Ցուցարարների կոչերի եվ հասարակական կարծիքի հարցման արդյունքների վերլուծություն
Աննա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Իրանագետ
Երևան
Իրանում 2017 թվականի վերջին՝ 2018 թվականի սկզբին (իրանական օրացույցով 1396 թվականի տասներորդ՝Դեյ ամսին) տեղի ունեցած ցույցերի առանձնահատկություններն էին՝ լայնածավալությունը, քաղաքական առաջնորդի/առաջնորդների ու օրակարգի բացակայությունը, կոչերի ու պահանջների բազմազանությունը: Ցուցարարներին ուղղորդման մեջ երկրի իշխանությունները մեղադրեցին արտաքին ուժերին՝ ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային ու Իսրայելին, իսկ փորձագիտական դաշտում ներքաղաքական ակտորներից նախկին նախագահ Ահմադինեժադը, նախագահի թեկնածու Էբրահիմ Ռայիսին և մի շարք այլ անձինք ու ուժեր հայտնվեցին ցույցերի կազմակերպման մեջ կասկածվողների ցանկում: Հարյուրավոր բանտարկյալների ու երկու տասնյակ զոհերի պատճառ հանդիսացած ցույցերն ու բախումները մարել են, ցույցերի ընթացքում հնչած կոչերի ու պահանջների վերլուծությունը, սակայն, դեռևս հրատապ թեմա է թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հանրության համար:Առաջին հայացքից միասնական ու կազմակերպված թվացող բողոքի ցույցերի օրերին իրանական մեծ ու փոքր քաղաքների ու գյուղերի փողոցներում մի շարք խմբեր կային՝ տարատեսակ, երբեմն՝ հակասական պահանջներով. խմբեր, որ բողոքում էին կառավարության տնտեսական քաղաքականությունից ու գնաճից (տնտեսական հարցերի հետ կապված բողոքներ Իրանում լինում են պարբերաբար և լայնածավալ ցույցերից մեկ-երկու ամիս առաջ նույնպես արտահայտվել են ցույցերով), խմբեր, որ բողոքում էին Կանաչ շարժման դեմ (սա տեղի է ունենում ամեն տարվա դեկտեմբերին՝ սկսած 2009 թվականին Կանաչ շարժման ճնշումից), խմբեր, որոնք բողոքում էին բողոքողներից և աջակցում կառավարությանը, գործադուլ անողներ ու գործադուլավորներից դժգոհողներ, շահի որդուն հետ կանչողներ, հասարակական կյանքի ազատականացման ջատագովներ ու կանանց իրավունքների պաշտպաններ, գործազուրկներ ու բանկային համակարգի բարեփոխումներից տուժածներ: Իսկ փողոցում իրենց բողոքն արտահայտող ցուցարարներին աջակցող սոցցանցերի օգտատերերի շրջանակը տասնապատիկ ավելի բազմազան էր ու, ներառելով երկրի ներսում ու նրանից դուրս գտնվող բազմաթիվ իրանցիների, ավելի բազմաշերտ էր դարձնում հասարակական պայքարի պահանջների թնջուկը:
ԱՄՆ Մերիլենդի համալսարանի Միջազգային և անվտանգային հետազոտությունների կենտրոնի և IranPoll հասարակական կարծիքի հետազոտման և խորհրդատվության ընկերության կողմից իրականացված լայնընդգրկուն հասարակական կարծիքի հարցումն Իրանում առաջինն է իր տեսակի մեջ, որ անցկացվել է ցույցերից հետո: 2018-ի hունվարի 16-24-ին, հազար երկու իրանցիների շրջանում անցկացված այս հեռախոսային հարցման արդյունքների քննարկմամբ, ցույցերի ընթացքում հնչած կոչերի ուսումնասիրմամբ ու սոցիալական ցանցերում տարածված «հեշթեգների» հաշվառմամբ՝ կփորձենք վերլուծել ցուցարարների հիմնական կոչերն ու դրանց մասշտաբայնությունը:
Ապաշնորհ կառավարման և տնտեսական քաղաքականության քննադատություն
Ցուցարարների մի զգալի հատված իրենց բողոքը սկսել էր տնտեսական կոչեր հնչեցնելով ու երկրի իշխանություններին ապաշնորհ կառավարման ու այդ կառավարման արդյունքում տնտեսական վատ վիճակի մեջ մեղադրելով: Հատկանշական է, որ Մերիլենդի համալսարանի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ նախորդ տարիների հետ համեմատած ավելի մեծ թվով իրանցիներ են իրենց երկրի տնտեսական վիճակը «շատ վատ» համարում, և նախորդ տարիների համեմատ շատ ավելի մեծ թվով իրանցիներ այդ վիճակի պատճառ են համարում ավելի շուտ իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականությունն ու կոռուպցիան, քան արտաքին տնտեսական ճնշումները: Միաժամանակ, նախորդ տարիների հարցումները վկայում են, որ իրանցիները նախկինում ավելի լավատես էին ապագայում տնտեսական բարեփոխումների հարցում: Սրանով կարելի է բացատրել այն հանգամանքը, որ թեև Իրանի տնտեսությունը վերջին տարում ավելի լավ ցուցանիշներ է գրանցել, բայց իրանցիների շարքում դժգոհությունների մակարդակը ավելի բարձր է, քան նախորդ տարիներին:
Երբ տնտեսական ցուցանիշներն ու հասարակական դժգոհությունն արտահայտող փոփոխականներին հավելում ենք տնտեսական ակնկալիքներն արտահայտող փոփոխականը, պատկերը հասկանալի է դառնում: Հասարակության ակնկալիքները աճել էին՝ կապված 2015-ին Միջուկային պայմանագրի կնքման ու պատժամիջոցների մի մասի վերացման հետ, միևնույն ժամանակ տնտեսությունը չի բարելավվել այն աստիճան, որ նրա արդյունքները շոշափելի լինեն միջին վիճակագրական քաղաքացու համար:
Հարցումը ցույց է տալիս նաև, որ իրանցիների մի զգալի հատված համարում է, որ փոքր-ինչ բարելավված տնտեսության դրական ազդեցությունը վերաբերում է փոքրամասնություն կազմող ընտրյալների խավին միայն, իսկ գործազրկությունը տնտեսական խնդիրներից ամենակարևորն է համարում հարցվածների քառասուն տոկոսը: Ցուցարարների տնտեսական կոչերի շարքում էին «Մենք աշխատում ենք, հոգևորականները հարստանում են», «Կապիտալիստ հոգևորականներ, հետ տվեք մեր փողերը», «Մահ գնաճին» և այլն: Ցուցարարներին իր աջակցությունը հայտնած իրանցի վտարանդի երգիչներից մեկն էլ, անդրադառնալով երկրի տնտեսական վիճակին ու իրանցիների մտավախություններին, որ բողոքի ցույցերը կարող են քաոտիկ վիճակ առաջացնել երկրում, սոցցանցի իր էջում գրել էր. «Շվեյցարիա դառնալ փափագող երկիրը, Սիրիա չդառնալու մտավախության արդյունքում, Սոմալի է դարձել»:
Արտաքին քաղաքականության քննադատություն
«Ո՛չ Լիբանան, Ո՛չ Ղազա, կյանքս կտամ Իրանին», «Սիրիան հանգիստ թողեք, մեր մասին մտածեք». կոչերի շարքում ամենից տարածվածներից էին նաև այս, երկրի արտաքին քաղաքականությունը քննադատող կոչերը: Իրանի Իսլամական Հանրապետության գաղափարախոսության հիմնաքարերից է տարածաշրջանի շիական համայնքների պաշտպանի ու հովանավորի դերակատարումը, ինչը հնարավորություն է տալիս ապահովել երկրի անվտանգության գոտին: Այս քաղաքականությունը պարբերաբար հարուցում է հասարակության դժգոհությունը՝ կապված և՛ հսկայական ֆինանսական միջոցները երկրից դուրս վատնելու հետ, և՛ հարևան երկրներում զինված բախումների ժամանակ մարդկային կորուստների հետ, և՛ այդ քաղաքականության համար կիրառված միջազգային տարատեսակ պատժամիջոցների հետ: Միջուկային ծրագրի արդյունքում ապասառեցված իրանական կապիտալի մի զգալի հատված նույնպես ուղղվել է Իրաքում, Սիրիայում, Լիբանանում ու Եմենում շիաների պաշտպանությանն ուղղված միջոցառումների վրա:
Վերը հիշատակված հարցման արդյունքները, սակայն, վկայում են, որ այդ դժգոհությունն այնքան էլ համատարած չէ. հարցվածների մեծամասնությունը ճիշտ էր համարել այդ երկրներում Իրանի վարած քաղաքականությունը, իսկ երկրի կարկառուն քաղաքական գործիչների շարքում ամենից ընդունելի էր համարել ԻՀՊԿ Ղոդսի ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Անցյալ տարի ամռանը Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունն ու Իրանի հանդեպ ԱՄՆ նախագահի որդեգրած ավելի կոշտ քաղաքականությունը, տարածաշրջանի երկրների անմխիթար վիճակը այդ կարծիքի վրա ազդող գործոններ կարելի է համարել: Սոցցանցերում տարածված հեշթեգներից էր «Սիրիա ենք դառնալու» մտահոգություն-հեշթեգը, որին ի պատասխան շրջանառվում էին նաև «Սիրիա չենք դառնալու» և «Թունիս ենք դառնալու» հեշթեգները:
Հասարակական կյանքի վերահսկողության քննադատություն
Ցույցերի օրերի հետ համընկան նաև երկրի հասարակության՝ հասարակական ու անձնական կյանքի մեծ վերահսկողությունից դժգոհ հատվածի կողմից իրականացվող ակցիաները: Նրանցից մեկը հայտնի «Իմ գաղտնի ազատությունը» ֆեմինիստական շարժման «Սպիտակ չորեքշաբթի» կոչվող միջոցառումների համատեքստում իրականացված ակցիան էր. երեսունմեկամյա Վիդա Մովահեդը հանել էր սպիտակ գլխաշորը, կապել այն փայտից և գլխաբաց կանգնել հեռահաղորդակցության տուփի վրա: Այս պերֆորմանսը տեղի էր ունեցել լայնամասշտաբ բողոքի ցույցերին նախորդող օրը, սակայն, ցույցերի խորհրդանիշներից մեկն էր դարձել ու կանանց իրավունքների ընդլայնմանն ու հատկապես պարտադիր հիջաբի օրենքի վերանայմանն ուղղված շարունակական ակցիայի սկիզբ դարձել: Ձերբակալված ու հասարակական ճնշման արդյունքում ազատ արձակված «Հեղափոխության փողոցի աղջկա»՝ Վիդա Մովահեդի օրինակին հետևելով՝ հաջորդ շաբաթներին նույնպիսի պերֆորմանսով էին հանդես գալիս երիտասարդ ու ծեր, հիջաբավոր ու գլխաբաց կանայք, անգամ տղամարդիկ: Ու թեև հարցումը ցույց է տալիս, որ հասարակության մեջ այնքան էլ մեծ չէ հասարակության նկատմամբ կրոնական վերահսկողության աստիճանը թուլացնելու պահանջը, բայց կանանց պարտադիր հիջաբի դեմ պայքարը տարեցտարի նորանոր դրսևորումներ է ստանում ու ավելի շատ աջակիցներ ձեռք բերում:
Երկրի կառավարման համակարգի քննադատություն
Ցույցերի կոչերի շարքում ամենից արտառոցը երկրի Հոգևոր առաջնորդի վերաբերյալ կոչերն էին, որոնց առկայությունն էլ այս ցույցերի հիմնական առանձնահատկություններից մեկն էր: Ցույցերի առաջին օրերին հնչող «Մահ Ռուհանիին» կոչը հիմք էր տալիս ենթադրելու, որ դրանք կարող էին կազմակերպված լինել երկրի պահպանողական շրջանակների կողմից՝ կառավարության քաղաքականությանը և հատկապես՝ կրոնական հիմնարկների չվերահսկվող ֆինանսական հոսքերը հարկային դաշտ բերելու, մի շարք չարտոնված ֆինանսական կազմակերպությունները ցրելու և այլ քայլերին հակազդելու նպատակով: «Մահ Ռուհանիին» կոչի կողքին «Մահ Խամենեիին», «Սեյեդ Ալի, կներես, բայց ժամն է, որ հեռանաս», «Խամենեի, ամոթ ունեցիր, հեռացիր» կոչերը, սակայն, նշան էին, որ ցուցարարների շարքում կան քաղաքացիներ, որ մերժում են ոչ միայն կառավարության քաղաքականությունը, այլև երկրի քաղաքական համակարգն ընդհանրապես: Թեև սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ այդպես մտածողների թիվը այնքան էլ մեծ չէ երկրում, սակայն նրանց գոյությունը ցուցարարների շարքում ամրացրել է հասարակական այն մտայնությունը, որ չկա տարաբաժանում բարեփոխականների ու պահպանողականների աջակիցների մեջ, այլ կան երկրի քաղաքական համակարգն ընդունողներ ու այն մերժողներ, որոնց աջակցում են նաև երկրից դուրս ապրող իրանցիները: