կամ «այն, ինչի մասին խոսել չի կարելի»
Վիկտոր ՎՈՐՈՆԿՈՎ
Անկախ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոն
Սանկտ Պետերբուրգ
Սույն հոդվածում կցանկանայի ընթերցողի դատին հանձնել Խորհրդային Միությունում տաբուի ոլորտի հայեցակարգի բացատրությունը։ Տաբուացման նկարագրված մեխանիզմն ապրում է նաև խորհրդային տեսակի սոցիալիզմի մահվանից հետո։ Թեև նախորդ հասարակական հաստատություններն արդեն քառորդ դար առաջ գործնականում դադարել են գոյություն ունենալ, դրանք խորապես
դաջվել են անգամ այն մարդկանց գիտակցության մեջ, որոնք խորհրդային հասարակությունոում մեկ իսկ օր չեն ապրել։ Համենայն դեպս, այսպես է պնդում Հարթված շավղից (path dependency) կախվածության նեոինստիտուցիոնալ տեսությունը։
«Սովորութային իրավունքի» գերակայությունն օրենսդրորեն ամրագրված օրենքների նկատմամբ
Եթե քննենք ուշ խորհրդային ժամանակաշրջանը, դժվար չի լինի նկատել, որ իր գոյության վերջին երեք տասնամյակների ընացքում սովորույթի ոչ ֆորմալ իրավունքով կարգավորվող ոլորտը սկսել է գերակայել օրենսդրորեն ամրագրված իրավունքով կարգավորվող ոլորտի նկատմամբ։ Սովորութային իրավունքի գերակայությունն անընդհատ ամրապնդվում էր նորանոր սոցիալական և տնտեսական գործառնությունների տարածմամբ (օրինակ՝ ոչ ֆորմալ տնտեսության ահռելի ոլորտը փաստացիորեն կարգավորվում էր զուտ սովորութային իրավունքով)։
Խրուշչովյան ժամանակներից սկսած խորհրդային մարդկանց կենսագործունեության տարեցտարի աճող մասնաբաժինը սկսել էր կարգավորվել սովորութային իրավունքով։ Ժամանակակից ժարգոնով ասած՝ մարդիկ սկսել էին ապրել ոչ թե օրենքների, այլ «հասկացությունների» («պանյատի») համաձայն։ Դա վերաբերում էր ոչ միայն յուրաքանչյուր քաղաքացու առօրյա կյանքին, այլև ողջ պետության գործառնությանը։
Քանի որ մոտավորապես երկու վերջին սերունդների ընթացքում սովորութային իրավունքը ոչ միայն գերիշխում էր, այլև հետզհետե դուրս էր մղում օրենսդրորեն ամրագրված իրավունքը, մարդկանց գիտակցությունը էական վերափոխությունների է ենթարկվել։ Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ իշխանությունները չէին պայքարում հռչակագրվող օրենքներին ակնհայտորեն հակասող կանոնների դեմ։
Խորհրդային հասարակությունում գոյացած սովորութային իրավունքի կանոնները, ավելի արդյունավետ լինելով հանդերձ, հասարակության կողմից ճանաչվելու կարիք ունեին։ Որքան էլ զարմանալի հնչի, հենց սովորութային իրավունքի օրինավորումն (լեգիտիմացումը) էր օժանդակում օրենսդրորեն ամրագրված իրավունքի գոյությանը, թեև երկուսի կանոնները միմյանց նկատմամբ հաճախ իրարամերժ էին։ Օրենսդրորեն ամրագրված խորհրդային իրավունքն այնքան անարդյունավետ էր կարգավորում սոցիալական և տնտեսական հարաբերությունները, որ պետությունը ստիպված էր «լռելյայն» օգտագործել առանձին քաղաքացիների «հակաօրինական» նախաձեռնությունը՝ այդ հարաբերությունների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Փաստորեն ֆորմալ օրենքների իշխանությունն ու ազդեցությունը իրական հասարակական գործընթացների վրա մեծապես սահմանափակված էր։ Մյուս կողմից, այս գործընթացները արդյունավետորեն կարգավորվում էին ոչ ֆորմալ կանոններով, որոնք ձևավորվել են հենց կարգավորմանը ենթակա հասարակական գործընթացների առաջանալուն և փոփոխվելուն պես։
Իհարկե, իրավական տարածության երկու ոլորտների զուգահեռ օրինավորությունը (լեգիտիմությունը) և իրարամերժ կանոնների գոյությունը սպառնում էին խորհրդային վարչակարգի կայունությանը։ Սակայն, եթե հասարակությունը կողմնորոշված լիներ բացառապես ֆորմալ օրենքների օգտին, ապա խորհրդային վարչակարգը կտապալվեր շատ ավելի շուտ։ Նկարագրված իրականությունը լիովին բացատրում է այն առեղծվածը, որ Ռուսաստանում օրենքների խստությունը մշտապես հավասարակշռվում էր դրանց կատարման ոչ հարկադիր բնույթով։
Մասնավոր-հրապարակային հաղորդակցային ոլորտի առաջացումը
Ի՞նչ տեսք ունեին խորհրդային հրապարակային տարածության սահմանները։ Հրապարակայնության և մասնավորի միջև սահմանազատումը բախվում է որոշակի դժվարությունների։ Խորհրդային մարդու առօրյա կյանքի քննությունը հանգեցնում է այն եզրակացությանը, որ այդ հասարակության մեջ լիարժեք մասնավոր ոլորտ, առնվազն ստալինյան երեք տասնամյակների ընթացքում, գոյություն չէր ունեցել։ Խորհրդային «խտացման» քաղաքականության հետևանքով (առանձին ընտանիքներին պատկանած ընդարձակ բնակտարածքների վերածումը կոմունալ բնակարանների՝ դրանցում օժանդակ շինություններից և նկուղներից մարդկանց վերաբնակեցնելու պատճառով) վերացել էր մասնավոր կյանքի համար անհրաժեշտ անգամ ֆիզիկական տարածությունը։ Քաղաքներում (իսկ քաղաքային ապրելակերպն, ընդհանրապես, թելադրում էր սոցիալական վարքագծի կանոնները) կոմունալ բնակարաններում ապրող մարդիկ անընդհատ հսկողության տակ էին գտնվում։ Լրտեսելը կոմունալ բնակարաններում դարձել էր սովորական երևույթ։ Մարդկանց կողմից քննարկվող թեմաների ընտրանին հնարավորինս նվազագույնի էր հասցվել։ Մատնությունը սպասելի էր ոչ միայն հարևանների, այլև սեփական ընտանիքի անդամների կողմից։ Պետությունը, հատկապես երիտասարդ սերնդի մեջ, հաջողությամբ ներդրել էր նոր արժեքներ՝ պիոներ Պավլիկ Մորոզովի պաշտամունքային կերպարը խորհրդանշում էր մատնության՝ որպես հերոսական արարքի վերարժևորումը։
Հասարակության մեջ տիրապետում էր կյանքի միջինացված ոճը, որը միտված էր համեստ աղքատությանը. յուրաքանչյուր անհատականացում դատապարտման էր արժանանում։ Ամենաօրյա կյանքում ցանկալի էր ցուցադրել անհատական առանձնահատկությունների բացակայություն։ Չկային մասնավոր կյանքի այնպիսի կողմեր, որոնք չէին կարող դառնալ «հանրության» կողմից պաշտոնական քննարկման և հետագա պատժամիջոցների առարկա (օրինակ՝ կուսակցական պատիժ ամուսնական դավաճանության համար)։ Այսպիսով, մասնավոր և հրապարակային տարածությունների միջև սահմանը թափանցիկ էր։ Եվ քանի որ մասնավոր կյանքի համար պայմաններ չկային, չէին առաջանում նաև մասնավոր այնպիսի տրամախոսություններ (դիսկուրսներ), որոնք կարող էին դառնալ իշխանության կողմից պարտադրված տրամախոսություններին այլընտրանք։ Այդ իսկ պատճառով, առնվազն ստալինյան շրջանում, մասնավոր և հրապարակային ոլորտներում եղած խոսակցությունների բնույթն իրարից շատ քիչ էր տարբերվում։
Որպես կանոն, ընդհուպ մինչև «վերակառուցման» ժամանակները, հրապարակայնորեն թույլատրելի էր քննարկել միայն այն, ինչ տեղի էր ունենում օրենսդրորեն ամրագրված իրավունքի ոլորտում, մինչդեռ սովորութային ոլորտին պատկանող երևույթների քննարկումն ամբողջովին տաբուացված էր։
Սակայն, հրապարակային հարթության վրա գաղափարախոսական կարծրատիպերի գերակայությունը կտրուկ անհամապատասխանության մեջ էր մտնում իրական կյանքի հետ։ Այսպես, օրինակ, հրապարակային-պաշտոնական կյանքում բոլոր խորհրդային մարդիկ կողմնորոշվում էին «կոմունիզմ կերտողի բարոյական վարքականոնով», մինչդեռ իրական կյանքում, Սիմոն Կորդոնսկու դիպուկ բնորոշմամբ, գողանում էին բոլորը, իսկ ովքեր չէին գողանում՝ օգտվում էին գողոնից։ Խորհրդային իրականության հրապարակային տարբերակը հենց խորհրդային մարդկանց աչքերում իրենց առօրյա փորձառությանը լիովին հակասող առասպելն էր։ Սակայն «այլոց» հետ խոսում էին «ինչպես հարկավոր է» ոչ այնքան բռնաճնշումներին ենթարկվելու վախի, որքան պետության հետ յուրօրինակ լռելյան համաձայնության ուժով։
Այստեղ կամենում եմ առաջարկել մի պարզ սխեմա, որը ցուցադրում է խորհրդային հասարակությունում հաղորդակցային տարածության զարգացման առանձնահատկությունները։
Խորհրդային հասարակության հաղորդակցային տարածությունը
Ճշգրտում. կետավոր գիծը ցույց է տալիս «թափանցիկ», իսկ հոծ գիծը՝ կոշտ սահմանը։
Պետք չէ մտածել, որ մասնավոր-հրապարակային ոլորտը առանձին սոցիալական խմբերի հաղորդակցային ոլորտն է։ Յուրաքանչյուր խորհրդային քաղաքացի, ներառյալ բարձրագույն իշխանության ներկայացուցիչները, փոխեփոխ դրսևորվում էր յուրաքանչյուր հրապարակային ոլորտում, լավ էր ընկալում դրանց միջև առկա սահմանը և չէր շփոթում միմյանց սկզբունքորեն հակասող կանոնները (հենց դրա մեջ է «սոցիալական շիզոֆրենիայի» իմաստը, որը հրապարակախոսական գրականության մեջ երբեմն վերագրվում է homo sovieticus-ին)։ Միևնույն մարդիկ միևնույն երևույթի մասին իրար հետ կարող էին խոսել ինչպես ընկերն ընկերոջ հետ կամ՝ որպես «կոմունիստը կոմունիստի» հետ։
Ինչպիսի՞ գործոններ են ազդել ԽՍՀՄ-ում այսչափ յուրահատուկ ոլորտի առաջացման վրա։ Ստալինի մահից հետո հասարակության մեջ, իմ կարծիքով, տեղի են ունեցել մի շարք կարևորագույն փոփոխություններ, որոնք հանգեցրել են հրապարակային տարածության սկզբունքային վերակառուցման։
Նախ՝ ԽՄԿԿ-ն, դատապարտելով ստալինյան շրջանի անձի պաշտամունքն ու դաժան բռնաճշումները, ստեղծել էր իշխանության քննադատության նախադեպ։ 1956թ. փետրվարի 25-ի ԽՄԿԿ 20-րդ համագումարում Խրուշչովի հակաստալինյան զեկույցի փաստն ինքնին նշանավորել է իշխանության սրբազնության մասին նախկին պատկերացումների փլուզումը և հանդիսացել այն քննդատաության ենթարկելու մեկնարկի ազդակ։
Երկորդ՝ բռնաճնշումների նվազեցումն այնպես է իջեցրել է վախի մակարդակը, որ «կյանքի բացասական կողմերի» քննարկումը բնակչության բոլոր շերտերի համար հետզհետե դարձել է սովորական զբաղմունք, այն էլ՝ ոչ միայն մասնավոր տարածության սահմաններում։ Ու թեև քաղաքական բռնաճնշումները շարունակվում էին ողջ խորհրդային պատմության ընթացքում, խորհրդային իշխանության վերջին երեք տասնամյակը ստալինյան ժամանակաշրջանի համեմատ կարելի է գնահատել որպես բավականաչափ «բուսակերական»։ Քննադատությունը ներթափանցել էր հրապարակային ոլորտ։
Երրորդ՝ առաջացել են նոր սոցիալական և տնտեսական գործառնություններ, որոնք դարձել են սովորութային ուժի գործունեության հենք։ Հետզհետե ձևավորվել է ամրագրված և սովորութային իրավունքների զուգահեռ գոյությունն արտացոլող սոցիալական հարաբերությունների կարգավորման կանոնների բավականին արդյունավետ համակարգ։ Մարդիկ սկսել էին ապրել ոչ այնքան ըստ օրենքի, որքան ըստ «հասկացությունների»։
Չորրորդ՝ էժան բնակարանների զանգվածային շինարարությանը զուգընթաց քաղաքներում առաջացել են մասնավոր կյանքի համար անհրաժեշտ պայմաններ։ Բազմընտանիք կոմունալ բնակարաններից մարդիկ տեղափոխվում էին առանձին բնակարաններ։ Այսպիսով, 1950-ական թվականների կեսերին ռուսաստանյան քաղաքներում առաջանում է մասնավոր կյանքի զարգացման համար անհրաժեշտ ֆիզիկական տարածություն։ Թեև մասնավոր կյանքը հասարակության կյանքում դարձյալ զգալի դեր չէր խաղում, այնուամենայնիվ՝ վերջինիս սահմանը հետայնու կառուցվում էր ոչ թե պաշտոնական հրապարակային ոլորտին դեմ հանդիման, այլ տարանջատում էր այն «այլ» հրապարակայնությունից։ Այս երկու սոցիալական տարածությունների կապակցվածության դասական օրինակն այսպես կոչված «մտավորական խոհանոցն» էր, որտեղ կերտվում ու կենտրոնացվում էին վարչակարգի հանդեպ քննադատական տրամադրությունները և ծնունդ էր առնում դիսիդենտությունը։
Խորհրդային հաղորդակցային տարածության վախճանը
Պետական իշխանության թուլության համապատկերում հրապարակայնության համար պայքարը հարկադրում էր պետությանը կատարել մի շարք քայլեր հաղորդակցային տարածության ազատականացման ուղղությամբ։ Ջինը շշից բաց էր թողնվել։ Այնուհետև իրադարձությունները զարգանում էին էքսպոնենտ ճանապարհով։ Մենք տեսնում էինք, թե ինչպես էր խոսքի ազատության սրընթաց զարգացումն արագորեն հանգեցնում տաբույացված թեմաների վերացման։ Այդպես էլ, ի վերջո, փլուզվեց նախկինում այդչափ շատ պահվող սահմանը։
Մեր կողմից՝ քննարկվող հանրային ոլորտում սահմանի փլուզման կարևոր հետևանքներից է աղետային գիտակցության և Ռուսաստանում առկա իրավիճակի մասին համապատասխան տրամախոսության (դիսկուրսի) ամրապնդումը։ Հրապարակայնության ընդարձակմանը զուգահեռ վերանում էին պաշտոնական հրապարակայնության սահմաններում «իրական կյանքը» քննարկելու հանդեպ նախկինում գործած արգելքները։ Այժմ քննարկման համար պաշտոնապես բաց (իսկ նախկինում միայն հրապարակային-մասնավոր ոլորտում թույլատրելի) նոր թեմաների ահռելի տարափը ստեղծել է հասարակությունում աղետային փոփոխությունների մասին պատկերացում։ Աղետի նշանի ներքո է անցել ողջ առաջին հետհեղափոխական տասնամյակը։ Ընդ որում, կամենում եմ նշել, որ աղետն ավելի շուտ տեղի է ունեցել քաղաքացիների գլուխներում, քան թե «իրական կյանքում»։ Պաշտոնական հրապարակային ոլորտ՝ նախ և առաջ թերթերի, հեռուստատեսության և ցույցերի մեջ խուժել է «աղբը», որն արագորեն վերջ է տվել մեզ համար սովորական դարձած իրականության պաճուճված պատկերին, որին բոլորս ընտելացել ենք պաշտոնական խորհրդային հրապարակայնության կաղապարում։
Թեև խոսքի ազատության զարգացումը հանգեցրել է մի իրավիճակի, երբ մասնավոր-հրապարակային ոլորտի առկայությունը, կարծես թե, կորցրել է իմաստը, բայց նախկին սահմանը խորհրդային պայմաններում սոցիալիզացված մարդկանց գիտակցությունից իսպառ չի վերացել։ Խորհրդային հաստատությունները վաղուց արդեն գոյություն չունեն, բայց դրանց գործունեությունն այսօր էլ միանգամայն տեսանելի է։ Սեփական կարծիքը հրապարակայնորեն արտահայտելու հանդեպ վախը չի վերացել։ Ինքնագրաքննությունը պահպանվել է թե՛ ԶԼՄ֊ներում, թե՛ քաղաքացիների մեծամասնության հրապարակային խոսակցություններում։ Ամեն դեպքում, կարելի է պնդել, որ խորհրդային հրապարակային տարածությունը որպես երևույթ վերջնականապես կվախճանվի միայն իր կրողների՝ խորհրդային սերունդների բնական վախճանի հետ միասին։ Այս իմաստով վերակառուցումը դեռ չի ավարտվել։
Ես մտադիր չեմ այստեղ քննարկել ներկայիս Ռուսաստանի հաղորդակցային տարածության պատկերը։ Այն, որ վերջինս բազում գծերով սկսել է նմանվել խոհրդայինին, միմիայն հաստատում է այն թեզը, որ վերակառուցումը դեռ չի ավարտվել։ Դրա հետևանքներն են. ա) խոսքի ազատությունը սահմանափակելու ուղղությամբ պետության ջանքերը. բ) անցյալը դատապարտելու փորձերի բացակայությունը, դատապարտում, որն անհնարին կդարձներ դեպի անցյալ վերադարձը. գ) խորհրդային այն սերունդների առկայությունը, որոնք անխուսափելիորեն վերարծարծում են խորհրդային հաղորդակցային տարածության կառուցվածքը։
Ավելին, պետության մեջ առկա մերօրյա միտումների քննությունը ցույց է տալիս, որ որոշ թեմաների քննարկման նկատմամբ տաբուի ոլորտը կրկին արագորեն ընդարձակվում է, իսկ նախկին հաղորդակցային սահմանը վերականգնում է իր նշանակությունը։ Ու թեև պատմության տրամաբանությունն, անտարակույս, հաղթանակելու է, այսօր Ռուսաստանում մենք դիտում ենք մարդկանց նոր պատմական փակուղի մղելու ևս մի փորձ։
(Խմբագրության կողմից. Հոդվածը հրապարակվում է մասնակի կրճատումներով։ Դրա ամբողջական՝ ռուսերեն տարբերակին կարող եք ծանոթանալ մեր կայքի ռուսերեն բաժնում)