Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան
Սեպտեմբերի 12-17-ը Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի Բաքու կատարած այցը կարելի կլիներ տարածաշրջանային համարել, եթե մի «բայց» չլիներ։ Իսրայելական պաշտպանական գերատեսչության ղեկավարը Հայաստան չի այցելել և կովկասյան շրջայցի 6 օրերից 5-ն անցկացրել է Բաքվում։ Այստեղ տեղին է հիշեցնել Վրաստանի հետ Իսրայելի բավականին տարողունակ հարաբերությունների մասին, որոնք մինչև 2008 թվականը հիմնականում տեղավորվում էին ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում։ Սակայն 08.08.08-ի պատերազմն իր ճշգրտումները մտցրեց նաև երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունում, և այդ համագործակցությունը ցայսօր չի վերականգնվել։ Ուստիև, ստիպված ենք փաստելԼիբերմանի թբիլիսյան այցի զուտ արարողակարգային բնույթը։Իսկ ահա Բաքվում իսրայելցի նախարարը խոսելու շատ բան ուներ։ Լիբերմանը բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի նախագահի, վարչապետի, փոխվարչապետի, պաշտպանության նախարարի, արտակարգ իրավիճակների նախարարի, արտգործնախարարի, սահմանապահ զորքերի հրամանատարի հետ։ Լիբերմանը քանիցս եղել է Ադրբեջանում որպես Իսրայելի արտգործնախարար և որպես վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Այստեղ նաև հարկ է հիշեցնել, որ այս տարի պաշտպանության նախարարի պաշտոնում Լիբերմանը միայն վերջին պահին հետաձգեց իր այցը Բաքու, որտեղ նա պիտի մասնակցեր հունիսի 26-ին նախատեսված ռազմական շքերթին։ Պատճառը նույն այդ միջոցառմանը Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամիի մասնակցությունն էր։ Ադրբեջանի նկատմամբ անթաքույց հետաքրքրության մեջ Իրանի դերին մենք դեռ կանդրադառնանք, իսկ այժմ վերադառնանք Լիբերմանի ադրբեջանական ճամփորդության արդյունքներին։
Բաքվում կայացած բանակցությունների պաշտոնական արդյունքների մասին բավականաին ժլատորեն հայտարարվեց, ադրբեջանական մամուլի համար արվեցին ծեծված հայտարարություններ ու առանց մանրամասների, իսկ հիմնականը մնաց դռների ետևում։ Պաշտոնական մասը սահմանափակվեց այն փաստի արձանագրմամբ, որ կա երկուստեք բավարարվածություն տնտեսական, ռազմական, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում կապերի զարգացմամբ։ Նաև վստահություն հայտնվեց, որ Լիբերմանի այցն «իր ներդրումը կունենա երկու երկրների միջև համագործակցության գործում»։ Ի պատասխան իսրայելական լրատվամիջոցների գրոհի՝ այդ երկրի ՊՆ պատասխանատուներն առաջարկեցին նկատի ունենալ Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության թեմայի նրբանկատությունը, ինչը, ըստ նրանց, բացառում է Լիբերմանի ադրբեջանական բանակցությունների բովանդակության մասին արտահոսքի հնարավորությունը։
Զինական համագործակցություն
Իսրայելի հետ 1992 թվականին դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո Ադրբեջանը ցայսօր հանդիսանում է այն փոքրաթիվ մուսուլմանական երկրներից մեկը, որը զարգացած քաղաքական ու տնտեսական հարաբերություններ ունի Երուսաղեմի հետ։ Հնարավորություն ունենալով միայն Ռուսաստանից ու Ադրբեջանից նավթ գնելու՝ Իսրայելը ձեռք է բերում Ադրբեջանում արդյունահանվող նավթի շուրջ 40 տոկոսը։ Իսրայելը նաև Ադրբեջանի թիվ երկու գործընկերն է (Ռուսաստանից հետո) համաշխարհային զինագործական շուկայում։ Այսպես, եթե Բաքուն արդեն Մոսկվայից գնել է 5 միլիարդ դոլարի զինատեսակներ, ապա Երուսաղեմն ընդամենը 1 միլիարդով է զիջում։ Ըստ Իսրայելի Պաշտպանության նախարարության պաշտպանական արտահանման բաժնի՝ ընթացիկ տարվա մայիսին հրապարակված տվյալների՝ 2017 թվականին զենքի իսրայելական արտահանման ծավալը կազմել է 9.1 միլիարդ դոլար։ Այս թվի 13 տոկոսը բաժին է ընկնում Ադրբեջանին։ 2016 թվականին իսրայելական զինատեսակների գնումների ծավալով Ադրբեջանը երկրորդն էր Հնդկաստանից հետո, իսկ 2017 թվականին երրորդը՝ Հնդկաստանից ու Վիետնամից հետո։ Այսօր Ադրբեջանն Իսրայելից հիմնականում գնում է անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա, ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցներ, հակաօդային պաշտպանությ ան միջոցներ, հակատանկային հրթիռներ և այլ բարձր տեխնոլոգիական զենքեր։
Ադրբեջանցի ռազմական փորձագեհ Ուզեիր Ջաֆարովի գնահատմամբ՝ Լիբերմանի այցի ժամանակ նոր որոշումներ են ընդունվել իսրայելական զինատեսակների մատակարարման ուղղությամբ։ Սակայն դրանց գաղտնազերծումը հնարավոր կլինի միայն տարեվերջին, երբ Ադրբեջանն ու Իսրայելը ՄԱԿ-ին կներկայացնեն գնած և վաճառած զինատեսակների մասին հաշվետվություն։ Փորձագետն, ընդսմին, իսրայելական զենքերն ավելի տեխնոլոգիական և որակյալ է համարում, քան Ռուսաստանից գնածները։ Իսկ ահա ՌԴ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմեթ Հաջիզադեն վստահ է, որ Ադրբեջանը կշարունակի զենքեր գնել Ռուսաստանից, բայց ոչ թե դրանց որակի, այլ զուտ քաղաքական նկատառումներով։ Ըստ նրա՝ դա լիովին բացառում է իսրայելական և ռուսատանյան զինատեսակների միջև մրցակցությունը։ Այստեղ տեղին է հիշեցնել Ադրբեջանոմւ հունիսի սկզբին 300 կիլոմետր առավելագույն հեռահարությամբ LORA օպերատիվ-տեխնիկական համալիրի ներկայացման մասին։ Շարունակվում են դեռևս 2015-ին Ադրբեջանի սկսած բանակցությունները «Երկաթե գմբեթ» (Iron Dome) հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակող իսրայելական Rafael ընկերության հետ։ Իսրայելը փորձում է վաճառել առնվազը 5 նման համակարգ՝ մի քանի հարյուր հրթիռներով հանդերձ, ինչը Բաքվի համար կարժենա 400 միլիոն դոլար։ Իսրայելի համար սույն պայմանագրի կնքումն առանցքային է, քանի որ դա ունակ է խթանել այդ համակարգերի վաճառքի նոր պայմանագրերի կայացումը, մասնավորապես Հնդկաստանի հետ։ Իր հերթին՝ Ադրբեջանիւ հետաքրքրությունն այդ համակարգերի նկատմամբ պայմանավորված է Բաքուն պաշտպանելու անհրաժեշտությամբ Իրանի, Հայաստանի և մայրաքաղաքին հարող կասպիական տարածքային ջրերի կողմից։
Այսպիսով, Լիբերմանի ադրբեջանական ճամփորդության նպատակներից մեկը կարող էր լինել բանակցությունը «Երկաթե գմբեթի» շուրջ։ Դրանով Լիբերմանն իր ջանքերը ներդրած կլիներ այն հաջող բանակցություններն ամրապնդելու գործում, որոնք Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Բաքվում վարել էր ռազմական նոր պայմանագրերի կնքման վերաբերյալ։ Ընդսմին, Բաքու կատարած այցն աներկբա կարևոր էր նաև հենց Լիբերմանի համար։ Ադրբեջանի բարեկամը համարվող և Մոլդովայում ծնված Լիբերմանը նախքան պաշտպանության նախարար նշանակվելը գլխավորում էր Ադրբեջանի և իսրայելական Կնեսետի միջև բարեկամության խումբը, ուստի և առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարևոր է նրա գլխավորած «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության համար ռուսալեզու ընտրողների աջակցությունը։ Ընտրությունների արդյունքների համար կարևոր կլինի նաև իսրայելական ռազմարդյունաբերական համալիրի համար խոշորածավալ պաշտպանական պայմանագրերի կնքմանը նպաստելու գործում ունեցած հաջողությունը։
Տարածաշրջանային կոնստանտը
Ինչպես տեսնում ենք, ի հեճուկս իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների ողջ «նրբանկատության»՝ լրատվամիջոցներին հայտնի են դարձել բավականին շատ հայեցակետեր։ Ու միանգամայն հնարավոր է հաշվարկել Լիբերմանի ադրբեջանական ճամփորդության ռազմական արդյունքները։ Շատ ավելի փակ է տարածաշրջանային, ավելի ստույգ՝ մերձավորարևելյան թեման և մասնավորապես՝ իսրայելցի նախարարի Բաքու կատարած այցի իրանական օրակարգը։ Լիբերմանի ադրբեջանական այցելության կարևոր, եթե ոչ կարևորագույն մասը Բաքվի ու Երուսաղեմի միջև «սլաքների ուղղումն է» Ադրբեջանի հարավային բնագծերում առկա իրավիճակի շուրջ, հատկապես Ադրբեջանի ու Իրանի լարված հարաբերությունների և բուն Իրանում ներքաղաքական լարվածության համապատկերում։
Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը հանգում է ինչպես Իսրայելի ու Իրանի, այնպես էլ ԱՄՆ-ի ու Իրանի միջև առկա խնդիրների ոչ ուժային լուծման։ Իլհամ Ալիևը, հաշվի առնելով հարավային հարևանի դիրքորոշումը, քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք որևէ մեկի պլացդարմը չի դառնա երրորդ երկրների վրա հարձակման համար։ Այդուամենայնիվ, Ադրբեջանի ու Իսրայելի առանձնահատուկ հարաբերությունները՝ իսլամական հանրապետության հետ վերջինիս հակամարտության ենթատեքստում, անվիճելի փաստ են։ Իրանին իսրայելցիների կամ ամերիկացիների կողմից հրթիռառումբային հարվածներ հասցնելու համար Ադրբեջանը պլացդարմի վերածելու հավանականությունը դիտարկվել և մեկնաբանվել են ոչ միայն լրատվամիջոցների, այլև ամերիկյան ու բրիտանական վերլուծական կենտրոնների կողմից՝ 2000-ականների սկզբներից։ Մասնավորապես՝ խոսք էր գնում ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած հինգ ռազմական օդակայանները ամերիկացիներին կամ իսրայելցիներին տրամադրելու մասին՝ որպես Իրանի վրա օդային հարձակման հարթակների։ Գաղտնիք չէ նաև ադրբեջանական ու իսրայելական հատուկ ծառայությունների համագործակցությունն ընդդեմ Իրանի։ Այս լույսի ներքո Լիբերմանի այցին հետևում էին ոչ միայն Իրանում, այլև Հայաստանում, Ռուսաստանում և նույնիսկ Ադրբեջանի դաշնակից Թուրքիայում։
Բաքվի և Երուսաղեմի միջև «սլաքների ուղղումը» շատ հրատապ է թվում Հարավային Կովկասին հարող բավականին ընդգրկուն մի տարածաշրջանում առկա ծայրահեղ պայթյունավտանգ իրավիճակի համապատկերում, տարածաշրջան, որտեղ չկա մի երկիր, որը գոնե միջնորդավորված ձևով ներգրավված չլինի այս կամ այն արտաքին կամ ներքին հակամարտության մեջ։ Ու եթե Թուրքիայի ներքաղաքական ճգնաժամը դեռևս գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ, ապա Իրանի ներքաղաքական զարգացումներն աստիճանաբար վերահսկողությունից դուրս են գալիս։ Իսկ ահա սիրիական Իդլիբի շուրջ այսօր նկատվում է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ու ԱՄՆ-ի շահերի հզորագույն համակենտրոնացում։ Իր հանրագումարով այս ամենը հանդիսանաում է առնվազը տարածաշրջանային ընդգրկմամբ ապագա լրջագույն փոխակերպումների վկայություն։ Նման հեռանկարները չեն կարող չարծարծել տարածաշրջանային վտարյալ Իսրայելի շահերը։ Հենց այս շահերի պաշտպանությամբ է պայմանավորված Իսրայելի պաշտպանության նախարարի արտահերթ այցելությունն Ադրբեջան և նույնիսկ Վրաստան։
Բացի մերձավորարևելյան գործընթացներից՝ Իրանի հարևանների նկատմամբ Իսրայելի հետաքրքրությունը կարող է նաև պայմանավորված լինել Իրանի նկատմամբ միջազգային քաղաքականության այն փոփոխություններով, որոնք նախաձեռնել է Դոնալդ Թրափը։ Ի տարբերություն իր նախորդի՝ Բարաք Օբամայի, Թրամփը շեշտը դնում է ԱՄՆ-ի ու Իրանի առանց այն էլ ոչ լավագույն հարաբերություների սրացման վրա։ Ու նկատի ունենալով Իսրայելի և Կոնգրեսում ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը որոշող այլ գերատեսչություներում իսրայելական լոբբիի հնարավորությունները՝ դա արվում է ոչ վերջին հերթին Երուսաղեմի մատուցմամբ։ Ընդ որում, Իրանի ևս մի հարևան՝ Հաայստանը, որը Արցախի հետ միասին բավականին երկար սահման ունի Իրանի հետ, ոչ միայն չի միանում պատժամիջոցներին, այլև հայ-իրանական սահմանին ստեղծում է ազատ առևտրի գոտի։ Ավելին՝ Երևանը պատրաստվում է ռուսաստանյան զորախմբի կազմում Սիրիա ուղարկել իր զինվորականներին։
Այս ամենը չէին կարող չնկատել Երուսաղեմում, ինչն էլ արտահայտվեց պաշտպանության նախարարի կողմից լիարժեք տարածաշրջանային այցից հրաժարումով։ Սա ուշագրավ է հատկապես հաշվի առնելով 2017 թվականին Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իսրայելական փորձերը, ինչի նպատակով մեր հանրապետություն էին ժամանում տարբեր մակարդակի էմիսարներ։ Դատելով Լիբերմանի Երևան չայցելելու փաստից՝ այդ փորձերն անպտուղ էին։ Հայաստանը չէր կարող իրեն թույլ տալ լարված հարաբերություններ ունենալ երկու բարի հարևաններից մեկի հետ, այն էլ՝ Բաքվի ու Անկարայի ջանքերով կիսապաշարման պայմաններում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա իսրայելցիները շարունակում են ջանքեր գործադրել, որպեսզի Ադրբեջանը պլացդարմ դառնա իրենց հակաիրանական քաղաքականության համար։ Դրա փոխարեն Իսրայելն Ադրբեջանին առաջարկում է ավելի շատ զենք, որոնք հատագայում կարող են օգտագործվել Ադրբեջանի ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող երկրների դեմ։ Ըստ ադրբեջանական համապատասխան դոկտրինի՝ այդպիսին հանդիսանում են մերձկասպյան այս հանրապետության բոլոր հարևան երկրները՝ բացի Թուրքիայից։