Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրման ենթատեքստերի մասին

hghazaryan
October 2021


Աննա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Իրանագետ
Երևան

Իրան-Ադրբեջան հարաբերություններում միշտ էլ եղել են խրթին հարցեր, որոնք սրվել են՝ ժամանակ առ ժամանակ։ Այդ  հարաբերությունների որակը մեծամասամբ կապված է եղել հետևյալ հարցերի հետ՝

  • Կասպից ծովի իրավական կարգավիճակի հետ կապված խնդիրներ,
  • Ադրբեջան-Իսրայել հարաբերություններ, որոնք Իրանը դիտարկել է որպես անթույլատրելի,
  • Ադրբեջանում շիա հոգևորականների ու առհասարակ՝ շիա բնակչության հանդեպ տարվող քաղաքականությունը,
  • Ադրբեջանի՝ Իրանի նկատմամբ ունեցած ծավալապաշտական նկրտումները՝ կապված «Հյուսիսային Ադրբեջան-Հարավային Ադրբեջան» քննարկման հետ,
  • Իրանի ցանկությունը շիայական կապերի միջոցով վերահսկելի պահել Ադրբեջանն ու չեզոքացնել թուրքական ազդեցությունը,
  • Իրան-Հայաստան հարաբերություններն ու Իրանի չեզոք դիրքորոշումը Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ,
  • Մրցակցությունը գազի և նավթի արտահանման շուկայում։

Վերջին շրջանի լարվածության ծավալների համար կարելի է նշել վերոնշյալ խնդիրների համար կարևոր  համատեքստի փոփոխության մի քանի առանցքային դրույթներ, մասնավորապես՝

  • ԱՄՆ վարչակազմի փոփոխությունից ու Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրին վերադառնալու պատրաստակամությունից հետո Իսրայելն ավելի նյարդային է արձագանքում Իրանի հետ հարաբերություններում ու ավելի ակտիվ աշխատում Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար նախապատրաստվելու ուղղությամբ։ Սա նշանակում է նաև ավելի ակտիվ փոխգործակցություն Ադրբեջանի հետ, ինչը դրսևորվում է նախևառաջ ռազմական ոլորտում։ Սրա ապացույցն են ոչ միայն կնքված բազմամիլիոնանոց պայմանագրերը սպառազինության գնման վերաբերյալ, այլև այդ սպառազինության արդեն իսկ օգտագործումը պատերազմի ժամանակ, ինչպես նաև իսրայելական մասնագետների ենթադրյալ մասնակցությունը ադրբեջանական բանակի վերապատրաստման գործընթացքում։ Պատերազմի ժամանակ իրանական սահմանի մոտ օգտագործված իսրայելական ԱԹՍ-ներն, օրինակ, որ նաև հետախուզական գործառույթ ունեին, դիտարկվում են որպես լուրջ մարտահրավեր Իրանի ազգային անվտանգության համար։ Պատահական չէ գուցե նաև, որ իրանցի միջուկային ֆիզիկոս Ֆախրիզադեի սպանությունը հնարավոր եղավ իրականացնել ղարաբաղյան պատերազմից կարճ ժամանակ անց՝ ենթադրաբար նույն ԱԹՍ-ների հավաքագրած տեղեկությունների հիման վրա[1]։
  • Ղարաբաղյան պատերազմի արդյունքում Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Ադրբեջանում իր ներկայությունն ընդլայնել է ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմական ոլորտում։ Աղդամում գործող ռուս-թուրքական ռազմական մոնիթորինգային կենտրոնն այս իմաստով ավելի շատ այդ ներկայության քաղաքական խորհրդանշական ապացույցն է, իսկ թուրք-ադրբեջանական կարճ ժամանակամիջոցում իրար ետևից համատեղ մի քանի զորավարժությունները[2] դրա իրական ծավալների մասին են խոսում։
  • Թուրք-ադրբեջանական համագործակցության ու զորավարժությունների ընդգրկվածությունն այս անգամ ներառել է նաև Կասպից ծովը[3], ինչը նույնպես հավելյալ մարտահրավեր է Իրանի անվտանգության տեսանկյունից։ Կասպից ծովում արտատարածաշրջանային ուժերի ներկայության անթույլատրելիությունը Իրանի առանցքային պահանջներից մեկն է կասպիցծովյան իր քաղաքականության մեջ։ Այս դրույթը նաև Իրանի պահանջով ամրագրվել է 2018 թ.-ին ընդունված, բայց դեռևս բոլոր անդամ պետությունների կողմից չվավերացված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագրում[4]։
  • Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Թուրքիայի հովանավորությամբ տարածաշրջան են բերվել վարձկաններ, որոնց ներկայությունը նույնպես Իրանը դիտարկում է որպես իր անվտանգության վրա ազդելու լծակ արտատարածաշրջանային ուժերի ձեռքին ։ Վարձկանների մասին Իրանը պաշտոնական հայտարարություններ է արել դեռևս պատերազմի օրերին, նաև պատերազմի ավարտից հետո ու շարունակում է բարձրաձայնել վարձկանների՝ տարածաշրջանից դուրս բերելու անհրաժեշտության մասին։
  • Իրանում նոր կառավարության ձևավորումից հետո երկրի իշխանության բոլոր թևերը գտնվում են պահպանողականների ձեռքին և ավելի կոշտ դիրքորոշումներով հանդես գալու հնարավորություն են տալիս։ Միաժամանակ, նոր կառավարության արտաքին-քաղաքական ծրագրում «Հայացք դեպի արևելք» սկզբունքն առանցքային տեղ է գրավում, իսկ դրա համատեքստում համագործակցությունն ու ազդեցության ավելացումը հարևան երկրների հետ հարաբերություններում դառնում ավելի կարևոր։
  • Միաժամանակ, Իրանի միջուկային ծրագրի վերագործարկման շուրջ քննարկումների վերսկսման մոտալուտ ժամկետների պայմաններում Իրանի համար կենսական նշանակություն է ձեռք բերում Հայաստանով Իրան-ԵՄ կապի ապահովումը։ Հայաստանը, դեռևս Ռուհանիի կառավարության օրոք անվանվում էր «բանալի դեպի Եվրոպա» և Պարսից ծոց – Սև ծով ծրագրի կյանքի կոչումը հենց Հայաստանի տարածքով կարևոր է Իրանի համար,
  • Ղարաբաղյան պատերազմի հետևանքով ստեղծված նոր տարածաշրջանային զարգացումները Իրանին մեկուսացրել են հնարավոր զարգացումներից։ Այս մեկուսացվածությունը թույլ չտալու համար էր, որ դեռ պատերազմի ժամանակ Իրանը հանդես եկավ հակամարտությունը լուծելու սեփական առաջարկով ու այդ առաջարկը քննարկելու համար տարածաշրջանային այցերի ու քննարկումների շարք նախաձեռնեց։ Մեկուսացվածության զգացողությունը, սակայն, Իրանի համար հաղթահարված չէ նաև այսօր։

Այս իրավիճակում

  • Ադրբեջանը զորավարժություններ է անում Թուրքիայի ու Պակիստանի մասնակցությամբ[5],
  • Թուրքական ռազմական նավատորմը հայտնվում է Կասպից ծովում,
  • Պատերազմի արդյունքում իր վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցման մեջ մեծ բաժին են ստանում Թուրքիան ու Իսրայելը, Իրանի հետ ունեցած բանավոր պայմանավորվածությունները այդպես էլ միայն բանավոր պայմանավորվածություններ են մնում,
  • Ադրբեջանը պնդում է, որ շուտով «Զանգեզուրի միջանցք» է ձեռք բերելու ու ցամաքային կապ է հաստատելու Նախիջևանի ու Թուրքիայի հետ։ Մի պնդում, որի մասին չկա հիշատակում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի մեջ, բայց որի իրագործման համար Ադրբեջանը օգտագործում է և՛ դիվանագիտական, և՛ ռազմական իր ողջ գործիքակազմը՝ սպառնալով ուժով գրավել Հայաստանի Սյունիքի մարզը, եթե Հայաստանը չհամաձայնի միջանցքի հարցում Ադրբեջանի պահանջներին,
  • Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում իրանցի բեռնատարների վարորդներից նախ մաքսատուրք են պահանջում, այնուհետև նաև ձերբակալում նրանցից երկուսին՝ Ղարաբաղ ապօրինի մուտք գործելու փաստով։

Այս գործողություններին հետևում են իրանական լայնամասշտաբ մի քանի զորավարժություներ, Իրանի քաղաքական ու վերլուծական հանրույթի շրջանում հակաալիևյան հայտարարությունների ու քննարկումների տարափ, հայ-իրանական քաղաքական սահմանի փոփոխության անթույլատրելիության մասին հայտարարություներ, կոշտ հակադրբեջանական արձագանքներ իրանցի զինվորականների կողմից։

Բոլոր այս հայտարություններին զուգընթաց տեղի են ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանի հանդիպումները Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում։ Այս հանդիպումներից հետո տված ծավալուն հարցազրույցում նախարարը շեշտադրել էր, որ Ադրբեջանի հետ ունեցած բարիդրացիական հարաբերությունները ենթադրում էին, որ տարանցիկ ճանապարհից օգտվելու վերաբերյալ եղած փոփոխությունների մասին պետք էր նախապես զգուշացնել ու կարգավորել նոր ընթացակարգը։ Միաժամանակ, ակտիվ փոխայցեր  տեղի ունեցան Իրանի ու Հայաստանի պաշտոնյաների միջև, որոնց շրջանակներում շեշտադրվեց Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքային ուղին հնարավորինս արագ կառուցելու անհրաժեշտությունն ու Իրանի պատրաստակամությունը՝ մասնակցելու շինարարական աշխատանքներին։ Բոլոր քննարկումներում առանցքային հարցերի թվում էին քաղաքական քարտեզի փոփոխության անթույլատրելիությունը, վարձկանների՝ տարածաշրջանից դուրս բերելու անհրաժեշտությունը, ինչպես նաև արտատարածաշրջանային ուժերին տարածաշրջանային հարցերից ու խնդիրներից հեռու պահելու կարևորությունը։ Այս հարցերը քննարկվեցին նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Իրան[6], և Իրանի արտգործնախարար Աբդոլահիանի՝ Մոսկվա[7] կատարած այցերի ժամանակ։

Բոլոր այս իրադարձություններին զուգահեռ ակտիվ դիվանագիտական քննարկումներ էին ընթանում նաև Թեհրանի ու Բաքվի միջև։ Արդյունքում, մի կողմից նվազեց փոխադարձ մեղադրանքների հռետորաբանության սրությունը, մյուս կողմից ազատ արձակվեցին ձերբակալված վարորդները, իսկ դրան նախորդեց Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների և սպասարկման կազմակերպության միջազգային փոխադրումների գրասենյակի տնօրեն Ջավադ Հեդայաթիի նամակը բեռնափոխադրող ընկերություններին, որում նա հորդորում էր «հնարավոր հետևանքներից խուսափելու ու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու համար Հայաստանի տարածքից մուտք չգործել Ղարաբաղ ու Ղարաբաղի հետ որևէ առևտրային պայմանագիր չկնքել[8]»։

Այսպիսով, տարածաշրջանում իրանա-ադրբեջանական լարվածությունը, որի արմատները նոր չէ, որ ծագել են, դեռ պահպանվում է, թեև կողմերի միջև առկա քննարկումներն ու արված քայլերը հուշում են, որ այդ լարվածությունը դժվար թե ռազմական բախման վերաճի։

_____________________________
[1] https://www.reuters.com/article/iran-nuclear-scientist-idUSKBN28H13F
[2] https://www.rferl.org/a/turkey-azerbaijan-military-drills-/31495171.html
[3] https://www.azernews.az/nation/183147.html
[4] http://en.kremlin.ru/supplement/5328
[5] https://www.azernews.az/nation/183527.html
[6] https://en.irna.ir/news/84494042/Terrorists-Zionists-not-allowed-to-harm-Iran-s-good-ties-with
[7] https://en.irna.ir/news/84494671/Amirabdollahian-Iran-to-harmonize-with-Russia-on-Caucasus-developments
[8] shorturl.at/flqKY

 

 

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.