Անտոն ԵՎՍՏՐԱՏՈՎ
Քաղաքագետ
Վորոնեժ
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության եւ 5+1 խմբի միջեւ ս.թ. հուլիսին Վիեննայում ստորագրված համաձայնությունն, ի հեճուկս փաստաթղթի ողջ հակասականության, բոլոր հնարավորություններն ունի դառնալու Մերձավոր Արեւելքում եւ հարակից տարածաշրջաններում նոր տնտեսական եւ աշխարհաքաղաքական իրողությունների կառուցման ելակետ: Ահռելի տնտեսական կարողությունների տեր եւ քաղաքականապես հզոր Իրանի ներուժի ապաշրջափակումը դրական եւ կայունացնող ազդեցություն կունենա Սիրիայի, Եմենի, Իրաքի եւ Աֆղանստանի վրա, կհանգեցնի հարավկովկասյան Հայաստանի եւ Վրաստանի տնտեսությունների ամրապնդմանը եւ կնվազեցնի տարածաշրջանային ապակայունացնողների՝ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Կատարի եւ Ադրբեջանի ագրեսիան ու քաղաքական հավակնությունները:
Թեեւ մոտակա հինգ տարիների ընթացքում Իրանը չի կարողանա գործարքներ կնքել էմբարգոյի ցանկում ներառված սպառազինությունների ձեռքբերման ուղղությամբ, ակնհայտ է, որ վերջինիս ռազմական հզորությունն աճում է: Դրան է նպաստում արեւմտյան բանկերում երկրի 100 միլիարդի հասնող ակտիվների ապասառեցումը, ինչպես նաեւ թույլատրված սպառազինությունների տեսակների մատակարարումները, օրինակ՝ Մոսկվայի կողմից Թեհրանին խոստացված ռուսական հակաօդային Ս-300 համակարգերի վաճառքը: Եթե հեռավոր 2010թ. հիշյալ համակարգերի գնման համաձայնագրի կասեցումը կապված էր ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների բացասական դիրքորոշման հետ, ապա ներկայումս Իրանի հանդեպ նրանց վերաբերմունքը փոխվել է. Թեհրանի նկատմամբ մոտեցումների փոփոխությունները հետզհետե ավելի իրապաշտական ուղղությամբ են ընթանում: Թեեւ Ս-300-ը վաղուց հակաօդային պաշտպանության նորագույն համակարգը չէ, այն լրջորեն կմեծացնի Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությունը՝ զսպելով տարածաշրջանային մրցակիցներին եւ Իսրայելի պես Թեհրանին բազմիցս «կանխարգելիչ հարվածով» սպառնացած բացահայտ թշնամիներին չմտածված ագրեսիվ գործողություններից: Դա, իր հերթին, թույլ կտա Իրանի Իսլամական Հանրապետությանն ավելի ազատ աջակցել Սիրիայի օրինական նախագահ Բաշար ալ Ասադին՝ «Իսլամական Պետության» եւ այլ ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում: Բացի դրանից, Իրանը կկարողանա ավելի լայնորեն սատարել շիա «Հըզբոլլահ» շարժմանը, որի գրոհայինները Իսրայելին հակադրվելուց բացի սիրիական ճակատում պայքարում են Իսլամական Պետության սալաֆիների դեմ:
Ասադն, իհարկե, իդեալական առաջնորդ չէ, բայց նրան անգամ չի կարելի համեմատել նրանց հետ, ովքեր Արաբական թերակղզու միապետությունների ու Թուրքիայի ուղղակի եւ Իսրայելի ու մի շարք արեւմտյան երկրների անուղղակի աջակցությամբ ձգտում են Սիրիայում իշխանության հասնել: «Իսլամական Պետությունը», «Ջաբաթ ալ-Նուսրա» եւ ավելի չափավոր սիրիական սունի ապստամբները լավագույն դեպքում Սիրիան կվերածեն թալիբական Աֆղանստանի պես երկրի, իսկ վատթարագույն դեպքում այն նախաթալիբյան Աֆղանստան կդարձնեն, որտեղ յուրաքանչյուր խմբավորումն անվերջ արյունոտ պայքար կմղի յուրաքանչյուր այլ խմբավորման դեմ: Ակնհայտ է, որ ո՛չ Արեւմուտքը, ո՛չ էլ Ռուսաստանը ներկա քաղաքական դիրքավորմամբ եւ ներազդելու հնարավորություններով Սիրիայում չեն կարող կարգուկանոն հաստատել: Հենց սա էլ թելադրում է սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում Իրանի մասնակցության շուտափույթ ընդլայնման անհրաժեշտությունը:
Պետք չէ մոռանալ նաեւ եմենական իրադարձությունների մասին: Թեեւ Թեհրանն ու հուսիթները ժխտում են միմյանց հետ ուղղակիորեն համագործակցելու վերաբերյալ մեղադրանքները, ակնհայտ է, որ ուժեղացած Իրանը չի կարող անտարբեր լինել Սաուդյան Արաբիայի եւ նրա դաշնակիցների կողմից նորագույն սպառազինությունների կիրառմամբ Եմենի շիաների շարունակական ոչնչացման նկատմամբ: Հուսիթները թեեւ սաուդիթների համեմատ համարյա անզեն են, բայց կարողանում են թագավորության տարածքում ռազմակայաններ գրավել եւ նրա զինվորականներին խուճապահար փախուստի մատնել: Հետեւաբար, Իրանի կողմից անգամ աննշան աջակցությունը կարող է Սաուդյան Արաբիան ռազմական աղետի շեմին կանգնեցնել: Էլ չենք խոսում Սաուդյան Արաբիայի արեւելյան նավթաշատ շրջաններում համակողմանի խտրականությունից տառապող եւ նախկինում բազմիցս ապստամբած շիա մեծամասնության՝ իրանական հնարավոր խրախուսմամբ հեղափոխական ակտիվությունը: Նրանք դեռ չեն մոռացել իրենց հոգեւոր առաջնորդ շեյխ Նիմրի նկատմամբ վերջերս արձակած մահվան դատավճիռը: Այն իրականացնելու դեպքում նրանք մեծ սիրով վրեժխնդիր կլինեն սաուդյան իշխանություններից: Դրանից հետո թագավորությունը Սիրիայով կամ Եմենով զբաղվելու ժամանակ ու պատեհություն հաստատ չի ունենա:
Բացի դրանից, Իրանն ընդունակ է հեշտորեն նվազեցնել վերոհիշյալ ծայրահեղականներին աջակցող Սաուդյան Արաբիայի եւ Կատարի ակտիվությունը՝ Սիրիայում եւ Իրաքում իր ռազմաքաղաքական ներկայությունը ուժեղացնելու միջոցով: Հենց դրանով է պայմանավորված Բաշար ալ Ասադի բանակի վերջին հակահարձակումը եւ վերջինիս դիրքերի որոշակի կայունացումը: Իրանն իրավիճակի վրա կարող է ազդել թե՛ուղղակիորեն՝ իր զինվորականներին խորհրդատուների տեսքով ռազմաճակատ ուղարկելով, եւ թե՛անուղղակիորեն՝ «Հըզբոլլահ» գրոհայինների նորանոր ջոկատները մարտի դաշտ նետելով: Պատժամիջոցների վերացումից եւ երկրի տնտեսական-քաղաքական իրավիճակի բարելավումից հետո թե՛մեկը, եւ թե՛մյուսն ավելի է հեշտացվելու:
Հետաքրքիր է, որ Իսրայելի չկայացած դաշնակից Ադրբեջանը Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ պատժամիջոցների վերացումից հետո ականատես կլինի իր բազմաթիվ երազանքների տապալմանը: Նախ՝ Ադրբեջանն այլեւս չի կարողանա Կասպից ծովի ավազանի սահմանազատման հարցում Իրանից զիջումներ կորզել: Երկրորդ՝ Բաքուն զրկվում է ԱՄՆ եւ Եվրամիության աջակցությունից, առավել եւս՝ ԵԱՀԿ գրասենյակի փակումից հետո: Երրորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ի հեճուկս նախագահ Հասան Ռոհանիի՝ հարեւանների նկատմամբ խաղաղարար քաղաքականություն հռչակելու հանգամանքի, կարող է առիթը բաց չթողնել պատժելու իր հյուսիսային հարեւանին՝ թուրքական անջատողականությունը հրահրելու, Իրանի քաղաքացիների նկատմամբ մեղադրական դատավճիռներ արձակելու եւ պատգամավորների ու կառավարության անդամների մակարդակով հնչած հակաիրանական հռետորաբանության համար: Իրանը դա կարող է անել նաեւ Ղոմի հոգեւորականության ազդեցության ներքո գտնվող ադրբեջանցի շիաների միջոցով:
Ինչպես տեսնում ենք, արդեն իսկ ոչ սառը տարածաշրջանում առավել տաք գլուխներին զսպելու համար Թեհրանն ունի անհրաժեշտ լծակները, իսկ պատժամիջոցների վերացումից եւ Իրանի հանդեպ Արեւմուտքի առաջատար տերությունների վերաբերմունքի փոփոխությունից հետո Իրանի Իսլամական Հանրապետության մանեւրելու տարածությունն էլ ավելի է ընդլայնվելու: Դրան նպաստելու է նաեւ Իրանի տնտեսական ցուցանիշների աճը, որն, անտարակույս, տեղի է ունենալու միջուկային պայմանագրի դրույթների ուժի մեջ մտնելուց հետո:
Միաժամանակ, պատժամիջոցներից ձերբազատված Իրանի տնտեսությունը կարող է հարեւան երկրներին մեծամեծ օգուտներ բերել: «Բախտավորների» շարքում են հայտնվելու իրանական ավտոմոբիլային, քիմիական եւ այլ արտադրանքից վաղուց կախման մեջ հայտնված Իրաքը, իրանական կողմի հետ նոր համատեղ գազատար կառուցող Պակիստանը եւ ներկայումս բացառապես իրանական վարկերով գոյատեւող ու պատերազմի հորձանուտ գահավիժած Սիրիան:
Այս շարքում առանձնակի տեղ է զբաղեցնում Հայաստանը՝ նախկին ԽՍՀՄ-ի (բացառությամբ Ռուսաստանի) Իրանին քաղաքականապես ամենամերձավոր պետությունը: Հատկապես հետաքրքրական է այն փաստը, որ, ի տարբերություն Իրանի Իսլամական Հանրապետության այլ տարածաշրջանային դաշնակիցների, Հայաստանը քրիստոնեական երկիր է: Կարեւոր է, որ Իրանի եւ Հայաստանի փախհարաբերությունները վերջինիս կողմից անկախություն հռչակելուց հետո ունեն բացառապես իրապաշտական բնույթ եւ չեն կապակցվում գաղափարախոսության կամ առավել եւս՝ կրոնական ոլորտի հետ:
Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նպաստելու է մի շարք երկկողմանի նախագծերի զարգացմանը: Նախ՝ երկու երկրներն իրար կապող երկաթգծի կառուցումը: Նախագծի արժեքը 3.2 միլիարդ դոլար է: «Ռուսաստանի երկաթգծեր» ընկերությունն արդեն հրաժարվել է այդ նախագծից: Սակայն իրանական ակտիվների ապասառեցումից եւ Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսության ընթացող վերականգնումից հետո այդ միջոցները կարող են հայթայթվել հենց Թեհրանի կողմից: Երկրորդ՝ դեպի Իրան էլեկտրաէներգիա մատակարարելու հնաարվորություն ունեցող Մեղրու հիդրոէլեկտրակայանը: Երրորդ՝ բարձրավոլտ էլեկտրահաղորդակցային միջանցքը, որն էլ ավելի մեծ ծավալով է ապահովելու հայկական էլեկտրաէներգիայի մատակարարումն Իրան: Այս նախագծերից ոչ մեկը պատժամիջոցների ցանկում ներառված չի եղել, բայց դրանք բոլորը պահանջում են լուրջ իրանական ներդրումներ, որոնց ստացումը ներկայումս ավելի իրատեսական է:
Ընդ որում, իրանական միջուկային խնդրի կարգավորման պարագայում ԱՄՆ-ն եւ Եվրոպան այլեւս չեն փորձելու հեռու պահել Երեւանը հարավային հարեւանի հետ համագործակցելուց: Ավելին, Հայաստանը կարող է դառնալ արժեքավոր հարթակ՝ իրանցի, ռուսաստանցի եւ եվրոպացի գործարարների շփումները կազմակերպելու համար: Հայ-իրանական համագործակցության մեջ կան բազմաթիվ «բայցեր». նավթի գնի անկման հետեւանքով նվազելու են Ռուսաստանից Հայաստան հայ միգրանտների կողմից ուղարկվող դրամական միջոցները, Իրանի Ղազվին եւ Ադրբեջանի Աստարա քաղաքները միմյանց կապող երկաթուղային նոր գծի գործարկումից հետո ստվերվելու են հայ-իրանական երկաթգծի հեռանկաները, եւ այլն: Միաժամանակ ակներեւ է, որ տնտեսապես եւ քաղաքականապես հզորացած Իրանը չափազանց օգտավետ է թուրքական պետությունների կողմից շրջափակման մեջ հայտնված եւ Ռուսաստանի հետ տնտեսական խնդիրների բախվող ժամանակակից Հայաստանի համար:
Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, Վիեննայում մշակված միջուկային համաձայնագրի ողջ անկատարությամբ հանդերձ, Իրանը դարձնելու է Մերձավոր Արեւելքի, Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի հզորագույն տնտեսական եւ քաղաքական կենտրոն: Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական ներուժը դրական ազդեցություն է ունենալու հարակից պետությունների տնտեսությունների վրա, իսկ Թեհրանի քաղաքական ազդեցությունը նպաստելու է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հարցերի ուժային լուծման կողմնակիցներին զերծ պահելով չմտածված ու կործանարար որոշումներից: Տվյալ սցենարի բարենպաստ զարգացման դեպքում այն ի վիճակի կլինի հիշյալ տարածքներում եթե ոչ բարօրություն, ապա գոնե էապես բարելավված իրողություններ ապահովել: