Աննա ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԵՊՀ Քաղաքակրթական եւ մշակութային
հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող
Երեւան
ՙԱրաբական գարունը՚ ողջ աշխարհին ստիպեց սեւեռվել Միջին Արեւելք կոչվող տարածաշրջանի վրա: Այստեղ մեկը մյուսի ետեւից գրեթե բոլոր երկրներում տեղի ունեցան գործընթացներ, որոնք փոխեցին քաղաքական իրադրությունը վերոնշյալ երկրների ներսում եւ հետեւաբար` նաեւ նրանց տեղն ու դերը տարածաշրջանում:
ՙԱրաբական գարնան՚ տեղատարափ իրադարձություններից թուլացած արաբական երկրների կողքին արտաքուստ կայուն Իրանը փորձեց իր հասարակությանը եւ արտաքին աշխարհին ցույց տալ իր ամուր դիրքերն ու ազդեցությունը տարածաշրջանում: Այդ նպատակով նա նախ արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները որակեց որպես ՙհանուն իսլամի՚ մղվող պայքար եւ Իրանի իսլամական հեղափոխության շարունակություն, այնուհետ փորձեց Ծոցի գրեթե բոլոր երկրների հետ առանձին-առանձին այցելությունների եւ բաց նամակների միջոցով երկխոսություն ծավալել տարածաշրջանի եւ մասնավորապես վերոհիշյալ իրադարձությունների վերաբերյալ: Արդյունքում Իրանի նոր ու ավելի ազդեցիկ դերի մասին տարածաշրջանում սկսեցին խոսել ոչ միայն Իրանի հոգեւոր ու աշխարհիկ ղեկավարությունը, այլեւ այդ իրողությունը փաստեցին նաեւ Արեւմուտքում:
Արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին Իրանն արձագանքեց շատերի համար անակնկալ դիրքորոշմամբ: Թվում էր, թե տոտալիտար թեոկրատական պետությունը, որ արյան մեջ խեղդում է հասարակության ցանկացած ընդվզում, չի կարող կողմ լինել արաբական երկրներում իշխող վերնախավի դեմ մղվող պայքարին: Հատկապես, որ շատ փորձագետներ արաբական աշխարհի հասարակությունների այդ ըմբոստությունը համարում էին Իրանում 2009 թվականի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած լայնամասշտաբ ցույցերի ազդեցություն: Շատերն այն կարծիքին էին, որ հեղափոխական այդ ալիքը, որ բռնկվեց նախորդ տարվա դեկտեմբերին Եգիպտոսում, սկիզբ էր առել դեռեւս երկու տարի առաջ Իրանում:
Իրանի ղեկավարությունը, սակայն, դիվանագիտական խորամանկ քայլ կատարեց: Եգիպտոսյան իրադարձությունների հենց սկզբից Թեհրանն իր աջակցությունը հայտնեց ընդվզող մասսաներին` նրանց պայքարը բնութագրելով որպես պայքար ընդդեմ Արեւմուտքի եւ հանուն իսլամի: 2011 թվականի փետրվարի 4-ի ուրբաթօրյա աղոթքի ժամանակ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին անձամբ ողջունեց Եգիպտոսի ցուցարարներին եւ այն համոզմունքը հայտնեց, որ նրանց պայքարը Մուբարաքի իշխանության դեմ շատ նման է Իրանի իսլամական հեղափոխության պայքարին ընդդեմ Իրանի շահի: Թեեւ Եգիպտոսում փողոց էին դուրս եկել եւ մահմեդականներ, եւ քրիստոնյաներ, եւ նրանց պայքարն ընդդեմ բռնապետության էր եւ հանուն սեփական իրավունքների պաշտպանության, դա, սակայն, չէր խանգարում Իրանի հոգեւոր առաջնորդին պնդելու, որ նրանց պայքարը Ալլահին հաճո գործ է:
Սա տոտալիտար երկրներին հատուկ ձեւ է` իրադարձությունները մեկնաբանել այնպես, ինչպես թելադրում է երկրի, իսկ ավելի ճիշտ` վարչակարգի շահը: Այս կապակցությամբ ուշագրավ տեսակետ հայտնեց Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Ալի Գրենմայեն Երեւանում տեղի ունեցած ՙԱրաբական գարնան ազդեցությունը Իրանի վրա՚ թեմայով կլոր սեղան-քննարկման ընթացքում: Նրա խոսքերով` ՙեթե այս իրադարձությունները տեղի ունենային երեսուն տարի առաջ, ապա Խորհրդային Միությունում, որ Իրանի պես տոտալիտար ռեժիմ ուներ, այն կբնութագրվեր որպես պրոլետարների պայքար ընդդեմ կապիտալիզմի՚: Սակայն անկախ նրանից, թե իրականում Եգիպտոսի հասարակությունը ինչի համար էր պայքարում` հանուն ժողովրդավարությա±ն, թե± հանուն Իսլամի, նոր կառավարությունը, որ ձեւավորվեց Կահիրեում Մուբարաքի հրաժարականից հետո, ակնհայտորեն ավելի ջերմ հարաբերություններ է ձեւավորել Իրանի հետ: Եվ դրա ապացույցն այն է, որ արդեն Եգիպտոսի նոր ղեկավարության օրոք Իրանի երկու ռազմանավեր Սուեզի ջրանցքով անցան դեպի Սիրիայի ափերը: Իրողություն, որ անհնար էր պատկերացնել Մուբարաքի ամերիկամետ իշխանության օրոք:
Հունիսի 30-ին երկրի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգեւոր առաջնորդը վտանգավոր համարեց այն միտումը, որ շատերը չեն ուզում ընթացող իրադարձությունների մեջ տեսնել կրոնի, մասնավորապես իսլամի դերը: Իսկ նա վստահ է, որ ոտքի ելած հասարակությունները իսլամական զարթոնք ապրող ժողովուրդներն են: Հետաքրքիր է, սակայն, որ Սիրիայում նույն բնույթի ցույցերի վերաբերյալ Իրանի հոգեւոր առաջնորդը վերոհիշյալ հանդիպման ժամանակ ասաց, որ դրանք կազմակերպված են Ամերիկայի եւ սիոնիստների կողմից եւ որ, հետեւաբար, Իրանն աջակցում է հակառակ թեւին, այսինքն` Բաշար ալ-Ասադի իշխանությանը: Այս պարագայում Իրանը կիրառեց իր կողմից ԱՄՆ-ին անընդմեջ վերագրվող երկակի ստանդարտներ` մի կողմից պաշտպանելով Եգիպտոսի եւ այլ երկրների ցուցարարներին, եւ մյուս կողմից մեղադրելով, դատապարտելով ու բանսարկելով Սիրիայի` փողոց դուրս եկած հանրությանը: Եվ սա միայն այն պատճառով, որ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադը Իրանի ամենամոտ դաշնակիցն է տարածաշրջանում:
Հունիսի 25-ին Իրաքի նախագահ Ջալալ Թալիբանիի հետ Իրանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ռուհոլլահ Խամենեին փաստեց, որ արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են Ամերիկայի դիրքերի թուլացման մասին տարածաշրջանում: Եվ հավելեց, որ քանի որ Սադամ Հուսեյնի վարչակազմի տապալումից հետո այլեւս չեզոքացված է Ամերիկայի պահանջները կատարող ուժը, իսկ հիմա էլ ԱՄՆ-ն կորցնում է իր դիրքերը նաեւ տարածաշրջանի այլ երկրներում, ապա Իրանի եւ Իրաքի ժողովուրդներին ոչինչ չի խանգարում ապրել խաղաղ ու եղբայրական հարաբերություններ ունենալ միմյանց հետ:
Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի հետ հարաբերությունները շտկելու համար Իրանի արտգործնախարար Սալեհին մայիս ամսվա առաջին երկու շաբաթների ընթացքում հասցրեց լինել այդ կազմակերպության անդամ վեց երկրներից չորսում, որտեղ քննարկեց իրադրությունը տարածաշրջանում եւ ամեն առանձին երկրում համապատասխան երկկողմ հարաբերությունները:
Հատկանշական է, որ ՙարաբական գարնան՚ իրադարձությունների ընթացքում Իրանի հոգեւոր դասի խոշոր ներկայացուցիչներից մեկը` Այյաթոլլահ Շիրազին եւ Իրանի Մաջլիսի խոսնակ Ալի Աքբար Լարիջանին հանդես եկան բաց նամակներով, որտեղ կոչ էին անում արաբական երկրներին, մասնավորապես` Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային, դադարեցնել ճնշումները խաղաղ բնակիչների եւ այն ցուցարարների հանդեպ, որոնք պայքարում են հանուն իրենց իրավունքների պաշտպանության: Հարկ եմ համարում ընգծել, որ Բահրեյնի բնակչության յոթանասուն տոկոսը շիաներ են, բայց երկրի կառավարումը սուննիների ձեռքերում է եւ, հետեւաբար, ցուցարարների ճնշող մեծամասնությունը շիաներ են: Իսկ դա նշանակում է, որ նրանց պահանջների ի կատար ածումը, ասել է թե` ընտրությունների անցկացումն ու շիա ղեկավարի ընտրությունն առավել քան ձեռնտու է Իրանին: Ահա թե ինչու Ալի Լարիջանին իր բաց նամակով կոչ էր անում աշխարհի բոլոր երկրների խորհրդարանների ղեկավարներին մարդասիրական կեցվածք դրսեւորել եւ պահանջել Բահրեյնի իշխանություններից անսալ ժողովրդի պահանջին եւ ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնել երկրում: Այաթոլլահ Շիրազին էլ իր նամակում կոչ էր անում հարթել շիա եւ սուննի մահմեդականների միջեւ տարաձայնությունները, կարծիք հայտնելով, թե դրանք հրահրվում են իսլամի թշնամիների կողմից:
Այս բոլոր իրադարձություններն աննկատ չմնացին Արեւմուտքի ղեկավարների, ինչպես նաեւ փորձագետների համար: Ու թեեւ ակնհայտ է, որ Իրանը շատ դեպքերում փաստերը ներկայացնում է իր շահերին համահունչ լույսի ներքո, սակայն այն, որ Իրանն իրոք շատ բան շահեց արաբական երկրների խժդժություններից, դա, կարծում եմ, անուրանալի փաստ է: Այդ մասին գրեցին բազմաթիվ միջազգային պարբերականներ, դա փաստեցին շատ փորձագետներ եւ անգամ Արեւմուտքի որոշ երկրների պաշտոնյաներ:
ՙՌուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ՚ ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը Երեւանում այս տարվա մայիսին կայացած ՙԿովկաս 2010՚ համաժողովի ժամանակ կարծիք հայտնեց, որ Իրանի դերը տարածաշրջանում հետզհետե աճում է, թեեւ այն ավելի շուտ պոտենցիալ կարելի է համարել, քան իրական:
ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնն ապրիլի 15-ին Բեռլինում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ թեեւ փաստեր չկան, որ արաբական երկրների իրադարձությունները հրահրված են Իրանի կողմից, սակայն որ այս իրադարձություններից Իրանը շատ ավելի շահեկան դիրքում է հայտնվել, դա փաստ է: Քլինթոնը նաեւ մեղադրում էր Իրանին տարածաշրջանում ճգնաժամային այդ իրավիճակից օգուտներ քաղելու մտադրության համար:
Մայիսի 26-ին Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտավախություն հայտնեց, որ Իրանը, օգտվելով արաբական երկրների անկայուն իրավիճակից, կփորձի ավելի արագ տեմպերով զարգացնել իր միջուկային ծրագիրը:
Փետրվարի 19-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն իր մտահոգությունը հայտնեց այն կապակցությամբ, որ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում առկա է եւ վերջին իրադարձությունների արդյունքում ավելի է հզորանում Իրանի գործոնը:
Այսպիսով, թե Իրանում, եւ թե նրանից դուրս շատերը փաստում են նրա առավել ուժեղ դիրքը` տարածաշրջանում արաբական վերջին իրադարձություններից հետո: Իրանին մնում է միայն հարթել ներքաղաքական կնճիռները ու թույլ չտալ, որ դրանք թուլացնեն երկիրը ներսից:
Photo: http://favit.com