Հարցազրույց՝ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի (GFSIS) տնօրեն Կախա ԳՈԳՈԼԱՇՎԻԼԻԻ հետ
– Ինչպե՞ս են ազդելու ուկրաինական իրադարձությունները Վրաստանի քաղաքական իրավիճակի վրա։
– Ուկրաինական իրադարձությունները պետք է մեծապես նպաստեն վրաց հասարակության համախմբմանը, քանի որ տարածաշրջանում իրավիճակի սրացումն ու արտաքին սպառնալիքների ուժեղացումը, հավանաբար, վրաց հասարակության մեջ ավելի համակարգված ու համերաշխորեն գործելու ավելի մեծ պահանջարկ ձեւավորի։
Հասարակությունը պետք է ավելի համախմբված լինի՝ հնարավոր արտաքին սպառնալիքներին ըստ արժանվույն դիմագրավելու համար։ Չնայած քաղաքական շրջանակներում առկա տարաձայնությունների ու բավականաչափ զորեղ ներքաղաքական պառակտման՝ ուկրաինական ճգնաժամը ցույց է տվել, որ վրաց հասարակությունը եւ քաղաքական շրջանակները համակարծիք են Ուկրաինայում, Ղրիմում եւ մեր տարածաշրջանում Ռուսաստանի վարած քաղաքականությունը եւ վերջինիս նպատակները գնահատելու հարցում։ Դա տեղի է ունենում Վրաստանի տարբեր քաղաքական ուժերի հանդեպ տածած համակրանքից կամ հակակրանքից անկախ։ Վրաստանը դիմադրում է Ռուսաստանի ագրեսիվ ծրագրերին եւ նպատակներին, վրաց հասարակությունը միասնական է՝ ողջ տարածաշրջանում ռուսական ծավալապաշտությունը կանխելու անհրաժեշտության հարցում։
– Ուրեմն, Դուք կարծում եք, որ Ռուսաստանի կողմից Վրաստանին ուղղված սպառնալիքը մեծացե՞լ է։
– Բնականաբար։ Տարածաշրջանում ուժային սցենարի զարգացումը միանգամայն իրատեսական է։ Ռուսաստանը գործում է ուժային մեթոդներով, թեեւ դա իրեն օգուտ չի բերի։ Ռուսաստանը, հավանաբար, շահագրգռված չէ իրավիճակի հետագա սրմամբ եւ բաց ռազմական հակամարտության ծավալմամբ։ Այնուամենայնիվ, Վրաստանի համար վտանգներն առավել քան իրական են։ Իսկ եթե դրանք գոյություն ունեն, ապա Վրաստանը պետք է որոնի դրանց հակադարձելու համապատասխան միջոցներ։ Վրաստանն ավելի սերտ մերձեցում է փնտրում իր բնական դաշնակիցների՝ արեւմտյան ժողովրդավարության երկրների հետ։ Արեւմտյան ժողովրդավարության զարգացման ուղին Վրաստանի համար ավելի համակրելի է, քան Ռուսաստանի առաջարկած համակեցության եւ զարգացման բոլոր մոդելները, որոնց շրջանակներում Ռուսաստանը պետք է լինի գերիշխող տերություն՝ առանց ոչ մի արժեքային կողմնորոշման, անգամ առանց ժողովրդավարության զարգացման խոստումների եւ հասարակության արդիականացման։ Եվրոպան եւ ԱՄՆ-ն, ընդհակառակը, փորձում են տանել Վրաստանին ժողովրդավարական զարգացման ուղիով, ինչն աջակցություն է գտնում ոչ միայն քաղաքական վերնախավի, այլեւ ողջ բնակչության կողմից։
– Արդյո՞ք ռուս-ուկրաինական ճգնաժամը կազդի վրաց-ռուսական հարաբերությունները կարգավորելու վրաց կառավարության փորձերի վրա։
– Իհարկե, էապես կազդի։ Մենք արդեն տեսնում ենք, որ հետաձգվել է Գրիգորի Կարասինի եւ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը, եւ դա իհարկե պատահականություն չէ։ Մոսկվայում լավ են հասկանում, որ որոշ ժամանակով Վրաստանի հետ ոչ մի մերձեցում տեղի չի ունենա։ Մոսկվան ոչ մի խոստում չի տալու, քանի որ տեսնում է, որ Վրաստանն անտարբեր չէ ստեղծված իրավիճակի նկատմամբ։ Վրաստանի կառավարությունն ու խորհրդարանն արդեն իսկ հանդես են եկել Ուկրաինայի ամբողջականությունը սատարող հայտարարություններով եւ դատապարտել Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները։ Մոսկվայում հասկանում են, որ Ուկրաինայում իրավիճակի սրումը կարող է մեծացնել Ռուսաստանից Վրաստանի օտարման աստիճանը։ Վրաստանը չի կարող չեզոքություն պահպանել եւ ճկուն քաղաքականություն վարել, քանի որ իրավիճակը վերաճում է Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների կամ գրեթե ողջ Եվրոպայի եւ անգամ ողջ աշխարհի հետ հակամարտության։ Ավելին՝ Ռուսաստանի կերպարը բնակչության շրջանում ինքնին ժողովրդականություն չի վայելում։ Ռուսաստանն իրեն վաղուց վատթարագույնս է դրսեւորում։ Ռուսական հեռուստաալիքներն իրենց քարոզչությամբ արմատավորում են Ռուսաստանի՝ որպես հետամնաց եւ խորհրդային ժամանակներից դուրս չեկած երկրի պատկերը։ Այդ քարոզչամեքենան Ռուսաստանի ներսում ազդում է մարդկանց գիտակցության վրա՝ վերածելով նրանց հլու եւ հպատակ զանգվածի ու զրկելով տեղեկատվության ընտրության հնարավորությունից։ Կողքից դա ուղղակի սարսափելի է։ Եվ եթե Վրաստանի կառավարությունը Ռուսաստանի հասցեին գովեստներ շռայլի, ապա բնակչությունը դա չի ընկալի։ Վրաստանի կառավարությունը Ռուսաստանի հետ հաշտեցման քաղաքականությունը շարունակելու դեպքում էլ պետք է ժամանակավորապես առկախի այն, մինչեւ Ռուսստանը չսկսի ուղղել սեփական սխալները եւ չձգտի վերականգնել իր հեղինակությունը՝ որպես սեփական եւ միջազգային պարտավորությունները հարգող ակտոր։
– Հնարավո՞ր է Աբխազիայում եւ Հարավային Օսիայում իրավիճակի սրացում Պետդումայի կողմից ՌԴ կազմում նոր սուբյեկտներ ընդունելու օրենքի վավերացումից հետո։
– Կարծում եմ, որ այդ օրենքն ուղղակիորեն առնչվում է Աբխազիային եւ Հարավային Օսիային։ Հատկապես՝ Հարավային Օսիային, որտեղ չկա քաղաքացիական հասարակություն եւ որտեղ Ռուսաստանն անում է այն, ինչ կամենում է։ Օրինակ, Հարավային Օսիայի դե-ֆակտո նախագահի վերջին ընտրությունների ժամանակ Ռուսաստանն արհամարհել է տեղի բնակչության կարծիքն ու դժգոհությունները՝ այդ պաշտոնին դնելով իր կամեցած մարդուն։ Բացառված չէ, որ Ռուսաստանը կարող է այդ օրենքը կիրառել նաեւ Հարավային Օսիայի նկատմամբ։ Անգամ եթե Մոսկվան չիրականացնի այն, նա միշտ իր ձեռքին կունենա Վրաստանի վրա ճնշում գործադրելու հերթական լծակ։
Աբխազիայի պարագայում ես կասկածում եմ, որ Մոսկվան կկարողանա բռնակցել այն ի հեճուկս աբխազ ժողովրդի ցանկության։ Ըստ իս, աբխազները հազիվ թե պատերազմեն հանուն Ռուսաստանի մաս դառնալու։ Աբխազների համար Ռուսաստանին միանալն անընդունելի է։ Ռուսաստանը շարունակում է ճնշում գործադրել Աբխազիայի վրա, որպեսզի ընդունվի ռուսաստանցիներին Աբխազիայի տարածքում անշարժ գույք ձեռք բերելու օրենքը, բայց աբխազները շարունակում են դիմադրել։ Աբխազիայում այդ սցենարն իրագործելը շատ ավելի դժվար կլինի, թեեւ անհնարին ոչինչ չկա։ Ի վերջո, Ռուսաստանն ունի դեռեւս չկիրառված ճնշման որոշակի լծակներ։ Այլ հարց է, թե արդյո՞ք Ռուսաստանը դրա կարիքն ունի։ Ղրիմն արդեն իսկ դարձել է Ռուսաստանի համար մեծ գլխացավանք, եւ եթե Մոսկվան շարունակի նույնկերպ առաջ գնալ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցում, ապա ամեն պատրանք, որ Ռուսաստանը չի զբաղվում Երկրորդ աշխարհամարտից հետո միջազգային պայմանագրերով ամրագրված սահմանների վերաձեւմամբ, հօդս է ցնդելու։
ԽՍՀՄ փլուզումը եւ նրա տարածքում անկախ պետությունների ձեւավորումն առանց որեւէ խախտման տեղի է ունեցել գոյություն ունեցող միջազգային աշխարհակարգի սահմաններում՝ ինչպես Հարավսլավիայի բաժանումը։ Բայց միջազգայնորեն ճանաչված պետությունների սահմանների վերանայումը հակասում է բոլոր միջազգային կանոններին՝ ներառյալ 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտը, ՄԱԿ կանոնադրությունը եւ բազում այլ միջազգային իրավական փաստաթղթեր։ Այսօր Ռուսաստանն իր գործողություններով բացում է Պանդորայի արկղը։ Այսինքն, Մոսկվան իր ուժային քաղաքականությամբ կարող է մղել այլ պետություններին տարածքային պահանջներ ներկայացնել իրենց ավելի թույլ հարեւաններին։ Ի դեպ, Չինաստանն էլ հավակնություններ ունի Ռուսաստանի տարածքների նկատմամբ։ Սակայն եթե աշխարհում իրադարձությունները սկսեն այսկերպ զարգանալ, ապա դա կհանգեցնի ապոկալիպսիսի։ Աշխարհում գոյություն ունեն շուրջ 200 ճանաչված պետություններ եւ ավելի քան 2000 ժողովուրդներ։ Դժվար է պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե նրանք սկսեն փորփրել պատմությունը եւ միմյանց տարածքային պահանջներ ներկայացնել…
– Դոնի Ռոստովում Վիկտոր Յանուկովիչի մամլո ասուլիսը ցույց է տվել, որ Կրեմլը կարող է փորձել իր ձեռքերով ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Ղրիմում, այլեւ ողջ Ուկրաինայում։ Վրաստանում շուտով կայանալու են ՏԻՄ ընտրությունները։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Ռուսաստանը քայլեր կձեռնարկի Վրաստանում իրավիճակն ապակայունացնելու համար՝ ներազդելով Վրաստանի ներսում գործող քաղաքական ուժերի վրա։
– Կարծում եմ, որ Ռուսաստանը ներկայումս Ղրիմի վրա մեծ միջոցներ է ծախսում։ Բայց եթե նրան հաջողվի Ղրիմի շուրջ իրավիճակը կայունացնել ստատուս-քվոյի իրենց համար բարենպաստ դասավորմամբ, ապա դրանից հետո Մոսկվան իր ողջ էներգիան կուղղի Վրաստանի վրա։
– Այսինքն, դուք կարծում եք, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանի համար Վրաստանը կարող է թիվ 2 նշանակե՞տ դառնալ։
– Իհարկե՝ այո՛։ Բայց, ինձ թվում է, որ Ռուսաստանն այդ հնարավորությունը չի ունենա։ Նա ինչ-որ երկարաժամկետ խաղ է ծրագրել եւ այս փուլում Ղրիմն իրեն չի միացնի (հարցազրույցը հատուկ «Անալիտիկոնի» համար պատրաստվել է մարտի 15-ին.-խմբ.)։ Այլ բան է, եթե Ղրիմը հայտարարի Ուկրաինայից իր անկախ լինելու մասին։ Այս դեպքում Մոսկվան պաշտպանելու է «ժողովրդի ինքնորոշումը», ինչն էլ երկար դիվանագիտական մարտերի առիթ է տալու։ Արեւմուտքը պահանջելու է ռուսական զորքերի դուրս բերումը, չճանաչելով Ղրիմի անկախությունը, որոշակի պատժամիջոցներ է սահմանելու, ձեւավորվելու է իրավիճակի կարգավորմանը միտված ինչ-որ միջազգային ձեւաչափ եւ այլն։ Բայց եթե Ռուսաստանը բռնակցի Ղրիմը, ապա Արեւմուտքի կողմից անմիջապես կգործարկվեն լայնածավալ պատժամիջոցներ։ Արեւմուտքը եւ, մասնավորապես, Եվրոպան որոշում կընդունեն խզել Ռուսաստանի հետ կնքված գազամատակարարման պայմանագրերը եւ այլ երկրներից ավելի բարձր գնով գազ կգնեն։ Նրանք պատրաստ կլինեն հրաժեշտ տալ Ռուսաստանում իրենց կատարած ներդրումներին, քանի որ Մոսկվան դրանք չի վերադարձնի, կսառեցնի իր բանկերում գտնվող արտասահմանյան հաշիվները եւ այլն։ Իհարկե, Արեւմուտքը ստիպված կլինի դիմել իր երկրներում ժողովրդականություն չվայելող մի շարք քայլերի, բայց, ամեն դեպքում, գերակայելու է պատերազմի տրամաբանությունը։ Արեւմուտքն, այնուամենայնիվ, ունի շատ ավելի մեծ պաշարներ եւ կարող է մեկուսացնել Ռուսաստանը՝ գցելով նրան շատ բարդ իրավիճակի մեջ։ ԱՄՆ-ին եւ եվրոպական երկրներին այլեւս ոչինչ չի կանգնեցնի, եւ նրանք ստիպված կլինեն մեզ մոտ իրենց ռազմակայանները բացել՝ Վրաստանը ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար։ Դա շատ դյուրին է անել. Սեւ ծովում գտնվող ամերիկյան ռազմանավերին մնում է կառանել վրացական նավահանգիստներում եւ հետզհետե ընդարձակել իրենց սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ հենք ստեղծելով հակաօդային կայանքների եւ ցամաքային ուժերի հետագա տեղաբաշխման համար։ Վրաստանը կարող է ստանալ Աֆղանստանից դուրս բերվող զենքը, առավել եւս, որ այն Վրաստանով է այնտեղից բերվելու, քանի որ Ռուսաստանն այսուհետ չի թույլատրելու իր տարածքով ՆԱՏՕ-ի ռազմական բեռների փոխադրումը։ Այսինքն, Արեւմուտքին այլ բան չի մնա, քան Վրաստանի վրա իր ռազմական «հովանոց» բացելը, որովհետեւ եթե Ռուսաստանն առաջինը հասցնի գրավել Վրաստանը, ապա Սեւ ծովի ավազանում եւ ողջ տարածաշրջանում նա ձեռք է բերելու ահռելի ռազմավարական առավելություն. մի կողմից Ղրիմն ու Ուկրաինան, իսկ մյուս կողմից՝ ողջ Կովկասը։ Հետեւաբար, ինձ թվում է, որ այժմ Արեւմուտքը ձգտելու է գնալ Վրաստանի հետ հարաբերությունների համապարփակ մերձեցման։
– Այս իրավիճակում ինչպե՞ս պետք է վարվեն վրացական իշխանությունները։
– Վրաստանի իշխանություններն այլընտրանք չունեն. նրանք պետք է հստակորեն սահմանեն եւ հաստատեն իրենց արտաքին-քաղաքական դիրքորոշումը։ Եթե նրանք ընտրում են ռուսամետությունը, ապա ստիպված կլինեն երկրում կոշտ բռնապետություն հաստատել, քանի որ ժողովուրդն այդպիսի ընտրության դեմ է։ Ժողովուրդը կտապալի այդպիսի քայլի դիմած ցանկացած իշխանություն, բայց Վրաստանում դա տեղի կունենա ավելի արագ եւ ավելի խստորեն։ Վրաստանում նույնպես կա ռուսախոս բնակչություն, բայց այն չի վազվզի ռուսական դրոշներով եւ հինգերորդ շարասյան դեր չի կատարի։ Այժմ Վրաստանն այլընտրանք չունի Արեւմուտքի հետ իր գործընկերությունը համակողմանիորեն խորացնելուց բացի։ Կառավարության համար դա միակ ընտրությունն է։ Ռուսաստանն Ուկրաինայի եւ Ղրիմի հետ շատ անբարո եւ վտանգավոր կերպով է վարվել։ Անգամ եթե Ուկրաինայում տեղի ունեցած լիներ պետական հեղաշրջում, այն, միեւնույնն է, հիմք չէր տալիս նրա տարածքային ամբողջականության դեմ հավակնություններ ներկայացնելու համար։ Մոսկվան կարող էր չճանաչել նոր իշխանությունը, կարող էր պատժամիջոցներ մտցնել, բայց ոչ թե քայլեր ձեռնարկել մի երկրի դեմ, որի տարածքային ամբողջականությունը ճանաչում էր ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Վրաստանում Ռուսաստանի գործողություններին աջակցած ոչ մի կառավարություն ժողովրդականություն չի վայելի, եւ դա հրաշալի հասկանում են բոլորը։
Զրուցել է Իրակլի ՉԻԽԼԱՁԵՆ