուբարաքի ու նրա ընտանիքի վերաբերյալ: Կան մտահոգեցնող հարցականներ. ՙո՞ւր է գնում Եգիպտոսը՚ կամ պահանջներ. ՙժողովրդավարության կարիք ունենք՚: Միաժամանակ, հայտնաբերում ենք, որ արաբերենում ժողովրդավարության եւ բռնապետության համար չկան համարժեք բառեր. ասվում է ՙդիմուկրատիա, դիկտատուրիա՚: Այնուհետեւ հանդիպում ենք ՙայլեւայլ՚ կամ ՙմարդիկ՚ վերտառությամբ խորագրերի, որոնցում սովորական մեկնաբանները խոսում են սովորական մահկանացուների սովորությունների եւ ավանդույթների մասին:
Եթե մենք ոչ առաջին պլանի սույն տեղեկատվությունից, որը մեզ թույլ է տալիս պատկերացնել բնական մարդկային միջավայր եւ ոչ թե ատամների մեջ դաշույներ բռնած եւ գոտիներում պայթուցիկ ռումբ թաքցրած` Արեւմուտքի նկատմամբ ատելությամբ լի մոլեռանդ ծայրահեղականներին, անցնենք ավելի լուրջ էջերին, ապա ընթերցելու հանդեպ մեր հետաքրքրությունը չի նվազի. ամենաարդիական եւ հրատապ թեմաները լուսաբանված են հստակ եւ առանց հիստերիայի նշույլի: Մի քանի ամիս առաջ ՙԱլ-Ահրամ՚ թերթի մի ամբողջ էջ նվիրված էր ղպտի քրիստոնյաների եւ մահմեդականների հարաբերություններին` պարունակելով երկու կրոնների տարբեր ներկայացուցիչների հարցազրույցներ` ղպտիների պաշտպանության օգտին նոր օրենքի ընդունման նախաձեռնության կապակցությամբ: Առկա էր խորքային տարբերությունները չվիճարկող տեսակետների խաղաղ փոխանակում: Հետագայում, երբ տեղի են ունեցել մահմեդական ծայրահեղականների կողմից ղպտական եկեղեցիների հրկիզման ծանր դրվագներ, ուղղափառ մահմեդականության պահապան Ալ-Ազհար համալսարանը հանդես է եկել այդ գործողությունների դատապարտությամբ, հայտարարելով, որ նման վարքագիծն իսլամի հետ համատեղելի չէ (գրանցվել է նաեւ ծիծաղաշարժ մի դրվագ, երբ մահմեդական թեկնածուն` խաչելությունը ձեռքին գնացել էր ղպտիների թաղամաս` քրիստոնյաների ձայները շահելու հույսով):
Եվ, վերջապես, վերջին ամիսներին Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանումը, սկսած հրապարակներում Մուբարաքի դեմ բուռն ցույցերից եւ քաղաքացիական ու զինվորական իշխանությունների (Tantaui e Ganzuri) միջեւ հակասությունների պարբերական արձանագրումից ընդհուպ մինչեւ վերջերս մի քանի փուլով անցկացված ընտրությունները, եղել է հավասարակշռված ու սպառիչ: Դա հաստատվում էր նաեւ ընտրատարածքների առջեւ հերթերում կուտակված ամենատարբեր տարիքի տղամարդկանց եւ կանանց լուսանկարներով: Տեսանելի էր նրանց ոգեւորությունը` ՙվերջին 60 տարիների ընթացքում առաջին իսկական ընտրությունների՚ կապակցությամբ: Իրականացվում էր քվեարկության օրինականության վերահսկողություն, հասարակության ուժերով տարեցներին եւ հաշմանդամներին աջակցություն էր ցուցաբերվում, որպեսզի բոլորը քվեարկելու հնարավորություն ունենան:
Թերեւս, ոգեւորությունը կարելի է կառավարել, բայց, այնուամենայնիվ, լրագրողական հաղորդումները հորինված չէին: Մի քանի օր առաջ ՙԱլ-Ահրամ՚ թերթում կար խոշոր վերնագիր` ՙՀեղափոխության ոգին հաղթանակում է՚: Հոդվածը հանդես էր գալիս ազգային համաձայնության, ինչպես նաեւ հեղափոխական ժողովրդավարության եւ երիտասարդության ու ժողովրդի ներկայացուցիչների միջեւ համագործակցության հաստատման կոչով:
Հետեւաբար, եվրոպական Արեւմուտքի եւ Միջերկրականի հարավային ափի իսամի միջեւ հարաբերությունների ներկայիս նուրբ պահին պետք է գտնվի մի անցումային տարբերակ` հիստերիայի եւ որոշակիորեն առկա դրական ազդանշանների բարյացակամ գերագնահատման միջեւ: Հենց մենք` իտալացիներս, կարող ենք նպաստել, որ հուսո նավը չբախվի ժայռերին: Որքան հնարավոր է շատ տեղեկատվություն առաջին ձեռքից, որքան հնարավոր է լայն անձնական շփումներ սոցիալական եւ մշակութային մակարդակի վրա (այնտեղ է լինելու արաբական բուրժուազիան): Ահավասիկ այն առաջին քայլերը, որ պետք է կատարել քաղաքակրթությունների բախման փակուղուց խուսափելու համար: Քաղաքակրթությունները, եթե դրանք հիրավի այդպիսին են, ստեղծված են հանդիպելու եւ ոչ թե բախվելու համար:
http://inosmi.ru/world/20120127/184110884.html
Հրապարակման բնագիրը.