Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ
Ֆրանսիացի տնտեսագետ Թոմաս Պիկետիի` անցած տարեվերջին ֆրանսերեն լույս տեսած եւ սույն թվականի մարտ ամսին անգլերեն թարգմանված` «Կապիտալը 21-րդ դարում»* գիրքն աղմկոտ հաջողության է հասել ոչ միայն տնտեսագետների շրջանում: Մեծ` համարյա 700 էջանոց գիրքն «աներեւակայելի հիթ» է դարձել: Շատերի համար անսպասելիորեն բեստսելեր է դարձել գրքի անգլերեն տարբերակը, իսկ «Էկոնոմիստի» կողմից հեղինակն անվանվել է «ժամանակակից Մարքս»:
Ընդհանուր առմամբ, այսպիսի արձագանքը կապված է հետազոտության թեմայի` ազգային հարստության եւ եկամուտների բաշխման համապարփակ անհավասարության հետ: Աշխատանքը կառուցված է Պիկետիի եւ իր գործընկերների ավելի քան տասը տարիների ընթացքում կատարած հետազոտությունների հիման վրա, որոնց նպատակն էր պարզել եկամուտների եւ հարստության կենտրոնացման պատմական միտումները: Տվյալների մեծ զանգվածը թույլ է տվել Պիկետիին շաղկապել անհավասարության էվոլյուցիան արդյունաբերական էվոլյուցիայի սկզբի հետ: Գիրքն արժեքավոր է նրանով, որ այն գրվել է ոչ թե սոցիոլոգի կամ փիլիսոփայի, այլ հարգված ակադեմիական տնտեսագետի կողմից: Սա նոր հայացք ու անսպասելի տեսանկյուն է, եւ բոլոր մեկնաբանները համակարծիք են, որ մինչ օրս այդօրինակ աշխատանք չի եղել:
18-րդ եւ 19-րդ դարերում արեւմտաեվրոպական հասարակություններն ունեին կարծր դասակարգային կառուցվածք եւ վերին աստիճանի անիրավահավասար էին, քանի որ սեփականությունն ու ազգային հարստությունը կենտրոնացված էին սոցիալական աստիճանակարգի գագաթում գտնվող շատ սակավաթիվ մեծահարուստ գերդաստանների ձեռքում: Թեեւ արդյունաբերականացումը հետզհետե հանգեցնում էր բանվորների աշխատավարձի բարձրացմանը, հասարակության սոցիալական կառուցվածքը եւ եկամուտների բաշխումը գերազանցապես անփոփոխ էին մնում: Միայն առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմները, մեծ դեպրեսիան եւ ԽՍՀՄ առաջացումն են հանգեցրել արմատական փոփոխությունների եւ էգալիտար քաղաքականության գերակայության, որի շնորհիվ հնարավոր է դարձել հասնել ազգային հարստության ավելի համահավասար բաշխման: Սակայն 20-րդ դարի առաջին կեսի պատերազմն ու ճգնաժամները հետեւում են մնացել, իսկ կապիտալի զարգացման օրինաչափությունները կրկին վերահաստատում են իրենց արդիականությունն ու գործունակությունը: Պիկետին ցույց է տալիս, որ ժամանակակից տնտեսությունում հարստության եւ եկամուտների վերաբաշխումը մոտենում է մինչեւ Առաջին աշխարհամարտը գոյություն ունեցած ցուցանիշներին:
Հաշվի առնելով գրքի կարեւորությունը եւ արդեն իսկ հրապարակված բազմաթիվ գրախոսությունները, որոնց հեղինակները հարում են տարբեր գաղափարախոսական, քաղաքական եւ տնտեսական հայացքների, անհրաժեշտ եմ համարում ծանոթացնել ընթերցողին Պիկետիի հետազոտության առավել կարեւոր արդյունքներին: Նախ եւ առաջ` կարեւոր է այն եզրակացությունը, որ 1970-ականների վերջից ահագնանում է եկամուտների անհավասարությունը, երբ երկրների ընդհանուր եկամուտները եւ ազգային հարստությունը վերաբաշխվում են առավել հարուստների օգտին: Պիկետիի ստացած արդյունքների համաձայն՝ ԱՄՆ-ում ավելացած եկամուտների ծավալի 60%-ը 1977 թվականից ի վեր ուղղվել է ստացողների ընդմենը1%-ին: Ընդ որում, առաջին անգամ վերջիններիս շրջանակում ասիմետրիա է դիտվում, երբ ամենահարուստների առաջին տասնյակը ցուցաբերում է լավագույն արդյունքեր, իսկ առաջին հարյուրյակի համար ցուցանիշներն էլ ավելի հստակ են դառնում: Սա կարեւոր ցուցանիշ է, որը ստացվել է ԱՄՆ-ում վճարվող հարկերի վերաբերյալ տվյալների համակարգման շնորհիվ: Մի շարք տնտեսագետների կարծիքով՝ այս հետազոտությունն արժանի է նոբելյան մրցանակի: Բացի դրանից, Պիկետին կարողացել է ապացուցել, որ եկամուտների միջեւ անհավասարության ահագնացումը կապված է ոչ թե կապիտալի կուտակման դինամիկայի եւ շահույթից կատարվող գանձումների, այլ բարձրագույն մենեջերների աշխատավարձի դրույքաչափերի գլխապտույտ աճի հետ:
Պիկետին այս արդյունքով չի բավարարվում եւ այնուհետեւ կենտրոնանում է կապիտալի կուտակման դինամիկայի վրա: Կառուցակարգելով կապիտալի տեսության ընդարձակ տեսություն` նա մի օրինաչափություն է բացահայտում, որի համաձայն՝ 1970 թվականներից ի վեր կապիտալը, վերաբաշխվելով եւ կուտակվելով ամենահարուստ անձանց ձեռքում, տնտեսությունից ավելի արագ է աճում: Ընդ որում, այս միտումը բնորոշ է ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ Եվրոպայի համար: Պիկետին հիմնավորում է r > g բանաձեւը, (որտեղ r -ը կապիտալից ստացված եկամուտների, իսկ g -ն` տնտեսական աճի գործակիցն է): Սա է «կապիտալիզմի կենտրոնական հակասությունը», որը Պիկետիի եզրակացությամբ կարելի է մարքսիստական անվանել. «ձեռներեցի» «ռանտյե» դառնալու անխուսափելի ձգտումն ավելի ու ավելի շատ է ազդում այն մարդկանց վրա, որոնք իրենց աշխատուժից բացի այլ բանի չեն տիրապետում: Մեկ անգամ ստեղծված կապիտալն իրեն ավելի արագ է վերարտադրում, քան եկամուտների աճը: Անցյալը խժռում է ապագան:
Պիկետիի ստացած մյուս կարեւոր արդյունքը 20-րդ դարում ազգային հարստության կառուցվածքային բաշխման փոփոխության մասին է, որը հակառակ միտում է դրսեւորում եւ հարուստների ու աղքատների միջեւ հանգեցրել է նոր «պատրիմոնիալ/ժառանգական» դասակարգի առաջացմանը: Խոսքն ազգային հարստության 25%-35%-ին տիրապետող միջին դասակարգի մասին է: 20-րդ դարի կեսերին միջին դասակարգի առաջացումը Պիկետին բնութագրում է որպես «սոցիալական միջավայրն ու քաղաքական մշակույթը խորապես փոփոխած վերափոխություն, որը թույլ է տվել կանխորոշել վերաբաշխման հակամարտության եզրույթները»: Սակայն Պիկետին չի կատարում տվյալ վերափոխության հետեւանքների եւ 21-րդ դարում միջին դասակարգի ճակատագրի քննություն, մինչդեռ առկա միտումները միանգամայն բացասական են: Օրինակ, մի շարք լրագրողների եւ հետազոտողների վկայությամբ՝ Մեծ Բրիտանիայում ֆիզիկական անձանց եկամուտների մասին տվյալները վկայում են, որ դրանց մեկ-երրորդն ունի բացասական միտում, երբ պարտքերը գերազանցում են եկամուտները: Սա ակնհայտորեն վկայում է հասարակության ներքին եւ միջին շերտերում ազգային հարստության տեսակարար կշռի նվազման գործընթացի մասին: Պիկետիի պատրիմոնիալ/ժառանգական դասակարգը 21-րդ դարում փոքրանում եւ ճզմվում է, ինչն էլ ոչ պակաս լուրջ խնդիր ու մարտահրավեր է, քան ազգային հարստության կենտրոնացումը մեծահարուստ սակավաթիվ անձանց ձեռքում: Պիկետին ենթադրում է, որ տվյալ միտումը կապված է 1%-ի օգտին աճող եկամուտների հետ, թեեւ այս եզրակացությունը գրքում ոչ մի կերպ չի հիմնավորվում: Գրախոսների մի մասը համարում է, որ դա այդչափ հավակնոտ գրքի համար զգալի թերացում է:
Ազատականության եւ ազատ շուկայի գաղափարախոսությունը համարում է, որ եկամուտների կենտրոնացումը վերեւներում չի նշանակում նրանց պակասումը հասարակության ստորին շերտերում: Եթե ապահովվում է տնտեսության կայուն աճը եւ «հարստություն արտադրողների» բավարար քանակը, ապա պայմաններ են ստեղծվում թե՛ ընդհանուր ազգային կարկանդակի մեծացման, եւ թե՛ հասարակության տարբեր շերտերի միջեւ դրա վերաբաշխման համար: Այլ խոսքերով, մնացած բոլոր պայմանների հավասարության դեպքում արագ տնտեսական աճը հասարակության մեջ նվազեցնում է հարստության կարեւորությունը, իսկ տնտեսական աճի դանդաղումն ու լճացումը հանգեցնում են հարստության դերի եւ ազդեցության աճին: Որպես հետեւանք՝ տնտեսական աճը նվազեցնող ժողովրդագրական փոփոխությունները հանգեցնում են հասարակության եւ տնտեսության մեջ կապիտալի գերակայության: Շատ էական են նաեւ համաշխարհային ճգնաժամի հետեւանքները, որոնց բերմամբ դանդաղում կամ կանգ է առնում տնտեսության, ուստի նաեւ ազգային կարկանդակի աճը, որին զուգահեռ շարունակում է իշխել 1%-ի օգտին հարստության վերաբաշխման օրենքը: Այս պայմաններում ստեղծվող հակասության հանգուցալուծման եւ ճգնաժամի հաղթահարման համար պետության կողմից պահանջվում է ոչ տնտեսական բնույթի այնպիսի գործիքների կիրառում, որոնք թույլ են տալիս հասարակության մեջ եկամուտներ վերաբաշխել եւ խուսափել լճացումից եւ սոցիալական պայթյունից: Եկամուտների անհավասարության աճի վերաբերյալ եզրակացությունն ի թիվս այլոց ցույց է տալիս, որ զարգացող աշխարհում յուրաքանչյուր ոք ինքը պետք է մտածի իր ապագա արժանապատիվ կյանքի մասին թոշակի անցնելուց հետո: Պիկետին համարում է, որ բացակայում են այնպիսի բնական հասարակական ուժեր, որոնք կկարողանային դիմադրել հասարակական բուրգի բարձրագույն շերտերում հարստության կայուն կուտակմանը: Միայն տնտեսության պայթյունային աճը՝ տեխնոլոգիական թռիչքի, բնակչության աճի կամ պետությունների միջամտության շնորհիվ, կարող է դիմակայել տնտեսության եւ հասարակության գահավիժմանը «պատրիմոնիալ/ժառանգական» կապիտալիզմի մեջ, որի մասին նախազգուշացնում էր Մարքսը:
Այս բնույթի քննությունն ու եզրակացությունները, որոնցից շատերը դեռ պետք է հիմնավորվեն, թույլ են տալիս հասկանալ, թե ինչու է Պիկետիի գիրքը հարուցել այդպիսի մեծ արձագանք: Շատ տասնամյակների ընթացքում առաջին անգամ տնտեսական քաղաքականության եւ գիտության կիզակետում են հայտնվել ազգային հարստության բաշխման եւ անհավասարության հարցերը: Թոմաս Պիկետին իրեն թույլ է տվել արտահայտելու նոր տեսակետ այն խնդիրների կապակցությամբ, որոնց պաշտոնական տնտեսագիտությունը եւ վիճակագրությունն ավանդաբար քիչ ուշադրություն են դարձնում:
Շատ երկրներ, քաղաքական ուժեր, կուսակցություններ եւ այլն մտահոգված են եկամուտների աճող անհավասարությամբ, իսկ «Կապիտալը 21-րդ դարում» գիրքն առաջարկում է հիշյալ երկու երեւույթների նրբագեղ բացատրությունը: Սակայն, հենց հեղինակի խոստովանությամբ, աշխարհը շատ ավելի բարդ է եւ չի կարող բացատրվել միայն «կապիտալիզմի կենտրոնական հակասությամբ»: Առնվազն պետք է ուսումնասիրվեն նաեւ կապիտալի կուտակման եւ դրա աճի գործընթացների միջեւ առկա փոխհարաբերությունները:
Պիկետին առաջ է քաշում հստակ զանազանություն հարստության ստեղծողների եւ ակտիվներ մսխողների (asset strippers) միջեւ. վերջիններն ապագան խժռող ճարպոտ կատուներն են՝ կապիտալի «ռանտյեներ», որոնք խոչընդոտում են սոցիալապես օգտավետ ձեռներեցային կապիտալին: Սակայն հեղինակի առաջարկած կապիտալի սեփական բնութագրումը թույլ չի տալիս ընդգծելու այս զանազանությունը. այն պետք է դառնա քաղաքական գործիչների հոգածության առարկա, քանի որ նրանք պարտավոր են միջոցներ ձեռնարկել ազգային հարստության մեծամասնությունն ուղղորդելու արտադրական ներդրումների մեջ եւ ոչ թե անշարժ գույքի, բիրժային գործողությունների եւ ֆինանսական այլ ակտիվների մեջ:
Այնուամենայնիվ, համաշխարհային տնտեսության Պիկետիի բացահայտած միտումները դեռեւս վկայում են պետությունների՝ 21-րդ դարում էգալիտար քաղաքականություն վարելու անկարողության մասին: ժամանակակից տնտեսությունում հարստության աճն ու կուտակումն ուղղորդող ուժերի դիտարկման նրա փորձերը բացահայտում են այնպիսի ուսումնասիրությունների բացակայությունը, որոնք վերաբերում են արդի հասարակության դասակարգային բնույթին եւ կառուցվածքին: Սա քաղաքական տնտեսագիտության եւ հիմնարար քաղաքական ուսումնասիրությունների խնդիրն է, թեպետեւ դրանք ներկայումս չկան: Պիկետին ավարտում է գիրքը կառավարություններին ուղղված առաջարկությամբ՝ հարստության վրա համապարփակ հարկ սահմանել՝ առանձին երկրների եւ համաշխարհային ողջ համակարգի վրա աճող անհավասարության ազդեցությունը կանխելու համար:
Պիկետիի այն եզրակացությունը, թե ապագան նույն տեսքն է ունենալու, ինչ եւ անցյալը, եթե չձեռնարկվեն իրենց բնույթով ոչ տնտեսական ջանքեր, բավական բուռն արձագանք է հարուցել: Մի շարք մեկնաբանների կարծիքով՝ Պիկետիի քաղաքական առաջարկություններն ավելի շուտ գաղափարախոսական են, քան տնտեսագիտական եւ կարող են ավելի շատ վնաս, քան օգուտ պատճառել: Այնուամենայնիվ, բոլորն էլ համաձայնվում են գրքի կարեւորության հետ՝ նշելով վերջինիս նշանակությունը ավանդաբար պաշտոնական տնտեսագիտության ստվերում մնացած խնդիրների լուսաբանման նպատակով տվյալների մեծ ծավալների օգտագործման մեթոդաբանությունը ձեւավորելու հարցում: Ամեն դեպքում Պիկետին հարգանքի է արժանի՝ 21-րդ դարում եկամուտների եւ ազգային հարստության կուտակման ու բաշխման անհավասարության խնդրի շուրջ բանավեճ նախաձեռնելու համար:
*Piketty, Thomas. Capital in the Twenty-First Century. trans. from the French Arthur Goldhammer, Belknap Press/Harvard University Press, 685 pp.