Մտորումներ դեսպան Ուորլիքի ելույթի շուրջ
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ
Մայիսի 7-ին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում դեսպան Ջեյմս Ուորլիքի ունեցած ելույթը շատ յուրովի մեկնաբանվեց հայկական մամուլում` միանգամայն հարիր այսօրվա մթնոլորտին ու մեր հոգեբանությանը: Հերթական անգամ որեւիցե տեղեկատվություն դառնում է ՖԻԼ-երի ու ՖՈԲ-երի ընդհարման առիթ: Մամուլն ու սոցիալական ցանցերը լիքն էին ռուսամետների ու արեւմտամետների փաստարկներով ու փոխադարձ մեղադրանքներով: Բայց ինձ առավելս ապշեցրեց ու մտահոգեց այն հանգամանքը, որ քննադատական հեղեղն առավելս վերաբերում էր տեղեկատվության աղբյուրին, այլ ոչ թե բուն տեղեկատվությանը:
Սա մոտավորապես նույնն է, թե նախընտրած թիմի պարտության համար մեղադրես մարզական մեկնաբանին: Կարծես թե մեր հանրությունը գերադասում է լինել երջանիկ անգիտության մեջ եւ իրազեկված չլինել: Անտրամաբանական ոչինչ չկա այստեղ` հանրությունը չի ուզում պատասխանատվություն ստանձնել: Ավելի հեշտ է անտեղյակ ձեւանալ` հետագայում ուրիշներին խաբեության ու դավաճանության մեջ մեղադրելու համար:
Այսպես թե այնպես` հանրությունում քննարկումներ սկսվեցին, ինչն էլ, ըստ իս, տվյալ պարագայում ամենակարեւորն է: Չեմ բացառում, որ դեսպան Ուորլիքի նախաձեռնության նպատակներից մեկն էլ հենց դա էր: Կարծում եմ` ամերիկացիներն ավելի անկեղծ են մեր նկատմամբ, քան մեր իսկ իշխանությունները: Ժամանակին ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան էր հրապարակավ մանրամասնում բանակցային գործընթացը, այսինքն` այն, ինչ մեզնից թաքուն էին պահում մեր իսկ իշխանությունները: Այնպես որ, մեր որոշելիք խնդիրն է` ուզում ենք սեպտեմբերի 3-ի օրվա նման մի օր արթնանալ այլ երկրում ու այլ իրավիճակո՞ւմ, թե՞ նախընտրում ենք մասնակցել մեր ճակատագրի որոշմանը: Այստեղից էլ` մեր վերաբերմունքը նման ելույթների նկատմամբ:
Ինչ որ է, եղան նաեւ ելույթի բուն տեքստի վերլուծություններ: Բավականին ուշագրավ դիտարկում է արել ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը: Նա հանրության ուշադրությունը սեւեռել է դեսպան Ուորլիքի ելույթի մի նախադասության վրա: Ահա այն` «կա սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն, որն արդեն շրջանառվել է եւ ուրվագծում է համաձայնությունը, եւ ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք»: Ուշադրություն դարձրեք` ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք: Ահա այս դիտարկումից հետո պարոն Մայիլյանը հետեւյալ մեկնաբանությունն է անում. «Այս սկզբունքներն ու դրանց առնչվող տարրերը բանակցությունների սեղանին են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղյան հակամարտության կողմերից գոնե մեկի ազգային իշխանությունը չի հայտարարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումների անընդունելիության մասին»: Ըստ Մայիլյանի` ժամանակն է միջազգային միջնորդներին ազատել կեղծ պատկերացումներից, ինչը թույլ կտա հակամարտող կողմերին մշակել կարգավորման նոր մեխանիզմներ, որոնք կհամապատասխանեն ժամանակի իրողություններին:
