Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ*
Երևան
“Միջազգային անվտանգություն” և դրա հետ սերտորեն առնչվող “ազգային անվտանգություն” հասկացությունները համեմատաբար վերջերս են հայտնվել քաղաքագիտական բառաֆոնդում և մասնագիտական բառարաններում` մոտ հարյուր տարի առաջ։ Իսկ մինչ այդ ռազմական բախումները պարզապես կոչվել են «պատերազմ», այսինքն՝ «խաղաղության» հականիշ և դիտվել են որպես ուժի պրիմատ միջազգային հարաբերություններում։Դեռևս Ք.ա. V-դարում Պելոպոնեսյան պատերազմի պատմիչ Ֆուկիդիդը միջազգային հարաբերությունների գլխավոր սկզբունքը հետևյալ կերպ է սահմանել. «Բնության օրենք է`ամենքին կառավարելու համար ուժ է պետք», իսկ Թոմաս Հոբսը (XVII-րդ դար) համաշխարհային բոլոր կապերը համարում է պատերազմ «բոլորը` բոլորի դեմ»։ Արդի միջազգային հարաբերությունների շատ տեսաբաններ, այդ թվում՝ «ռեալպոլիտիկ» դպրոցի կողմնակիցները, հայտարարում են, որ այդ սկզբունքները շարունակում են մնալ որպես համաշխարհային քաղաքականության որոշիչ բաղադրիչներ։
1815 թվականի Վիեննայի կոնգրեսը`ամփոփելով Նապոլեոնական պատերազմների արդյունքները, ստեղծեց զսպման և եվրոպական ուժերի հավասարակշռման համակարգ, որի նպատակն էր արգելել պատերազմների սանձազերծումը։ Պետական այրերը նույն պացիֆիստական ճիգերն էին թափում Ազգերի լիգայի պատերից ներս, երբ ստորագրում էին Բրիան-Կելոգա պայմանագիրը` ազգային քաղաքականությունում պատերազմի սպառնալիքից զերծ մնալու հույսով։
Արդ, XXI դարի բարձունքից փորձագետները ներողամտորեն են նայում ազգային անվտանգության համակարգի ստեղծման այդ տարիների ճարտարապետներին, որոնք ի զորու չեղան փրկել մարդկությունը համաշխարհային երկրորդ պատերազմից։ Սակայն այդ մարդկային աղետի դասերը պատճառ դարձան ստեղծելու Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ), որը «լի է վճռականությամբ՝ ազատել գալիք սերունդներին պատերազմի աղետից, որը մեր կյանքի ընթացքում երկու անգամ մարդկությանը պատճառել է անսահման վիշտ»։ Ճիշտ է, ՄԱԿ-ը չկարողացավ ապահովել իր անդամների ազգային լիիրավ անվտանգությունը, սակայն նա արգելափակեց լայնամասշտաբ պատերազմների սանձազերծումը պետությունների միջև։
Այդուհանդերձ, հետսառպատերազմյան տարիներին ստեղծվեցին և ինստիտուցիոնալ ձևավորում ստացան շատ երկրների ազգային անվտանգության համակարգերի մեխանիզմները, որոնց հիմքում ընկած են գրեթե նույն խնդիրներն ու գաղափարները` պետության և ժողովրդի պաշտպանություն արտաքին սպառնալիքներից և վտանգներից, խաղաղության, ազատության, սահմանադրական իրավունքի ապահովում։
Խորհրդային Միության և երկբևեռ աշխարհակարգի փլուզումը իր հետ բերեց պետությունների ազգային անվտանգության ողջ համակարգի փոփոխություն` ավելացնելով գոյություն ունեցող սպառնալիքներին և վտանգներին նորերը։ Ահաբեկչություն, կազմակերպված հանցագործունեություն, նարկոբիզնես, կլիմայի փոփոխություն, կիբեռսպառնալիքներ և այլն։
Այսօր ահաբեկչությունը տեղական (լոկալ) երևույթից վերածվումէ տրանսազգային չարիքի, ինչպես մասնակիցների կազմով, այնպես էլ ահաբեկչական գործողությունների աշխարհագրությամբ։ Տրանսնացիոնալ ահաբեկչության գաղափարախոսական հենքը իսլամական արմատականության (ֆունդամենտալիզմի) ռադիկալ տարատեսակն է կամ ջիհադիզմը, որի վերջնական նպատակը շարիաթի օրենքներով գործող համաշխարհային խալիֆաթի ստեղծումն է։
Սիրիական վեցամյա պատերազմը Իսլամական պետության դեմ, կարծես թե, մոտենում է ավարտին։ Սակայն դա չի նշանակում ԴԱԵՇ-ի անհետացում։ Հեռանալով բաց ճակատային գործողություններից` իսլամիստ-ահաբեկիչները ռազմի դաշտից անցնում են ընդհատակ, ձուլվում խաղաղ ազգաբնակչությանը` ողջ եվրասիական տարածքում։Ոչ մի երկիր ապահովագրված չէ այդ «կանաչ» վտանգից։ Մեր կարծիքով, պետության ազգային անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն ահաբեկչությունն է։
Անվտանգության արդյունավետ իրագործումը պայմանավորվում է խորքային աշխարհաքաղաքական և միջազգային հարաբերությունների արդի գործընթացներով։ Տնտեսական և տեղեկատվական գլոբալիզացիան, նորանկախ պետությունների առաջանալը, դասական պետություն-ազգերի ճգնաժամը՝ այս ամենը, աստիճանաբար վերացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականության «միջնապատը»։
Սա իր հերթին դիվանագիտության առաջ, որը գործում է միջազգային միջավայրի փոփոխվող պարադիգմում, դնում է նոր, ծայրաստիճան բարդ խնդիրներ։ Պետությունների առաջ ծառացած բարդությունները ստեղծում են արտաքին քաղաքականության միանգամայն նոր միջոց-գործիք` հանրային, ժողովրդավարական կամ մեգաֆոնային դիվանագիտություն (public diplomacy) Այն առաջինը շրջանառության մեջ դրվեց անցյալ դարի 70-ականներին ամերիկացի Մերֆիի հանձնախմբի կողմից, որի գործառույթը արտաքին քաղաքականության քարոզչությունն էր, հումանիտար փոխանակումները և ամերիկյան գաղափարախոսության պաշտպանությունը։ Վերջին ժամանակներս ավելի հաճախ է օգտագործվում քաղաքացիական դիվանագիտություն (citizen diplomacy) եզրը։
Հանրային դիվանագիտությունը ծնեց համաշխարհային քաղաքականության հսկայաքանակ դերակատարներ (խաղացողներ) որոնց թիվը բուռն աճում է ողջ քաղաքակիրթ աշխարհում։ Բոլոր երկրների դիվանագիտական ծառայությունները ակտիվորեն համագործակցում են այդ դերակատարների և նրանց ներկայացրած կազմակերպությունների հետ։
Պետական և ոչ պետական դերակատարների համագործակցության շնորհիվ կազմավորվում է հարաբերությունների հատուկ համակարգ։ Համաշխարհային քաղաքականության, ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական դերակատարների համագործակցության արդյունքում դիվանագիտության ոլորտում ստեղծվում է յուրահատուկ սիմբիոզ, տանդեմ։ Դիվանագիտության տեսաբաններն այն անվանում են կատալիզատորային դիվանագիտություն (catalytic diplomacy)։
Կատալիզատորային դիվանագիտությունը ենթադրում է այնպիսի հատկանիշների առկայություն, ինչպիսին են փոփոխվող իրադրությունում արագ ադապտացվելը, սեփական հետաքրքրություններին հետամուտ լինելուն զուգընթաց ընդդիմադրին իր կողմը գրավելը, ինչպես նաև փոփոխվող իրադարձությունների նկատմամբ ճկուն մոտեցում ցուցաբերելը։ Ասպիսով, դիվանագիտությունը դադարում է դասական միջոցներով իրականացնել պետության քաղաքականությունը։
Անկարող լինելով միաժամանակ արձագանքել բոլոր մարտահրավերներին` արհեստավարժ դիվանագետն ընդլայնում է իր կոնտակտների շրջանակը, հաղորդակցվում է մասնավոր անձանց և կազմակերպությունների հետ, օպտիմիզացնում է ինֆորմացիայի հայթայթման հնարավորությունները։
Կատալիզատորային դիվանագիտության ռեժիմով աշխատող դիվանագետը պետք է ունենա համակարգողի և մտքերի շտեմավորման հատկանիշներ։ Նրանից պահանջվում է մի կողմից հայտնաբերել և մոբիլիզացնել ոչ կառավարական միջոցները` հանուն պետական նպատակների։ Մյուս կողմից` նա պետք է ճիշտ կերպով կողմնորոշվի, թե որ պահին և ինչպես պետական դիվանագիտական միջոցները տրամադրի հանրային դիվանագիտության խաղացողներին, որոնք գործում են միջազգային հարաբերությունների դաշտում։
Կատալիզատորային դիվանագիտության փորձված միջոցներն են փափուկ ուժի (soft power) և խելացի ուժի (smart power) դիվանագիտությունը, որի տեսության հեղինակը Ժոզեֆ Նայն է։ (Ի դեպ, փափուկ ուժի տեսության հիմնադրման և զարգացման մեջ մեծ է մեր հայրենակից, անվանի դիվանագետ ամերիկահայ Էդուրադ Ջերեջյանի դերը)։
Կատալիզատորային դիվանագիտության կիրառումը պետությունների արտաքին քաղաքականությունում թափ է հավաքում շատ երկրներում։ Արտաքին քաղաքական գերատեսչություններում ստեղծվում են հանրային դիվանագիտության ստորաբաժանումներ։ Մինչդեռ որոշ երկրներ դժկամությամբ են ընտելանում հանրային կամ կատալիզատորային դիվանագիտությանն արտաքին քաղաքականության ոլորտում։ Այն պետությունները, որոնք արգելակում են պետական և ոչ պետական դիվանագիտությունների համադրումը, որպես կանոն, բացասական հետք են թողնում իրենց արտաքին և ներքին խնդիրների լուծման վրա։
Ապացացուցված է, որ գաղտնապահության ռեժիմի պահպանման քողի տակ արտգործնախարարությունները պարզապես թաքցնում են իրենց պրոֆեսիոնալ ցածր մակարդակը և գործառության վրիպումները։ Ավտորիտար կամ ամբողջատիրական երկրներում դժվար է պատկերացնել կատալիզատորային դիվանագիտության առկայությունը, հատկապես այն երկրներում, որոնք նոր են դարձել միջազգային իրավունքի սուբյեկտներ: Հանրային դիվանագիտությունը ուղիղ համեմատական է պետության ժողովրդավարական կառուցվածքին։
Եթե մինչև վերջերս ազգային անվտանգության գլխավոր և որոշիչ գործոնը համարվում էր կոշտ ուժը (hard power) և նրա կիրառումը, ապա համընդհանուր փոխկապակցվածության, գլոբալիզացիայի և ինտեգրացիայի ներկա պայմաններում ուժի քաղաքականությունը հաճախ դիտվում է ժամանակավրեպ: Միևնույն ժամանակ, սխալ կլինի կարծել, թե ‹‹կոշտ ուժի› կիրառումն անցել է պատմության գիրկը: Մեծ տերությունները, որոնք տիրապետում են միջուկային զենքին և տարաբնույթ այլ ռեսուրսների, ամենից շատն են հակված կիրառել կոշտ ուժ։
Այստեղ ստացվում է պարադոքսալ իրավիճակ։ Հզոր ռազմական ներուժ ունեցող ոչ մի գերտերություն չի ցանկանում անցնել ռուբիկոնը և սեղմել կործանարար սարքի կոճակը։ Եվ, վերջին հաշվով, շահում է խելացի ուժ գործադրող կողմը, որի ամենաարդյունավետ միջոցը կատալիզատորային դիվանագիտությունն է։
Դիվանագիտության նոր մեթոդների և մեթոդոլոգիայի ուսումնասիրությունը գալիս է ապացուցելու, որ ՀՀ ազգային անվտանգության ապահովման համար բացի ռազմական, տնտեսական, սոցիալական, գաղափարախոսական գործոններից գերկարևոր է կատալիզատորային դիվանագիտության ակտիվ կիրառումը հանրապետության արտաքին քաղաքականությունում և միջազգային հարաբերություններում։
* Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