Կամ՝ հաշմված արտոնություններ
Ելիզավետա ՊՈՂՈՍՅԱՆ
2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաշվառված է 8 427 հաշմանդամ, որոնցից 375-ը մինչև 18 տարեկան երեխաներ են:
Առաջին կարգի հաշմանդամների` պետության կողմից նշանակված թոշակը 31 հազար դրամ է, երկրորդ կարգի հաշմանդամներինը՝ մինչև 29 հազար, երրորդ կարգի հաշմանդամներինը` 19 հազար դրամ:Ըստ Արցախի աշխատանքի, սոցալական հարցերի և վերաբնակեցման նախարարության տեղեկատվության՝ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները դեղորայք ձեռք են բերում անվճար, իսկ 3 –րդ խմբի հաշմանդամները՝ 50% զեղչով, իրականացվում են անկողնային հիվանդների տնային այցեր և մի շարք այլ ծրագրեր:
Որքանո՞վ են ձեռնարկված այս միջոցներն օգնում հաշմանդամներին՝ հաղթահարելու իրենց խնդիրներն ու սոցալական հարցերը:
Առաջին կարգի հաշմանդամ ՌուզաննաՍարգսյանի մայր Լենա Սարգսյանի խոսքերով` Ռուզաննան ստանում է 30 հազար դրամ թոշակ, դեղորայքի կեսը սեփական միջոցներով են գնում, քանի որ սահմանված դեղերը քիչ քանակությամբ են տրվում: «Ամեն ամիս բժշկական կաբինետներով պիտի անցնես, ստորագրել տաս փաստաթղթեր, որպեսզի դեղերը ստանաս: Երբեմն չեմ էլ գնում, հոգնել եմ արդեն»,- պատմում է մայրը :
Հավաստիացնում է, որ ոչ մի բժիշկ էլ չի այցելում տուն, նույնիսկ տեղամասային բժիշկը չի ճանաչում իր դստերը:
Ինքն ամեն տարի նամակ է գրում, բայց՝ «ձայն բարբառո հանապատի»…
Այս օրինակը խոսում է ոչ միայն օրենքի անկատարության, այլև անգամ այդ, մեղմ ասած, ոչ կատարյալ օրենքի թերակատարման մասին :
Հաշմանդամները, թվում է, արտոնություններ ունեն, բայց իրականում դրանք էապես չեն փոխում նրանց սոցալական վիճակը, իսկ բյուրոկրատական քաշքշուկներն էլ տվյալ դեպքում դրդում են, որ մարդիկ հրաժարվեն
անգամ այդ անբավարար արտոնություններից:
Մի՞թե տեղյակ չեն այս մասին պատկան մարմինները։ Իսկ կա՞ վերահսկող մարմին։ Որևէ մեկը ստուգու՞մ է իրականացվող ծրագ’երի արդյունավետությունը:
Ըստ իս, հաշմանդամություն ունեցող անձանց համար օրենքով սահմանված փոքրիշատե արտոնությունները ոչ լիովին են կիրառվում։ Ավելիին հասնելու համար էլ պայքարել է պետք։
Բայց դեռ կա՞ ուժ այդ փխրուն մարմիններում։ Կպայքարե՞ն իրենց իրավունքների համար, թե՞ հուսահատ հետ կքաշվեն։
Թե՞ հանրությունը պիտի սատար կանգնի նրանց։ Ու նրանց իրավունքներին։
Կա՞ն, արդյոք, այս հարցով զբաղվող հասարակական կազմակերպություններ։
Հարցեր, հարցեր…