Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ
Մայիսին լրանում է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի՝ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության), Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված հրադադարի հաստատման 25-ամյակը: 1994 թ. մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը, կամ ավելի ճիշտ՝ 00:01-ից, ուժի մեջ է մտել հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը:
Քառորդդարյա հոբելյանը լավ առիթ է այսօրվա բարձունքից գնահատական տալու այս իրադարձությանը, փորձելու ամփոփել որոշ արդյունքներ այն տեսանկյունից, թե ինչ է արվել և ինչ պետք է արվի հրադադարի ռեժիմի ամրապնդման համար, ինչպես նաև քաղելու դասեր, որոնք օգտակար կլինեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար:
1994 թ. մայիսի 12-ի համաձայնագիրն առանցքային նշանակություն ունի, քանի որ այն վերջ է դրել ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի ժողովրդավարական պետականության դեմ սանձազերծված պատերազմին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխել է քաղաքական-դիվանագիտական հուն և պայմաններ ստեղծել, որպեսզի կողմերը միջազգային միջնորդների օժանդակությամբ կարողանան իրենց ջանքերն անմիջականորեն կենտրոնացնել բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական լուծման ուղիներ փնտրելու վրա:
Առայսօր այդ համաձայնագիրն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գործընթացի կարգավորման միակ իրական ձեռքբերումն է: Դեպի խաղաղություն, կամ, ավելի ճիշտ, դեպի հրադադար տանող ուղին բավականին դժվար էր: Որպես իրադարձությունների ականատես և պատերազմի ու հետպատերազմյան տարիներին տեղի ունեցած բանակցությունների մասնակիցներից մեկը՝ կարող եմ փաստել, որ 1992-1993 թթ. քանիցս փորձեր են ձեռնարկվել վերջ դնել ռազմական գործողություններին: Այնուամենայնիվ, այդ ժամանակահատվածում ձեռք բերված զինադադարի մասին պայմանավորվածությունները կարճաժամկետ բնույթ են կրել: Ձախողումների պատճառը կայանում էր նրանում, որ Ադրբեջանը, վստահ լինելով իր ռազմատեխնիկական գերազանցության մեջ, հույսը դրել էր հակամարտությունն ուժով լուծելու վրա և դադարն օգտագործում էր պարզապես շունչ առնելու նպատակով՝ այնուհետ ռազմական գործողությունները վերսկսելու համար:
Ադրբեջանի հենց այս դիրքորոշման և նրա՝ խաղաղություն երաշխավորելու, բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու հանձնառություն ստանձնելու չկամության պատճառով էլ խափանվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որոնց հիմնական պահանջն էր կրակի, ռազմական ու թշնամական գործողությունների անհապաղ դադարեցումը: Բաքուն իր բոլոր գործողություններով ցույց էր տալիս, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը դիտարկում է ոչ թե որպես պատերազմը դադարեցնելու միջոց, այլ որպես ռազմական և քաղաքական առավելության հասնելու գործիք:
Անժամկետ հրադադարի մասին համաձայնագրի կնքման առաջին նախադրյալներն ի հայտ եկան միայն այն բանից հետո, երբ Արցախի Պաշտպանության բանակին հաջողվեց ետ մղել Ադրբեջանի զինված ագրեսիան, ապահովել հանրապետության սահմանների անվտանգությունը և դրանով լրջորեն խաթարել Բաքվի ներուժը` ուղղված ռազմական ուժի միջոցով հակամարտության լուծմանը:
Անհրաժեշտ էր այդ դրական միտումներն ամրապնդել բանակցություններում, որոնք նախորդ տարիներին Արցախի բանակցային կարգավիճակի հարցում տեղապտույտի մեջ էին: Ռազմաճակատում զգալի կորուստներ կրելուց և սեփական ռազմական ներուժի էական թուլացումից հետո միայն Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն դադարեցրեց խոչընդոտել բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ներգրավմանը, այլև ինքը քանիցս նախաձեռնեց Արցախի իշխանությունների հետ անմիջական շփումներ, այդ թվում և՝ ամենաբարձր մակարդակով: Ուղիղ բանակցություններ վարելու համար հիմնական խոչընդոտի վերացումը թույլ է տվել կենտրոնանալ էական հարցերի վրա: Այս շփումների շնորհիվ Ստեփանակերտի և Բաքվի միջև ձեռք են բերվել ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր հրադադարի կամ դրա երկարաձգման մասին շուրջ տասը պայմանավորվածություններ, որոնք էլ արդյունքում ճանապարհ են հարթել հրադադարի և ռազմական գործողությունների մասին անժամկետ համաձայնագրի համար։
Գործող անժամկետ հրադադարի ձևակերպման հիմքը դրվել է 1994 թ. մայիսի 5-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, որտեղ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և բանակցություններից հետո ստորագրել «Բիշքեկյան արձանագրությունը» (ադրբեջանական կողմը փաստաթղթին միացել է երեք օր անց, ընդ որում՝ որոշ վերապահումներով): Հավելենք, որ արձանագրությանը նախորդել էր նույն՝ 1994 թ. ապրիլի 15-ին Մոսկվայում ընդունված ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարությունը, որում որպես առաջնահերթություն և կարգավորման հրամայական նշվում էր «կրակի, բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, որից հետո՝ համաձայնագրի հուսալի ամրագրում»: Բիշքեկյան հանդիպման մասնակիցները, սատարելով սույն հայտարարությունը, պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի նպաստելու գործադիր իշխանության ղեկավարների և ներկայացուցիչների ջանքերին՝ ուղղված զինված առճակատման դադարեցմանը՝ համապատասխան համաձայնագրի հնարավորինս արագ կնքման միջոցով: Դրանից հետո էլ ստորագրվել է մայիսի 12-ի վերոնշյալ համաձայնագիրը:
1994 թ. հուլիսի 26-27-ը, կնքելով լրացուցիչ համաձայնագիր, բոլոր երեք կողմերը հաստատել են հրադադարի ռեժիմի անժամկետ բնույթը՝ ընդհուպ մինչև հակամարտության վերջնական կարգավորման հասնելը: Կողմերն այդ դիրքորոշումը վերահաստատել են նույն թվականի օգոստոսի 28-29-ին և նոյեմբերի 12-ին` հանդես գալով հատուկ հայտարարություններով:
1995 թ. փետրվարի 6-ին ուժի մեջ են մտել Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս-շվեդական համանախագահության հովանու ներքո ձեռք բերված հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ պայմանավորվածությունները: Համաձայնագիրը ներառում է ճգնաժամային իրավիճակների կայունացման համար ռազմական առումով նշանակալի միջոցների մի ամբողջ համալիր` ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը:Ցավոք, հետագա տարիներին չի հաջողվել զարգացնել 1994 թ. մայիսի 12-ի և 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերի շնորհիվ ձեռք բերված հաջողությունը: Կարգավորման գործընթացում տեղապտույտը սկսվել է այն բանից հետո, երբ Բաքուն կրկին վերադարձել է առճակատման քաղաքականությանը: Այդ քաղաքականության շրջանակներում Բաքուն սկզբից հրաժարվել է կատարել 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրի դրույթները, այնուհետև 1997 թ. սկզբին փաստորեն տապալել է լիարժեք եռակողմ ձևաչափով բանակցությունները՝ փորձելով որպես կարգավորման հիմք պարտադրել 1996 թ. ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովին իր կողմից ներկայացված ոչ կոնսենսուսային առաջարկները:
Հետագա տարիներին ադրբեջանական կողմն ինչպես հրապարակային հայտարարություններում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում տարածվող փաստաթղթերում փորձել է իրեն իրավունք վերապահել նոր պատերազմ սկսել Արցախի Հանրապետության դեմ: «Կա՛մ Բաքվի պայմաններով կարգավորում, կա՛մ պատերազմ» դրույթը միջազգային հանրությանը պարտադրելու ադրբեջանական կողմի փորձերում կարևոր տեղ է զբաղեցնում 1993 թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված Արցախի վերաբերյալ բանաձևերի շահարկումը: Չնայած Ադրբեջանն ինքն է հրաժարվել իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի՝ իրեն հասցեագրված պահանջներն ու կոչերը, տարիներ անց նա համառորեն ձգտում է ներկայացնել բանաձևերի առանձին դրույթները որպես հակամարտության կարգավորման պայմաններ, որոնց չիրագործումը, ըստ ադրբեջանական իշխանությունների, ենթադրաբար նրանց ուժ կիրառելու իրավունք է տալիս: Նմանատիպ մեկնաբանությունն ուղղակիորեն հակասում է ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ ընդունված բանաձևերի ոգուն և տառին, բանաձևեր, որոնք նպատակ էին հետապնդում վերջ դնել պատերազմին և քաղաքական երկխոսություն սկսել:
Բաքվի դիվանագիտական հնարքներն ուղեկցվում էին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի իրական սրմամբ: Ընդ որում, ադրբեջանական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները գնալով ավելի սպառնալից էին դառնում թե՛ իրենց ծավալներով ու տևողությամբ և թե՛ կիրառվող սպառազինության քանակով ու տեսակով:
Դիմակայության քաղաքականության ապոթեոզը դարձավ ադրբեջանական իշխանությունների ևս մեկ փորձը՝ ուժով լուծելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսի 12-ի Հրադադարի մասին համաձայնագիրը, ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում նախաձեռնեց Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ: Ռազմական գործողությունների ինտենսիվությունն ու ծավալները, Ադրբեջանի կողմից ներգրավված ուժերի ու մարտական տեխնիկայի քանակը, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները միանշանակ վկայում են, որ ապրիլի 2-ի ագրեսիան ոչ թե լարվածության ինքնաբուխ սրում էր, այլ մանրակրկիտ ծրագրված ու նախապատրաստված զինված հարձակում։ Սակայն կրելով զգալի մարդկային և տեխնիկական կորուստներ՝ Ադրբեջանը ստիպված եղավ ապրիլի 5-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, ռազմական գործողությունների դադարեցում հայցել:
Ադրբեջանական կողմի փորձերը՝ հրաժարվելու տարածաշրջանում խաղաղության պահպանման սեփական պարտավորություններից, արժանացան միջազգային հանրության կոշտ արձագանքին: Արցախի դեմ ռազմական ագրեսիա սանձազերծելու Ադրբեջանի փորձերի արդյունքում ստեղծված իրավիճակին ի պատասխան՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կոչ են արել խստորեն հետևել 1994 թ. մայիսի 12-ի Հրադադարի մասին համաձայնագրին և 1995 թ. փետրվարի 6-ի Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրին: Միջազգային հանրության արձագանքը ցույց տվեց, որ 1994 թ. մայիսի 12-ի և 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության պահպանման առանցքային տարրերից են:
Իր գործնական արժեքից բացի Հրադադարի մասին համաձայնագիրը կարևոր է նաև արդյունավետ բանակցություններ կազմակերպելու հարցում կուտակված փորձի տեսանկյունից: 1994 թ. մայիսի 12-ի Համաձայնագրի օրինակը ցույց է տալիս, որ հակամարտության կարգավորման գործընթացում հաջողությունը կախված է երկու առանցքային պայմաններից: Առաջինը՝ ուժի միջոցով հակամարտությունը լուծելու հնարավորության վերաբերյալ ցանկացած պատրանքի բացառում: Ավելորդ չի լինի հիշեցնել, որ վեճերի խաղաղ լուծումը միջազգային իրավունքի՝ ՄԱԿ կանոնադրության մեջ ամրագրված հիմնարար սկզբունքներից է: Երկրորդը՝ ուղիղ բանակցությունների կազմակերպում, որոնց ընթացքում հակամարտության յուրաքանչյուր կողմ բանակցություններ վարում է իր անունից և իր իրավասության ներքո գտնվող հարցերի շուրջ:Եվ այսօր՝ 25 տարի անց, Հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ծառայել որպես խաղաղ գործընթացի արդյունավետության բարձրացման կողմնորոշիչ: Հակամարտության կարգավորման գործընթացին անհրաժեշտ խթան հաղորդելու համար պետք է մի կողմից՝ վերականգնել ուղիղ եռակողմ բանակցությունները, իսկ մյուս կողմից՝ հետևողականորեն ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը, այդ թվում՝ դրա վերահսկման միջազգային մեխանիզմի ներդրման միջոցով:
Արցախյան կողմը ոչ միայն սատարել է կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված միջնորդական առաջարկներն ու կոչերը, այլև ինքն է բազմիցս հանդես եկել խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման վերաբերյալ տարբեր նախաձեռնություններով: Պաշտոնական Ստեփանակերտի կառուցողական մոտեցման վերջին օրինակներից է սահմանին տիրող իրավիճակի տեսահսկման համակարգերի տվյալները միջազգային միջնորդներին տրամադրելու պատրաստակամությունը: Շփման գծի մշտական տեսահսկման համար արցախյան կողմի տեղադրած համակարգը կարող է դառնալ զինադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմի բաղկացուցիչ մասը:
Այս համատեքստում կարևոր է նաև ընդգծել ապրիլից հետո՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում, տեղի ունեցած երկու գագաթնաժողովների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը, որոնք նախատեսում են շփման գծում տեղադրել իրավիճակի վերահսկման և սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, ինչպես նաև ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը՝ դիտարկման հնարավորությունները մեծացնելու նպատակով: Երեք տարի անց Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները, Ադրբեջանի կողմից ակտիվ հակազդեցության պատճառով, դեռևս մնում են թղթի վրա:Առավել անհանգստացնող է 1994-1995 թթ. Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերը չեղարկելու՝ Ադրբեջանի փորձերի հետ կապված իրավիճակը: Ավելի վաղ ընդունված փաստաթղթերի փաստացի չեղարկման մասին հայտագրեր են տարածվել 2016 թ. ապրիլի 11-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության և 2016 թ. ապրիլի 14-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության կողմից: Առայսօր, ադրբեջանական կողմը հետ չի կանչել և ոչ մի կերպ չի քողարկել այդ հայտագրերը: Այդպիսով, Բաքուն պաշտոնապես հրաժարվում է ճանաչել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի, հետևաբար նաև` ողջ բանակցային գործընթացի քաղաքական-իրավական հիմքը: Ակնհայտ է, որ ո՛չ հրադադարի ռեժիմի ամրապնդումը, ո՛չ էլ բանակցային գործընթացի առաջմղումը հնարավոր չեն առանց 1994 թ. մայիսի 12-ի համաձայնագրի ամբողջական վերականգնման:
Առանձին հիշատակման է արժանի հակամարտ զորքերի սահմանազատման գծի հարցը, որը բոլոր երեք կողմերը, Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջնորդությամբ, ամրագրել են որպես հրադադարի ռեժիմի բաղկացուցիչ մաս: Հետևաբար, Հրադադարի համաձայնագրի կատարումը նշանակում է նաև կողմերի միջև համաձայնեցված հրադադարի գծի վերականգնում, որը 2016 թ. ապրիլին խախտվել է Ադրբեջանի կողմից:Համոզված եմ, որ երկու՝ դիվանագիտական (ուղիղ եռակողմ բանակցությունների վերականգնում) և ռազմաքաղաքական (հրադադարի ռեժիմի ամրապնդում և խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովում) պայմանների համադրությունն ու փոխլրացելիությունն անհրաժեշտ նախապայմաններ կստեղծեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի և Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության ապահովման համար:
Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
www.nkr.am, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն