«SOS արևելյան քրիստոնյաներ» ասոցիացիայի գլխավոր տնօրեն Բենջամեն Բլանշարը հիշեցնում է, որ թուրք–ադրբեջանական ծավալապաշտական նկրտումները կանգ չեն առնում Լեռնային Ղարաբաղում և մեծ վտանգ են ներկայացնում խաղաղ հայ բնակչության համար»:
Էրդողանի և Ալիևի համար Բաքվում անցկացված հաղթական զորահանդեսը առիթ հանդիսացավ պանթուրքիստական գաղափարական մեծ դիսկուրս սկսելու համար: Ադրբեջանի նախագահն էլ ավելի ծավալապաշտական հավակնություններ դրսևորեց՝ Սյունիքը, Գեղարքունիքը և նույնիսկ Երևանն անվանելով ադրբեջանական հող: Նրա թուրք գործընկերն, իր հերթին, բանաստեղծություն արտասանեց` հավակնություններ ներկայացնելով իրանական Ադրբեջանի նկատմամբ: Այնուհետև նա հիշատակեց Էնվեր փաշային, նրա եղբայր Նուրի փաշային և Կովկասյան իսլամական բանակը: Էնվեր փաշան Հայոց ցեղասպանությունը կազմակերպող «Միություն և առաջընթաց» երիտթուրքական կուսակցության առաջնորդներից էր:
Կովկասյան իսլամական բանակը 1918-ին սկսել էր օսմանյան հարձակումը Կովկասի դեմ, որի նպատակն էր ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը և վերացնել Կովկասի ամբողջ քրիստոնյա բնակչությանը (մինչ այդ պահը վերացվել էր Անատոլիայի հայ բնակչությունը): Արդյունքում, 1918-ին սպանվեց Կովկասի հայ բնակչության 10% -ը, այսինքն`150,000 մարդ: Մնացածներին հաջողվեց փրկվել միայն հայկական ուժերի հուսահատ դիմադրության ու Օսմանյան կայսրության կապիտուլյացիայի շնորհիվ: Ահա թե ինչ է այսօր փառաբանում Էրդողանը:
Այսպիսով, Թուրքիան բացահայտորեն պաշտպանում է պանթուրքական ծավալապաշտական գաղափարախոսությունը, որի հիմքում ընկած է արյունոտ առաջնորդների փառաբանումը: Բացի այդ, ամբողջ տարածաշրջանում և հատկապես բուն Արցախում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական ուժերը պատասխանատու են մի շարք ռազմական հանցագործությունների համար, ներառյալ տարեց հայերի կոտորածը, ովքեր հրաժարվել են լքել իրենց հողերը: Նրանք նաև կհիշեն դիակների այլանդակումը, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և պղծումը, ներառյալ գերեզմանները, եկեղեցիներն ու հուշարձանները: Միանգամից մտքիս է գալիս պատմաբան ու աստվածաբան Վահրամ Լալայանը, ով ադրբեջանական ուժերի կողմից խոշտանգվել ու սպանվել է իր իսկ տանը: Տեղեկություններ կան, որ ադրբեջանցի զինվորները մուտք են գործել ոչ միայն Արցախ, այլև բուն Հայաստանի տարածք, մասնավորապես՝ Սյունիքի մարզի Որոտան գյուղ:
Ի՞նչ է անում Եվրամիությունը: Նա դիվանագիտական հանդիպումներ է ունենում Ադրբեջանի հետ, քննարկում է երկրին եվրոպական մուտքի արտոնագրերի տրամադրման մասին համաձայնագիրը: 2021 թվականի համար Ադրբեջանի պաշտպանական բյուջեն 2,7 միլիարդ դոլար է, ինչը 20%-ով ավելին է նախորդից և չորս անգամ ավելին, քան հայկականը: Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Բաքուն տնտեսական աջակցության կարիք չունի: Մինչդեռ ԵՄ-ն նույնիսկ էմբարգո չսահմանեց զենքի վաճառքի վրա, որը Թուրքիան և Ադրբեջանը կիրառեցին հայերի դեմ: Այո, ԵՄ-ն և եվրոպական որոշ երկրներ մարդասիրական օգնություն են տրամադրում Արցախին, բայց դա ուղեկցվում է չեզոքությամբ, ինչը խաղաքարտ է դարձել թուրք և ադրբեջանցի ագրեսորների ձեռքին:
1915-ի ցեղասպանությունը փառաբանող պանթուրքական հռետորաբանությունը քաղաքական կոշտ արձագանք է պահանջում: Ավելին, այս ծավալապաշտությունն սպառնում է նաև Հունաստանի, Կիպրոսի և Սիրիայի սահմաններին: Պետք է դադարեցվի թուրքական զենքի վաճառքն Ադրբեջանին, իսկ Անկարայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հարկավոր է կասկածի տակ դնել: Անհրաժեշտ է Հայաստանին հզոր դիվանագիտական աջակցություն ցուցաբերել՝ ի պատասխան Սյունիքը բռնակցելու Բաքվի նկրտումների:
Բացի այդ, հայերին հումանիտար օգնություն ցուցաբերելու մեծ կարիք կա: Անհրաժեշտ է եվրոպական երկրների կողմից կոշտ դիրքորոշում, որպեսզի Կովկասում և Միջերկրական ծովում թուրքական ինտերվենցիան դանդաղեցվի, քանի որ Ռուսաստանն այժմ գրեթե Թուրքիայի միակ գործընկերն է, ուստի չի կարող միջնորդի դեր կատարել:
Հատուկ «Անալիտիկոնի» համար ֆրանսերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը
Սկզբնաղբյուրը` Le Figaro