Այնպես որ` իրո՞ք ժամանակն է բարձրաձայն հայտարարելու այս մասին: Եթե շատ հակիրճ պարզաբանելու լինենք, թե ինչու են մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի, ապա կարելի է ասել հետեւյալը` դրանք նպատակամիտված են Ղարաբաղյան հակամարտության ոչ թե պատճառների, այլ հետեւանքների վերացմանը: Արցախի հանրային դաշտից վաղուց են հնչել բանակցային գործընթացի փիլիսոփայությունն ու մեթոդաբանությունը փոխելու առաջարկներ:
Բայց ես կուզեի նաեւ երկու այլ հանգամանքների վրա ուշադրություն դարձնել: Խոսքն այն մասին է, թե ինչ պայմաններում ու իրավիճակում է հնչել դեսպան Ուորլիքի ելույթը: Առաջին` Ադրբեջանի օրավուր սաստկացող հայատյացության մթնոլորտում: Այս մթնոլորտում ոչ միայն ցանկալի չէ, այլեւ վտանգավոր է կարգավորման ցանկացած փորձ: Նման փորձեր պիտի ձեռնարկել բարենպաստ մթնոլորտի պարագայում, երբ կա փոխվստահության գոնե նվազագույն պաշար: Իսկ մեր պարագայում հակամարտության կողմերի փոխվստահության մասին խոսելն ուղղակի անլրջություն է: Կարծում եմ` միջնորդների ջանքերն ամենից առաջ պետք է կենտրոնացվեն թշնամու կերպարի վերացման եւ հակամարտության կողմերի միջեւ վստահության կամուրջների կառուցման ուղղությամբ:
Երկրորդ հանգամանքը միջազգային մթնոլորտն է: Երբ դեսպան Ուորլիքը կամ միջնորդները խոսում են միջազգային երաշխիքների մասին, ապա պիտի նկատի ունենան, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված եւ Յալթայում հաստատված անվտանգության համակարգն այսօր ուղղակի անմխիթար վիճակում է: Ողջ աշխարհի առաջ օրը ցերեկով բզկտվում է մեզնից շատ ավելի հզոր ու իր աշխարհաքաղաքական կշռով միանգամայն այլ քաշային կարգում գտնվող երկիր` Ուկրաինան: Այնպես որ` Ղարաբաղյան հակամարտության գոտում ներկայումս ձեւավորված անվտանգության համակարգը վերանայելիս պիտի նկատի ունենալ, որ միջազգային երաշխիքների, մեղմ ասած, լավագույն ժամանակները չեն հիմա: Այս պայմաններում շատ կարեւոր է չխախտել հակամարտության կողմերի ռազմական ու միջնորդների դիվանագիտական հավասարակշռությունը:
Իսկ համարժե՞ք էր հակամարտության հիմնական կողմերից մեկի` Արցախի արձագանքն այս կապակցությամբ: ԼՂՀ ԱԳՆ-ն, ինչպես հայտնի է, հանդես է եկել հատուկ հայտարարությամբ: Արձագանքը ժամանակին էր, ինչը խրախուսելի է, քանի որ գնալով ղարաբաղյան կողմի վերաբերմունքը կարեւորվելու է: Այն, ինչ ասվել է այդ հայտարարության մեջ, իրո՞ք կարեւոր է: Այդուհանդերձ, ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ հստակ ու աներկբա գնահատական չի տրվում մադրիդյան սկզբունքներին: Սա ամենեւին էլ պատահական չէ: Տարիներ շարունակ Ստեփանակերտից տարբեր մակարդակներով կարծիքներ են հնչել մադրիդյան սկզբունքների անընդունելիության մասին, բայց, միեւնույն ժամանակ, ԼՂՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ բանակցային գործընթացում լուրջ տարաձայնություններ չունեն ՀՀ իշխանությունների հետ եւ գնահատում են այն, թե ինչպես են նրանք ներկայացնում ԼՂՀ շահերը: Իսկ ՀՀ իշխանությունները բանակցային գործընթացում քննարկում են ոչ այլ ինչ, քան մադրիդյան սկզբունքները: Ավելին` դեսպան Ուորլիքի ելույթից հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանյանը հանդես եկավ մեկնաբանությամբ եւ միանշանակ ընդունեց, որ բանակցային սեղանին հենց մադրիդյան սկզբունքներն են, որոնք, ուշադրություն դարձրեք, չեն կենսագործվում ադրբեջանական կողմի մերժողական դիրքորոշման պատճառով: Կարծում եմ, ղարաբաղյան կողմի համար գնալով դժվարանալու է երկիմաստ ու երկդիմի պահվածք ունենալը:
Մի կարեւոր հանգամանք եւս. մամուլում շատ էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին միմյանց հակադրելու փորձերը, մինչդեռ դեսպան Ուորլիքի ելույթից մի քանի օր անց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն ապացուցեց, որ կարգավորման նկատմամբ մոտեցումներում իրականում սկզբունքային տարաձայնություններ չկան: Այնպես որ, այստեղ եւս մանրեւելու դաշտ գրեթե չկա` միջնորդների միջեւ հակասությունների վրա մարտավարություն կառուցելու հնարավորությունն այլեւս սպառում է իրեն:
Կրկնեմ, դեսպան Ուորլիքի ելույթի ամենադրական հանգամանքն այն էր, որ այն հանրային քննարկումներ սադրեց: Նման քննարկումներ վաղուց չենք կարողանում ինքնուրույն անել: Մեզ չի հաջողվում ղարաբաղյան հիմնախնդիրը օրակարգային դարձնել ԼՂՀ-ում, ՀՀ-ում եւ Սփյուռքում, մենք չենք կարողանում հայության առջեւ այսօր ծագած ամենամեծ մարտահրավերի քննարկման եռամիասնական հարթակ ձեւավորել: Այս առումով դեսպան Ուորլիքի ելույթը որքան էլ օգտակար էր, այնուամենայնիվ, հանրության ոչ լայն շերտերի քննարկմանն արժանացավ: Այդ թեման չկար հայկական առաջատար լրատվամիջոցների թեմաների թոփ-հնգյակում, որոշների էլ` թոփ-տասնյակում: Հայաստանում, օրինակ, այդ օրերի ամենահրատապ թեման ՀՀ ոստիկանապետի շուրջ ստեղծված մթնոլորտն էր: Սա է ամենավտանգավորը` երբ հանրությունը դադարում է համարժեք ընկալել շրջակա միջավայրն ու դրա մարտահրավերները եւ ի զորու չի լինում իրական ու իրատեսական օրակարգ մշակել:
Իսկ ինչի՞ն պիտի միտված լինեն հանրային քննարկումները: Դրանք ինքնանպատակ չեն: Ըստ իս` դրանք պետք է հստակ, միանշանակ ու փաստարկված պատասխանեն այն հարցին, թե ի՞նչ ենք մենք ուզում: Ոչ թե իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, ոչ թե քաղաքացիական հատվածը, այլ հանրությունը, ի վերջո` հայ ժողովուրդը: Մենք պետք է կարողանանք հանրային օրակարգ ձեւավորել եւ հանրային կարծիքի երեւան հանման, ձեւակերպման ու առաջմղման մեխանիզմներ մշակել: Մենք չպիտի թողնենք, որ մեզ խմբային-կլանային օրակարգ պարտադրեն:
Սակայն մեր ցանկության ճշտումը երկու կարեւորագույն հարցերից մեկն է միայն: Մյուս հարցը հետեւյալն է` մեր ռեսուրսները որքանո՞վ են համապատասխանում մեր ցանկությանը, կամ` մեր ռեսուրսները (նյութական-ֆիզիկական, բարոյական-հոգեւոր, իրավաքաղաքական ու դիվանագիտական) ի՞նչ մակարդակի ցանկություն կարող են ապահովել: Մենք պետք է կարողանանք հստակ հաշվարկել մեր բոլոր ռեսուրսները: Մե’ր, այլ ոչ թե մեր ու Ռուսաստանի, մեր ու Ֆրանսիայի, մեր ու միջազգային հանրության միագումար ռեսուրսները: Մեր, միայնումիայն մեր: Ու առկա ռեսուրսների հաշվարկով էլ ներկայացնել մեր ակնկալիքը: Ու այդ հաշվարկով էլ գնահատել մեր շանսերը: Իրատեսականը սա է: Մնացածը երջանիկ անգիտություն է, որը տեւական չի լինում եւ երբեք լավ բանի չի հանգեցնում:
Այնպես որ, իրազեկ լինելն ու մեր խնդիրներն ազգովի քննարկելն ամենախելամիտ քայլը կլիներ մեր պարագայում: Որպեսզի հետո չասենք, թե մեզ երեխայի պես խաբեցին: