Անտոն ԵՎՍՏՐԱՏՈՎ
Քաղաքական վերլուծաբան
Վորոնեժ, Ռուսաստանի Դաշնություն
Ի հեճուկս Իրանում կնոջ դրության մասին կարծրատիպային պատկերացումների՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն Իրանում ներառված են երկրի կյանքի բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչև ռազմական բնագավառը։ Իրանցի կանանց մասնակցությամբ ամենահակասական ոլորտը թերևս սպորտն է։ Ի հեճուկս այն հանգամանքի, որ բոլոր միջազգային մրցումներում իրանցի մարզուհիները պարտավոր են ներկայանալ հիջաբով, այսինքն՝ մարմինը ծածկող և միայն երեսն ու ձեռքերի դաստակները բաց թողնող մարզահագուստով, նրանք կարող են հպարտանալ մի շարք լուրջ նվաճումներով։ Օրինակ՝ 2012թ. Պարաօլիմպիական խաղերում իրանուհի Զահրա Նեմաթին նետաձգության մրցումներում նվաճել է ոսկե մեդալ՝ սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ։ Իրանցի մարզուհիները պարբերաբար մասնակցում են օլիմպիադաներին։Իրանի Իսլամական Հանրապետությունից մեկական մարզուհի մասնակցել է 1996, 2000 և 2004 թվականների խաղերին։ 2008թ. նրանք արդեն երեք հոգի էին։ Իրանուհիները ներկա էին նաև 2012 և 2016 թվականների մրցումներում, ընդ որում՝ հենց Իրանն է դարձել կանանց համար իսլամական օլիմպիական խաղեր նախաձեռնողը, գլխավոր կազմակերպիչն ու անընդմեջ հաղթանակած կողմը։ Այդ խաղերին 2004 թվականից մասնակցում են նաև ոչ մահմեդական կանայք։
Իրանում արդի ընկալմամբ՝ ռազմական նախապատրաստությունից և գյուղական ժողովրդական ժամանցից դուրս սպորտը սկսել է զարգանալ 20-րդ դարասկզբից։ 1919թ. իրանական դպրոցները, որոնցում թույլատրվել է տղաների և աղջիկների համատեղ ուսումնառությունը, որդեգրել են Պեխր Հենրիկ Լինգի մշակած շվեդական մարմնամարզական համակարգը։ 1934 թվականին՝ Ռեզա-շահ Պահլավիի գահակալության ժամանակներում, Թեհրանում սկսել է գործել պետության կողմից հովանավորվող Քանուն-ի-Բանովան կանանց կենտրոնը, որի նպատակն էր իրանցի կնոջ համակողմանի, այդ թվում և մարմնամարզական դաստիարակությունը։ Այսուհանդերձ, դեռ երկար ժամանակ այդպիսի նորարարություններից անմասն էին երկրի բնակչության լայն զանգվածները։ Նորարարությունները մնում էին հասարակության վերին շերտի արտոնությունը։ Այնուամենայնիվ, դրանք հասարակության մեջ ստեղծում էին համապատասխան մթնոլորտ։
Իրանցի մարզուհիների մասնակցությամբ առաջին միջազգային մրցումները 1958թ. Ասիական խաղերն էին։ Ասիական խաղերին իրանական կանանց թիմը մասնակցել է 1962, 1970 և 1974 թվականներին։ Բացի դրանից՝ իրանուհիները մասնակցել են 1964թ. Տոկիոյում և 1976թ. Մոնրեալում կայացած օլիմպիադաներին։ Իսկ 1974թ. Թեհրանն արդեն ինքն է հյուրընկալել Ասիական խաղերը, որոնցում իրանցի սուսերամարտուհիները ոսկե մեդալ են շահել։
Սակայն իրանցի մարզուհիներն արդեն այն ժամանակ որոշակի խնդիրների էին բախվում։ Միայն 1970 թվականից իրանցի ֆուտբոլիստուհիներն իրավունք ստացան մարզվել և միմյանց հետ մրցել իրական դաշտում։ Մինչ այդ մարզաձևի հիմնախնդիրներից էր այն, որ, Բաթուլ Բաղերիի վկայությամբ, Իրանում կանայք խաղում էին բակերում՝ իրենց եղբայրների կամ ամուսինների հետ։ Բայց անգամ այդպիսի պայմաններում իրանուհիներին երբեմն հաջողվում էր մասնակցել միջազգային մրցումների։ Սակայն անգամ մարզումներ և խաղեր անցկացնելու համար պայմանների ստեղծումը չվերացրեց բոլոր խոչընդոտները։ Ֆուտբոլիստուհիները ենթարկվում էին պահպանողական տղամարդկանց հետապնդումներին անգամ Թեհրանում։ Մայրաքաղաքից դուրս ապրող մարզուհիների դրությունն էլ ավելի բարդ էր։
Իրանցի կանանց համար սպորտում շատ ավելի լուրջ խնդիրներ են ծագել 1979 թվականից ի վեր՝ Իսլամական հեղափախությունից հետո։ Դեպի կրոնական պահպանողականություն կտրուկ շրջադարձը և Իրաքի դեմ ութամյա հյուծող պատերազմը Իրանում կանանց սպորտի կացությունն ահագին հետ են մղել։ Իսլամական կառավարման առաջին ամիսներին ոչ մի նշանակալից փոփոխություն չէր նկատվում, բայց պահպանողականները հետզհետե մեծացնում էին ճնշումների ու սահմանափակումների ծավալը։ 1981թ. կանանց պարտադրվել է հիջաբ կրել։ Այս պահանջն անմիջապես սպորտում գենդերային տարանջատման խնդիր է առաջացրել։ Սակայն այս գծի իրականացումը խնդրահարույց էր, քանի որ մարզական մրցավարների ու մարզիչների մեծ մասը տղամարդիկ էին, ինչը թույլ չէր տալիս անցկացնել զուտ կանանց մասնակցությամբ մրցումներ։ Մի քանի տարի է պահանջվել նոր՝ կանանցից բաղկացած մասնագիտացված կադրեր նախապատրաստելու համար։Այդ իսկ պատճառով կանանց մարզաձևերից շատերը մի քանի տարով պարզապես «քնի» մեջ են հայտնվել։ Դրանց վերակենդանացումը սկսվել է միայն Իսլամական Հանրապետության պատմության հետպատերազմական ժամանակաշրջանում։
Իրանում կանանց մարզարվեստի իսկական պաշտպան և վերակենդանացնող է դարձել 1989-1997թթ. պաշտոնավարած Իրանի նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիի դուստրը՝ Ֆաեզե Հաշեմին։ Իր իսկ հիշողություններով՝ նա ստիպված էր կանանց սպորտի օգտին քարոզչությունը «դռնեդուռ» տանել, համոզելով թե՛ սովորական մարդկանց, և թե՛ հոգևոր առաջնորդներին, որ կանանց սպորտն ինքնին անհրաժեշտ ու օգտակար իրողություն է։ Օրինակ, Հաշեմին կարողացել է համոզել Զենջան քաղաքի հոգևոր առաջնորդին, որպեսզի նա թույլատրի քաղաքի աղջիկներին մասնակցելու մարմնամարզական վարժանքներին։ Արդյունքում վերջինս սկսել է ընդգծված դրական վերաբերվել կանանց՝ սպորտ վերադարձնելու գաղափարով, այն աստիճան, որ որոշ ժամանակ անց Զենջանում անցած Ազգային ուսանողական խաղերի ժամանակ կողմ է արտահայտվել, որ աղջիկները դառնան խաղերի ջահակիրը։ 1990թ. Ֆաեզեն կարողացել է համոզել հորը՝ կրկին թույլատրելու իրանուհիների մասնակցությունը նույն թվականին կայացած Ասիական խաղերին։ Նրա ջանքերի շնորհիվ 1993 թվականից ի վեր Թեհրանը դարձել է Իսլամական օլիմպիական խաղերի անցկացման վայր, իսկ 1996թ. իրանուհի Լիդա Ֆարիմանը մասնակցել է Ատլանտայում կայացած Օլիմպիադային։
Իրանական սպորտի ներկայիս խնդիրները դրսևորվում են ոչ միայն սեռական խտրականությամբ, որն, օրինակ, թույլ չի տալիս կանանց մասնակցել մի շարք «արական» մարզատեսակների դիտմանը, այլև՝ սովորական ֆինանսավորման բացակայությամբ։ Ցավոք, ենթակառուցվածքների ընդլայնումն ու կատարելագործումը հետ են մնում մարզոլորտի բուն զարգացման ընթացքից։ Բավարար չափերի միջոցների բացակայությունը օլիմպիական մարզատեսակների զարգացման լուրջ խոչընդոտ է։ Օլիմպիական խաղերին մասնակցած մի շարք մարզուհիներ բողոքում էին ֆինանսական խնդիրներից։ Իսկ ոչ օլիմպիական մարզատեսակների, օրինակ՝ բոդիբիլդինգի պարագայում իրավիճակն էլ ավելի բարդ է։
Կանանց բոդիբիլդինգի հարցին արժե ավելի մանրամասնորեն անդրադառնալ, քանի որ այդ մարզաձևն Իրանում ոչ պաշտոնական կերպով է զարգանում և, փաստորեն, ներկայացված է սոսկ երկու մարզուհիներով։ Նրանցից մեկը՝ Շիրին Նոբահարին, պատմում է, որ ինքը ստիպված է եղել բախվել սպորտային միջավայրում տիրող կարծրատիպային մտածողությանը և հասարակության տարրական անտեղյակությանը, ինչպես նաև՝ սպորտի ոլորտը կարգավորող պաշտոնյաների անարհեստավարժությանը։ «Ես այս մարզաձևը ժողովրդական դարձնելու ահռելի քայլեր եմ կատարել, բայց մինչ օրս իմ երկրում ոչ մի տեղ չունեմ։ Ի հեճուկս ինձ վերջին տարիներին խոչընդոտած և ցայսօր հարատևող բոլոր դժվարությունների՝ ես դեռ այդ խնդիրների, հատկապես՝ պաշտոնատար անձանց անուշադրության և անտարբերության գերին եմ։ Իմ կարծիքով՝ կանանց մարզոլորտում որոշակի պաշտոններ ու դիրքեր զբաղեցնող պաշտոնյաներն անհրաժեշտ չափով արհեստավարժ չեն»,- TheAnalyticon-ին տված հարցազրույցում հայտարարել է Շիրին Նոբահարին։ Իրանի կանանց բոդիբիլդինգի մասին այսօր աշխարհն իմանում է միայն մարզուհու բլոգից և ինստագրամի նրա էջից, որոնցում ներկայացված են նրա նվաճումները, մարզումներն ու կյանքի սովորական դրվագները։
Իրանում կանանց սպորտը ներկայումս մեծ զարթոնք է ապրում։ ՅՈՒՆԵՍԿՈ-ի տվյալներով՝ կին մարզուհիների թիվն արագորեն մոտենում է տղամարդկանց թվին։ Հիշյալ կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչ Էսթեր Լարուշը Թեհրանում կայացած ասուլիսում նշել է, որ ներկա պահին կանանց ու տղամարդկանց մարզական ներգրավվածության քանակական տարբերությունն ավելի փոքր է, քան շատ այլ երկրներում։ Խոսելով խնդիրների մասին՝ հիշյալ պաշտոնյան հաստատել է, որ դրանք հիմնականում չունեն զուտ իրանական առանձնահատկություններ, այլ կրկնօրինակում են կանանց սպորտի զարգացման ճանապարհին հառնող համաշխարհային խոչընդոտները։ Այնուամենայնիվ, տեղական իրողություններն, անկասկած, որոշակի հետք են թողնում, հատկապես այնպիսի մարզատեսակների պարագայում, ինչպիսին են բոդիբիլդինգը կամ գեղարվեստական մարմնամարզությունը։ Միևնույն ժամանակ, Իրանի վաղեմի մշակութային ավանդույթները և ժամանակակից մարզական ենթակառուցվածքների բարձր մակարդակը, ինչպես նաև հասարակության և պաշտոնատար անձանց աճող ուշադրությունը իրանցի մարզուհիների առջև լայն հեռանկարներ են բացում թե՛ զուտ մարզական, և թե՛ սոցիալական նոր բարձունքներին հասնելու համար։