Ավազ Հասանով
Բասկերի Երկրում առկա հակամարտության հիմնական տարրերի մասին պատկերացում կազմելու համար նպատակահարմար է ուսումնասիրել ինչպես այն տարածքի պատմությունը, որտեղ ապրում է այս հպարտ ժողովուրդը, այնպես էլ հարգանքի այն կարեւոր սկզբունքները, որոնցով տեղի բնակչությունը վերաբերվում է իր լեզվին ու պատմությանը: Բասկերենի յուրօրինակությունը, նրա տարբերությունը եվրոպական այլ լեզուներից եւ դրա ծագման մասին ճշգրիտ տեղեկությունների բացակայությունը բասկերի մոտ ծնել է սեփական բացառիկության համոզմունք, ամրապնդել է ազգային ինքնագիտակցությունը եւ նրանց անկախության համար պայքարի մղել դարեր շարունակ:
Օգտվելով այն իրավունքներից, որ նրանք ունեին ինքնավարության շրջանակներում, հաջողության ձգտող բասկերը հարկադրված էին օգտագործել իսպաներենը, ինչն էլ վտանգ էր հանդիսանում բասկերենի կիրառման համար: Նման իրավիճակը չէր կարող չանհանգստացնել ազգայնականներին:
Բասկ ժողովրդի պատմության մեջ շրջադարձային եղավ 1959 թվականը, երբ Ֆրանկոյի կառավարության կողմից լուրջ հալածանքների ենթարկվող Բասկյան ազգայնական կուսակցության ձախ-ծայրահեղականության հարող երիտասարդության նախաձեռնությամբ ստեղծվեց ԷՏԱ-ն՝ «Euskadi Ta Askatasuna» («Հայրենիք եւ ազատություն»), որի նպատակն էր բռնապետությունից ազատագրումը եւ անկախ բասկյան պետության ստեղծումը: Փաստորեն ԷՏԱ-ն բասկ ազգային փոքրամասնությանը կոչ էր անում նոր պահանջներ ներկայացնել Իսպանիայի ուծացման քաղաքականության դեմ: Իսպանական քաղաքական գործիչների ու պաշտոնատար անձանց նկատմամբ մի շարք մահափորձեր են իրականացվել, որոնց նպատակը Բասկերի Երկրին անկախության տրամադրումն էր: Կազմակերպության ստեղծման պահից ի վեր ահաբեկչության զոհ է դարձել 900 մարդ:
Հրաժարվելով իր ձախ-արմատական քաղաքական դիրքորոշումից եւ նախընտրելով ահաբեկչության ուղին՝ ԷՏԱ-ն սկսեց ժողովրդի մոտ կորցնել իր հեղինակությունը, որը վաստակել էր բասկերի ազգային իրավունքների պաշտպանության գործում: ԷՏԱ-ի ահաբեկչական գործողությունների դեմ իսպանական կառավարության եւ հենց իրենց՝ բասկերի պայքարը չէր ավարտվում: ԷՏԱ կազմակերպության մի քանի առաջնորդներ ձերբակալվեցին իսպանական կառավարության կողմից: Այդ նույն ժամանակ ԷՏԱ-ի ակտիվիստների մի մասը, գիտակցելով ահաբեկչության կիրառմամբ պայքարի անիմաստությունը, քաղաքականություն մուտք գործեց, ինչի արդյունքում ստեղծվեց «Բատասունա» կուսակցությունը: Սակայն իսպանական կառավարությունն արգելեց նաեւ այս կուսակցությունը, այն համարելով ԷՏԱ-ի քաղաքական թեւ:
Հակամարտության լուծման համար գոյություն ունի բանակցությունների անցկացման ուղիների օգտագործման անսահմանափակ ներուժ, եւ բասկ հանրության ներսում շարունակում են աճել ԷՏԱ կազմակերպության ահաբեկչական գործողությունների դեմ բողոքական տրամադրությունները: Շատ քաղաքական գործիչներ, լրագրողներ եւ տեղացի ակտիվիստներ, ովքեր երկար տարիների ընթացքում համակրանքի ու հեղինակության էին արժանացել իրենց հոդվածներով ու ելույթներով, իրենց անհամաձայնությունը ցուցաբերեցին ահաբեկչության քաղաքականության դեմ:
Անկախության համար պայքարի ընթացքում ամենաժողովրդական հասարակական կազմակերպությունը «Էլկարին» էր, որը կարճ ժամանակում կարողացավ իր շուրջ միավորել համայնքի մոտ 30 հազար անդամների: 2004 թվականին բասկյան «Էլկարի» կազմակերպությունը կարողացավ 150 հազար մարդու ստորագրություն ապահովել ի նպաստ երկրում խաղաղության հաստատման իր արշավի: Այդ ուղերձը լուրջ ներդրում էր խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնությունների ավելացման ու ընդլայնման գործում:
Տարբեր հակամարտային տարածաշրջաններում հանրության ներգրավման եւ դիմադրության ուժեղացման բասկյան օրինակների ու փորձի ուսումնասիրումը կարող է էական դեր խաղալ ապագա որոշումների կայացման գործում: Հաշվի առնելով այդ հանգամանքը, որոշ ժամանակ անց զինված դիմակայության մեթոդներից բասկյան ռազմական խմբավորումների հրաժարման, ինչպես նաեւ խաղաղության հաստատմանն ուղղված՝ իսպանական կառավարության քայլերի վերլուծությունից կարելի է հետեւյալ կարեւոր դասերը քաղել ղարաբաղյան կարգավորման համար.
– Վերջին տարիների ֆինանսական ճգնաժամից թուլացած իսպանական տնտեսությունը նպաստում է Բասկերի Երկրի ավելի ազատ քաղաքականություն վարելու հնարավորությանը: Քանի որ բնակչության մեկ շնչի հաշվով ունեցած եկամտի մակարդակն այստեղ ավելի բարձր է, քան մնացյալ Իսպանիայում եւ Կատալոնիայում, բասկերը մտադիր չեն իրենց եկամուտները կիսել Մադրիդի հետ: Իսկ Լեռնային Ղարաբաղի պարագայում տնտեսական եկամուտների անկախ աղբյուրի բացակայությունը պայմանավորում է նրա կախվածությունն արտաքին ֆինանսական օժանդակությունից:
– Բանակցություններն ու քննարկումները, որ իսպանական կառավարությունը վարում էր Բասկերի Երկրի ռազմական խմբավորման հետ, թափ են հաղորդել հակամարտության լուծմանը: Մասնավորապես, իսպանական կառավարության այս քայլն էական ազդեցություն է գործել զինված պայքարի դադարեցման եւ քաղաքական գործընթացներում ԷՏԱ-ի ներգրավման վրա: Ղարաբաղյան հակամարտությունում 1992-94 թվականներին պայմանավորվածությունների հիման վրա համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման մասին: Սակայն բանակցություններում հիմնական դերը պատկանում է Ադրբեջանին ու Հայաստանին:
– Հանցավոր գործողությունների պատճառով ԷՏԱ-ի ռազմական խմբավորման անդամների նկատմամբ ժողովրդական վստահության կորուստը եւ նրանց վրա գործած ազդեցությունը՝ առավելապես աջ ուժերի կողմից, հանգեցրին նրան, որ ԷՏԱ-ն ստիպված եղավ փոխել իր դիրքորոշումը: Միանալով քաղաքական պայքարին՝ այն այլեւս ոչնչով չէր կարող արդարացնել ահաբեկչական գործողությունները: Այդ իսկ պատճառով մարդիկ փողոց էին դուրս գալիս՝ բողոքելով եւ պահանջելով դադարեցնել ահաբեկչական գործողություններ իրականացնող մարդկանց հետ բանակցությունները:
– Չնայած այն բանին, որ ԷՏԱ խմբավորման անդամները դադարեցրել էին զանգվածային ահաբեկչությունը, սակայն քաղաքական գործիչները, փորձագետներն ու լրագրողները, ովքեր կամենում էին Իսպանիայի հետ հարաբերությունների բարելավմանը, դեռեւս շարունակում էին մնալ նրանց թիրախում: Դա հանգեցրեց նրան, որ ի նպաստ հարաբերությունների բարելավմանն ուղղված ձայները չլսված մնացին:
Համանման իրավիճակ է տիրում ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Ադրբեջանում, որտեղ հանուն խաղաղության ձեռքբերման փոխզիջման կոչող կազմակերպությունների ու մարդկանց հետապնդումը վերածվել է խաղաղության ուղերձների հնչեցման ճանապարհի լուրջ խոչընդոտի:
– Թեեւ խնդիրներ կան Մադրիդի ու Բասկերի Երկրի միջեւ՝ երկու հանրություններն էլ ապրում են միասնական քաղաքական համակարգի շրջանակներում: Այդ տարածքում ապրող մարդկանց մի մասը սատարում է մադրիդյան կառավարությանը, իսկ մյուս մասը կողմնակից է Բասկերի Երկրի անջատմանը Իսպանիայից, երկրպագում է Բիլբաոյի «Ատլետիկ» ֆուտբոլային թիմին եւ համատեղ քննարկում բնակավայրերի խնդիրները: Չնայած այն բանին, որ 1994 թվականից ի վեր Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիները հնարավորություն չունեին անմիջական ֆիզիկական կապեր հաստատել, երկու հանրություններում էլ կան մարդիկ, ովքեր հանդիսանում են ընդհանուր հիշողության կրողներ եւ ովքեր կարող են ներդրում ունենալ ապագայում նրանց միջեւ հարաբերությունների հաստատման գործում:
– Ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի՝ Բասկերի Երկրում իսպանացի եւ բասկ ազգերի ներկայացուցիչներն ապրում են մշտական կապերի պայմաններում: Մարզային իշխանությունները պայքարում են Բասկերի Երկրի ապագայի վերաբերյալ հասարակական կարծիքի երկփեղկվածության դեմ, մինչդեռ կենտրոնական կառավարությունը ձգտում է կանխել Իսպանիայից անջատվելուն ուղղված:
– Բասկերի Երկրում Իսպանիայից անջատվելու գործընթացներում պատշաճ ուշադրությամբ ու հարգանքով են վերաբերվում այն մարդկանց, քաղաքական գործիչների ու փորձագետների կարծիքներին, ովքեր պաշտպանում են Իսպանիայի քաղաքականությունը: Ղարաբաղյան եւ ադրբեջանական հանրություններում նման մարդկանց թվաքանակը չափազանց քիչ է: Բացի սեփական հանրություններում հետապնդվելուց, նրանք նաեւ ընկալելի չեն լրատվամիջոցներում:
– Բասկ հանրությունը, մտահոգված լինելով, որ ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալված ԷՏԱ-ի ու քաղաքական ակտիվիստների հազարավոր կողմնակիցներ պատիժը կրում են հայրենիքի սահմաններից դուրս, Իսպանիայից պահանջում են փոխել այդ դրույթը: Ձախ շարժման կազմակերպած բոլոր միջոցառումներում մասնակիցները պահանջում են ազատել բանտարկյալներին կամ տեղափոխել Բիլբաո: Այս խնդրի լուծումը կարող է բերել Իսպանիայի ու Բասկերի Երկրի միջեւ լարվածության թուլացմանը: Նույն տրամաբանությամբ՝ ղարաբաղյան հակամարտության ժամանակ անհայտ կորած անձանց որոնումը եւ նրանց խնդիրների լուծումը կարող են հանգեցնել մարդկանց միջեւ գոնե մասնակի վստահության վերականգնման եւ փոխադարձ մեղադրանքների բորբոքման նվազման:
– Ղարաբաղյան համապատկերում որոշումների ընդունման գործընթացին մասնակցող փորձագետների ու այլ մարդկանց կողմից չի ուսումնասիրվում այն հարցը, թե Բասկերի Երկրի մոտ ինչ հնարավորություններ կարող են հայտնվել Եվրամիության հետ հարաբերությունների հաստատման եւ ընդլայնված ինքնավարության եւ, անկախությունից հրաժարվելու պայմաններում` եվրոպական հաստատությունների աշխատանքներում իր իսկ մասնակցության պարագայում: Այս տեսանկյունից Բասկերի Երկրի լայն տնտեսական ու քաղաքական հնարավորությունների վերլուծությունն ու դրա արդյունքների տարածումը լուրջ ազդեցություն կգործեն նաեւ ղարաբաղյան հակամարտության նկատմամբ մոտեցումների ձեւավորման վրա:
– Սոցիալական ֆորումը, որին միացել են քաղաքական կուսակցություններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, նշանակալից լսարան է դարձել Բասկերի Երկրում դիրքորոշումների ձեւավորման համար: Քանի որ ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ համանման գործունակ հաստատություն չկա, ապա հակամարտության թեմայով ոչ մի բանավեճ տեղի չի ունենում քաղաքական կուսակցությունների կամ էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ:
Օգտագործված աղբյուրներ
1. C.M. Хенкин, Баскскийконфликтвчераисегодня, МГИМО, 2011, http://www.mgimo.ru/ news/experts/document210060.pdf
2. S. Chapman, Report on the Basque Conflict: Keys to Understanding the ETA’s Permanent Ceasefire, Lokarri, 2006.
3. G.E. Idoiaga, The Basque Conflict: New Ideas and Prospects for Peace, United States Institute of Peace, Washington, 2006.
4. C.M. Хенкин и Е.С. Самсонкина, Баскский конфликт: истоки, характер, метаморфозы, МГИМО (У) МИД России, 2011.
5. J. Zabalo and O. Imaz, The EU and the Basque Conflict: Opportunities for Engagement?, Accord 22, Conciliation Resources, 2011, http://www.c-r.org/sites/default/files/Accord%20 22_9The%20EU%20and%20 the%20Basque
6. Basque Peace Process website, http://www.basquepeaceprocess.info/?s=conflict+resolution
7. E.R. Vieytez, Introduction – New Perspectives for the Basque Country in a Post-Conflict Scenario, Journal on Ethnopolitics and Minority Issues in Europe, 12(2), 2013, http://www.ecmi.de/fileadmin/downloads/publications/JEMIE/2013/Introduction.pdf
8. G.E. Idoiaga, The Peace Processes in the Basque Country and Northern Ireland (1994-2006): A Comparative Approach, Institut Catala Internacional per la Pau, Barcelona, 2010.