Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի անց տարածաշրջանում, ըստ էության, սկսվել է դիվանագիտական նոր պատերազմ՝ «ձևաչափերի պատերազմը»։ Հարավային Կովկասի՝ գլոբուսի ամենադրվագացված տարածաշրջաններից մեկի «հավաքման» վերակենդանացված գաղափարը «3+3» բանաձևով։ Մարտադաշտերում, ընդ որում՝ ոչ միայն մեր տարածաշրջանի մարտադաշտերում, ռազմական հաջողությունից հետո Անկարան մտադրվել է նյութականացնել այն և իր ընդլայնված ներկայությունն ամրապնդել այնտեղ, որտեղ չի եղել գրեթե 200 տարի, եթե չհաշվենք Առաջին աշխարհամարտի ժամանակ և դրանից հետո «խառնակ» տարիներին «ճեղքման» մի քանի փորձերը։
Գաղափարը հավանության է արժանացել Բաքվում, դրան աջակցելու մասին հայտարարել են Մոսկվայում և Թեհրանում։ Սակայն Թբիլիսին, չնայած Անկարայի հետ իր հարաբերությունների ռազմավարական կարևորությանը, էն գլխից մերժում է գաղափարը, դրանում տեսնելով սպառնալիք իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ի ցույց դնելով Ռուսաստանին, որը ռազմակայաններ է տեղաբաշխել Վրաստանից անջատված տարածքներում։ Հայաստանը նույնպես, մեղմ ասած, առանց խանդավառության «հեռանում» է այդ գաղափարից, հայտարարելով, որ այդ ձևաչափով հնարավոր օրակարգը չպիտի ներառի այնպիսի հարցեր, որոնք առանց դրա էլ քննարկվում են կամ պիտի քննարկվեն այլ ձևաչափերում։
Այս համատեքստում հետագա զարգացումները դեռ քանիցս կհայտնվեն մեր ու գործընկերների ուշադրության կենտրոնում։ Այդուհանդերձ, ինչու՞ է Վրաստանը կտրականապես մերժում նման ձևաչափի գաղափարը, իսկ Իրանը՝ միանգամայն հակառակը։ Այս մասին, ինչպես նաև ընդհանուր առմամբ «3+3» ձևաչափի մասին՝ մեր նոր թողարկման հոդվածներում։