(Հարցազրույց ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ)
-Պարոն Սարգսյան, հաշվի առնելով տարածաշրջանային վերջին զարգացումները, հատկապես` Իրանի հետ կապված, ըստ Ձեզ, որքանո՞վ է կարեւորվում այդ երկրի դերը տարածաշրջանում:
-Իրանի դերը, բնականաբար, մեծ է որպես հզոր պետություն, եւ բնական է, որ այդ երկիրն իր շահերն ունի տարածաշրջանում: Այդ շահերը բազմաթիվ են եւ բազմաբնույթ: Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքի վրա Իրանի դերակատարությունը շատ մեծ է: Այսօր, երբ Հայաստանը շրջափակված է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, բնական է, որ Իրանի դերակատարությունը, առանձնապես Հայաստանի հետ կապված (ինչը շատ կարեւոր է տարածաշրջանում Իրանի վարած քաղաքականության տեսանկյունից) շատ մեծ է` ոչ միայն էներգետիկ տարբեր աղբյուրների, այլ քաղաքական իմաստով: Անկախ այն հանգամանքից, թե Իրանի եւ Թուրքիայի հարաբերությունները որքանով են մերձենում կամ օտարանում` միշտ էլ այս երկու երկրները փորձում էին գերիշխանություն հաստատել կամ, ավելի շուտ, իշխող դիրք գրավել մահմեդական բնակչություն ունեցող երկրների համախմբման գործընթացում, եւ միշտ այդ գործընթացի վրա առկա էր Իրան-Թուրքիա հակադրությունը: Այս իմաստով, բնականաբար, շատ է կարեւորվում նրանց մուտքն Անդրկովկաս եւ Միջին Ասիա: Ի տարբերություն Թուրքիայի, Իրանը կարողանում է նաեւ առանց Անդրկովկասի հարաբերություններ հաստատել Միջին Ասիայի երկրների հետ` հաշվի առնելով սահմանային նպաստավոր իրավիճակը, իսկ Թուրքիան Միջին Ասիայի հետ կապ հաստատելու համար ունի երկու ճանապարհ` կամ Իրանի միջոցով, որն անբնական է, կամ էլ Անդրկովկասի` հենվելով Վրաստանի եւ Ադրբեջանի վրա: Եւ այս իմաստով երկուսի փոխհարաբերությունների խաղն է, որ բերում է նաեւ իրենց դերի բարձրացմանը Կովկասի երկրների վրա:
Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ Իրանում կան մեծ թվով ադրբեջանցիներ, որոնք մի քանի անգամ փորձել են տարբեր ուժգնության ելույթներով, ցույցերով կամ այլ ձեւի պայքարի միջոցներով անկախություն հռչակել կամ միանալ Ադրբեջանին: Բնական է, որ նաեւ այս ամենը հաշվի առնելով` Իրանը հետաքրքիր հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Այսինքն` միանշանակ չէ նրա եւ Ադրբեջանի շահերի համընկումը:
Պետք է շեշտել, որ ի տարբերություն Թուրքիայի, Իրանը կարողանում է եւ ի վիճակի է շատ հարցեր թելադրել` օգտագործելով իր էներգետիկ ռեսուրսները: Իսկ Թուրքիայի տնտեսական հզորությունն ավելի մեծ է, եւ նա փորձում է իր քաղաքական շահերի համար տարածաշրջան մտնել նաեւ տնտեսական գործունեության ձեւով: Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի եւ Իրանի տնտեսական գործունեությունը մրցակցային է ընդունվում, առանձնապես Անդրկովկասյան 3 պետությունների համար: Միաժամանակ, հարկ է նշել, որ Թուրքիան կարողանում է բնականոն պահել իր հարաբերությունները Արեւմուտքի հետ ու հաջողությամբ մանրեւել (հատկապես 20-րդ դարի սկզբներից ի վեր) Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, ինչը չի կարելի ասել Իրանի պարագայում: Ի տարբերություն Թուրքիայի, Իրանի եւ Արեւմուտքի միջեւ հակադրությունը խստացված է, եւ Արեւմուտքը փորձում է Իրանի նկատմամբ օգտագործել նույնիսկ պատժամիջոցներ: Սրանք այն գործոններն են, որ տարբերում են Իրանի դերակատարությունը տարածաշրջանի բոլոր երկրներից: Այսօր, իմ կարծիքով, պետք է համակարգային ձեւաչափի վերածենք արդեն գոյություն ունեցող Իրան-Հայաստան կապը` հաշվի առնելով այն, որ Հայաստանի տնտեսական զարգացման համար եւ հատկապես շրջափակման պարագայում մեծ դեր ունի Իրանը:
-Հետաքրքիր է իմանալ, ի՞նչ ոլորտներում եւ ուղղություններով պետք է հարաբերությունները սերտացվեն: Եւ, արդյոք, անհրաժե՞շտ են հարաբերությունները նաեւ Ղարաբաղի հետ:
-Կարծում եմ` Ղարաբաղ-Իրան հարաբերությունները դե-յուրե կհաստատվեն, երբ ճանաչվի ԼՂՀ անկախությունը: Խոսքս ուղիղ հարաբերությունների մասին է, քանի որ այսօր, բնական է, չճանաչված երկրների հետ ուղիղ հարաբերություններ ոչ մի երկիր չի ցանկանում հաստատել, այդ թվում` Իրանը: Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան հարաբերություններին, ապա դրանք, կարծում եմ, տնտեսական առումով շատ բարձր ցուցանիշ ունեն եւ օրեցօր զարգանում են: Ժողովուրդների շփման առումով եւս կարելի է ասել, որ շատ բարձր մակարդակի վրա են, որի հիմքում դարձյալ հիմնականում ընկած է տնտեսականը: Իսկ քաղաքական իմաստով Իրանը շատ զգուշավոր է: Այսինքն, եթե հաշվի առնենք, որ այսօր Հայաստան-Իրան հարաբերությունները շատ խորն են, խորն են նաեւ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, ապա Թուրքիան շատ ավելի ակտիվ ու ագրեսիվ քաղաքականություն է վարում քաղաքական իմաստով` հօգուտ Ադրբեջանի, քան Իրանը, որը տնտեսական առումով այսքան լուրջ քաղաքականություն է վարում, բայց քաղաքական իմաստով շատ զգուշավոր է: Իմ կարծիքով, պետք է քաղաքական դաշտում մի շարք հարցեր ավելի խորացնել Իրանի հետ:
-Տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման առումով ի՞նչ դերակատարություն ունի հարեւան Իրանը:
-Եթե ուշադիր հետեւենք Իրանի քաղաքականությանը, ապա կհասկանանք, որ այն առավելս զգուշավոր է: Նա փորձում է կայուն քաղաքականություն վարել, ինչը խոսում է այն մասին, որ խաղաղության պահպանման գործում Իրանն ավելի իրական դերակատարություն ունի, քան Թուրքիան: Նույնիսկ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի հետ հարաբերություններում Իրանն իրականացնում է այնպիսի քաղաքականություն, որը չի հանգեցնում պրոբլեմների, եթե չհաշվենք մեկ- երկու դեպք, երբ Իրանում ապրող ադրբեջանցիներին առնչվող խնդիրներ ծագեցին:
-Իսկ ի՞նչ դեր ունի Իրանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեջ:
-Գտնում եմ, որ դա գլոբալ հարց է: Ամեն երկիր իր շահն ունի: Եթե Ղարաբաղի դե-ֆակտո անկախության ճանաչմանը Իրանը չի խանգարում, իսկ դե-յուրե ընդգծում է տարածքային ամբողջականության սկզբունքը, ապա բնական է, որ աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում նա չի կարող այստեղ աշխուժություն ցուցաբերել: Բայց գտնում եմ, որ կարելի է որոշ հարցեր կարգավորել: Օրինակ` Ֆրանսիայի խորհրդարանի անդամները գալիս են ԼՂՀ, հանդիպում մեր խորհրդարանականների հետ, տարբեր երկրների խորհրդարանական խմբեր էլ են գալիս ու հանդիպումներ ունենում: Խորհրդարանն ինքը ժողովրդավարական ինստիտուտ է, եւ, իմ կարծիքով, պետք է փորձել այդ ուղղությամբ եւս աշխատանքներ տանել, ինչպես նաեւ մշակութային եւ տարբեր կապեր հաստատել` փորձելով աշխուժացնել Իրան-ԼՂՀ կապերը, որոնք չեն խանգարի որեւէ գլոբալ քաղաքականության կամ ծրագրերի: Մշակութային ժառանգության պահպանման ծրագրեր նույնպես կարելի է մշակել` փորձելով հայկական եւ պարսկական հուշարձանների վերականգնման համատեղ աշխատանքներ իրականացնել: Կան նաեւ այլ բնագավառեր համագործակցության համար: Այս բացն է, որի լրացման ուղղությամբ պետք է աշխատել: