Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ հեռուստադիտողին պատմեր այդ արյունալի հակամարտության մասին։ Այդ տեքստի վրա աշխատելիս հասկացա, թե որքան դժվար է գրել «ուրիշների» հակամարտությունների մասին։ Մենք սովոր ենք, որ յուրաքանչյուր հակամարտության մեջ պետք է գտնենք մի կողմ, որը մեր տեսակետից ճիշտ է, և այդ կողմին աջակցենք։ Սակայն, եթե փորձում ես առաջնորդվել ոչ թե զգացմունքներով, այլ բանականությամբ և բարոյականությամբ, հասկանում ես, որ յուրաքանչյուր հակամարտություն շատ բարդ էթիկական հարցեր է բարձրացնում։ Հոկտեմբերի 7-ից սկսված ողբերգական իրադարձությունները ևս բարդ էթիկական հարցեր են բարձրացնում մեր առջև։ Ո՞վ է ճիշտ, ո՞վ է սխալ, ո՞րն է արդարությունը, ու՞մ աջակցել, ու՞մ դատապարտել։
Մի բան ակնհայտ է, որ այս մղձավանջի պատճառով տուժում են անմեղ մարդիկ։ Համասի հարձակման առաջին օրերի ընթացքում սպանվել, գերեվարվել, ահավոր տառապանքների և բռնության են ենթարկվել հազարավոր իսրայելցիներ։ Ամենազանգվածային կոտորածի վայրերից մեկը դարձավ էլեկտրոնային երաժշտության փառատոնը, որն անցկացվում էր Գազայի հատվածի սահմաններից ոչ հեռու, որտեղ սպանվեցին, վիրավորվեցին, պատանդ վերցվեցին հարյուրավոր երիտասարդներ։ Համասի կողմնակիցները սպանում և գերավարում էին երեխաների, իսկ գերեվարված կանանց սեռական բռնության ենթարկում։ Այդ դաժանությունները ցույց տվող տեսանյութերը տարածվում էին համացանցով՝ ընկճող ազդեցություն ունենալով ցանկացած մարդու վրա, ով դրանք դիտում է։ Դժվար է պատկերացնել, թե ինչ են զգում այդ տեսանյութերը տեսնելիս զոհերի և պատանդների հարազատները։
Իսրայելի զինված ուժերի պատասխանը ոչ պակաս զարհուրելի էր։ Գազայի հատվածի ռմբակոծությունների և հրթիռակոծությունների արդյունքում զոհվել են հազարավոր մարդիկ, հիմնականում քաղաքացիական բնակչություն՝ կանայք, երեխաներ, ծերեր։ Խաղաղ մարդկանց դիակները, վիրավոր երեխաներին պատկերող տեսանյութերը ևս տարածվեցին ամբողջ աշխարհով։ Բացի այդ, Իսրայելը դադարեցրեց էլեկտրականության և ջրի մատակարարումը դեպի Գազա։ Ընդ որում, Գազայի բնակիչները փախչելու տեղ չունեն։ Գազայի հատվածը շատ խիտ բնակեցված, ընդամենը 365 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք է (համեմատության համար՝ Երևանի տարածքը 225 քառակուսի կիլոմետր է), որտեղ ապրում է երկուսուկես միլիոն մարդ։ Նրանք սովոր են ապրել մասնակի շրջափակման պայմաններում, որն այսօր դարձավ գրեթե ամբողջական։ Այնտեղից կա ընդամենը սահմանային անցակետ, մեկը՝ դեպի Իսրայել և մյուսը՝ դեպի Եգիպտոս։ Պարզ է, որ դեպի Իսրայել հեռանալու մասին խոսք չկա, իսկ Եգիպտոսի իշխանությունները թույլ տվեցին Գազայի բնակիչների մի փոքր մասին միայն դուրս գալ Գազայից։ Եթե Իսրայելը սկսի ցամաքային ռազմական գործողություն, ինչի մասին հայտարարում է Նեթանյահուի կառավարությունը, քաղաքացիական բնակչության համար դա կնշանակի էլ ավելի դաժան կոտորած։
Ակնհայտ է, որ այս պատերազմը սկսեց Համասը։ Անձամբ ինձ համար կրոնական ծայրահեղականությունը, թերևս, ամենաարգահատելի գաղափարախոսությունն է, առավել ևս, երբ այն ուղեկցվում է բռնությամբ (իսկ այն գրեթե միշտ ուղեկցվում է բռնությամբ)։ Սակայն, տեղի ունեցողի մասին անհնար է խոսել առանց պատմական համատեքստը հաշվի առնելու, մասնավորապես՝ առանց հաշվի առնելու Պաղեստինի ժողովրդի հանդեպ տեղի ունեցող զանգվածային բռնությունները և հայրենազրկումը։
Հակամարտության արմատները տանում են դեպի 20-րդ դարի առաջին կես, երբ հրեա ներգաղթյալները տեղափոխվում են Պաղեստին, հիմնականում Եվրոպայից։ Այս ժամանակաշրջանում Եվրոպայում ապրող հրեաներն իրենց վտանգված էին զգում՝ ահագնացող հակասեմիտիզմի պատճառով։ Նրանց շրջանում առաջացավ այսպես կոչված սիոնիստական շարժումը։ Ըստ դրա կողմնակիցների, հակասեմիտիզմից փրկվելու համար հրեաները պետք է վերադառնան իրենց պատմական հայրենիք՝ Պաղեստին, որտեղից արտաքսվել էին գրեթե երկու հազար տարի առաջ, և այնտեղ ստեղծեին իրենց պետությունը։ Սակայն, խնդիրն այն էր, որ Պաղեստինի տարածքում, որը գտնվում էր Բրիտանիայի տիրապետության տակ, ապրում էին պաղեստինցի արաբները։ Երբ Մեծ Բրիտանիան հրաժարվեց Պաղեստինի հանդեպ վերահսկողությունից, բախումն անխուսափելի դարձավ։ 1947 թվականին ՄԱԿ-ը որոշում ընդունեց Պաղեստինի ապագայի վերաբերյալ, ըստ որի այնտեղ պետք է ստեղծվեին երկու պետություններ՝ հրեական և արաբական։ Հրեաները ողջունեցին այդ որոշումը և հռչակեցին Իսրայել պետությունը։ Սակայն, արաբները գտնում էին, որ նրանք ամենևին պարտավոր չեն իրենց հայրենի հողը կիսել ներգաղթյալների հետ և հրաժարվեցին ընդունել այդ որոշումը։ 1948-1949 թվականներին տեղի ունեցավ առաջին արաբա-իսրայելական պատերազմը, որն ավարտվեց արաբների պարտությամբ։ Իսրայելցիները ոչ միայն ապահովեցին իրենց վերահսկողությունն այն տարածքում, որը պետք է մտներ Իսրայել պետության մեջ ըստ ՄԱԿ-ի առաջարկի, այլև գրավեցին տարածքներ, որոնք պետք է մտնեին Պաղեստինի պետության կազմի մեջ, Պաղեստինի մնացած տարածքներն օկուպացրին Եգիպտոսը և Հորդանանը։ Հարյուր հազարավոր արաբներ ստիպված էին թողնել իրենց բնակավայրերը։ Այս իրադարձությունները պաղեստինցիներն անվանում են «Նաքբա»՝ այսինքն «աղետ»։ Այս իրադարձություններից ի վեր պատերազմները և բախումները շարունակվում են մինչ օրս։
Այսօրվա ողբերգության պատճառները հասկանալու համար, թերևս, պետք է վերհիշել ևս մի իրադարձություն՝ Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի սպանությունը։ 1990-ականներին հույս էր առաջացել, որ կոնֆլիկտը կարող է լուծվել։ ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի կառավարությունը և պաղեստինցիներին ներկայացնող Պաղեստինի Ազատագրման Կազմակերպությունը /ՊԱԿ/ կնքեցին այսպես կոչված Օսլոյի համաձայնագիրը։ Փոխզիջման էությունն այսպես կոչված «երկու պետությունների լուծումն էր» (“two states solution»): Պաղեստինցիները պատրաստ էին ճանաչել Իսրայել պետությունը, իսկ Իսրայելն՝ իր հերթին համաձայնվեց սկսել գործընթաց, որի արդյունքում Պաղեստինը պետք է դառնար անկախ պետություն։ Որպես այդ գործընթացի առաջին փուլ ստեղծվում էր Պաղեստինի ինքնավարությունը։ Ինքնավարության ղեկավար դարձավ ՊԱԿ ղեկավար Յասեր Արաֆաթը։ Իսրայելը Արաֆաթին երկար տարիներ համարում էր ահաբեկիչ, իսկ Ռաբինը իսրայելցի գեներալ էր ու ատելի կերպար՝ արաբների համար։ Սակայն այդ երկուսը կարողացան հաղթահարել իրենց տարբերությունները և գտնել փոխզիջում, որից դժգոհ էին բոլորը, սակայն այն կարող էր դառնալ հիմք՝ խաղաղ գոյակցության համար։
Թվում էր, թե գտնված է խաղաղության բանալին։ Սակայն 1995 թ.-ին Իցհակ Ռաբինը սպանվեց իսրայելցի ծայրահեղականի ձեռքով։ Ռաբինի սպանությունը դաժան դաս եղավ Իսրայելի քաղաքական էլիտաների համար։ Նրանք հասկացան, որ պաղեստինցիների հետ խաղաղությունը կարող է շատ թանկ նստել իրենց վրա։ Արդյունքում, տարիների ընթացքում Իսրայելի քաղաքական դաշտում ավելի ու ավելի ազդեցիկ է դառնում այն արմատական մոտեցումը, որ պաղեստինցիների հետ պետք է խոսել միայն ուժի լեզվով։ Թեև տեսականորեն Իսրայելը շարունակում է ընդունել «երկու պետությունների լուծումը» որպես կոնֆլիկտի լուծման հիմք, սակայն գործնականում վարում է միանգամայն այլ քաղաքականություն։ Այս գծի վառ ներկայացուցիչ է ներկայիս վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը, որը հենվում է ազգայնական և կրոնական ծայրահեղականների վրա։
Նեթանյահուն աջ ազգայնական պոպուլիստ է։ Ազգայնական դեմագոգիան և կասկածելի դաշինքները Նեթանյահուին թույլ են տալիս տարիներով պահել իշխանությունը։ Նա ավելի երկար է զբաղեցրել վարչապետի պաշտոնը, քան Իսրայելի ցանկացած այլ ղեկավար (1996-1999, 2009-2021, 2022-ից մինչ օրս): Նեթանյահուի հաջողության գաղտնիքը այսպես կոչված օրթոդոքս հրեաների շահերը ներկայացնող կուսակցությունների աջակցությունն է։ Դրա շնորհիվ Նեթանյահուին հաջողվում է գրեթե ամեն ընտրությունից հետո կազմել կառավարող կոալիցիա, իհարկե, քաղաքական զիջումների գնով։ Արդյունքում Իսրայելը գնալով ավելի է շեղվում դեպի ծայրահեղ պահպանողականություն և ազգայնականություն։ Իսրայելի աշխարհիկ բնակիչներից շատերը բացասական են տրամադրված Նեթանյահուի հանդեպ, ում մեղադրում են կոռուպցիայի մեջ։ Դատական գործերից խուսափելու համար Նեթանյահուն ձեռնարկեց դատական ռեֆորմ, որի արդյունքում Իսրայելի Բարձրագույն դատարանը պետք է ենթարկվի կառավարությանը։ Այս քայլն առաջացրեց հզոր բողոքի շարժում, որի արդյունքում Իսրայելի հասարակությունը խիստ բևեռացվեց։ Նեթանյահուի անպատասխանատու քաղաքականությունը դարձավ պատճառներից մեկը, թե ինչու Իսրայելի բանակը և պետական համակարգը այդքան անպատրաստ գտնվեցին վերջին իրադարձություններին։
Իսրայելի քաղաքականության կոշտացումը նպաստեց Պաղեստինում կրոնական ծայրահեղականների հզորացմանը։ Արաֆաթի ՖԱԹՀ կուսակցությունն աշխարհիկ ուժ էր, որը ձգտում էր Պաղեստինում ստեղծել աշխարհիկ պետություն։ Սակայն, Իսրայելի հետ բանակցությունների տապալումը, ինչպես նաև ՖԱԹՀ-ի պաշտոնյաների շրջանում տարածված կոռուպցիան բերեցին նրան, որ թափ հավաքեցին կրոնական ծայրահեղական շարժումները, մասնավորապես՝ Համաս շարժումը, որը «Մուսուլման Եղբայրներ» կազմակերպության պաղեստինյան ճյուղն է։ 2006 թվականին Համասը հաղթեց Պաղեստինի ընտրություններում, սական ՖԱԹՀ-ը չցանկացավ զիջել իշխանությունը։ Փորձ արվեց ստեղծել ազգային միասնության կառավարություն, բայց ՖԱԹՀ-ի և Համասի միջև հարաբերություններն այնքան սրվեցին, որ 2007 թվականին գործը հասավ քաղաքացիական բախումների։ Արդյունքում Պաղեստինի մեծ մասում՝ Հորդանան գետի Արևմտյան ափին, ՖԱԹՀ-ը այսօր էլ պահպանում է իշխանությունը։ Սակայն, Գազայի հատվածում Համասը զենքով գրավեց իշխանությունը։ 2007 թվականից ի վեր Գազայում ընտրություններ չեն կայացել։
Գազայի հատվածը շրջափակման տակ է՝ Իսրայելի կողմից, ինչի հետևանքով այդ տարածքի բնակիչների մեծ մասը դատապարտված են աղքատության և կենցաղային դժվարությունների։ Միևնույն ժամանակ, շրջափակումը, ինչպես պարզվեց, չի խանգարում Համասին զինվել․ զենքը և զինամթերքը բերվում են ստորգետնյա թունելների համակարգով։ Համարվում է, որ այդ զինամթերքի զգալի մասը տրամադրում է Համասի դաշնակից և Իսրայելի հակառակորդ Իրանը։ Համասը չունի նաև ֆինանսավորման խնդիր․ նրան աջակցում են արաբական շատ երկրներ, մասնավորապես՝ Քաթարը, որը համարվում է «Մուսուլման Եղբայրներ» կազմակերպության համաշխարհային կենտրոն։ Բացի այդ, Պաղեստինը, այդ թվում Գազայի հատվածը, ստանում են արևմտյան ֆինանսական օգնություն, որի ծախսման արդյունավետության վերաբերյալ լուրջ կասկածներ կան։ Եվս մեկ հանգամանք, որը, կարծում եմ, կարևոր է նշել։ Համասի բարձրագույն ղեկավարները, մասնավորապես՝ Իսմայիլ Հանիյեն և Խալեդ Մեշալը, վաղուց արդեն բնակվում են անվտանգ Քաթարում, և այնտեղից հետևում են, թե ինչպես է Իսրայելի բանակը Գազայի հատվածում ոչնչացնում իրենց հայրենակիցներին, այդ թվում՝ իրենց մոտ ազգականներին։
Եվ, ուրեմն, փաստորեն ի՞նչ իրավիճակ ունենք Մերձավոր Արևելքում։ Մի կողմից, Իսրայելի ծայրահեղական կառավարություն, որը փաստորեն ժխտում է պաղեստինցիների իրավունքը՝ ունենալ իրենց պետությունը և ազատ ապրել իրենց հողում, կառավարություն, որի գոյատևումը պայմանավորված է ծայրահեղ ազգայնականների և կրոնական մոլեռանդների աջակցությամբ։ Մյուս կողմից՝ ծայրահեղական իսլամիստական շարժում, որը պատրաստ չէ որևէ փոխզիջման, փոխարենը պատրաստ է զոհաբերել ոչ միայն հակառակորդի, այլև սեփական ժողովրդի ներկայացուցիչների հազարավոր կյանքեր։ Եվ միլիոնավոր խաղաղ մարդիկ, որոնք դարձել են երկու կողմերի ծայրահեղականների պատանդ՝ ուղիղ և փոխաբերական իմաստով։ Ավելին, ծայրահեղականության հետ միահյուսված են կոռուպցիան և ժողովրդավարության պակասը։
Ի՞նչ կարող ենք ասել այս պարագայում։ Միայն մաղթել, որ Աստված գթա իսրայլելցիներին ու արաբներին և թույլ տա ազատվել նման առաջնորդներից։ Գուցե այդ ժամանակ դադարեն զոհվել անմեղ մարդիկ, և Մերձավոր Արևելքում հաստատվի խաղաղություն։ Եվ, իհարկե, նույնն էլ մաղթենք մեզ և մեր հարևաններին։
Միքայել ԶՈԼՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Երևան