կամ արդյո՞ք մեր երկրին անհրաժեշտ է հայրենական արտադրողը
Բիզնեսի եւ պետության միջեւ ամենաբնորոշ փոխհարաբերությունները երկուստեք մեղադրական բնույթի են. պետությունը բողոքում է գործարարներից, գործարարները՝ պետությունից: Այս երկկողմանի ՚լացըՙ ոչ միայն հետզհետե սովորական արարողակարգի է վերածվում, այլեւ դառնում է իշխանության եւ բիզնեսի միջեւ անվստահության եւ կասկածամտության հիմք: Աբխազիայի ձեռնարկատերերն, ինչպես, հավանաբար, այլ երկրներում եւս, կարծում են, որ նրանց բիզնեսը գոյություն ունի ոչ թե գործող համակարգի շնորհիվ, այլ նրան ի հեճուկս:
Պետության նկատմամբ ձեռնարկատերերի գլխավոր գանգատներն են` չհավասարակշռված հարկային համակարգը եւ անկատար օրենսդրությունը, մաքսային խոչընդոտները, վարկավորման պաշարների անմատչելիությունը եւ վարկավորման թանկությունը, վերահսկիչ մարմինների ուռճացված թիվը եւ կոռուպցիայի բարձր մակարդակը: Հետպատերազմյան շրջանում այս համակարգն այնքան է արմատացել, որ թվում է, թե այլեւս ոչ ոք մտադիր չէ որեւէ բան փոփոխել:
Ռուսաստանի կողմից մեր անկախության ճանաչումից եւ ի դեմս ուժեղացված խաղաղարար ստորաբաժանման անվտանգության երաշխիքների հաստատումից հետո, կարծես թե, առանց ռազմավարական վտանգի կյանքը մեզ համար իրականություն է դառնում: Խաղաղ կյանքը լավագույնս տրամադրում է զարգացման: Իսկ զարգացում լինում է այն ժամանակ, երբ տնտեսությունը դինամիկ է գործում, ուստի եւ բյուջեն է լցվում: Իսկ դա զգալի չափով կախված է, թե որքան հարմարավետ է ձեռներեցն իրեն երկրում զգում:
Ամեն ինչ կառուցված է կաշառքի վրա, դրա համար էլ վերահսկիչների թիվը շարունակաբար ավելանում է…
Իմ զրուցակիցը` Դավիթը, տարիների փորձ ունեցող ձեռներեց է: Նրա կենսագրականը լի է մասնավոր արտադրողի իրավունքների համար պայքարի դրվագներով: Իշխանությունների եւ մասնավոր հացթուխների միջեւ հարաբերությունների լարվածության ժամանակ նա մշտապես առաջին դիրքերում էր: Դրա հետեւանքով էլ նա պարզապես հեռացել է հացարտադրության բիզնեսից: ՚Անհնար է գոյատեւել ալյուրի թանկարժեքության եւ պետության կողմից սահմանված կայուն գների պարագայում: Էլ չասեմ, որ մենք այնքան վերահսկող մարմին ունեինք, որ պետք էր թողնել աշխատանքը եւ միայն նրանցով զբաղվելՙ, – բացատրում է ձեռներեցը: Ի տարբերություն շատ այլ ձեռներեցների` նա լավ է ծանոթ գործող օրենսդրությանը եւ ասում է, որ Աբխազիայում ստուգումները կարգավորող օրենքը չի գործում: Դավիթը թվարկել է համարյա երկու տասնյակ քաղաքային եւ հանրապետական մակարդակի ստուգիչ կազմակերպություններ, որոնք իրավասու են ձեռնարկատիրոջ գործունեությունը ստուգել:
Բայց, նրա կարծիքով, բիզնեսի զարգացման ճանապարհին ամենաբարդ խոչընդոտը հարկային համակարգն է: ՚Տեսականորեն մեզ մոտ հարկերը բարձր չեն: Բայց մենք մեր քաղաքացիներին ենք խաբում: Ավանդական հարկերի կողքին գոյություն ունի եկամտահարկ` 18%: Դրանից բացի պետք է վճարել 15% շահութահարկ: Այսինքն, երբ դու բանկից փող ես վերցնում եւ վճարում բոլոր հարկերը, դու ինքնաբերաբար հարկվում ես եւս 15%-ով: Դա ոչ մի տեղ չի երեւում, բայց շատերն ընկել են այդ ծուղակի մեջ եւ սնանկացելՙ, – ասում է ձեռներեցը: Նրա հաշվարկով մեզ մոտ հարկային պահումների հանրագումարը կազմում է 30%-ից ավելի, իսկ Ռուսաստանում` ընդամենը 28%: Իսկ վարկերի տոկոսադրույքները 24-26% են, մինչդեռ Ռուսաստանում` 11-17%:
Ասենք, որ նրան հաջողվել է պահպանել բիզնեսը, բայց միայն անընդհատ նոր ուղղություններ եւ չզբաղեցված խորշեր որոնելու շնորհիվ: ՚Մեզ մոտ` Աբխազիայում, եթե սկսում ես որեւէ գործով հաջողությամբ զբաղվել, ապա ինչ-որ մեկը քեզ անպայման կխանգարի: Կամ էլ քեզ ամեն կողմից կսկսեն ՚հարկելՙ: Ռուսական մեքենաների դեպքում ես լուրջ խնդրի եմ բախվել: Ես ռուսաստանյան ընկերությունների հետ մատակարարումների վերաբերյալ պայմանագրեր եմ կնքում եւ անգամ մեծ ցանկության դեպքում ոչինչ թաքցնել չեմ կարող: Մեքենան առաքվել եւ հասել է` ես պարտավոր եմ վճարել: Մեքենան հատել է սահմանը` ինձ մաքս են դուրս գրում: Ինձանից երկու անգամ ավելացված արժեքի հարկ են գանձում: Փաստորեն, ես մաքսից էլ եմ ավելացված արժեքի հարկ մուծում: Այսպիսին է օրենքը: Բայց մաքսն ինքն արդեն իսկ հարկ է: Փաստորեն ես հարկից հարկ եմ մուծում: Ո՞ւր է տրամաբանությունը: Աշխարհում նման պրակտիկա գոյություն չունի: Այս ամենը ես գնահատում եմ որպես օրենսդրության անկատարություն, թեեւ այդպիսի մանրուքներ դեռ շատ են մնումՙ, – պատմում է ձեռներեցը:
Նա դեռեւս փորձում է ապացուցել, որ պետությունը շահագրգռված է ստեղծել հարկահավաքության այնպիսի համակարգ, որը կշահագրգռեր ձեռներեցներին թափանցիկ աշխատել: Հարցը դեռեւս հռետորական է: Անձամբ Դավթի կարծիքով՝ անհրաժեշտ է պարզեցնել վճարումների համակարգը, ՚որպեսզի մարդն իմանա, որ հարկեր մուծելու դեպքում նրան այլեւս ոչինչ չի խանգարի աշխատել եւ զարգանալՙ: ՚Ռուսաստանում փոքր ձեռնարկատերերին ստուգում են երեք տարին մեկ անգամ: Իսկ մեզ մոտ բոլորը կարող են միաժամանակ գլխիդ թափվել: Կոռուպցիան ժանգի պես կլանում է ամեն ինչ: Ամեն ինչ կառուցված է կաշառքի վրա, դրա համար էլ վերահսկողների թիվը շարունակաբար ավելանում էՙ, – ասում է ձեռներեցը: Դեռ առանձնակի հույսեր չունենք, որ առկա է օրենսդրական բոլոր բացերը համակարգելու եւ բիզնեսի ու պետության փոխհարաբերությունները համակարգելու պետական ցանկություն: Յուրաքանչյուր ձեռներեց անհատաբար ինչ-որ կերպով ընտելանում է տիրող իրավիճակին:
Մեր հարցին, թե ինչո՞ւ բիզնեսն ի վիճակի չէ համատեղել ջանքերն ու հասնել անարգել զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծմանը, Դավիթը պատասխանում է. ՚Մեզ մոտ չկա զարգացած միջին ձեռնարկատիրություն: Եվ քանի դեռ չկա միջին դասը, պաշտոնյաները դրանից օգտվում ենՙ:
Մաքսային արգելապատնեշները կրկին խանգարում են
Լեոնիդն Աբխազիայում հազվագյուտ կատեգորիայի ձեռներեց է. նա արտադրող է` գործարանի տնօրեն: Նա արտադրությամբ էր զբաղվում դեռեւս վրաց-աբխազական պատերազմից առաջ: ՚Որպեսզի ձեռնարկատիրությունը զարգանա` անհրաժեշտ է շուկա, ֆինանսներ, պետական համակարգի երաշխիքներ: Մենք պարզապես գտնվում ենք շուկայի զարգացման փուլում: Այս զարգացումը խոչընդոտվում է ֆինանսների բացակայության եւ դեպի արտաքին շուկա դուրս գալու դժվարություններովՙ, – մատչելիորեն բացատրում է նա ձեռնարկատիրության ոլորտում առկա խնդիրների պատճառները: Լեոնիդը սկզբունքորեն համամիտ է ձեռնարկատերերի բարձրաձայնած գանգատներին, հավելելով, որ իրավիճակն իդեալական կլիներ հարկային, մաքսային եւ վերահսկիչ մարմինների բացակայության դեպքում:
՚Այդժամ ամեն ինչ կզարգանար: Բայց մենք հասկանում ենք, որ դա անել չի կարելի: Պետական համակարգում ամեն ինչ պետք է հավասարակշռված լինի: Կառավարությունը պետք է վերահսկի այդ սահմանագիծըՙ, – համարում է Լեոնիդը: Դեռեւս ձեռներեցները չեն տեսնում ձեռնարկատիրությանն աջակցելուն միտված պետականորեն մշակված համակարգ: ՚Կան չարդարացված հարկեր, երբեմն` անգամ զավեշտալի դեպքեր: Օրինակ, ես իրավաբանական անձ եմ եւ ինձ արգելված է կանխիկ շրջանառությունը: Թեեւ կան ավելի ընդգրկուն խնդիրներ եւս: Օրինակ, ցանկացած ներկրվող ապրանքից մաքսատանը 3% է գանձվում, անգամ` երկիր ներմուծվող սարքավորումներից: Սկզբունքորեն, եթե երկրի բյուջեն առավել քան 30%-ով ձեւավորվում է ներկրվող ապրանքի մաքսից, ապա դա միանգամայն անհեռանկարային է: Բյուջեն, նախ եւ առաջ, պետք է ձեւավորվի արտադրության հաշվին, ուստի այն հարկ է խթանելՙ, – ասում է նա:
Նույն կարծիքի են անխտիր բոլոր տնտեսագետները եւ բիզնեսի ոլորտի հետ առնչություն ունեցող մարդիկ: Վառ ընդգծված սեզոնայնությունը մեզ թույլ չի տալիս հենվել սոսկ կուրորտային ոլորտի վրա: Իսկ արտադրության զարգացման համար անհրաժեշտ են երկու գործոններ` հումք եւ շուկա: Արտադրությունը կարելի է սկսել հիշյալ գործոններից գոնե մեկի առկայության դեպքում:
Մինչդեռ արտադրողներն ունենում են շատ ծախսեր` այդ թվում եւ մաքսատանը: ՚Եթե մաքսատանը խնդիրներ չծագեին, ես արդեն կմեկնարկեի իմ արտադրությունը: Օրինակ, ինձ անհրաժեշտ է մազութ, բայց այն պարզապես չկա: Մենք ամբողջությամբ էլեկտրաէներգիայով ենք աշխատում: Միեւնույն է, ամեն ինչ թանկ է լինում, թեեւ էլեկտաէներգիան մեզ մոտ համեմատաբար էժան էՙ, – ասում է Լեոնիդը: Կան նաեւ արտադրության զարգացմանը խանգարող առարկայական պատճառներ: Չէ՞ որ փոքր արտադրությունները չեն կարող մրցել խոշորների հետ: Նրանց դժվար է մրցել ներկրվող ապրանքների հետ, քանի որ դրանց գինն ավելի էժան է: Եվ, նախկինի պես, դժվար է Աբխազիայից ապրանք արտահանել. կրկին խանգարում են մաքսային արգելապատնեշները:
Հարկային բեռն Աբխազիայում զգալիորեն ավելի բարձր է, քան անգամ Ռուսաստանում…
Իգորը խոշոր հանրախանութի եւ մեծածախ առեւտրային բազայի կառավարիչ է եւ սեփականատերերից մեկը: Թե ինչ, մեղմ ասած, բարդ հարաբերություններ ունի ձեռնարկությունը վերահսկիչ մարմինների հետ` գիտի ողջ երկիրը: Իգորը պաշտպանվում է ու չի լռում. ՚Մեզ մոտ մի իրավիճակ է ստեղծված, երբ բիզնեսը ստիպված է պայմանավորվել իշխանության հետ: Դա վատ է ոչ միայն բիզնեսին խանգարելու, այլեւ ամենակուլ կոռուպցիային նպաստելու առումով: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ձեռնարկատերերն իրենց խնդիրները լուծում են կաշառքի միջոցովՙ, – ասում է նա:
– Բայց ասում են, որ Դուք կաշառք չեք տալիս:
– Այո՛, չեմ տալիս: Ինչո՞ւ տանք: Չէ՞ որ մենք շիտակ, ինչպես ձեռներեցների մոտ ընդունված է ասել, ՚մաքուրովՙ ենք աշխատում: Խնդիրը հենց սրա մեջ է: Մեր աշխատակիցներից բացի ոչ ոք չի հավատում, որ դա հնարավոր է: Որոշ պաշտոնյաներ հենց այդպես էլ հայտարարում են, թե մենք, միեւնույն է, գողանում ենք, եւ որ նրանք դա մի օր կապացուցեն: Արդյո՞ք հնարավոր է նման հարաբերությունները բնականոն համարել: Որպեսզի հարաբերությունները գործընկերային լինեն, եւ բիզնեսը կարողանա հարմարորեն եւ հեշտ աշխատել, անհրաժեշտ է անել քիչ բան` պետք է անհապաղ վերանայել եւ փոփոխություններ մտցնել հարկային օրենսդրության մեջ.
– առաջինը` թեթեւացնել հարկային բեռը, քանզի այն Աբխազիայում զգալիորեն ավելի ծանր է, քան անգամ Ռուսաստանում,
– երկրորդը` վերացնել կրկնակի հարկում սահմանող հոդվածները, հատկապես` ռուսաստանյան ձեռնարկությունների եւ բանկերի պարագայում,
– չեղյալ հայտարարել կամ փոփոխել բնականոն կերպով աշխատելուն խոչընդոտող մի շարք որոշումներ, օրինակ` ձեռնարկությունների միջեւ կանխիկ դրամի շրջանառության վերաբերյալ. մենք չենք կարող կանխիկ գումարով անգամ բենզին գնել կամ ապրանքի հետեւից առավոտյան մարդ ուղարկել, երբ բանկերը դեռ չեն աշխատում: Հացի մանրածախ գների վերաբերյալ որոշումը մեզ հարկադրել է հրաժարվել սեփական հացարտադրությունից,
– փոխել ծախսերի հաշվարկման կարգը. անհնար է Մոսկվա մեկօրյա գործուղում կատարել 400 ռուբլի գումարով: Բոլորին վաղուց հասկանալի է, որ այդպիսի գներ պարզապես գոյություն չունեն, բայց ոչ ոք մտադիր չէ հոդվածը վերանայել: Հասկանալի է, որ մնացած ծախսերը ձեռնարկատերը փակում է արդեն սեփական շահույթից:
Օրենսդրության մեջ բիզնեսի զարգացմանը խոչընդոտող այսպիսի ՚մանրուքներՙ շատ են. իմ հիշատակածը սոսկ օրինակ էր:
Իգորը կարծում է, որ մեր երկրում բիզնեսի եւ իշխանության միջեւ փոխհարաբերությունների քաղաքակիրթ համակարգ չի ձեւավորվել: ՚Պետք չէ պայմանավորվել, ստեղծեք օրենքներ, որոնցով հնարավոր կլինի ապրել: Անհնար է հեշտացնել ձեռնարկատերերի կյանքը` առանց այս երկրի մարդկանց կյանքը թեթեւացնելու նպատակիՙ, – ասում է նա: Մեր հարցին, թե ի՞նչ է հարկավոր անել բիզնեսի աշխատանքը հեշտացնելու համար, Իգորը ներկայացրել է իր դեղատոմսը. ՚Պետք է հավաքել ներդրողներին` շուրջ 20 հոգու, տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներին` շուրջ 20 հոգու, պատգամավորներին` շուրջ 20 հոգու. թող նստեն մեկ սեղանի շուրջ այնքան ժամանակ, քանի դեռ որոշում չընդունեն, թե ինչ է հարկավոր անել ժողովրդի կյանքը դյուրացնելու համար: Միայն դրանից հետո թող ցրվենՙ:
Ժամանակն է ուղիղ հարկման համակարգին անցնելու
Իլյան պատգամավոր եղած ժամանակ բազմիցս արտահայտվել է բիզնեսի խնդիրների կապակցությամբ: Այժմ նա դարձյալ ՚թեմայիՙ մեջ է: ՚Մենք մինչեւ օրս չենք կատարել ամենակարեւոր քայլը. մենք վաղուց պետք է ընդունած լինեինք ՚Ձեռնարկատիրության պետական աջակցության մասինՙ օրենք: Հարկ է հստակորեն որոշել, թե ի՞նչ արժեք ունի ձեռներեցը երկրի համար. Նա գող ու սրիկա՞ է, որը մտածում է, թե ինչպես կողոպտի պետությանը, թե՞ նա մի անձ է, որը պետբյուջեին եկամուտներ է ապահովում եւ օգնում գոյատեւել բնակչությանըՙ, – ասում է փորձագետը: Իլյան ընդունում է, որ մի քանի տարի առաջ ընդունված ՚Պետական հսկողության ժամանակ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցների իրավունքների պաշտպանության մասինՙ օրենքը միշտ չէ, որ գործում է: Ըստ այս օրենքի` առանց համապատասխան անհրաժեշտության ոստիկանության աշխատակիցն իրավասու չէ կատարել վերահսկողություն եւ միջամտել ձեռնարկության տնտեսվարական գործունեությանը: ՚Բայց խնդիրն այն է, որ մեր ձեռնարկատերը նույնպես սովոր են աշխատել հին ձեւով. նա վերահսկիչ մարմինների հետ ՚փոխվստահությանՙ հարաբերություններ է հաստատում եւ պատրաստ չէ օգտվել օրենսդրության ընձեռած հնարավորություններիցՙ, – ասում է նա:
Ի հեճուկս բոլոր դժվարությունների` բիզնեսը զարգանում է, հաճախ` պարզապես տարերայնորեն: Առաջանում են խորշեր, եւ բոլորը ձգտում են զբաղեցնել դրանք: ՚Նախկինում այլ բան էին կառուցում, իսկ այսօր ընթանում է ողջ երկրի ՚հյուրանոցայնացումըՙ: Մեքենաների ներկրումը, մետաղների մաքսանենգությունը եղել են միշտ: Բայց եթե մենք ունենայինք բիզնեսի հետ կապված պետական զարգացման ծրագիր, ապա բոլորս մեզ ավելի լավ կզգայինքՙ, – համոզված է փորձագետը: Օրինակ, Աբխազիայում գյուղատնտեսական արտադրանքի շուկա ցայսօր գոյություն չունի: Փոքր բիզնեսը նոր է սկսում իրացնել ոլորտը: Ակնհայտ է, որ դրա փոխարեն պետությունը պետք է ձեռնարկատերերին առաջարկի նոր ազատ խորշեր: Դրա փոխարեն մենք ունենք ամենամյա ինդիկատիվ ծրագրավորում:
՚Մենք մեր կյանքն ենք ծրագրավորում մեկ տարվա կտրվածքով` ՚մեռածՙ ձեռնարկությունների կամ ինքնուրույնաբար ճանապարհ որոնող բիզնեսի շրջանակներումՙ, – փաստում է Իլյան: Մինչդեռ ողջ աշխարհում բիզնեսի զարգացման թռիչքային խթան են հանդիսանում էժան վարկերը: Աբխազիայում վարկերը թանկ են եւ դժվարամատչելի: Իլյայի խոսքերով` ՚այդ խորշը զբաղեցրած մարդիկ հաստատել են խաղի կանոններ եւ մոտենում են ՚միջին դասՙ կոչվող հասարակական շերտին: Նոր մարդկանց համար այս դասի մեջ մտնելը դյուրին չէՙ:
Ինչո՞ւ ձեռներեցներն ի վիճակի չեն միասնաբար առաջ մղել սեփական շահերը. հարցը համարյա փիլիոփայական է: ՚Ձեռներեցն այսօր սովոր է վերապրել միայնակ գայլի նման: Ձեռներեցները պետք է հնարավորություն ունենան արտահայտել իրենց տեսակետը, պաշտպանել սեփական շահը: Միաժամանակ, նրանք պետք է սոցիալապես պատասխանատու լինեն: Չէ՞ որ նրանցից շատերը պետության եւ հասարակության առջեւ իրենց ստանձնած պարտավորություններն անհրաժեշտ բարեխղճությամբ չեն կատարումՙ, – բացատրում է Իլյան: Իսկ օրենսդրությունը կատարելագործելու համար բոլոր հնարավորություններով օժտված խորհրդարանի պատգամավորները գիտեն, որ ՚օրենսդրական համակարգն ունի այնպիսի կառուցվածք, որ հատկապես տնտեսական ոլորտի պարագայում այնտեղ շատ դժվար է փոփոխություն մտցնել: Ձեռնարկատերերն էլ միշտ չէ, որ կարողանում են անհրաժեշտ պատշաճությամբ խնդիրներն օրենսդրական տեսքով ներկայացնելՙ, – խորհրդարանի կրավորականությունը բացատրելու փորձ է կատարում նախկին պատգամավորը:
՚Այնուամենայնիվ, երկիրը պետք է կողմնորոշվի թե՛ փոքր ձեռնարկատիրության զարգացման հեռանկարի, եւ թե՛ պետության հիմքը հանդիսացող միջին դասը գոյացնելու հարցում: Դրա համար անհրաժեշտ է ձեռնարկատիրությունը պետականորեն խթանելու ֆինանսապես ապահովված ծրագիրՙ, – եզրակացնում է նա: