(“Georgian Times”, Վրաստան) Հարցազրույց Վրաստանի նախկին արտգործնախարար, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իրակլի Մենաղարիշվիլու հետ
Ֆրիդոն ԴՈՉԻԱ
– Ի՞նչ եք կարծում, որքա՞ն հաջողված էին Բիձինա Իվանիշվիլու եւ նրա թիմի կառավարման 100 օրերը:
– Կառավարությունը հիմնականում հետեւում է ծրագրային փաստաթղթերում հռչակված ուղեգծին: Դա վերաբերում է թե արտաքին, եւ թե ներքին քաղաքականությանը: Սակայն հաջողությունը չի կարող ապահովվել միայն մեկ կողմի ջանքերով: Չէ՞ որ այսօր Վրաստանում բարդ, ՙերկբաղադրիչ՚ իշխանություն է, եւ այս 100 օրերի հիմնական մարտահրավերն այս բաղադրիչների ՙփոխգոյակցության՚ ապահովումն էր, որը գործնականում ենթադրում է ոչ թե պարզ համակեցություն, այլ` համագործակցություն ու համատեղ գործունեություն: Ցավոք, իշխանական նոր ճարտարապետության անցած 100 օրը ցույց է տվել, որ այդպիսի համատեղ գործունեությունը դեռեւս կարգավորված չէ:
– Շատ փորձագետների կարծիքով` Աբխազիայի միջով անցնող երկաթգծի վերաբացումը Վրաստանի համար կարող է եկամտաբեր լինել: Միաժամանակ, ՙԱզգային շարժումը՚ եւ անձամբ Միխեիլ Սաակաշվիլին պնդում են, որ Աբխազիայի միջով անցնող երկաթգծի վերագործարկումն անհնարին է Աբխազիայի ապաբռնազավթումից առաջ: Դա իրո՞ք այդպես է:
– Երկաթգծի այդ հատվածն աբխազական խնդրի շուրջ ձեւավորված համայնապատկերի սոսկ մի բաղադրիչն է: Երկաթգծի այս հատվածի վերագործարկումը չի կարող ընդհանուր համատեքստից դուրս քննարկվել: Այն հայտարարությունները, թե երկաթգծի աբխազական հատվածի վերաբացումը հնարավոր է միայն Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո` միանգամայն անհիմն են: Ավելին` վերաբացումը պետք է դառնա Աբխազիայի բնակչության հետ հաշտության ընդհանուր ռազմավարության կարեւոր բաղկացուցիչը:
– ՙԱզգային շարժման՚ պնդմամբ` Իվանիշվիլին եւ ՙՎրացական երազանքը՚ ռուսամետ ուժ է. նրանք շեղվել են եվրոպական ուղուց եւ վերջնականապես հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց: Թեեւ Վրաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ ՙինքը դեռեւս չի տեսել այնպիսի գործողություններ, որոնք կհամոզեին, որ երկրում իշխանության է եկել ռուսամետ ուժ՚: Ձեր կարծիքով, նրանցից ո՞վ է իրավացի:
– Ցավոք, քաղաքական ընդդիմախոսների դեմ նման կլիշեներն ամենուր եւ համատարած են օգտագործվում: Որպես կանոն` այդ կլիշեների հեղինակներին բոլորովին չի հուզում դրանց անապացուցելիությունը: Ապացույցներ, իրոք, չկան:
– Վերջերս ուրվագծվել է որոշակի ջերմացում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերություններում: Ո՞ւմ հետ եք Դուք այն կապում:
– Ես առայժմ չէի շտապի ջերմացման մասին խոսել, քանի որ շփում հաստատելուն միտված սոսկ առաջին քայլերն են արվել` Վրաստանի վարչապետի առաջարկված խողովակով: Այսուհանդերձ, այդ խողովակը շատ կարեւոր է, եւ վերջինիս ստեղծումը նույնպես ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ծրագրի մասն էր:
– Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնի ստեղծումը եւ այդ պաշտոնին Զուրաբ Աբաշիձեի նշանակումը:
– Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ խզված են դիվանագիտական հարաբերությունները: Դրանք չեն կարող վերականգնվել, քանի դեռ Ռուսաստանը բռնազավթում է մեր տարածքի մի մասը: Այսպիսի իրավիճակում այդ որոշումը թերեւս լավագույնն էր:
– Ձեր կարծիքով, ո՞ւմ կողմից է սադրվել փետրվարի 8-ին Ազգային գրադարանի շենքի հարեւանությամբ Սաակաշվիլու կողմնակիցների ու հակառակորդների միջեւ տեղի ունեցած բախումը:
– Իհարկե, անհրաժեշտ էր անել ամեն ինչ` բախումը չթույլատրելու համար: Ուժային կառույցների գործողություններն ակնհայտորեն բավարար չէին: Միաժամանակ, դուք նույնպես տեսել եք, թե ինչ վարքագիծ էին դրսեւորում նախագահի ելույթն ունկնդրելուն հրավիրված որոշ մասնակիցներ: