Եվ գաղափարն՝ ընդդեմ կարծիքի
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի խմբագիր
Ստեփանակերտ-Երևան
Սարգսյան-Ալիև հերթական մի հանդիպումից հետո, ինչպես և սպասում էի, հայաստանյան լրատվամիջոցներից բազմաթիվ առաջարկներ ստացա՝ մեկնաբանելու արդյունքները։ Եւ դա այն դեպքում, երբ արդյունքների մասին ոչ մի տեղեկատվություն չկար՝ պաշտոնական մի քանի տողանոց ոչինչ չասող ինֆորմացիայից բացի։ Ուրեմն ի՞նչ մեկնաբանել։ Հրաժարվեցի, բնականաբար։ Պատճառաբանելով բավարար ինֆորմացիայի բացակայությունը։ Բայց մեկնաբանողների պակաս բնավ չկար։ Այսպես թե այնպես՝ հերթական անգամ կրկնվեց նույն պատմությունը՝ հնչեցին զանազան կարծիքներ, բայց կատարվածի մասին իրական տեղեկատվությունը մնաց այն սահմաններում, որոնցում և եղել էր։ Դրա փոխարեն էլ ավելի խճողվեց ու անհասկանալի դարձավ իրական վիճակը։ Սա վերածվել է տխուր ավանդության և արդեն թակում է աբսուրդի դուռը։ Կամա թե ակամա եզրահանգում ես, որ այն հաստատ ինչ-որ մեկին ձեռնտու է։
Սույն ավանդությունը երևակում է հայաստանյան մամուլի ամենատարածված հիվանդություններից մեկը՝ տեղեկատվական աղբյուրների բազմազանության բացակայությունը և այն սուրոգատով փոխարինելու ջանքերը։ Այն, ինչ հրամցվում է որպես տեղեկատվական բազմազանություն, իրականում կարծիքների բազմազանություն է։ Իսկ կարծիքների բազմազանությունը նաև կարող է լինել (և այդպես էլ կա հիմա) տեղեկատվության սոսկ մեկ աղբյուրի հիման վրա։ Փորձագիտական հարգելի հանրությունը բառի վատ իմաստով ՝՝նստած՝՝ է տեղեկատվական մեկ աղբյուրի, այն էլ երբեմն՝ չորացած կամ ժլատորեն կաթիլվող աղբյուրի վրա, եթե կարելի է այսպես ասել՝ կառավարվող աղբյուրի վրա։ Ինչը, իհարկե, չի խանգարում ապահովելու կարծիքների բազմազանությունը։
Սակայն, սա ամենասարսափելին չէ։ Տեղեկատվական բազմազանությունը երբեմն ընդհանրապես առնչված չի լինում տեղեկատվական աղբյուրին։ Ավելին՝ կարծիքների բազազանությունը երբեմն էլ հենց կոչված է քողարկելու տեղեկատվական աղբյուրի բացակայությունը։
Իրականում սա նույնիսկ կարծիքների բազմազանություն չէ, քանի որ ոչինչ նոր չի հնչում և չի էլ կարող հնչել։ Մեկնաբանություններում հաճախ փոխվում է պարզապես ամսաթիվ-տարեթիվը՝ նույն առիթներով նույն մտքերը նույն մարդկանց կողմից հնչել էին նաև մեկ ամիս, վեց ամիս, մեկ տարի, երեք տարի առաջ։ Ու կհնչեն նաև մեկ ամիս, վեց ամիս, մեկ տարի, երեք տարի անց։ Ասել է թե՝ սա, մեծ հաշվով, վաղուց արդեն դեմքերի բազմազանություն էլ չէ, քանի որ լսարանը գործ ունի փորձագիտական նույն շրջանակի, փորձագիտական նույն պատկերասրահի հետ (մեկ-մեկ, շատ հազվադեպ նոր դեմքեր են հայտնվում)։
Ու ստացվում է մի ողբերգազավեշտական վիճակ, երբ կարծիքն ավելի շատ է, քան լուրը, անհամեմատ շատ, աննորմալ շատ։ Բայց սա միայն սկիզբն է։
Հետո կարծիքը սկսում է փոխարինել լուրին, կարծիքը սկսում է լուր ընկալվել, և լուրի կարիքն աստիճանաբար պակասում-վերանում է։ Խոսքի ազատությունն էլ նեղանում-սահմանափակվում և աստիճանաբար վերածվում է զուտ արտահայտման ազատության, այլ ոչ թե ինֆորմացիայի և դրա տարածման ազատության։
Լրագրողական հանրությունը շատ հեշտ հարմարվեց այս գայթակղիչ վիճակին։ Ոչ ոք այլևս լուր չի փնտրում, փնտրում են կարծիք։ Դա ավելի հեշտ է ու ձեռնտու։ Լուր գտնելն անհամեմատ դժվար է, քան փորձագետ գտնելը։ Լուրը եթե պիտի ստուգվի՝ կարծիքը կարող է չստուգվել։ Ինֆորմացիայի, դրա ստույգության համար լրագրողը պատասխանատվություն է կրում։ Իսկ կարծիքի դեպքում պատասխանատվությունը կարծիքը կրողի վրա է։ Լրագրողներն ու լրատվամիջոցները իրենց պարտականությունները փաստացիորեն դրել են հարցազրույց տվողների, կարծիք արտահայտողների վրա։ Չհասկանալով (կամ հասկանալով), որ տվել են ոչ միայն պատասխանատվությունը, այլև հանրային կարծիք ձևավորելու իրենց լծակները։ Որոշ ԶԼՄ-ներ դա գիտակցաբար և արհեստավարժ են անում, քանի որ դա իրենց պարտադրված առաքելության շրջանակներում է։ Որոշներն էլ՝ անգիտակցաբար, ընդհանուր թրենդին տուրք տալով։
Այս վիճակն ածանցյալ է տեղեկատվական դաշտի վիճակից, սա էլ քաղաքական դաշտի վիճակից, վերջինս էլ՝ տնտեսական դաշտի վիճակից։ Չի կարող տեղեկատվական բազմազանություն լինել, եթե որակական բազմազանություն չկա քաղաքական դաշտում, իսկ քաղաքական դաշտում էլ բազմազանությունը հնարավոր չէ առանց տնտեսական դաշտի բազմազանության։ Իշխանությունը և իշխանամերձ շրջանակները երկրի ողջ ռեսուրսները կենտրոնացրել են իրենց ձեռքում և այդ միջոցներով ներդրում են անում և վերահսկում քաղաքական դաշտը, վերջինիս ու այլոց միջոցով էլ՝ տեղեկատվական դաշտը։
Ավտորիտար համակարգը բռնապետականից տարբերվում է նաև նրանով, որ տեղեկատվական դաշտը գոնե առերևույթ բրգաձև չէ, ավելին՝ այն հնարավորինս դրվագված-ֆրագմենտացված է։ Սա է հանրությանը թյուրիմացության մեջ գցում և տեղեկատվական բազմազանության խաբկանք ստեղծում։ Այս տեղեկատվական դրվագներն ունեն իրենց առանձին ու երբեմն էլ իրարամերժ փոքր շահերը, բայց համակարգին սպառնացող տոտալ վտանգի պահին մոռանում են դրանք և լիովին ու անմնացորդ նվիրվում համակարգի շահերին՝ խփելով նույն նպատակակետին։
Ստեղծվել է մի անմխիթար իրավիճակ, երբ լրատվամիջոցը կախված է ամեն ինչից, բացի սեփական լսարանից։ Ոչ միայն կախված չէ լսարանից, այլև հաճախ գործում է ի հեճուկս դրա։ Ոչ միայն կախված չէ իր լսարանի ճաշակից ու հայացքներից, այլև ինքն է ճաշակ ու հայացք ձևավորում, ավելի ստույգ՝ զոմբիացնում կամ ուղղորդում։ Մինչդեռ լրատվամիջոցի միայն մի կախվածություն է ընդունելի՝ կախվածություն սեփական լսարանաից, ընթերցողներից ու հեռուստառադիոունկնդիրներից (հատուկ եմ նշում ավանդական լրատվամիջոցները, որովհետև դրանք են շարունակում մնալ հանրային կարծիքի ձևավորման առաջատարները)։
Իրականում սա ողբերգազավեշտ է, որովհետև այսպես լրատվամիջոցներ են կայանում, այսպես փորձագիտական հանրություն է ձևավորվում և այսպես, որքան էլ ցավալի լինի, լսաարան է ձևավորվում, հասարակական կարծիք է ստեղծվում։ Լսարանն սկսում է հարմարվել այսպիսի տեղեկատվանկան-սուրոգատային ֆաստ-ֆուդին և քայքայում հանրային տեղեկատվական առողջությունը։ Հանրային օրգանիզմն ընդհանրապես։
Եւ սա ամենևին էլ ինքնահոս երևույթ չէ։ Իշխանությունները դա անում են գիտակցաբար, ծրագրված ու նպատակամիտված։ Քաղտեխնոլոգների խմբեր են աշխատում այդ ուղղությամբ։ Աշխատում են ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա։ Ժամանակակից տեսությունների օգտագործմամբ։ Սա դարձել է իշխանության պահպանման ու վերարտադրման մերօրյա նոու-հաու։ Հանրային կառավարման ոլորտն է սա։ Այսինքն՝ սա քաղաքական երևույթ է։
Ի՞նչ կարելի է սրան հակադրել։
Դժվար է ասել։ Մի բան պարզ է, որ հակաթույնը նաև քաղաքական բաղադրիչ պետք է ունենա։
Օրինակ, ժամանակակից ինսուրեկցիոնալիստական անարխիզմի գլխավոր տեսաբան Ալֆրեդո Մարիա Բոնանոն մի շատ ուշագրավ դիտարկում է արել իր «Անարխիստների պայքարը» գործում։ Ահա այն. «Մեզ վրա է թափվում տեղեկատվության մեծ հոսք, մենք վերամշակում ենք այն և կարծիքներ հրամցնում։ Մեզ մոտ հիմա ավելի շատ ոչ թե գաղափարներ են, այլ կարծիքներ։ Սա ողբերգական է։ Ախր, ի՞նչ ասել է կարծիք։ Սա պարզունակեցված գաղափարն է, ստանդարտացված գաղափար՝ հնարավորինս շատ մարդկանց կողմից ընդունվելուն հարմարեցված։ Կարծիքները զանգվածային սպառման գաղափարներն են։ Իշխանությունների համար կարևոր է պահպանել նման կարծիքները, որովհետև հենց կարծիքների օգնությամբ, կարծիքների վերահսկման օգնությամբ են նրանք հասնում ցանկալի արդյունքների։ Ինչպես և քարոզչության մեխանիզմների և ընտրական տեխնոլոգիաների օգնությամբ։ Քաղաքական նոր էլիտաները ձևավորվում են ոչ թե գաղափարների, այլ կարծիքների օգնությամբ։ Իսկ ի՞նչ կարելի է հակադրել կարծիքների ձևավորման գործընթացին։ Պե՞տք է, արդյոք, դրա համար ունենալ ավելի շատ ինֆորմացիա։ Ոչ, դա հնարավոր չէ, համենայն դեպս՝ մենք ի վիճակի չենք մեզ վրա ամեն օր թափվող ինֆորմացիայի հսկայական հոսքին հակադրել մեր հակա-ինֆորմացիան, որն ի զորու կլիներ մերկացնելու թաքնված մոտիվներն ու այն իրականությունը, որը մեզնից թաքնվում է տեղեկատվական շատախոսությունից այն կողմ։ Ոչ, մենք չենք կարող աշխատել այդ ուղղությամբ։ Երբ մենք փորձում ենք դա անել, մենք ամեն անգամ հայտնաբերում ենք, որ դա անհուսալի գործ է՝ մենք ի զորու չենք համոզելու մարդկանց…Մեր աշխատանքը պետք է ուղղված լինի գաղափարի, կամ մի քանի հիմնական գաղափարների, զորեղ գաղափարների ստեղծմանը»։