Կարինե ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆ Լրագրող Երեւան
Յուրաքանչյուր երկարատեւ հակամարտություն ունի ժամանակափուլեր, որոնք վերհիշում են այն ժամանակ, երբ բանակցությունները հերթական անգամ փակուղում են հայտնվում: Դա յուրօրինակ հիշեցումն է կողմերից մեկի կորցրած հնարավորությունների կամ չիրականացած հույսերի մասին: Այդ կապակցությամբ հիշատակվում են նաեւ տասնամյա վաղեմություն ունեցող Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի Քի-Վեստում կայացած բանակցությունները: Նրանց փոխարինելու են եկել Սերժ Սարգսյանն ու Ալիեւ-կրտսերը, բայց բանակցությունների ավարտը ցայսօր չի երեւում:
2001 թ., ինչպես այժմ էլ, խոսում էին փոխզիջմանը հայ եւ ադրբեջանական հասարակությունների պատրաստ չլինելու եւ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար քաղաքական կամք չդրսեւորելու մասին: Եվ դարձյալ ոչ ոք չէր փորձում լսել գլխավոր շահագրգիռ կողմին` Լեռնային Ղարաբաղի ժողովրդին եւ իշխանություններին: Շատ հավանական է, որ հենց ԼՂՀ բացակայությունը գործընթացում այն խոչընդոտն է, որը թույլ չի տալիս կողմերին համաձայնության գալ: Ընդսմին` այժմ ոչ ոք այլեւս լիարժեք խաղաղ պայմանագրի մասին չի մտածում. հակամարտող կողմերի բոլոր մտածումներն ուղղված են հնարավորինս սակավ կորցնելու` անգամ ոչինչ չշահելով հանդերձ: Տեսնենք, թե իրականում ինչ է տեղի ունենում:
20-ամյա պատմություն ունեցող հարավկովկասյան հակամարտությունները մինչեւ օրս սպասում են իրենց հանգուցալուծմանը: Ավելի ճիշտ կլինի ասել, որ հակամարտող կողմերից պարզապես պահանջվում է մեկ բան` ճանաչել կայացած ստատուս-քվոն` ի հեճուկս տարբեր բանակցությունների եւ հիմնարար սկզբունքների, որոնք, ինչպես պարզվել է, միակողմանի երթեւեկությամբ կարգավորումն են: Մասնավորապես, դա վերաբերվում է ղարաբաղյան հակամարտությանը, որը 1994 թվականից ի վեր գերտերությունների ձեռքում դարձել է մանրեւելու ենթակա խաղաքարտ եւ, դատելով գործընթացների որպիսությունից, այն նույնքան հեռու է ավարտից, որքան եւ տարիներ առաջ: Տվյալ դեպքում, մեր կարծիքով, տեղի է ունեցել հասկացությունների նենգափոխում: Հակամարտության կարգավորումը ենթադրում է համաձայնության ձեռքբերում եւ, ի վերջո, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրում: Սակայն Բաքուն, ի հեճուկս միջնորդների ջանքերի, համաձայն չէ առկա կայացած իրողություններին: Ադրբեջանն արդեն ունեցել է հակամարտությունը կարգավորելու եւ ԼՂՀ անկախությունը ճանաչելու հնարավորություն: Դատելով դիվանագիտական աղբյուրների արտահոսքից` այդ հնարավորությունն իրական էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի քի-վեստյան բանակցություններում: Այսօր բավականին դժվար է ասել, թե որքանով արժանահավատ էր տվյալ ՙարտահոսքը՚, հատկապես, որ այն հնչել է շատ նեղ շրջանակում: Սակայն, ամենայն հավանականությամբ, Քի-Վեստում ինչ-որ բանի շուրջ համաձայնություն, այնուամենայնիվ, կայացել է: Թերեւս ոչինչ էլ չի եղել, բայց, համենայն դեպս, պայմանավորվելու հնարավորությունն, իրոք, առկա էր:
Հեյդար Ալիեւի մահից հետո հակամարտությունը, որ իրականում չկա, բայց կա Բաքվի ռեւանշի եւ նրան չպատկանածը վերադաձնելու ցանկություն, մտել է ՙսառեցման՚ փուլի մեջ: Իսկ այժմ կարգավորման փորձերին որոշել են միանալ տարածաշրջանային երկրները, առաջին հերթին` Թուրքիան եւ Իրանը: Թուրքիայի հավակնությունները բավականին հասկանալի են. նրան անհրաժեշտ է ինչ-որ կերպ արդարացնել իր պարբերական հավաստիացումներն ՙադրբեջանցի եղբայրների՚ հանդեպ տածած ՙեղբայրական սիրո՚ վերաբերյալ, իսկ Իրանն այս հարցում, ինչպես եւ սպասելի էր, շատ զգուշավոր է. Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանպարաստի խոսքերով, եթե Ադրբեջանը եւ Հայաստանը ցանկություն հայտնեն, ապա Իրանը պատրաստ է առաջարկել նրանց ղարաբաղյան հակամարտության լուծումը:
Ղարաբաղյան կողմի չմասնակցությունը բանակցային գործընթացում հայկական կողմի ամենալուրջ սխալն էր, քանի որ բանակցային գործընթացից Ղարաբաղի արտամղումն Ադրբեջանին հաղթաթուղթ է տվել, որն էլ նա հաջողությամբ խաղարկում է: Դա եւ’ հայաստանյան զորամիավորումների, եւ’ ՙհայկական բանակի՚ կողմից ՙգրավված՚ յոթ շրջանների վերադարձի պահաջն է եւ շատ ավելի…
Թեեւ հարկ է նշել, որ հակամարտող կողմի փոխարինումը հակամարտության կարգավորմամբ շահագրգռված այլ երկրով Հարավային Կովկասում սովորական երեւույթ է: Այդպես է նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պարագայում: Չճանաչված պետությունների ղեկավարներին պարզապես թույլ չեն տալիս մոտենալ բանակցություններին, թեեւ այդ բանակցությունները հենց նրանք պետք է վարեն: Նրանք էլ պետք է պայմանավորվեն նոր սահմանների, ինքնիշխանության ճանաչման եւ սեփական տարածքի պաշտպանության վերաբերյալ: Բնական է, որ հովանավոր երկիրը, տվյալ դեպքում` Հայաստանը, իսկ վրացական հակամարտություններում` Ռուսաստանը ստանձնել են անջատված խորհրդային ինքնավարությունների բնակչության անվտանգության երաշխիքների ապահովումը: Բայց` միայն երաշխիքների, որոնք, ամենայն հավանականությամբ, չեն ենթադրի ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում հովանավոր երկրի զինված ուղիղ միջամտությունը: Եթե Արցախի Հանրապետության ընտրված իշխանության ներկայացուցիչները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ղեկավարությամբ նստեն բանակցային սեղանին, ապա բանակցությունները կավարտվեն շատ ավելի արագ: Ադրբեջանն, իր հերթին, հրաշալիորեն հասկանում է, որ այդ դեպքում ԼՂՀ-ն հանդես է գալու որպես անկախ սուբյեկտ, եւ Իլհամ Ալիեւի բոլոր խոստումները ՙլայն ինքնավարության՚ մասին հաշվի չեն առնվելու: Սկզբունքորեն այսօր էլ դրանք լուրջ չեն ընկալվում, բայց շարունակում են հնչել: Դա, ամենայն հավանականությամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ թույլ տված գլխավոր բացթողումներից է:
Թերեւս, ղարաբաղյան հակամարտության, ինչպես եւ հարավկովկասյան այլ հակամարտությունների դեպքում, կարգավորման կորսված հիմնական հնարավորությունների շարքից է այսպես կոչված ՙժողովրդական դիվանագիտության՚ բացակայությունը եւ կողմերի հստակ դժկամությունը` միմյանց լսելու եւ անսալու: Դեռեւս ղարաբաղյան հակամարտության սկզբում միջազգային կազմակերպությունների, զոր օրինակ International Alert, Ֆրիդրիխ Նաումանի եւ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամների հովանու ներքո փորձեր էին կատարվել ի մի ժողովելու հայ եւ ադրբեջանցի մտավորականությանը եւ քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներին` ինչ-որ կերպ պայմանավորվելու համար: Հանդիպումներին ժամանակ առ ժամանակ մասնակցում էին նաեւ ղարաբաղյան պատվիրակները: Սակայն բոլոր խոսակցությունները հանգում էին միեւնույն խոսքերին. ադրբեջանական կողմից հնչում էր ՙՄենք նավթ ունենք եւ ամեն ինչ կարող ենք՚ միտքը, իսկ հայկական կողմը հակադարձում էր. ՙՁեզ ոչինչ չի հաջողվի՚: Նման հանդիպումներից մեկի ժամանակ, որին ներկա են գտնվել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, Բաքվի կողմից որեւէ նոր բան դարձյալ չի ասվել: Նրանք կրկներգաբար պահանջում էին, որ Հայաստանը վերադարձնի յոթ շրջանները: Այստեղ էլ միջազգային հանրությունն Ադրբեջանին է ընդառաջում` նենգափոխելով հակամարտության կողմերը եւ հրաժարվելով Արցախի Հանրապետությանն ընծայել ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը: Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը վախով է ներծծված եւ հայկական կողմի հետ հանդիպումների ժամանակ ասում է միայն այն, ինչ թույլատրված է: Բնականաբար, նման իրավիճակում ոչ մի երկխոսության մասին խոսք անգամ լինել չի կարող:
Եվ, բնականաբար, սխալ կլիներ չհիշատակել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որը բոլոր 20 տարիների ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ համարյա ոչնչով չի զբաղվել: Միջազգային հանրությունը ոչ մի անգամ չի դատապարտել ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում պարբերաբար արձանագրվող սադրանքներն ու միջադեպերը: Իհարկե, ասվում էր, որ այդ կարգի միջադեպերը խանգարում են խաղաղ գործընթացին, բայց ոչ ոք չի սպառնացել Ալիեւին ավելի խիստ պատժամիջոցներով: Իսկ վերջինիս ռազմատենչ հռետորաբանության մասին խոսելն անգամ ավելորդ է: Չէ՞ որ եթե շաբաթական պարբերականությամբ հնչող Ղարաբաղին ՙլայն ինքնավարություն՚ շնորհելու եւ ՙհակամարտությունը զինված ճանապարհով լուծելու՚ հայտարարությունների համար Ալիեւը պատասխանատվության կանչվեր, ապա շատ հավանական է, որ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ պայմանագիրն արդեն իսկ ստորագրված լիներ:
Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորումը նախկին մետրոպոլիա-հանրապետության կամեցած մոդելի համաձայն հազիվ թե հնարավոր է: Ե’վ Իլհամ Ալիեւը, եւ’ Միխեիլ Սաակաշվիլին վաղ թե ուշ ստիպված կլինեն հաշտվել իրականության հետ. տարածաշրջանի քարտեզում առաջացել են նոր պետություններ, եւ միջազգային հանրության կողմից նրանք ճանաչել-չճանաչելու հանգամանքից ոչինչ կախված չէ: