Արդա ԻՆԱԼ-ԻՓԱ
ՍՈՒԽՈՒՄ
Խաղաղության գինը և հակամարտության կարգավորման տարբերակները
(հարցաթերթիկի 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ հարցերի պատասխանների վերլուծություն)
Միասնական մեթոդաբանությամբ և Հայաստանում, Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում միասնական հարցաշարի կիրառմամբ սոցիոլոգիական որակական հետազոտության տվյալների առաջարկվող տեսությունը կենտրոնացված է հետևյալ հետազոտական հարցերի վրա՝
-Ինչպիսի՞ն են հարցվողների պատկերացումները խաղաղության և խաղաղ կյանքի մասին, հարցվողների արժեքների հիերարխիայում ի՞նչ տեղ է զբաղեցնում խաղաղությունը
-Հետազոտության մասնակիցների կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է խաղաղ կյանք ապահովել նախքան հակամարտության վերջնական կարգավորումը։ Ինչպե՞ս պիտի մարդիկ այդ ընթացքում ապրեն վիճելի և սահմանամերձ տարածքներում։-Ինչպիսի՞ն կարող է լինել հակամարտության՝ դեպի խաղաղություն տանող արդյունավետ, իրատեսական ու ոչ բռնի լուծումը։
-Ինչպիսի՞ն է շարքային մարդու դերը հակամարտության պայմաններում առկա իրավիճակի բարելավման գործում։
Խաղաղության մասին պատկերացումները
Սույն հետազոտության արդյունքում խաղաղության մասին կարծիքներն արտացոլել են ավելի շատ ընդհանուր գծեր, քան տարբեր սեռի, տարիքի և ազգային պատկանելության տեր մարդկանց պատկերացումների տարբերությունները։ Այնուամենայնիվ, կարելի է որոշակիորեն պնդել, որ որքան մարդ մոտ է ապրում ռազմաճակատի գծին, այնքան ավելի շատ է խաղաղության նկարագրության մեջ հնչում պատերազմի և դրա անխուսափելի գծերի բացառումը՝ «Պարզ ասեմ՝ երբ նշանառուների թիրախում չես։ Մնացյալը երկրորդական է»։ Խաղաղությունը սահմանվում է նաև բացասական հույզերի ու հոգեվիճակների բացառման միջոցով՝ երբ չկա վախ (երեխաների համար, վախ, որ կսպանեն քեզ, եղբորդ կամ ընկերոջդ, վախ, որ կավերվի տունդ), երբ հանգիստ ես քո ընտանիքի համար՝ «Խաղաղություն է այն, երբ 18-ամյա երիտասարդի կյանքը չեն խլում, և նրա իղձերը չեն խորտակվում պատերազմի հորձանուտում»։
Հարցվածները, այդ թվում՝ սահմանին վտանգավոր մերձությամբ ապրողները, հաճախ նշել են շատ սովորական, առօրյա բաներ՝ սեփական ընտանիքը տեսնելու, սեփական կյանքը պլանավորելու, փող աշխատելու, ամեն օր աշխատանքի գնալու հնարավորությունը։
Որքան հարցվածները հեռու են ապրում հնարավոր բախումների գոտուց, այնքան հաճախ է խաղաղության նկարագրությունը ներառում ավելի աբստրակտ հասկացություններ՝ Խաղաղությունը կանխատեսելիությունն է, կայունությունը, ազատությունը, երկրների միջև խոչընդոտների բացակայությունը։ Խաղաղ կյանքը զարգանալու հնարավորություն է՝ թե անձնապես և թե բիզնեսում։
Որոշ սահմանումներ խարսխվում էին ոչ այնքան անձնական փորձի վրա, որքան խաղաղության և պատերազմի մասին խորհրդածությունների վրա՝ խաղաղ կյանքը նշանակում է կյանքի, անհատի, արժանապատվության հարգում։
Խաղաղության գիտակցման ու ընկալման միջև էական տարբերություններ, ըստ մեզ, չկային հակամարտության տարբեր կողմերում։ Ուշագրավ է, որ երկու կողմից էլ կային մարդիկ, ովքեր մտորում էին այն մասին, որ խաղաղությունը նշանակում է սպանելու կամ սպանվելու, կամ ստելու անհրաժեշտությունից ազատ լինել, երբ պետք չէ որևէ մեկին ատել, երբ ունակ ես մարդկայնորեն հասկանալ ոչ միայն սեփական, այլև ուրիշ ժողովրդի։
Խաղաղության մասին հարցը շատ հատկանաշական էր։ Չնայած այն բանին, որ վերջին տասնամյակների ընթացքում մարդիկ գործնականում արդեն հարմարվել են իրերի առկա վիճակին, ցանկալի խաղաղության մասին պատկերացումները ճշգրիտ ցույց են տալիս, թե հակամարտության գոտու կյանքը որքան հեռու է բնականոն լինելուց, էլ չենք խոսում սահմանամերձ շրջանների մասին, որտեղ կենսատարածքն անբնականորեն սահմանափակված է, որտեղ մարդիկ տառապում են ռազմական գործողությունների վերսկսման մշտական սպառնալիքից և անգամ մարդկային սովորական ուրախությունների բացակայությունից։ Եթե ընդհանուր առմամբ խոսելու լինենք, ապա ըստ խաղաղության մասին մարդկանց պատկերացումների (ոչ միայն դիմակայության գծի մոտ ապրողների, այլև շատ ուրիշների, ում վրա հակամարտությունն այս կամ այն կերպ անդրադարձել է) կարելի է դատել անձնավորված այն բարձր իմաստի մասին, որը ձեռք են բերել սովորական մարդու կյանքի ամենատարրական հայեցակետերը, ինչն էլ, անկասկած, խոսում է այդ մարդկանց կյանքի որակի զգալի նվազման մասին։
Հետազոտության տվյալների համաձայն՝ շատ դեպքերում, եթե ոչ՝ մեծամասամբ, խաղաղությունը հարցվածների ամենևին էլ գլխավոր արժեքը չէ։ Առավել հաճախ «խաղաղությունը» հանդես է գալիս ոչ թե որպես նպատակ, այլ որպես անհրաժեշտ արդյունքին հասնելու հնարավոր միջոց, ընդ որում՝ որպես ոչ այնքան արդյունավետ միջոց։ Հավանաբար, բանն այն է, որ թե խաղաղ բանակցությունների միջնորդների, թե ընդդիմախոսների կողմից պայմանավորվածությունները կատարելու նկատմամբ հակվածության և թե միջազգային երաշխիքների նկատմամբ կողմերի մոտ բավարար վստահություն չկա։ Բավականին տարածված էր հետևյալ կարծիքը՝ իհարկե, հարկ է փնտրել խնդրի խաղաղ լուծում, բայց եթե չստացվի, ապա այդժամ ստիպված կլինենք պատերազմել։ Երեսուն տարվա ընթացքում հակամարտող կողմերի համար խաղաղությունն այդպես էլ գլխավոր նպատակ չդարձավ։ Հարցվածների գիտակցության մեջ խաղաղություն արժեքը մրցակցում է արդարություն հասկացության հետ։ «Անարդար խաղաղություն մեզ պետք չէ»՝ սույն դատողությունը քանիցս կրկնվում է հետազոտության տվյալներում։ Այս մտքին առավել հաճախ հանդիպում ենք ադրբեջանական կոնտեքստում, որտեղ խաղաղությունը հավասարազոր է իրենց ընդդիմախոսին ձեռնտու ստատուս-քվոյին՝ «եթե հակամարտությունը լուծվի առանց պատերազմի, ապա դա անարդար լուծում է լինելու»։
Ընտրության երևութականությունը՝ Պետք է կամ պատերազմ լինի (լայնածավալ) կամ էլ փոխզիջում։ Տվյալ ժամանակաշրջանում անհնար է փոխզիջման հասնել։
Ինչպե՞ս կարելի է խաղաղ կյանք ապահովել նախքան հակամարտության վերջնական կարգավորումը։ Ինչպե՞ս պիտի մարդիկ այդ ընթացքում ապրեն վիճելի և սահմանամերձ տարածքներում
Հարկ է նշել, որ այս հարցերը հարցվողներին տրամադրում էին հակամարտային իրավիճակի վերաբերյալ առավել լայն հեռանկարի, ստիպում էին հրաժարվել վերջնական կարգավորման առավելապաշտական տրամադրվածությունից, «ամեն ինչ, կամ ոչինչ» մոտեցումից և մերձենալ իրավիճակի առավել տարբերակված տեսլականին ու հնարավոր անցումային կացությունների և միջանկյալ լուծումների դիտարկմանը։ Տեղի էր ունենում դիրքորոշումների որոշակի խճողում, երբ որպես անկյունաքար դիտարկվում էր հակամարտության գոտում ապրող մարդը, երբ կարևոր է դառնում ոչ միայն հակամարտության վերջնական կարգավորման կամ լուծման բանաձևը, այլ նաև մարդու կյանքի որակը՝ հիմա և այստեղ։ Այս հարցը ստիպում էր վերացարկվել արտաքին գործոնների դերից և հանգեցնում էր սեփական կառավարության և ողջ հանրության պատասխանատվության մտքին՝ բնակչության այն շերտի նկատմամբ, որը դարձել է չլուծված հակամարտության պատանդը։ Քանի որ այսօր մարտական գործողությունները կենտրոնացված են սահմանամերձ շրջաններում՝ քիչ անհանգստացնելով մայրաքաղաքների բնակիչներին և այլոց, այս հարցի պատասխաններում փաստորեն արտացոլվում է այն, թե որքանով է այս կամ այն հարցվողը գիտակցում, որ ամենաթանկ գնով հակամարտության շարունակման համար վճարում են այն մարդիկ, որոնք ապրում են շփման գծի երկայնքով, նրանց երեխաները, ինչպես նաև զինվորները։
Հարցվողների համար հեշտ չէր այն հարցը, թե ինչպես կարելի է խաղաղ կյանք ապահովել նախքան հակամարտության վերջնական կարգավորումը։ Պատասխանելով դրան՝ հետազոտության մասնակիցները միգուցե ավելի հստակ էին գիտակցում, որ տեսանելի ապագայում հակամարտության լուծման հեռանկարների բացակայության պայմաններում ավելի մեծ մասնակցություն և ավելի պատասխանատու վերաբերմունք է պահանջվում սահմանամերձ բնակչության ճակատագրի նկատմամբ։ Կարելի է ենթադրել, որ շատերը մտորել են այն բանի շուրջ, որ կարգավորման երկարաժամկետ հեռանկարը կառավարությանն ու հանրությանը պարտավորեցնում է հատուկ զբաղվել այն բնակչության ճակատագրով, որը փաստացի հայտնվել է չմարող հակամարտության առաջնագծում։ Այս հարցը հարցվողների ուշադրությունը երկարաժամկետ հեռանկարներից տեղափոխում էր այսօրվա հրատապ հարցերի հարթություն, այն հարցերի որոնք չեն արժանացել պատշաճ գիտակցման և արձագանքման։
Կարևոր է նաև այն դիտարկումը, որ սահմանամերձ բնակչության մասով հետազոտությունն էական տարբերություններ երևան չի հանել ադրբեջանական, հայաստանյան և ղարաբաղյան հանրություններում՝ պատասխաններում նմանություններ շատ կան։ Ընդ որում, առանձին կարծիքների դրամատիկ խառնշտորություն նկատվում է բոլոր երեք հանրություններում էլ։
Եթե փորձելու լինենք ամփոփել ստացված արդյունքները, ապա կարելի է ասել հետևյալը՝
Պետության պատասխանատվությունը
Գործնականում ընդհանուր էր կարծիքը սահմանամերձ տարածքներում ապրող մարդկանց ըստ ամենայնի աջակցելու անհրաժեշտության հարցում պետության պատասխանատվության մասին։ Շատերն ընդգծում էին, որ շարունակվող հակամարտության իրավիճակում կառավարության պարտականությունն է խաղաղ կյանքի պայմաններ ապահովելու սահմանամերձ գոտիներում ապրող մարդկանց համար, երաշխավորելու նրանց կյանքը։ Սահմանամերձ գոտիներում ապրող մարդկանց անվտանգությունն ապահովելու՝ կառավարությանն ուղղված պահանջներում որպես անհրաժեշտ միջոցներ նշվել են ճանապարհների ու ռմբապաստարանների կառուցումը (վերջիններս՝ հատկապես դպրոցներում), քաղաքացիական պաշտպանության գծով վարժությունների անցկացումը և այլն։ Հաճախ է բարձրաձայնվել (հատկապես Լեռնային Ղարաբաղում) զինադադարի ռեժիմի պահպանմանը հասնելու անհրաժեշտության մասին հարցը, միջոցներ էին առաջարկվում տեսախցիկների, լազերների և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ զինադադարը խախտողներին ավելի արդյունավետորեն հայտնաբերելու ուղղությամբ։ Շատ առաջարկներ էլ վերաբերել են սահմանն այնպես ամրապնդելուն, որպեսզի այն ավելի հուսալի լինի։
Առանձին տեղ են զբաղեցնում այն առաջարկները, որոնք վերաբերում են նախքան հիմնախնդրի վերջնական կարգավորումը ռիսկի տակ ապրող մարդկանց ավելի անվտանգ տեղերում վերաբնակեցնելու մասին առաջարկները։ Ոչ ոք իրավունք չունի ռիսկի տակ դնել մարդկանց կյանքը՝ նրանք պետք է ավելի անվտանգ վայրերում ապրեն։ Սահմանամերձ տարածքներում պետք է միայն զինվորականներ գտնվեն։ Հաճախ նման առաջարկները հնչել են կանանց շուրթերից՝ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի կանանց կողմից։ Լեռնային Ղարաբաղում էլ է այս կարծիքն արտահայտվել, բայց համեմատաբար քիչ։ Սահմանամերձ և վիճելի տարածքներում կանայք, երեխաներ և տարեցներ չպետք է ապրեն։ Նրանք պետք է տեղափոխվեն ավելի անվտանգ տեղեր։ Պետությունը պետք է հոգա այս մասին։
Սահմանամերձ բնակչության խնդիրներին առնչվող հարցերում արտահայտվել են կառավարությանն ուղղված ինչպես հույսեր, այնպես էլ քննադատություն։ Ընդսմին, բուն սահմանամերձ բնակչությունն ավելի լոյալ է արտահայտվում իշխանությունների հասցեին, հատկապես Ադրբեջանում, որտեղ շատերն ընդգծում էին իրենց կախվածությունը նախագահի կամքից և հույս էին հայտնում, որ նա ունակ կլինի լուծելու բոլոր խնդիրները։ Մայրաքաղաքներում և շփման գծից հեռու բնակավայրերում հաճախ կարելի էր ցասումնալից խոսքեր լսել սեփական կառավարության հասցեին (շատ քիչ՝ Լեռնային Ղարաբաղում), ընդ որում՝ եթե Հայաստանում քննադատությունն ավելի շատ վերաբերում էր կոռուպցիային, բյուջետային միջոցների փոշիացմանը և անարդյունավետ կառավարմանը, ապա Ադրբեջանում որոշ հարցվածներ երբեմն բանը հասցնում էին լուրջ ու միանգամայն կոնկրետ մեղադրանքների՝ ցայսօր չես կարողացել կարգավորել փախստականների կյանքը, որոնք ապրում են ահավոր պայմաններում, թեև միլիարդներ ես ցրիվ տալիս անիմաստ մրցումների, Ֆորմուլա 1-ի համար…Ավելին՝ ադրբեջանցի որոշ հարցվածներ փաստորեն խոսել են սահմանային սրումների գործիքակազմի գոյության մասին. նշելով, որ սահմաններին անկայունությունը երբեմն արհեստականորեն հրահրվում է իշխանություների կողմից՝ հենց մեզ մոտ գները բարձրանում են՝ անմիջապես հակամարտությունը սրվում է սահմաններին՝ շեղելով մեր ուշադրությունը։ Ու անմիջապես մտածում ես՝ ավելի լավ է գոնե մի կտոր հաց լինի, բայց պատերազմ չլինի։
Բաքվաբնակ մի հասարակական գործիչ կատարվածի իր տեսլականն է առաջարկում՝ Ընդհանրապես, Ադրբեջանի ռազմավարությունը հիմա այսպիսին է՝ եթե մենք չենք կարողանում լայնածավալ պատերազմ մղել, ապա ամեն օր փոքր ընդհարումներով տագնապի մեջ պիտի պահենք նրանց։ Դիպուկահարներն են կրակում, մեկ էլ տեսար ռումբ պայթեց, ինչ-որ դրոն անցավ գլխավերևովդ։ Հետևաբար, մյուս կողմից էլ նույնն է։ Այս զինադադարի ընթացքում արդեն մի քանի հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ…
Մարտական-հայրենասիրական ոգու պահպանում
Հեռանալ չի կարելի
Բոլոր երեք կողմերում էլ հարցվածները հաճախ նշել են փաստացի մարտական գործողությունների գոտում բնակչության առկայության անհրաժեշտությունը՝ այո, կառավարությունը, հանրությունը, ՀԿ-ները՝ բոլորը պետք է օգնեն այդ բնակչությանը, բայց պետք չէ նրանց տեղափոխել այլ տեղ։ Ուշագրավ միտք է արտահայտել ղարաբաղցի հարցվածներից մեկը՝ Զինվորին մոտիվացնում է այն, որ մարդիկ ապրում են կրիտիկական պայմաններում, նրանց աջակցում է այն, որ իրենց թիկունքում անմարդաբնակ հողեր չեն։ Ըստ այդ կարծիքի՝ ստացվում է, որ որքան կրիտիկական են սահմանամերձ բնակչության կենսապայմանները, այնքան ավելի լավ է զինվորը ծառայում։ Նվազ պարզունակ ու նվազ եսակենտրոն չեն նաև այսպիսի կարծիքները՝ Վիճելի և սահմանամերձ տարածքներում մարդիկ, ցավոք, պետք է հարմարվեն այն բանին, որ իրենց վրա կրակում են։ Որոշ կարծիքներ վկայում են պատերազմական և հետպատերազմական ժամանակների իրողությունների մասին մշուշոտ պատկերացումների մասին՝ մարդիկ չպիտի տագնապի մեջ լինեն, նրանք պիտի ապրեն իրենց սովորական կյանքով, իրենց զգան պաշտպանված, անվտանգության մեջ և չմտածեն այն մասին, որ պատերազմ է ընթանում։
Չնայած այն բանին, որ որոշ հարցվածներ՝ սահմանամերձ շրջանների ներկայացուցիչներ, մարտականորեն են տրամադրված (եթե դու արդեն իսկ որոշել ես այստեղ ապրել, եթե քո մեջ հայրենասիրությունն է խոսում, ապա դու շարունակելու ես ապրել ու զարգանալ), մեծամասնությունն, այնուամենայնիվ, գիտակցում է իր խոցելի վիճակը։ Այդուհանդերձ, զգացվում է, որ հանրային դիսկուրսներում սահմանամերձ շրջաններում ապրող մարդկանց ձայնն այնքան էլ բարձր ու հստակ չի լսվում։ Միգուցե հենց այդ պատճառով է, որ սահմանից հեռու ապրող քաղաքացիները թեթևությամբ են դատում սահմանամերձ կյանքի կարգավորման մասին, թույլ պատկերացնելով բարդագույն կոնտեքստը և ոչ մի պատասխանատվություն չզգալով այն մարդկանց նկատմամբ, որոնց ճակատագրերը նրանք մտովի լուծում են։ Հուրախություն բոլորիս՝ կան նաև այնպիսի հարցվածներ, որոնք մտորում են հետևյալ հարցի շուրջ՝ Իսկ մարդիկ իսկապե՞ս չեն ուզում լքել իրենց տները, թե՞ պարզապես այլ ելք չունեն։ Նույն հետազոտության մեջ կարելի է նաև այս հարցի պատասխանը գտնել՝ Սահմանամերձ շրջանների բնակիչները պիտի ապրեն այն հույսով, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև այլ ընտրություն իրենք չունեն։ Այս միտքը հաստատում է նաև վտանգավոր գոտու բնակչուհու հետևյալ միտքը՝ ճշմարտության և արդարության նկատմամբ իմ հավատը այստեղի իմ խաղաղ կյանքն իմաստավորում է այն հույսով, որ արդարությունը մի օր հաղթանակելու է։ Այդուհանդերձ, առավել տարածված կարծիքն այն համոզվածությունն է, որ նրանց (սահմանամերձ գոտիների բնակիչներին) վերաբնակեցնելը ճիշտ չէ։ Շատերը բոլորից լավ «գիտեն», թե նրանք ինչով պիտի զբաղվեն՝ Բնակչությունը պիտի բարեկարգի այդ տարածքները, որպեսզի արտագաղթի մասին մտքներովն անգամ չանցնի…Որքան շատ մարդ ապրի այդ հողերում, այնքան դժվար կլինի դրանք զավթել։
-Սահմանամերձ գոտիներում ապրող մարդիկ պետք է հոգեբանորեն պատրաստ լինեն, պետք է ուժեղ լինեն, նրանք գյուղացիներ են և պետք է իրենց աշխատանքով զբաղվեն
-Վիճելի և սահմանամերձ տարածքներում ապրողները պետք է ֆիզիկապես և հոգեբանորեն պատրաստ լինեն պատերազմին։ Նրանք պետք է զինված լինեն։ Նրանք պիտի ուժեղ ու քաջ լինեն։
Հեռավոր շրջաններում հարցվածների գերակշռող մեծամասնության մոտ չկա այն զգացողությունը, որ սահմանամերձ բնակչության կյանքի հարցը վերաբերում է երկրի բոլոր քաղաքացիներին, այլ ոչ թե միայն այդ խավի մարդկանց։ Քչերն են խոսել սահմանամերձ գոտիներ հաճախ այցելելու անհրաժեշտության մասին՝ ցույց տալու համար, որ բոլորն էլ հիշում են այնտեղ ապրող մարդկանց մասին։
Հատուկ կարծիք
Կարելի էր հանդիպել նաև անսպասելի կարծիքների, որոն կարիք ունեն հավելյալ ուսումնասիրության՝ պարզելու համար, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը՝ Սահմանամերձ գոտիներում գյուղացիները (շփման գծի տարբեր կողմերում) կարող են շփվել իրար հետ։ Անգամ եթե նրանք իրար դեմ կռվել են ղարաբաղյան առաջին պատերազմում՝ նրանք, միևնույն է, կարող են շփվել իրար հետ, նրանք հասարակ մարդիկ են, և նրանց պետք չէ քաղաքական այս ամբողջ աղմուկ-աղաղակը՝ դա պետք է կառավարություններին միայն։
-Նրանք պիտի հաշտուխաղաղ ապրեն, շփվելով միմյանց հետ, իրենք իսկ կապեր հաստատելով սահմանից այն կողմ։
Այդ նույն սահմանամերձ ու վիճելի տարածքներում մարդիկ օգտվում են նույն աղբյուրներից ու այլ ռեսուրսներից։ Նրանք իրար հետ պայմանավորվում են, միշտ էլ ելք կա։
Ուշագրավ է, որ թեև այս մարդիկ բազմիցս հայտարարել են զենքը ձեռքին իրենց հայրենիքի շահերը պաշտպանելու պատրաստակամության մասին, բայց դա չի բացառում նրանց պատրաստակամությունը՝ հակադիր կողմի ներկայացուցիչների հետ շփվելու։ Այսպես, օրինակ, սահմանամերձ շրջանների որոշ բնակիչներ ասել են, որ հակամարտության լուծումից հետո պատրաստ են միասին ապրել։ Զարմանալի է, բայց, ինչպես պարզվեց, չլուծված հակամարտության պատճառով ամենօրյա տառապանքները մարդկանց չեն պարտադրում ագրեսիվ լինել։ Այսպես, կարևոր և բազմանշանակ է մեզ թվում, որ հայերը բարի, աշախատասեր ժողովուրդ են, ուրեմն ինչու՞ նորից չփորձել միասին ապրել…Շարքային հայերը ոչ մի մեղք էլ չունեն…խոսքերն ասել է գնդակոծության տակ գտնվող ադրբեջանական գյուղի բնակչուհին։
***
Ծանոթանալով հետազոտության տարբեր մասնակիցների կարծիքներին առ այն, թե ինչպիսին պիտի լինի զորքերի շփման գծին մերձ ապրող մարդկանց կյանքը, մեծ անարդարության տպավորություն է ստեղծվում, անարդարություն, որ թույլ է տրվում բնակչության այս խոցելի շերտի նկատմամբ։ Ընդ որում, այս առումով միանգամայն համանման իրավիճակ է ստեղծվել հակամարտության երկու կողմերում էլ։ Այս մարդիկ իսկապես հակամարտության պատանդն են դարձել, նրանք դարձել են սահմանների ամրապնդման, սահմանամերձ գոտում ռազմական մոլուցքի պահպանման արդյունավետ և էժան միջոց, ինչը կենտրոնական շրջանների բնակչության մեծամասնությանը հնարավորություն է տալիս իրենց հարաբերականորեն հանգիստ զգալ (Խաղաղ կյանքն արդեն ձեռք է բերվել, այն, ինչ կատարվում է՝ կատարվում է սահմաններին)։ Բոլոր զրույցներն այն մասին, թե նրանց վերաբնակեցումն անհնար է, քանի որ նրանք կապված են հողին ու հայրենասեր են, հօդս են ցնդում այնպիսի մի պարզ ու հասարակ փաստարկով, որի էությունը հետևյալն է՝ այս մարդկանցից ոչ մեկը չի ուզում, որ իրենց երեխաներն ապրեն նույն կյանքով և մնան այնտեղ, որտեղ իրենք են մնացել։ Շատ տարողունակ միտք է այս մասին ասել ադրբեջանցի մի ուսանողուհի՝ Ճիշտ չէ, որ նրանք չեն ուզում տեղափոխվել՝ եթե նրանք փող ունենային, ապա վաղուց էին բնավորվել ավելի անվտանգ վայրերում։
Հարցվածների կարծիքով ինչպիսի՞ն կարող է լինել հակամարտության՝ կայուն խաղաղության տանող արդյունավետ, իրատեսական, ոչ բռնի լուծումը
Հասկանալի է, որ հակամարտության լուծման տարբերակների մասին հարցերը նախատեսված չեն եղել բանակցային գործընթացի և քաղաքական որոշումների վրա ազդող գործոնների քաղաքագիտական վերլուծության համար։ Մեզ ամենից առաջ հետաքրքրում էր հակամարտության տարբեր կողմերի հանրությունների ներկայացուցիչների կողմից հակամարտության լուծման զանազան տարբերակների ընկալումը և 30-ամյա դիմակայության խաղաղ ավարտի հեռանկարների նրանց տեսլականը։
Սույն տեսության այս մասի խնդիրներից մեկը եղել է հակամարտության՝ հարցվողների կողմից հնչեցվող, գնահատվող և առաջարկվող լուծումների ողջ ներկապնակի շերտավորումը։ Ո՞ր տարբերակներն են հարցվողներն առավել արդյունավետ համարում։ Արդյո՞ք նրանք հավատում են հակամարտության ոչ բռնի լուծման իրատեսությանն ու հարատևությանը։ Կարևոր էր ընկալել հակամարտության լուծման ցանկալի արդյունքի մասին պատկերացումների տարբերությունը արդյունավետ ու իրատեսական լուծման պատկերացումներից։ Առանձնակի ուշադրություն պետք է դարձվի այն առաջարկներին, որոնք հաշվի են առնում նաև մյուս կողմի շահերը, այսինքն՝ արդեն իսկ ներառում են իրատեսության, նշանակում է՝ նաև երկարատևության տարրեր, այնպիսի լուծումների վրա, որոնք գոնե տեսականորեն կարող են հանգեցնել երկարատև խաղաղության։
Փորձենք հակամարտության վերաբերյալ առավել տարածված գաղափարներն ու կարծիքներն արտացոլել, որպեսզի հասկանանք, թե հնարավորությունների ինչպիսի գործող պատուհան կա խաղաղարար նախաձեռնույթունների համար։ Սույն գլխի ամենակարևոր խնդիրներից մեկը հետևյալն է՝ ամփոփելով առավել տարածված կարծիքները՝ ընդսմին, բաց չթողնել խաղաղության մասին ոչ մի թարմ գաղափար, որը կարող է խթան հանդիսանալ ոչ սովորական մոտեցման շուրջ մտորելու համար։
Տեղեկատվության ողջ հոսքի վերլուծության վրա հենվելով՝ մենք հակամարտության լուծման՝հարցվածների կողմից առաջարկված տարբերակները խմբավորել ենք մի քանի շերտերում՝
Հոռետեսական տեսլական. խաղաղ լուծումն անհնար է
Հարցվածների գերակշիռ մեծամասնության մոտ հետազոտությունը բավականին հոռետեսական տրամադրվածություն է երևան հանել հակամարտության կարգավորման և երկարատև խաղաղության ձեռքբերման իրատեսության նկատմամբ։ Եթե ամփոփելու լինենք հակամարտության կոնտեքստի մասին առավել հաճախ հանդիպող կարծիքները, ապա այն կարելի կլինի ձևակերպել հետևյալ կերպ՝ ստեղծված իրավիճակը ճակատագրական է, նրանում անհեռանկարային է ելք գտնելու ցանկացած փորձ։
Ի հեճուկս գոյություն ունեցող ամեն ինչի վերջ ունենալու մասին հայտնի իմաստնության («այս կյանքում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ»)՝ հարցվածներից շատերը, խոսելով հայ-ադրբեջանական դիմակայության մասին, փաստորեն այն համարում են մի հակամարտություն, որը վերջ չունի՝
-հակամարտության լուծման ոչ մի տարբերակ չեմ տեսնում՝ հակամարտությունը միշտ էլ լինելու է
-չեմ հավատում, թե մեր սերունդը կտեսնի այն արդյունքը, լուծումն ու հաղթանակը, որ մենք այսքան երկար տենչացել ենք
-հնարավոր չէ խաղաղության հասնել
-դրա համար շատ տարիներ պետք է անցնեն, սերունդ պիտի փոխվի (տարբերակներ՝ մի քանի սերունդ, 50 տարի և այլն)։
Կոզենայինք մի հետաքրքիր նրբերանգ նշել։ Որոշ հարցվածներ, այնուամենայնիվ, իրենց տեսլականն առանձնացնում են պաշտոնականից։ Հենց պաշտոնական տեսակետն է նրանց կողմից ընկալվում որպես հնարավոր լուծման հույս չթողնող՝
-եթե անգամ հանրությունն ինչ-որ բանի համաձայնվի՝ իշխանություններին դա ձեռնտու չի լինի
-ինչպես հասկանում ենք մեր ղեկավարների խոսքերից՝ պատերազմից բացի այլ տարբերակ չկա, ցավոք՝ դա իրականություն է
Այստեղ հետաքրքիր է ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե ինչով են հարցվողները բացատրում իրենց հոռետեսությունը՝
-ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական հարաբերակցությունը
-հզոր դերակատարների շահագրգռված չլինելը հակամարտության կարգավորմամբ և, ընդհակառակը, որոշ երկրների շահագրգռվածությունը հակամարտության սառեցման մեջ (եթե մեզ չխանգարեին՝ մենք ինքներս կլուծեինք հակամարտությունը)
-Որոշ ներքին ուժերի շահագրգռվածությունը հակամարտության շարունակման մեջ, բազեների ուժեղ դիրքերը հակամարտության կողմերից յուրաքանչյուրում
-հակամարտող կողմերի տրամագծորեն հակառակ պահանջներն ու դիրքորոշումները
-արյունահեղ պատերազմ տեսած ժողովուրդների ռազմական տրավմաները
-կառուցողական բանակցությունների բացակայությունը
-խաղաղության պայմանագրի իրատեսական նախագծի բացակայությունը
-Մինսկյան գործընթացի խամրությունն ու անհուսությունը
-կողմերի անվստահությունը միմյանց նկատմամբ
-միմյանց հետ շփվելու հնարավորության բացակայությունը կամ խիստ սահմանափակ լինելը
-հակամարտության խոր արմատները
-Լեռնային Ղարաբաղի պատմական անցյալի տրամագծորեն հակառակ պատկերները
-երկու կողմերից էլ աչառու տեղեկատվության տարածումը, ատելության լեզուն կիրառող, հակառակորդին դեմոնացնող միֆեր և բացասական կարծրատիպեր տարածող ԶԼՄ-ների ապակառուցողական դերը
-ատելության մթնոլորտում աճած նոր սերունդներ, որոնք տեղյակ չեն խաղաղ գոյակցության վաղեմի փորձին։
Ուժային լուծում. հակամարտության լուծումը հնարավոր է, բայց միայն ռազմական ճանապարհով
Հարցազրույցների արդյունքներն ամենայն ակնհայտությամբ ցույց են տվել, որ որոշ առումով բոլոր երեք հանրություններն էլ ընդհանուր ոչ քիչ բան ունեն։ Դա, մասնավորապես, վերաբերում է հակամարտության ուժային լուծման արդյունավետության (երբեմն էլ՝ նպատակահարմարության) մասին պատկերացումների տարածվածությանը։ Ուշադրություն է գրավում այն, որ իրենք՝ հարցվածները, հաճախ իրենց ընտրությունը պատճառաբանել են նրանով, որ հենց ուժի կիրառմամբ է հնարավոր խաղաղության հաստատումը՝ փաստորեն դառնալով «նպատակն արդարացնում է միջոցները» հայտնի սկզբունքի հետևորդներ՝
-կողմերից մեկը կարող է ջախջախել մյուսին, և կլինի խաղաղություն
-լուծման միայն մի ուղի կա՝ պատերազմ
-սահմանների ամրապնդում և, անհրաժեշտության դեպքում, լայնածավալ պատերազմ՝ այդ ժամանակ էլ հարցը կլուծվի
-այս հակամարտությունը լուծելու լավագույն եղանակը պատերազմով տարածքները հետ վերադարձնելն է
-Հայաստանը պետք է պրոֆեսիոնալ ու լավ զինված բանակ ունենա, որպեսզի նրանից վախենան
Որոշ կարծիքներ ավելի ճկուն են թվում կամ էլ ենթադրում են որոշ ընտրություն, բայց փաստացի նույնպես ուժային տարբերակ են նշանակում՝ Կամ պատերազմ պիտի լինի (լայնածավալ), կամ էլ փոխզիջում։ Ներկա դրությամբ փոխզիջման հասնել հնարավոր չէ։
Ուժային, բայց ոչ բռնի տարբերակներին, հավանաբար, կարելի է դասել երկու կողմերից էլ հնչող առաջարկները հակառակորդին խաղաղություն պարտադրելու մասին, ընդսմին՝ չի բացահայտվում, թե պարտադրման կոնկրետ ինչ եղանակներով կարելի է խաղաղության հասնել։
Հակամարտության լուծման միակողմանի տեսլական
Նախքան ոչ բռնի կարգավորման՝ հետազոտության մեջ արձանագրված տարբերակների վրա կենտրոնանալը՝ նպատակահարմար ենք գտնում իմաստավորել ցանկալի ապագայի մասին յուրաքանչյուր կողմի միակողմանի պատկերացումները։ Այդ նյութի հիման վրա կարելի կլինի դատել այն մասին, թե որքան իրատեսական է խաղաղ գոյակցության փոխընդունելի բանաձևի «արտածումը» և որքան բարդ է փոխզիջում գտնելու խնդիրը։
Ստորև բերվում են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հարցվածների միակողմանի տեսլականի օրինակներ՝
–Ղարաբաղը չպիտի լինի Ադրբեջանի կազմում։ Այնտեղ հայեր են ապրում, այնտեղ խոսում են հայերեն, նրանց կառավարությունը հայկական է՝ ամեն ինչ հայկական է։ Նրանք կամ անկախ պիտի լինեն, կամ էլ Հայաստանի կազմում։
-Անկեղծորեն ասած՝ հակամարտությունն արդեն իսկ լուծված է, պարզապես չեն ընդունում դա։ Պատերազմ է եղել, կան հաղթածներ և պարտվածներ։
-Ղարաբաղի անկախության ճանաչում հենց այսօրվա սահմաններում…դա ամենաօպտիմալ տարբերակն է…
-Այնտեղ կարող են նաև ադրբեջանցիներ ապրել, նրանք կարող են հետ վերադառնալ, բայց իշխանությունը պիտի հայերի ձեռքերում լինի
-Արցախը պիտի միավորվի Հայաստանին առանց որևէ տարածքային փոխզիջումների
-Հակամարտության լուծման ամենաօպտիմալ տարբերակը ԼՂՀ-ի ճանաչումն է որպես անկախ պետություն
Ադրբեջանում հարցվածների միակողմանի տեսլականի օրինակներ՝
-Ադրբեջանի բոլոր հողերի վերադարձ, բոլոր հողերի՝ առանց բացառության
-տարածքների վերադարձ՝ ըստ ԽՍՀՄ-ում Ադրբեջանի սահմանների
-եթե ոչ ռազմական ուղին, ապա փողի ուղին…տնտեսական արտոնություններ, որպեսզի Ղարաբաղի հայերը հասկանան, որ Ադրբեջանի կազմում լինելը նրանց ավելի ձեռնտու է, քան Հայաստանի կազմում լինելը
-պետք չէ նոր բան հայտնագործել, պարզապես պետք է վերադարձնել այն ամենը, ինչ եղել է՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, բոլոր հայերի համար բնականոն և հանգիստ կյանքի երաշխիքներով, որ նրանց ոչ ոք չի հետապնդելու կրոնական կամ ազգային հատկանիշներով
-օպտիմալ տարբերակը հետևյալն է՝ Ղարաբաղու ապրող հայերին տալ ամենաբարձր կարգավիճակ, պարզապես՝ դե-յուրե Ադրբեջանի կազմում։
Երբեմն հարցվածները, փոխզիջումը համարելով հակամարտության կարգավորման ամենացանկալի միջոցը, իրականում առաջարկում են ամենևին էլ ոչ փոխընդունելի լուծում՝ Իդեալական տարբերակը փոխզիջումն է։ Հուսով եմ՝ հայերի մոտ կարթնանա խիղճը։ Ու կվերադարձնեն բոլոր հողերը։
Ինչպես տեսանելի է վերոբերյալ մեջբերումներից՝ կողմերի շատ ներակաացուցիչներ կտրականապես բացառում են փոխզիջման ընդունելի լինելը՝ Փոխզիջում չի լինելու, կամ համաձայնվում են խաղաղության մեր պայմաններին, կամ էլ թող պատրաստվեն բախումների։
Սակայն, այսպիսի անհաշտ դիրքորոշում ունեն ամենևին էլ ոչ բոլոր հարցվածները։
Իդեալիստական պատկերացումներ
Առաջարկների առանձին խումբ են կազմում իդեալիստական պատկերացումները, որոնք հեռու են այսօրվա քաղաքական իրողություններից, սակայն դրանք այստեղ մեջբերենք՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչ ուղղությամբ կարող են մտածել տարածաշրջանի բնակիչները և ինչպիսի ապագա են նրանք ցանկանում՝
-առանց սահմանների աշխարհում հակամարտությունը կլուծվեր
-հարկ է ստեղծել կոալիցիոն կառավարություն, բոլորս պետք է միավորվենք
-հանրությունները պիտի թռիչքային զարգացում ունենան և բացառեն բռնությունը, հրաժարվեն կոլեկտիվ մտածողությունից
-ճեղքող գաղափարներ են պետք, որոնք քաղաքական նոր իրողության ստեղծում են առաջարկում
-Լեռնային Ղարաբաղը բաց տարածք է դառնում միջազգային բոլոր կազմակերպույթունների ու շահագրգիռ կողմերի համար…տնտեսական ազատ գոտի։ Լեռնային Ղարաբաղում հայերն ու ադրբեջանցիները հավասար իրավունքներ ունեն…Տարածքը դառնում է չեզոք տարածք
-Անհրաժեշտ է առաջին հերթին հոգիները «ականազերծել» հակամարտության կողմերում, անկեղծ ու ազնիվ լինել միմյանց նկատմամբ
-երկու կողմերն էլ պետք է հրաժարվեն այդ հողերի սրբազան կարգավիճակից։
Փոխզիջման կամ հակամարտության ոչ բռնի լուծման կոնկրետ առաջարկներ
Կարևոր է, որ տարածաշրջանի շատ բնակիչներ, այնուամենայնիվ, տրամադրված են հակամարտության խաղաղ կարգավորման, գիտակցելով, որ առանց փոխադարձ զիջումների հնարավոր չի լինի, և որ խաղաղության հասնել հնարավոր է միայն փոխզիջում որոնելով՝
-Խաղաղության համար մեզ փոխզիջում է պետք
-Օպտիմալ տարբերակը պատերազմի ավարտն է։ Չգիտեմ ինչպես, բայց պետք է պատերազմը դադարեցնել։ Արդեն 25 տարուց ավել շարունակվում է այն, միգուցե պետք է որևէ փոխզիջման գնալ, երկու կողմերից՝ իհարկե։
-Մենք փոխզիջման կարիք ունենք՝ խաղաղության հասնելու համար
-Փոխադարձ ու տրամաբանական զիջումներ։ Հակամարտության լուծումն իրատեսական է քաղաքական նկրտումներից հրաժարվելու դեպքում
-Լավագույն լուծումը ընդհանուր լեզու գտնելը կլիներ, որքան ես եմ հասկանում՝ գլխավոր մարտը ոչ թե ողջ Ղարաբաղի, այլ ինչ-որ քառակուսի մետրերի մասին է
Հիմա դիտարկենք հետազոտության մասնակիցների կոնկրետ գաղափարները դեպի խաղաղություն տանող հնարավոր քայլերի մասին։ Այդ առաջարկների արժեքը նրանում է, որ հարցվողներն իրենց փորձի ու տարբեր աղբյուրներից ստացած տեղեկատվության հիման վրա ենթադրում են, թե ինչի կարող է գնալ իրենց կողմը, ինչ կարելի է ի պատասխան ակնկալել հակադիր կողմից, ինչ դիրքորոշումներ կարելի է մեղմացնել կամ վերանայել։
Ստորև բերվում են օրինակներ այդ դատողություններից ու առաջարկություններից՝
Հայաստանյան կողմից
-Պիտի փոխզիջում լինի…Բուֆերային գոտիների վերադարձը Հայաստանի կողմից զիջում կլիներ։ Ադրբեջանի կողմից փոխզիջում կլիներ Ղարաբաղի ճանաչումը որպես անկախ պետություն կամ որպես Հայաստանի մաս
-զիջումներ կլինեին, եթե Ադրբեջանը դադարեր մեզ սպանել՝ այդ ժամանակ մենք կտայինք բուֆերային գոտիները, ինչը կլիներ մեր ապրելու երաշխիքը…
-Պետք է մի ընդհանուր, երկու կողմերին ձեռնտու տարբերակ։ Ադրբեջանը պետք է վերադարձնի Հայաստանի պատմական մի քանի տարածքներ, և նույնը պետք է անի Հայաստանը։ Պիտի փոխզիջման գնալ…Իսկ արդեն դրանից հետո՝ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումը որպես անկախ պետություն
-Եթե Ադրբեջանը հաշտվի այն մտքի հետ, որ մենք չենք տա 7 շրջանները, իսկ Հայաստանի ու Ղարաբաղի բնակիչները հաշտվեն այն մտքի հետ, որ մենք 3 շրջան տալու ենք
-Հնարավոր է՝ այդ լուծումը պետք է ինչ-որ ձևով նաև փախստականների հարցը լուծի…Փոխանակում կլինի երկու կողմերի միջև՝ արդար փոխհատուցմամբ։
Ադրբեջանական կողմից
-պետք է ոչ թե հողերի ազատագրում, այլ այնտեղ ապրող մարդկանց պաշտպանություն
-երկու կողմերում էլ հանրաքվե անցկացնել համատեղ ապրելու հնարավորությունների մասին
-հողերի 70 տոկոսի վերադարձ և համատեղ առևտուր
-կարծում եմ, պետք է ընդհանուր շուկա բացել՝ մթերքներով, մսով։ Բազար։ Մեր ժողովուրդները սիրում ու կարողանում են առևտուր անել։ Եւ դա անել մերձճակատային գյուղերում։
Լեռնային Ղարաբաղի կողմից
-առանց երկու կողմից էլ տարածքներ զիջելու հակամարտությունը չի լուծվի, օրինակ՝ Ֆիզուլին ու Ջեբրայիլը մեզ համար ռազմավարական նշանակություն չունեն
-ինչ-որ մի չեզոք գոտի ստեղծել այստեղ։
Ուշագրավ է, որ շփման գծին մոտ ապրող մարդիկ ամենևին էլ աչքի չեն ընկել մայրաքաղաքների բնակիչների համեմատ առավել անհանդուրժողականությամբ ու անհաշտությամբ։ Հնարավոր է, դա կապված է մշտական սթրեսների պատճառով առաջացած հոգնածության, ինչպես նաև առկա պայմաններում իրավիճակի բարելավման տեսանելի հեռանկարների բացակայության հետ։
Ինչպիսին կարող է լինել դեպի փոխզիջում ու փոխընդունելի լուծում տանող ուղին
Ինչպես հասնել խաղաղության
Մտորելով խաղաղությանը մերձենալու անհրաժեշտության թեմայի շուրջ՝ հետազոտության մասնակիցները հետևյալ հարցերն էին տալիս իրենց՝ ինչպե՞ս կարելի է փոխզիջման հասնել, ի՞նչ է պետք դրա համար, ինչպիսի՞ գործընթացներ հարկ կլինի սկսել և ինչպիսի՞ գործոններ կիրառել խաղաղ հարևանության համար բարենպաստ հող ստեղծելու և վերջնական կարգավորումը մերձեցնելու համար։
Մի քանի պատասխաններ ակնհայտ էին և հանդիպում էին բոլոր երեք հանրություններում էլ՝
-Ամբողջ հույսը խաղաղ բանակցություններն են։ Ոչ ոք էլ չի ուզում երկրորդ անգամ պատերազմի միջով անցնել։ Միայն բանակցությունների միջոցով։
-Պետությունների ղեկավարները պետք է բաց լինեն երկխոսության համար և պատրաստ լինեն երկար ժամանակով երկխոսություն վարել՝ մինչև փոխզիջման հասնելը։
Ընդհանուր էին նաև ազգայնական քարոզչությունից հրաժարվելու անհրաժեշտության մասին պատկերացումները՝ փակել… ազգամիջյան թշնամանքի զոմբիացումը։
Քաղաքացիական հասարակության մակարդակով խաղաղարարական գործընթացների կարևորության մասին առաջարկներ նույնպես հնչել են յուրաքանչյուր կողմից՝
-երկու կողմերի քաղաքացիական հասարակությունները պետք է հանդիպեն և շփվեն
-զանազան սոցիալական ծրագրեր, համացանցային պրոյեկտներ հակամարտության անդամների միջև…դա բարենպաստ հող կստեղծի, որի վրա էլ կկառուցվի խաղաղ հարևանությունը
-շփումներ են պետք, այցելություններ միմյանց
-անմիջական կապեր ստեղծել երկրների միջև
-դա պիտի ուզեն հակամարտող բոլոր հանրություններում ապրող կանայք։ Այո, կանանցից շատ բան է կախված։ Չէ՞ որ նրանք են հիմնականում զբաղվում մատաղ սերնդի դաստիարակությամբ
-կարևորն արտաքին աշխարհի հետ կապեր ունենալն է, որովհետև մեր մեկուսացումը խանգարում է հակամարտության լուծմանը։ Մարդիկ ամեն ինչում մեղադրում են Ադրբեջանին և ավելի ագրեսիվ են դառնում։ Բայց երկրից դուրս գալով և արտաքին աշխարհի հետ շփվելով՝ մենք կարող ենք վերադառնալ նոր լուծումներով ու նոր գաղափարներով
-Գիտության ու արվեստի ոլորտներում կապերի վերականգնում, տարածաշրջանային ինչ-որ պրոյեկտներ։
Եթե խոսելու լինենք կողմերի ներկայացուցիչների պատասխաներում առկա տարբերությունների մասին, ապա կարելի կլինի ասել, որ Ղարաբաղում, օրինակ, առավել հաճախ բարձրացվում է զինադադարի ռեժիմի պահպանման ավելի արդյունավետ եղանակների որոնման անհրաժեշտության մասին հարցը՝
-առաջին հերթին պետք է երկու կողմերից էլ հեռացնել դիպուկահարներին
-պիտի ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել այն կողմի նկատմամբ, որը խախտում է զինադադարը
-հրադադար հայտարարել, փոխանակել գերիներին
Իսկ Ադրբեջանում առավել հաճախ շեշտադրում էին անում հակամարտության լուծման տնտեսական մոտեցման արդյունավետության վրա՝
-տնտեսությունն օգտագործել երկրների միջև արդյունավետ հարաբերությունների ամրապնդման համար
-նախաձեռնել ընդհանուր առևտուր, մեծ շուկա և այլն։
Առավել արդյունավետ երկխոսության համար պայմանների ստեղծում
Կարևոր է արտացոլել մի շարք հարցվածների կարծիքն առ այն, որ խախտվող զինադադարի համապատկերում ոչ մի բանակցություն էլ արդյունք չի տա։ Սույն դիրքորոշման գաղափարը հետևյալն է՝ խաղաղ լուծման որոնումն անհնար է մի իրավիճակում, երբ սահմաններին շարունակվում են մարդիկ զոհվել։ Ուստի և խաղաղ կարգավորման կողմնակիցների խնդիրն է ընդհանուր ջանքերով ապահովել սահմանամերձ գոտիների անդորրն ու անվտանգությունը։ Դրա համար հարկ է բոլոր ջանքերն ուղղել զինադադարի ռեժիմի պահպանմանը՝ գործարկել տեխնիկական միջոցներ, ներգրավել դիտորդներ ու դիտարկման խմբեր, պատժամիջոցներ սահմանել զինադադարը խախտող կողմի նկատմամբ։ Այլապես, ըստ հարցվածների, յուրաքանչյուր կողմի բազեների համար չափից ավելի շատ հնարավորություններ կան չսպիացող վերքեր թողնելու, մի քանի կրակոցով չթողնելու իրավիճակը հանդարտվի և ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։ Այս նպատակով առաջարկվել են ավելի ռացիոնալ օգտագործել արտաքին չեզոք ուժերը։
Սույն մոտեցման շրջանակներում առաջարկներ են հնչել հակամարտության գոտու ապառազմականացման մասին՝
-պիտի ապառազմականացում լինի, և խաղաղարար այնպիսի զորքեր տեղաբաշխվեն, որոնք ոչ մի շահ չունեն այս հակամարտույթունում
Հարցվածներն ինչու՞մ են հույս տեսնում, ի՞նչ ռեսուրս կարող է օգտագործվել խաղաղարարությունում
Այն հարցվածների հույսերը, որոնք տրամադրված են խաղաղ լուծման, հաճախ կապված էին լինում ներքաղաքական կլիմայի փոփոխության, աշխարհում առկա դրական օրինակների, երիտասարդների աշխարհընկալման ընդլայնման հետ, ընդ որում, ըստ նրանց՝ երիտասարդները պետք է լավ կրթություն ստանան, ատելությունից զերծ լինեն և բաց լինեն նոր գաղափարների առաջ։ Այսպես, որպես խաղաղ գործընթացի ռեսուրս, որն արժե գործարկել, հաճախ նշվում էր հայկական և ադրբեջանական սփյուռքների ներուժը՝
-երկու կողմերի սփյուռքները նվազ ագրեսիվ են, ավելի ճկուն ու արդիական են
-գալիք սերունդները, որոնք դաստիարակվել են այլ, խաղաղ ոգով, օրինակ՝ Եվրոպայում ադրբեջանական սփյուռքը։
Հարցվածներից մի քանիսի պատասխաններում հույս կար հակամարտության մեջ ներգրավված երկրներում ժողովրդավարական բարեփոխումների և ավտորիտարիզմից հեռանալու նկատմամբ, որից հետո, ըստ նրանց, ավելի շատ շանս կծագի կարգավորման համար, և խաղաղ գործընթացը միանգամայն իրատեսական կլինի՝
-Եթե Ադրբեջանում և Հայաստանում նորմալ ռեժիմներ լինեին…Եվրամիությունը կասեր՝ «Տղերք, ես ձեզ կընդունեմ, բայց ինձ խնդիրներ պետք չեն, լուծեք դրանք իրար մեջ և ներս մտեք»։ Այս պայմաններում, կարծում եմ, մի քանի տարում արագ կլուծեին։
Այլ երկրների դրական օրինակների ուսումնասիրումը նույնպես, հարցվածների կարծիքով, կարող է օգտակար լինել Ղարաբաղում ու նրա շուրջ խաղաղ գոյակցության ապահովման համար՝
-ադրբեջանցիներն ու հայերը միասին շատ լավ էլ ապրում են երրորդ երկրներում, նրանց միջև ամեն ինչ OK է։ Թավրիզում հայեր շատ կան, Ռուսաստանում նույնպես ամեն ինչ լավ է
-Իրանը կարող է լավ օրինակ ծառայել
Հաճախ օրինակ են բերել նաև Եվրոպային, որտեղ այսօր շատ հակամարտություններ լուծվում են մշտական բանակցությունների միջոցով։
Խոսելով կողմերի տեսլականների տարբերությունների մասին՝ հարկ է նշել, որ ադրբեջանցի հարցվածներն առավել հաճախ են հույս տածել այնպիսի առաջնորդի նկատմամբ, որը կգտներ օպտիմալ ու իրատեսական լուծում, նրանք մատնանշել են կոնկրետ անձանց, ավելի հաճախ Ադրբեջանի գործող նախագահին, հիշել են նախորդ նախագահին և այնպիսի մեծ անհատականությունների, ինչպիսիք են Գանդին, Մարտին Լյութեր Կինգը և այլք։ Երբեմն էլ հույսեր են տածել Ռուսաստանի նախագահի նկատմամբ։
Նախնական որոշ եզրահանգումներ
Մասնակիցենրից շատերին, եթե ոչ մեծամասնությանը, հակամարտության ընկալումներում բնորոշ են ճակատգրապաշտությունն ու ապատիան, հակամարտությունը պատկերանում է որպես հավիտենական ու անխուսափելի։ Երկու կողմերի տված մեծ զոհերը հանգեցրել են նրան, որ կողմերն ի մահ կանգնած են տրամագորեն հակադիր դիրքլերում, և ոչ ոք չի ուզում ու չի կարող զիջել։
Այդուհանդերձ, արտահայտվել են նաև իրավիճակի փոփոխման հույսեր, որոնցից կարևորներն են՝
-էքզիստենցիալ այն հույսը, որ ամեն ինչ երբևէ ավարտվում է, և հակամարտությունն էլ մի օր կավարտվի
-գլոբալ կոնտեքստի փոփոխման հույս, որի պարագայում կարող է ի հայտ գալ հակամարտության անսպասելի լուծում
-հույս առ արտաքին «արդար ու զորեղ» ուժեր
-մի քանի սերունդներ փոխվելու հետ կապված հույսեր
-հույս առ այն, որ սեփական երկիրն ու կառավարությունը երբևէ կկարողանան վերջնականապես և անշրջելիորեն հաղթահարել հակառակորդին։
Հակամարտության տարբեր կողմերում գտնվողներից քչերն են ի զորու հակամարտությանը նայելու թռչնաթռիչք բարձրությունից՝ իսկ մեծամասնությունն ամուր կապված է սեփական երկրի քաղաքական դիրքորոշմանը, ինչն էլ էապես սահմանափակում է ամբողջական պատկերը տեսնելու հնարավորությունը։
Այս համապատկերում վառ տարբերվում են անկախ տեսլականի, հակամարտության մասին սովորական դատողություների կարծրացած շրջանակներից ազատ թարմ գաղափարներն ու օրինակները։ Այդպիսի գաղափարների թվին կարելի է դասել՝
-տնտեսական համատեղ զանազան պրոյեկտներ, սահմանամերձ ընդհանուր բազարի բացում, համատեղ կոալիցիոն կառավարության ստեղծում, չեզոք գոտիների հիմնում, Կովկասն առանց սահմանների, միջազգային կազմակերպությունների հովանու ներքո ամենատարբեր հանդիպումների անցկացում և մի քանի այլ գաղափարներ, որոնց մասին հարկ է լրջորեն մտածել՝ ի հեճուկս դրանց երբեմն թվացյալ ֆանտաստիկության։
ԶԼՄ-ների դերը։ Հարկ է նշել, որ կարգավորման գլխավոր խոչընդոտներից մեկը, ըստ մի շարք հարցվածների, լրատվամիջոցներն են, որոնք լավ յուրացրել են հակամարտության և ատելության լեզուն։ ԶԼՄ-ները տարածում են «մեյնստրիմային կարծիք», ինչը բարդացնում է անկախ գաղափարների արտահայտումը և չի նպաստում բաց բանավեճերին։
Հարցումը միանշանակ ցույց տվեց, որ հակամարտության երեք կողմերում էլ չի կարելի հանրության ու հասարակական կարծիքի մասին դատել ըստ ԶԼՄ-ների հրապարակումների։ Ի հեճուկս քաղաքական խոր հակամարտության պայմաններում անխուսափելի բազմամյա ճնշումների՝ հասարակական կարծիքը շատ ավելի բազմերանգ է, իսկ որոշ դեպքերում էլ՝շատ ավելի ճկուն, ինչը հաստատվում է սույն հետազոտության մեջ արձանագրված գնահատականների ու առաջարկների բավականին բազմակերպ ներկապնակով։
Երրորդ երկրների դերը։ Բոլոր կողմերում էլ ամենատարածված կարծիքներից մեկը եղել է հակամարտությունը լուծելու՝ արտաքին խաղացողների ցածր շահագրգռվածության մասին պատկերացումը։ Ավելին՝ նաև կարծիք կար տարածաշրջանում անկայունության պահպանման գործում շահագրգռված որոշ երկրների ապակառուցողական դերի մասին։ Խոշոր երկրների միջնորդական ջանքերի նկատմամբ այսպիսի անվստահությունը, հավանաբար, կապված է հակամարտությունը կարգավորելու՝ Մինսկի խմբի ջանքերի նկատմամբ թույլ և հազվադեպ հանդիպող հույսը։
Ի հեճուկս հաճախ կրկնվող ռազմատենչ կարգախոսների՝ հետազոտության մեջ դրսևորվել են պատերազմի թեմայի մարգինալացման որոշ հատկանիշներ։ Քանի որ խաղաղության բացակայությունից ու զինադադարի ռեժիմի մշտական խախտումներից տառապում են սահմանամերձ շրջանների բնակիչներն ու զինվորականները՝ մայրաքաղաքների բնակիչների համար հնարավոր է եղել վերացարկվել պատերազմի թեմայից։ Հաճախ հնչել է այն միտքը, որ պատերազմը դարձել է աղքատների զբաղմունքը։
Ցավոք, չնայած առկայծող հակամարտության իրավիճակում մարդկանց տառապանքներին՝ խաղաղությունը, անդորրը, «սուրը պատյանի մեջ դնելը» դեռևս չեն դարձել մարդկանց գլխավոր գիտակցված կարիքը։ Մարդիկ ավելի շատ տենչում են հաղթանակի ու արդարության, ինչը բազմիցս հաստատել են մեր կողմից հարցվածները։ Դա վերաբերվում է թե տղամարդկանց և թե կանանց, թե երիտասարդներին և թե տարեցներին։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ կանանց պատասխաններում ավելի հաճախ կարելի էր հանդիպել հակամարտության կողմերի միջև երկխոսությանը մասնակցելու անհրաժեշտության գիտակցում, երբեմն էլ՝ պատրաստակամություն։ Ինչ վերաբերում է հետազոտության երիտասարդ մասնակիցներին, ապա նրանց մի մասը փորձում էր հակամարտության մասին դատել որոշակի հեռավորությունից, ինչը նպաստել է սուբյեկտայնության նվազմանը։ Այս պահը կարող է օգտակար լինել խաղաղարար նախաձեռնություններ ծրագրելիս։
Հարկ է լրջորեն մտածել, թե ինչպիսի քայլեր կարող են նպաստել այն բանին, որպեսզի երկարատև խաղաղության հաստատումը դառնա բոլոր երեք հանրությունների գլխավոր նպատակը, որպեսզի հակամարտության լուծման ցանկալի, բայց, այդուհանդերձ, ածանցյալ էֆեկտից խաղաղությունը դառնա գլխավոր պահանջը, գլխավոր նպատակը և արժեքը։
Վերջաբանի փոխարեն
Ստացված արդյունքների ողջ ծավալին ծանոթանալուց ստացած հիմնական տպավորությունը կայանում է նրանում, որ, ի հեճուկս հանրային գիտակցության մեջ հակամարտության պահպանմանը, բոլոր երեք հանրություններում էլ լուրջ ռեսուրսներ կան հակամարտության փոխակերպմանը միտված աշխատանքի համար։ Սույն հետազոտությունը կարող է կարևոր լրացում դառնալ արդեն իսկ եղած տվյալներին, որոնք հարկ է համեմատել և վերլուծել՝ չկորցնելու համար կարևոր նրբերանգները։ Այս առումով, հնարավոր է, ուշագրավ լինեն հետազոտության նյութերի վրա խարսխված հետևյալ մտորումները։
Փաստորեն, երկու կողմից էլ սահմանների պաշտպանությունը պատվիրակվել է բնակչության առավել խոցելի խավերին և զինվորական համազգեստով երիտարդներին։ Քանի դեռ ողջ հանրությունը, ոչ թե խաղաղություն, այլ արդարություն պահանջող հանրությունը չհասկանա, թե որքան անարդար է իրենց իսկ դիրքորոշումը արկերի տակ ապրող մարդկանց նկատմամբ, չի ձևավորվի խաղաղության հզոր ու առաջնահերթ պահանջ։ Ավելին՝ տեղի է ունենում ռազմական գործողությունների գործիքակազմում՝ ինչպես նշվել է վերևում, ներքաղաքական կամ տնտեսական լուրջ խնդիրների ծագման ժամանակ քաղաքական գործիչների համար դժվար է խույս տալ այնպիսի գայթակղությունից, ինչպիսին է իրավիճակի արհեստական սրումը սահմաններին, ինչը վերստին համախմբում է ազգին և ջնջում ներքին հակասությունները։ Այս մասին քանիցս խոսել են հարցվածները։ Եթե հանրությանը հնարավորություն չտանք տեսնելու, թե ինչպես են որոշակի ուժեր իրենց շահերի համար օգտագործում հակամարտության սրումը՝ ժողովուրդները երբեք չեն կարողանա դուրս գալ այս արատավոր շրջանից։
Ռազմական կորուստների ցավը հավասարեցնում է կողմերին, և այստեղ միմյանց ապրումների ավելի մեծ գիտակցում կա, քան այլ՝ քաղաքական բնույթի բարձր դասվող կորուստների նկատմամբ։ Այստեղ անհրաժեշտ է գոնե խորհրդանշական փոխհատուցում նրա համար, որպեսզի կողմերը պատրաստ լինեն կառուցողական երկխոսության։ Հողերի կորստի հետ կապված բացասական զորեղ ազդակները պետք է անպայման հավասարակշռվեն նույնքան ուժեղ դրական զգացմունքներով։ Ինչպես հետազոտությունն է ցույց տվել՝ խաղաղության ձեռքբերման հրճվանքն անհամեմատելի է պատերազմի արդյունքում ճարահատ նահանջի հետ կապված ծանր զգացումների սրության հետ։ Ուստի և փոխզիջման որոնումներում խոսքը պիտի գնա այն մասին, որ զիջումներին պիտի համապատասխանեն հավասարարժեք ձեռքբերումներ՝ եթե ոչ տարածքների, ապա հակամարտության լուծման առաջնորդի, տարածաշրջանային կայունության հաստատման առաջատար ուժի, տարածաշրջանի գլխավոր խաղաղարարի, առավել պատասխանատու և առաջադեմ կողմի կարգավիճակի (ներգրավված միջազգային կազմակերպությունների, միջնորդների և այլոց գնհատականներով) տեսքով։ Ինչ խոսք, այսօրինակ փոխակերպումն անհնար է առանց ոչ միայն մերձավոր դաշնակիցների, այլև լայն իմաստով համաշխարհային հանրության մասնակցության՝ եթե, իրոք, ողջ Կովկասում կայունության փնտրտուքի լուրջ տրամադրվածություն կա։
Հարցման արդյունքները երևան են հանել ևս մի կարևոր հայեցակետ։ Որքան էլ դժվար լինի արմատների ու ակունքների մասին խորն ու անաչառ զրույց կազմակերպելու խնդիրը՝ այն հարկավոր է սկսել, առաջին հերթին՝ ոչ մասնագինտական շրջանակներում։ Պարզվեց, որ նույնիսկ հետազոտության կրթված մասնակիցները կարող են ասել՝ իրականում ես չգիտեմ, թե ինչում է կայանում հակամարտության էությունը։ Դա նշանակում է, որ հակամարտության պահպանմանը նպաստող ոչ պակաս կարևոր, եթե ոչ ամենակարևոր, գործոնն են արդեն դարձել դրա հետևանքները, այլ ոչ թե միայն հակասությունների առաջնապատճառը։ Այստեղ աշխատելու կարիք կա։
Կարծում ենք, որ սույն հետազոտության կարևոր արդյունքներից են ստացված տվյալներն այն մասին, թե բոլոր երեք երկրների բնակիչները որ արդյունքներ են ցանկալի համարում, իսկ որը՝ իրատեսական։ Իրատեսականի մասին պատկերացումներն անուղղակիորեն հաշվի են առնում հակադիր կողմի կարծիքը։ Ու երեք տարբեր տեսանկյուններից, երեք տարբեր հեռանկարներից հենց ցանկալիի ու առավել իրատեսականի այս «միջակայքն» է այն դաշտը, որտեղ պետք է տարաբնույթ աշխատանքներ նախաձեռնել հանրության հետ և հնարավոր փոխզիջում փնտրել։