Ալեքսանդր ՔԱՆԱՆՅԱՆ
Անկախ փորձագետ
Քարվաճառ
Շուշիի սոսկ ռազմավարական կարեւորությամբ օժտված աշխարհագրական դիրքը չէ, որ պայմանավորել եւ ցայսօր իսկ պահպանում է Շուշի անվան խորհրդակիր լինելու գաղտնիքը: Շուշիի խորհուրդն անչափ ավելի խորն է, բազմաբնույթ եւ բովանդակապես տարողունակ: Շուշին Հայոց քաղաքակրթական կենսունակության, քաղաքաշինական ավանդույթների, մշակութային գանձարանի, ազգագրական բազմերանգ դրեւորումների եւ, պարզապես, ավանդական Հայոց քաղաքային կենցաղի եւ բեղմնավոր առօրեականության զարմանահրաշ բյուրեղացումն էր:
19-րդ դարի Շուշին, թերեւս, առավել քան այն ժամանակաշրջանի Հայաստանի ցանկացած այլ բնակավայր, ստեղծագործ վերելքի եւ ներդաշնակ զարգացման, ինչպես նաեւ միջքաղաքակրթական շփումների յուրօրինակ խառնարանն էր:
Ցավոք, 19-րդ դարի Շուշին, որը դարաշրջանի հայկական կյանքի համապարփակ արտացոլումն էր, իր մեջ կրում էր նաեւ ոչնչացման սերմեր, որոնք ուժգնորեն ի հայտ եկան եւ կործանեցին Շուշի քաղաքակրթական երեւույթի ամբողջականությունը 20-րդ դարասկզբի տարաբախտ հայտնի զարգացումների պատճառով: Սակայն 19-րդ դարի առասպելական դարձած Շուշի քաղաքի պատմությունը, վերջինիս արժեքը եւ քաղաքակրթակերտ խորհուրդն այժմ էլ պահպանում են իրենց ողջ գրավչությունը: Այսօր մենք ունենք քաղաքներ, քաղաքատիպ ավաններ, հզոր գյուղական համայնքներ, սակայն կորուսյալ եւ մոռացված է բազմամարդ բնակավայրերը բառիս խորին իմաստով քաղաքի վերածող ներքին ստեղծարար կենսակերպը` վերջինիս հոգեւոր, ազգային, տնտեսական եւ մշակութային ավանդույթներով: Շուշին կարող է բացահայտել այժմյան դիմազուրկ քաղաքային համայնքները Քաղաքի վերափոխվելու եւ մեր ամենօրյա մասնավոր կյանքն ու գործունեությունը քաղաքակրթորեն վերարժեւորելու գաղտնիքը: Շուշիի խորհուրդն արտաժամանակյա է եւ` հարամնա կերպով ներգործող:
Խոսելով Շուշիի պատմության խորհրդակիր լինելու մասին` բոլորովին չենք կամեցել այն դիտարկել որպես անցյալի գիրկն ընդմիշտ անցած երեւույթ: Շուշին 20-րդ դարի ավերիչ եւ կործանարար փոթորիկներից հետո այժմ կրկին վերածնվում է դեռեւս դանդաղ, բայց եւ միանգամայն հաստատուն քայլերով: Կարեւորագույնը` քաղաքի ազատագրումն այլեւս անշրջելի պատմական իրողություն է: Անգամ այսօր իր կիսավեր ու խոնարհված վիճակում Շուշին մնում է մեր ազատագրված Հայրենիքի բնական եւ հայակերտ հրաշքը, որը ոչ միայն վերստին կյանքի կկոչի իր հնամենի փառքն ու ներդաշնակ քաղաքակրթակերտ ներուժը, այլեւ անկասկած կհասնի նոր հայրենաշեն բարձունքների:
Շուշիի հիմնադրման ժամանակը
Շուշիի տարածքում հայտնաբերված միջնադարյան խաչքարերը եւ գերեզմանատեղիները հաստատում են Շուշիի նախախանական պատմության վավերականությունը: Ամենամյա ուսումնասիրությունները, ինչպես նաեւ քաղաքի վերականգնման եւ բարենորոգման աշխատանքների ժամանակ հողի տակից եւ թուրքաշեն տների պատերի միջից ի հայտ եկող խաչքարերի եւ արձանագիր տապանաքարերի բեկորներն աներկբայորեն վկայում են Շուշիի պատմությունը 18-րդ դարի կեսերով սկսված տեսնելու վարկածի չհիմնավորվածության մասին:
Այսուհանդերձ, նախախանական շրջանի Շուշին, լինելով արցախյան մելիքությունների միասնական ռազմական անվտանգության համակարգի բաղադրիչ-հենակետերից մեկը, 18-րդ դարասկզբում դեռեւս բազմամարդ ամրոց-բնակավայրը չէր: Շուշիի սարահարթի միակ խոցելի հյուսիսային հատվածն ամբողջապես բերդապարիսպներով երիզելու համար պահանջվում էին շինարարական լայնածավալ աշխատանքներ, տեղական չափանիշներով դրամական վիթխարի կարողություն եւ ռազմաքաղաքական համեմատական կայունություն: Գտնվելով Արցախ լեռնաշխարհի խորքերը շարունակաբար ներթափանցել ձգտող թուրքական ցեղախմբերին կանգնեցնելու եւ Պարսկաստանում Սեֆեւյան հարստության անկումից առաջացած տարածաշրջանային անկայունության եւ Օսմանյան կայսրության ծավալապաշտական նկրտումները զսպելու բարդագույն մարտահրավերի առջեւ` Արցախի հայ իշխանները բավարարվել էին Շուշիի բարձրավանդակի առավել անմատչելի ժայռամերձ հատվածներում ամրոց-ապարանքների կառուցմամբ: Բարձրավանդակն ամբողջապես պատսպարելու համարձակ ծրագիրն իրականացել է միայն 18-րդ դարի կեսերին Փանահ խանի օրոք՝ օտարամուտ իշխանության համար ստեղծված քաղաքական բարենպաստ պայմանների ի հայտ գալու շրջանում եւ, անտարակույս՝ Փանահին Շուշիում տեղավորած Մելիք Շահնազարի խորհրդով: Այսպիսով, Շուշին որպես բնակավայր եւ առանձին ամրոց-ապարանքների կայանատեղի, միջնադարյան եւ զուտ հայկական իրողություն է, իսկ Շուշին՝ որպես տարածապես ողջ բարձրավանդակն ընդգրկող բազմահազար բերդաքաղաք՝ Արցախի պատմության խանական շրջանի արգասիքն է:
Խանական շրջանի պատմությունից
Մելիք Շահնազարի եւ Փանահ խանի միջեւ հանցավոր դաշինքի կազմավորմանը եւ Շուշիում Փանահ խանի բնավորմանը հետեւել է բարձրավանդակն ամբողջությամբ ներառող պաշտպանական կուռ համակարգի ստեղծման եւ խանական նստավայրի պալատատիպ ապարանքների կառուցման մեծածավալ աշխատանքների մեկնարկը: Այդ ընթացքում քաղաքում վերաբնակեցվում է խանական իշխանությանը «առավել հպատակ» դիտված հարեւան Սյունիքի` Գողթան եւ Արեւիք գավառների հայոց գաղթականությունը: Արհեստագործության, առեւտրի եւ քաղաքաշինական ավանդույթներով հայտնի կենտրոններից փոխադրված հայ բնակչության շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել շինարարական գործունեության ծավալների բուռն ու կայուն աճը:
Փանահ խանը Շուշիում հաստատվելու առաջին իսկ օրերից նախաձեռնել է բարձրավանդակի դիրքային տեսանկյունից միակ խոցելի հյուսիսային եզրագծի երկայնքով աշտարակներով ամրացված ընդարձակ բերդապարիսպի շինարարությունը: Շուշիի բերդն ի սկզբանե ունեցել է երեք մուտք, հյուսիսային` Գանձակյան (Ելիզավետոպոլյան), արեւմտյան` Երեւանյան եւ արեւելյան` Ամարասյան կամ թուրքերի կողմից «Աղ-օղլանի անվանված» դարպասներ: Քաղաքի հյուսիսային մասում` բարձունքի վրա, Գանձակյան դարպասների հարեւանությամբ, կառուցված էր խանի «դատաստանաց դահլիճն» ու նստավայրը` բոլորված աշտարակներ ունեցող պատով:
Քաղաքական եւ կրոնահամայնքային առանձնահատկությունների բերմամբ քաղաքը ձեւավորվել է ընդլայնվող ու յուրովի զարգացող երկու` հայկական եւ թուրքական հատվածներից: Հայաբնակ եւ թուրքաբնակ հատվածների միջեւ 18-րդ դարի երկրորդ կեսին դեռեւս առկա էր միջհամայնքային տարանջատվածությունն ընդգծող համեմատաբար ընդարձակ բաց տարածություն: Սակայն թուրքական բնակչության թվաքանակի աճը եւ ազատ հողատարածություններին տիրելու ձգտումը հանգեցրել է այդ հատվածում շինարարական աշխատանքների հետագա ծավալմանը: Տեղանքում կառուցված մզկիթի շուրջ արագորեն ձեւավորվել է «Մեյդան» հրապարակն ու «թաթարական բազար» կոչված շուկան:
19-րդ դարի Շուշիի քաղաքաշինության ուրվագիծ
Ռուսական տիրապետության հաստատումն էապես ընդլայնել է Շուշիի քաղաքաշինական զարգացման հնարավորությունները: Խանական կառավարման համեմատ էապես առաջադեմ ռուսական իշխանությունը լծվել է տարածաշրջանում սեփական ռազմաքաղաքական գերակայության ամրապնդման համար բացառիկ կարեւորություն ունեցող բերդաքաղաքի համակողմանի յուրացմանը: Խանական ժամանակներին բնորոշ քաղաքաշինական կամայականությունները հետզհետե փոխարինվել են քաղաքային հատակագծի շրջանակներում իրականացվող հողահատկացման օրինական կարգի ներդրմամբ:
1836 թ. Շուշիի կառուցապատման ընթացքի վերաբերյալ կարդում ենք. «Ամրոցը, հենց բնությամբ պաշտպանված լինելով երեք կողմից, լիովին անմատչելի է, չորրորդ կողմից ունի արհեստական ամրություններ… Քաղաքային շինությունները տեղավորված են առանց նվազագույն կարգի, փողոցները խիստ խորդուբորդ են եւ շատ տեղերում ընդհատվում են խորը ձորակներով: Գրեթե բոլոր տները քարից են՝ հիմնականում տախտածածկով, բայց կան նաեւ ոչ մեծ գետնափոր տներ… տների տանիքներն ասիական սովորության համաձայն հարթ չեն, այլ ծպեղային: Ամրոցում հաշվվում է 1698 տուն… Շուշիի ամրոցի ջրամատակարարումն իրականացվում է ջրատարի միջոցով, որը կառուցվել է տեղի հայերից մեկի խնամառության շնորհիվ»:[1]
Ռուսական հպատակությունը ճանաչած Ղարաբաղի վերջին Մեհտի-Ղուլու խանի օրոք ցարական կառավարության թողտվությամբ Արցախի նորաթուխ մահմեդական բեկերը եւ հայ մելիքական տների անդամների զգալի մասը փոխադրվում եւ մշտական բնակություն են հաստատում Շուշիի «քաղաքակիրթ» դիտվող քաղաքային միջավայրում՝ վայելելով կալվածքներից ստացվող եկամուտները:
Նշանակալից ֆինանսական հոսքերի, հարուստ կալվածատերի եւ տնտեսվարող անձանց, ինչպես նաեւ բազմահմուտ արհեստավորների կենտրոնացումը Շուշիում շարունակական խթան էր քաղաքի բուռն եւ համակողմանի զարգացման համար: Միաժամանակ, քաղաքի հայկական եւ թուրքական հատվածները քաղաքաշինական առումով զարգանում էին միմյանցից գրեթե ամբողջովին անկախ եւ դրանց միջեւ անգամ առօրյա հասարակական ու սոցիալական շփումները կայուն եւ ներդաշնակ չէին: Հայաբնակ ու թուրքաբնակ հատվածների ճանապարհափողոցային ցանցի եւ հասարակական-առեւտրային կենտրոնների միջեւ ուղղակի կապերը գործնականում բացակայում էին:
18-19-րդ դարերի Շուշիի հայկական տների պատերը գերազանցապես քարաշեն էին: Քարերի շարվածքը, կրաշաղախ ավազի հետ համադրվելով, ստեղծում էր բծերի ուրույն խաղը: Հարկերը միմյանցից բաժանվում էին մաքրատաշ կրաքարով շարված քարե գոտիներով: Ծագումով շուշեցի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը գրում է. «Հայաստանում քաղաքներից յուրաքանչյուրը ստեղծվել է մի որոշակի դպրոցի ջանքերով, որի շնորհիվ այն դարձել է կուռ եւ ամբողջական օրգանիզմ ու ստեղծել է իր ուրույն դեմքը: Այս տեսանկյունից հետաքրքիր է Շուշի քաղաքը, ուր տները հաճախ գրեթե ճշտորեն կրկնում են ճակատների լուծման միեւնույն թեման: Բայց դա բոլորովին չի խանգարել, որ քաղաքը դառնա խիստ կոլորիտային, երփներանգ կրկնություններով հանդերձ, ավելին` այդ կրկնությունները գունախաղ են ստեղծում տների տարբեր բարձրության, ռելիեֆի, հարստության, որմնախորշերի ու պատշգամբների բազմազանությամբ, փողոցների անսպասելի դարձերի շնորհիվ: Գնում ես, եւ հանկարծ դիմացդ բացվում է մի նոր հեռապատկեր, երկրորդը, երրորդը, որոնք, իրենց հերթին, փոփոխվող լուսավորությամբ զարմանալիորեն ճոխացնում են քաղաքի փողոցների ճարտարապետության ծավալների տարածական ներդաշնակությունը»:[2] Տեղանքի ճիշտ օգտագործման միջոցով շուշեցիները լուծել են նաեւ քարապատ փողոցների միջոցով հորդառատ անձրեւաջրերի հեռացման խնդիրը: Շինարարները, գրագիտաբար օգտագործելով Շուշիի բարձրավանդակի կտրտված մակերեսը, կարողացել են ստեղծել անձրեւաջրերի կուտակումը բացառող ջրահեռացման բազմաճյուղ համակարգ:
19-րդ դարի կեսերին Շուշիում ամբողջապես ձեւավորվել եւ գերիշխող է դարձել երկու-երեք հարկանի տների ճարտարապետական նորակերտ ոճը, որն, ի հեճուկս եվրոպական ազդեցության տակ ներթափանցած հորինվածքային որոշ տարրերի, ըստ էության, չի կորցրել հայկական բնակարանին բնորոշ հիմնարար գծերի շարունակականությունը: «Ընդարձակ պատշգամբներով եւ սենյակներով, մեծ պատուհաններով եւ անմիջապես պատշգամբ ելքով, թեք կղմինդրե տանիքով, նրբաքանդակ բազիրքներ ունեցող բարձր աստիճաններով, կամարակապ լայն դարպասներով այդ տները դարձան ողջ Արցախում ճարտարապետական նոր ոճի խորհրդանիշներ»:[3] Շուշիի իրենց չափերով եւ շքեղությամբ աչքի ընկնող տները, որպես կանոն, ունեին գեղեցիկ նախշերով երկաթե ճաղեր՝ ունեցվածքը գիշերային թալանիչներից փրկելու համար: Յուրօրինակ արվեստի գործ էին նաեւ հարուստ տների դռների ու դարպասների երկաթե կողպեքները:
Քաղաքում հետզհետե ստեղծվում էին քաղաքակիրթ հասարակական ժամանցի վայրեր: Այսպես, Գանձակյան դարպասների եւ նախկին խանական նստավայրի միջեւ ընկած տարածքը 1859 թ. շուշեցի հայերի կատարած բարեկարգման աշխատանքների շնորհիվ վերափոխվել է «100 սաժեն երկարությամբ եւ 20 սաժեն լայնությամբ զբոսայգու»:[4] Սոցիալական սպասարկման ենթակառուցվածքների զարգացման մասին է վկայում Շուշիում գործած հայոց ավանդական ճարտարապետական հորինվածքով իջեւանատների ցանցը: Իջեւանատների կահավորումն ու սպասարկման որակը համապատասխանում էին ժամանակաշրջանի հարմարավետության ընդունված չափանիշներին:1851 թ. Շուշիում գործում էր 3 իջեւանատուն եւ գինետան գործառույթով 20 ըմպելիքավաճառ կրպակ:[5]
19-րդ դարավերջի ծաղկուն Շուշին իր բարեկարգ գեղեցկությամբ մշտապես գրավել է տեղագիր հեղինակների ուշադրությունը: Քաղաքի հայկական հատվածը ենթակառուցվածքների, առեւտրաարդյունաբերական եւ կրթամշակութային զարգացման տեսանկյունից, ինչպես նաեւ զբաղեցրած մակերեսի ընդարձակության շնորհիվ՝ Շուշիի զարգացման գլխավոր խառնարանն էր եւ առանցքային շարժիչ ուժը: Շուշին` բնակչության թվով եւ նշանակությամբ տարածաշրջանի չորրորդ քաղաքն էր, որն ընդամենը որոշ չափորոշիչներով էր զիջում Երեւանին, Բաքվին կամ Գանձակին:
19-րդ դարավերջին Շուշին թեւակոխել է տնտեսական լճացման շրջան: Վաճառականների զգալի մասը տեղափոխվում էր հաղորդակցային ուղիների եւ նավթահորերի մատչելիության տեսանկյունից խոշոր ներդրումային ձեռներեցության համար առավել շահեկան դիտված Թիֆլիսն ու Բաքուն: Նրանց հետեւից քաղաքից հարկադրաբար հեռանում էին նաեւ մտավոր եւ ֆիզիկական աշխատանքի ունակ շատ բնակիչներ: Տնտեսվարող խոշոր դերակատարների հեռանալը զգալիորեն ազդել է նաեւ քաղաքաշինական աշխուժության վրա: Մասնավորապես` նվազել է բնակելի նոր շենքերի եւ կառուցապատման այլ աշխատանքների ծավալը: Միաժամանակ, քաղաքաբնակ թուրքերը հետեւողականորեն ներթափանցում էին քաղաքի հայկական հատվածը՝ հափշտակելով կամ հեշտությամբ տիրանալով գաղթած հայերի տներին:
1905-1907 թթ. արյունալի բախումներից հետո նոր թափով վերսկսվել է Շուշիից հայ մեծահարուստների եւ տնտեսվարողների արտահոսքը: Վավերագրի արտահայտիչ վկայությամբ՝ 1905 թ. Շուշին «…ենթարկուեց զգալի աւերածութիւնների՝ այնպէս, որ ներկայում քաղաքի լաւագոյն մասն աւերակ է, բնակչութիւնը նուազել է առնուազն կիսով չափ… Հայկական՝ աշխոյժ առեւտրային կենտրոնում այրուել եւ հիմնովին աւերուել է 300 քարէ տուն, թաթարական մասում՝ մինչեւ 80 տուն: Տների հետ միասին ոչնչացել է դրանց տէրերի, բնակիչների, առեւտրականների ողջ ունեցուածքը: Դրանից յետոյ, մօտ ապագայում քաղաքի դրութեան բարելաւման յոյս չունենալով, արհեստաւորների եւ առեւտրականների զանգուածը վաստակելու նպատակով մեկնեց այլ քաղաքներ եւ նոր գործ սկսելով՝ վերջնականապէս հաստատուեց այնտեղ»:[6] Սակայն, ի հեճուկս կրած զգալի ավերածությունների եւ հայության արտահոսքի, Շուշին իր «խորդուբորդ» վաղնջաշունչ փողոցներով դեռեւս պահպանում էր իր վաղեմի հմայքը:
Շուշիի պաշտամունքային կառույցները
Շուշիի պաշտամունքային կառույցների՝ եկեղեցիների, մատուռների ու մզկիթների կառուցման պատմությունը չափազանց ծավալուն է՝ անգամ փոքր ակնարկի տեսքով սույն հոդվածի մեջ այն ներառելու համար:
Շուշիի հայկական պաշտամունքային շինությունները բաշխված էին ըստ թաղերի՝ Ագուլեցոց Սբ. Աստվածածին (1785 թ.), Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ (1858-1888 թթ.), Վերին թաղի Սբ. Հովհաննես Մկրտիչ (1847 թ.), Ղարաբաղցոց Ներքին թաղի Սբ. Աստվածածին (18-րդ դար), Մեղրեցոց թաղի ծխական (1839 թ.) եւ Կուսանաց անապատ (1810 թ.), Ջրաբերդեցոց թաղի (1888 թ.)՝ միասին թվով 7 եկեղեցիներն ու քաղաքին հարակից տեղամասերի մի շարք մատուռ-աղոթարանները:
Ռուսական պաշտոնեության եւ կայազորի համար կառուցվել եւ գործել է թվով մեկ բյուզանդածես «ուղղափառ» եկեղեցի:
Մահմեդական թաղում տարբեր վավերագրեր հիշատակում են թվով մինչեւ 9 մզկիթ: Սակայն դրանց մեծ մասը ժամանակավոր փայտաշեն կամ, անգամ, եղեգնաշեն կառույցներ էին: Հիմնավորապես կառուցված քարաշեն մզկիթները երեքն էին, որոնցից որոշակիորեն ուշագրավ են «Գյովհար աղայի» կոչված Վերին (1768 թ.) եւ Ներքին (1866 թ.) մզկիթները:
Շուշիի առօրյա կյանքի խճանկար
Աճառյանի վկայությամբ. «Շուշվա հայերը ուրախ, զվարթ, աշխատասեր, հյուրասեր, ուսումնասեր եւ զվարճախոս անձեր են»:[7] Շուշիի թուրքերն իրենց ավանդական կենցաղի, կրոնական մոլեռանդության եւ համայնքային կյանքի ներփակ դրվածքի պահպանմամբ հանդերձ քաղաքական կայունության տասնամյակներին նույնպես, առնվազն ի դեմս առաջատար հատվածի, ձգտել են հաղորդակից դառնալ քաղաքաբնակ մշակույթի որոշ տարրերին: Շուշիում հաստատված ռուսական պաշտոնեությունը եւ ուժայինները ձգտել են պահպանել նկատելի տարածություն քաղաքի հայ եւ թուրք-մահմեդական համայնքների նկատմամբ` դրսեւորելով գաղութարարին բնորոշ վարքագծային հատկանիշներ: Միջհամայնքային այդպիսի ներամփոփ տարանջատվածությունը, այնուամենայնիվ, չէր խանգարում քաղաքի համընդհանուր կենսաձեւի առաջացմանը` փոխադարձ շփումների հաստատված ձեւաչափով եւ ուրույն բովանդակությամբ: Սակայն, ամեն պարագայում, փոխհարաբերությունների կայացած համակարգն ակներեւաբար կրում էր ժամանակավոր բնույթ եւ անմիջապես դադարում էր իրականացնել կարգավորող գործառույթ քաղաքական անկայունության առաջին իսկ նշույլերի առաջացման դեպքում, երբ կրկին ուժի մեջ էր մտնում հարաբերություններն ու սեփական գերիշխանությունը հաստատելու թուրքական ավանդական եղանակը` անխնա կեղեքումն ու եղեռնագործությունը:
Շուշիի քաղաքային կյանքի կերտման վայրերը բազմազան էին` եկեղեցին կամ մզկիթը, կրթօջախները, հանրային զբոսայգին, խանութ-կրպակները, միասնական ուխտագնացությունները քաղաքին կից սրբավայրեր, թատրոնը, հանրօգուտ աշխատանքներին զանգվածային մասնակցությունը եւ այլն: Շուշիում, ի հեճուկս արեւելյան կենսաձեւի ակնհայտ գերակայության, հնարավոր է դարձել կենսագործել եվրոպական քաղաքների հանրային կյանքին բնորոշ բազմաթիվ տարրեր: Արեւելյան անկանոնությունը, որն արտացոլվում էր «ծուռումուռ» փողոցների, արխայիկ ավանդույթների եւ տարատեսակ այլ առանձնահատկությունների մեջ, ներդաշնակորեն զուգակցվում էր կրթության եւ մշակույթի ժամանակակից դրսեւորումների եւ քաղաքաշինական նվաճումների հետ: Շուշիի քաղաքային կյանքը հարուստ եւ բազմաշերտ երեւույթ էր:
Քաղաքի կենտրոնը միշտ բազմամարդ էր: Երիտասարդներն ու վաճառականները խաչմերուկներում եւ մայթերի հով կամ արեւոտ (ելնելով տարվա եղանակից) հատվածներում հավաքվելով՝ անընդմեջ զրուցում էին կյանքի եւ ընթացիկ գործերի մասին՝ նստելով խանութների աստիճանների վրա: Երբեմն անցորդը ստիպված էր մայթից վայր իջնել` վերջինիս խռնվածության պատճառով: Շուշի եկած գյուղացիները սովորություն ունեին ձիերին եւ էշերին մայթի վրա խոտ տալ: Երբեմն սայլերի, ձիերի եւ էշերի խռնվածությունը հանգեցնում էր կենտրոնական փողոցների իսկական խցանման: Քաղաքում առկա էր փողոցային լուսավորությունը: Գլխավոր փողոցների երկայնքով տեղադրված էր 172 լապտեր: Այնուամենայնիվ, լապտերների միմյանցից հեռու գտնվելու անպատեհությունը դվարացնում էր օրվա մութ ժամերին մարդկանց շարժը եւ ձեռքի լապտերը շարունակում էր մնալ անհրաժեշտ: Հարուստ անձանց ծառաները լապտերը բռնած գնում էին իրենց տերերի առաջ եւ «հորանջելով սպասում» նրանց որեւէ քաղաքային ակումբի բակում, քանի որ քաղաքի ունեւոր բնակիչների մոտ տարածված էր հանգիստը թղթախաղի սեղանի շուրջ անցկացնելու ոչ գովելի ավանդույթը:[8]
Կիրակի եւ եկեղեցական տոների օրերին Թոփխանա անունը կրող կենտրոնական հրապարակից բացի եռուզեռ էր տիրում նաեւ քաղաքի եկեղեցիների մոտ: Ինքնին պարզ է, որ հոգեւոր եւ պաշտամունքային բովանդակությունից բացի այդ օրերն ունեին նաեւ հասարակական շփումներն աշխուժացնելու գործառույթ: Վերջինս, բնականաբար, հոգեւորի նկատմամբ գերակա էր: Եկեղեցականների գանգատներից եւ ականատեսների թողած նկարագրություններից իմանում ենք, որ եկեղեցիների մեջ, անգամ պատարագի կամ ժամասացության ժամանակ, շուշեցի կանայք հաջողեցնում էին ոչ միայն աղոթել իրենց իղձերի ու մերձավորների համար, այլեւ միանգամայն գործնական կերպով կարգավորել իրենց որդիների ամուսնական ճակատագիրը, ձեռք բերել տարբեր պայմանավորվածություններ եւ այլն: Այդ նույն պատարագի կամ հանդիսավոր ժամերգության ժամանակ տղամարդկանց եւ հատկապես երիտասարդների մեծ մասն արարողակարգին «հետեւում էր» դրսից՝ դեգերող հայացքով բծախնդրորեն ուսումնասիրելով ծնողների հետ եկեղեցի եկած օրիորդների արտաքինը, հագուստն ու շարժը, ինչպես նաեւ քննարկում նրանց առաքինությունների եւ պակասությունների մասին շրջանառվող լուրերը: Շուշեցի կանայք սովորություն ունեին նաեւ քաղաքի ոչ կենտրոնական փողոցների մայթերում կարպետ գցել եւ դրա վրա նստած գուլպա գործել եւ անվերջ զրույց-բամբասանքներ վարել հարեւանների եւ քաղաքային անցուդարձի առավել ուշագրավ կամ աղմկալից իրադարձությունների մասին:[9]
Շուշեցի հարուստ եւ մտավորական ընտանիքների կանայք որպես հավաքատեղի օգտագործում էին քաղաքային ակումբը:[10] Այն գտնվում էր Թոփխանա հրապարակի կողքին` ճարտարապետական գեղեցիկ հորինվածքով եռահարկ շինության մեջ: Ակումբն ուներ գրադարան եւ ընթերցասրահ, սակայն, ականատեսների վկայությամբ, այն ավելի շատ ծառայում էր որպես թղթախաղի սեղանի շուրջ ժամանակ անցկացնելու եւ միմյանց հետ անկաշկանդ մթնոլորտում հաղորդակցվելու վայր: Ակումբում թղթախաղի, ճաշկերույթի կամ մասնավոր զրույց վարելու համար կարելի էր վարձակալել առանձին սենյակներ: Ակումբային կյանքն աշխուժանում էր մասնավորապես ձմեռային ցուրտ ամիսներին, երբ զբոսայգիներից օգտվելը Շուշիի բավականին ցրտաշունչ եւ խոնավ կլիմայի պայմաններում անհնարին էր դառնում եւ հանրային շփումները տեղափոխվում էին ցրտից պատսպարված, ջեռուցվող եւ հարմարավետ շինություններից ներս: Ձմեռային ամիսներին ակումբում շաբաթական պարբերականությամբ կազմակերպվում էին պարահանդեսներ:
Շուշիի գլխավոր քաղաքային պարտեզ-զբոսավայրը գտնվում էր քաղաքի արեւմտահարավային կողմում՝ ընդարձակ բլրակի ցածրաթեք լանջին: Ճեմելու համար նախատեսված արահետները զբոսնելու ելած մարդկանց միմյանց հաջորդող սանդղատափերի միջով վերեւ էին տանում՝ որտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում քաղաքի եւ Շուշին շրջակա անտառածածկ լեռնալանջերից բաժանող ամեհի խորությունների եւ անձեռակերտ ժայռազանգվածների վրա: Քաղաքային զբոսայգին բոլոր շուշեցիների կողմից սիրված եւ պարբերաբար այցելվող վայրն էր: Այն հատկապես մարդաշատ էր ամռանը, երբ շաբաթը երկու անգամ այնտեղ տրվում էր զինվորական նվագախմբի համերգ՝ գերազանցապես տեղական եղանակների կատարմամբ:[11] Շուշիի մեկ այլ հայտնի զբոսավայրը հայոց «հին հանգստարանից» ներքեւ ընկած «Նահատակին ուխտատեղ» կոչվող տեղանքն էր: Ավանդության համաձայն այնտեղ թաղված էր Իբրահիմ խանի կողմից նահատակված Անտոն անունով մի թիֆլիսահայ: «Նահատակին ուխտատեղը» համարվում էր հասարակ շուշեցիների հանգստավայրը: Այնտեղ, մասնավորապես, սիրում էին հավաքվել արհեստավորների կանայք. այն նրանց «դասակարգային» յուրօրինակ հավաքատեղին էր:
Շուշիում հանրային խոշոր պարտեզների սակավությունը փոխհատուցվում էր տնամերձ հողակտորների կանաչությամբ եւ խնամվածությամբ: Կարելի է ասել, որ դրանցից շատերն իսկական մասնավոր պարտեզի կերպարանք էին ստանում` մրգատու ծառերի եւ ծաղկանոցների առատության շնորհիվ:[12]
Ի տարբերություն առավել ավանդապահ գյուղերի` Շուշիում եվրոպական Ամանորը տոնելու սովորույթը 19-րդ դարավերջում արդեն բավականին տարածված է եղել: Ընդունված էր կատարել փոխադարձ այցելություններ՝ մասնավորապես Արցախի թեմի առաջնորդին եւ պաշտոնատար այլ անձանց շնորհավորելու համար: Տոնվում էին նաեւ ավանդական Սբ. Սարգիս, Բարեկենդան, Տեառնընդառաջ (Տրնդեզ), Ծաղկազարդ, Սբ. Զատիկ եւ Վարդավառ ազգային-եկեղեցական տոները: Միաժամանակ, հետաքրքրական էր դեռեւս 19-րդ դարավերջում Նավասարդ տոնելու շուշեցիների պահպանած կենդանի ավանդույթը:
Շուշին շաբաթական ստանում էր երեք փոստատար առաքում: Ժամանակակիցների վկայությամբ՝ փոստատարը մարդկանց, երեխաների եւ ծառաների բազմամբոխ խմբի ուղեկցությամբ փոստատնից «հանդիսավորապես» իջնում էր Թոփխանայի հրապարակ եւ, մտնելով քաղաքային ժողովարանի բակ, բարձրանում էր պատշգամբը, ապա բարձր ձայնով ընթերցում հասցեատերերի անուններն ու բաշխում նամակները՝ շպրտելով դրանք այն մարդկանց, որոնք ընդամենը գոռալով հաստատում էին իրենց ինքնությունը: Նամակներն ուղարկվում եւ ստացվում էին տասնյակ հազարներով: Կար նաեւ ծանրոց առաքելու կայուն ծառայություն:[13]
Շուշիի հայոց կրթօջախները
Շուշին հայոց կրթության բեղմնավոր եւ առաջադեմ կենտրոններից էր: Քաղաքի հայոց կրթօջախները ոչ միայն թվով, այլեւ դասավանդվող առարկաների բազմազանությամբ եւ ծավալային ընդգրկմամբ մշտապես մրցակցում եւ հաճախ գերազանցում էին տարածաշրջանային այլ կենտրոններին: Շուշիի ազգային կրթարաններում ուսանել են ժամանակաշրջանի բազմաթիվ անվանի հայ գործիչներ: Շուշիի հայոց կրթօջախների պարզ թվարկումն իսկ բավարար է` ոլորտի ծաղկման եւ զարգացվածության մասին պատկերացում կազմելու համար: Անկայուն գործած 2-3 ռուսալեզու եւ 1-2 թուրքական տարրական դպրոցների ֆոնին` հռչակավոր Թեմական հոգեւոր դպրոցն ու Ռեալական վարժարանը, օրիորդաց` Մարիամյան, Մարիամ-Ղուկասյան եւ Հռիփսիմյան դպրոցները, թաղային` Ագուլեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու միդասյան երկսեռ, Վերին թաղի «Թադեւոսյան» արական, Տիրացու Գայանե Դանիելյանի երկսեռ եւ Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու արական դպրոցները, ինչպես նաեւ մասնավոր հիմունքներով գործած Ա. Բաղդասարյանի, Ա. Տեր-Գրիգորյանի, Ա. Տեր-Հովհաննիսյանի եւ Վ. Շախունցի կրթարանները վկայում են քաղաքում հայոց կրթության վայելած բացարձակ գերակայության մասին:
Պատահական չէ, որ ռուսական իշխանությունները հետզհետե առավել խոժոռ եւ անհանդուրժող էին դառնում Շուշիում հայերի քաղաքակրթական գերակայության նկատմամբ: Ռուսալեզու դպրոցները, նկատելի ուշացմամբ մրցակից դառնալով հայկականներին, այնուամենայնիվ, չեն վայելել այն դերն ու նշանակությունը, որն ի սկզբանե ստանձնել է Շուշիի հայոց կրթությունը՝ քաղաքի մշակութային, հասարակական եւ գաղափարական միջավայրի ձեւավորման գործառույթում: Ռուսական դպրոցների կողքին գործում էին նաեւ սակավ թվով թուրքական ուսումնարաններ, որոնք բառիս բուն նշանակությամբ հազիվ բավարարում էին ժամանակակից տարրական դպրոցի չափանիշներին: Այսուհանդերձ, ինչպես մշակութային այլ ոլորտներում, այնպես էլ կրթության բնագավառում Շուշիի թուրքական համայնքի որոշակի առաջընթացն ուղղակիորեն ածանցյալ էր հայոց քաղաքակրթական միջավայրի մերձավորության հանգամանքից: Երբեմն հայ եւ թուրք պատանիների շփումն ընթանում էր ոչ միայն կայսրության բոլոր հպատակների համար նախատեսված ռուսալեզու դպրոցներում, այլեւ հայկական կրթօջախներում, որտեղ բացառության կարգով ուսանել են որոշ թվով թուրք պատանիներ: 20-րդ դարի սկզբում Շուշիի հայոց կրթօջախների դեմ սանձազերծած վարչական հալածանքներին եւ ցեղասպանական առաջին նկրտումներին դիմագրավելով` հնարավոր եղավ ժամանակավորապես պահպանել եւ վերստին ապահովել կրթական ոլորտի աշխույժ զարգացումը, որն իր ողբերգական 80-ամյա ընդհատումն ունեցավ Շուշիի 1920 թ. հայոց մեծ ջարդի հետեւանքով:
Շուշիի առողջապահությունը
Շուշիի առողջապահության եւ առողջարանային ցանցի կազմակերպման վաստակավորների շարքում հիշատակելի են 1872 թ. «Թթու ջուր» առողջարանը հիմնադրած ազգությամբ ուկրաինացի բժիշկ Պյոտր Լուսիեւը, մեծ հեղինակություն վայելած շուշեցի մանկաբույժ-գինեկոլոգ Մովսես-բեկը եւ շատ ուրիշներ: Վերջինս, հետեւելով Լուսիեւի օրինակին, Շուշիի բարձրավանդակի ստորոտում կառուցել է եւս մեկ էլեկտրական հոսանքով օժտված առողջարան: Գործունյա բժիշկը ժամանակակիցների վկայությամբ երազում էր մինչեւ իսկ առողջարանից Շուշի ճոպանուղի կառուցել: Շուշիի քաղաքային հիվանդանոցը բացվել է 1902 թ.: Հրաչյա Աճառյանի վկայությամբ՝ Շուշիի բժիշկների մոտ չգրված օրենք կար` ուսուցիչներից փող չվերցնել:[14]
Թատերական կյանքը
Շուշիի թատերական պատմությունը քաղաքի մշակութային կյանքի աշխույժ եւ պրպտող ստեղծարարության վառ դրսեւորումն էր: Թատրոնը դարձել էր ոչ միայն հանրօգուտ կրթող ժամանցի, այլեւ փոխադարձ գործնական, ընկերային ու սիրային շփումների բեղմնավոր վայր, որտեղ միահյուսվում էին առօրյան ու մշակույթը, հույզերն ու սառը հաշվարկները, բարձր գաղափարներն ու քողարկված քաղաքական ձգտումները: Շուշիում զարթոնք ապրած թատերական կյանքը մեծապես նպաստեց նաեւ հետագա ադրբեջանական թատրոնի ձեւավորմանը, որի նախաշավիղ-ակունքները նույնպես աղերսվում են Շուշիի հայոց բարձրավանդակի հետ:
Շուշիում թատերական արհեստավարժության տարրեր պարունակող առաջին ներկայացումներն իրականություն են դարձել դեռեւս 1840-ական թվականներին, երբ հայրենի քաղաքը վերադարձած ուսանողները սեփական նախաձեռնությամբ կատարում էին այլեւայլ բեմադրություններ՝ ստանձնելով թե’ արական, եւ թե’ կանանց դերերը:
Դասական թատերական արվեստը Շուշին ներմուծած Չմշկյանի, Մանդինյանի եւ Ամերիկյանի բեմադրություններին առաջին իսկ օրվանից մասնակցում էր Շուշիի երիտասարդությունը, որի ուշիմությունն ու եռանդը մեծապես նպաստել է ոչ միայն ներկայացումների հաջողությանը, այլեւ արվեստի նկատմամբ սիրո եւ ճաշակի ժողովրդականացմանը:
1882 թ. Շուշի էր այցելել հայ թատերական արվեստի վաստակաշատ գործիչ Պետրոս Ադամյանը:[15] Ի տարբերություն Գանձակում Ադամյանի ունեցած սակավ հաջողության, Շուշիում վերջինիս ներկայացում-երեկույթներն անցնում էին հանրային հետաքրքրության եւ աշխույժ մասնակցության մթնոլորտում: Այնուհետեւ, Շուշիում թատերական կյանքն այլեւս կայացած եւ ինքնուրույն կյանքով ապրել սկսած երեւույթ էր: Հայալեզու ներկայացումները բեմադրվում էին թե° տեղական ուժերով, եւ թե° շրջիկ դերասանների ամենատարբեր խմբերի կողմից: Ներկայացումները տրվում էին գլխավորապես ամառային ամիսներին, երբ քաղաքում գտնվող մարդկանց թիվը նկատելիորեն աճում էր՝ ի հաշիվ այլուստ եկած բազմաթիվ հանգստացող ընտանիքների: Շուշիի ուսանողական խմբերի նախաձեռնությամբ պարբերաբար բեմադրվում էին «Պեպո», «Էլի մեկ զոհ», «Խաթաբալա», «Քանդած օջախ», «Վարդանանց պատերազմը», «Արշակ երկրորդ» եւ այլ երկեր:
1891 թ. Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ հայտնի ձեռներեց եւ մեկենաս Մկրտիչ Խանդամիրյանի միջոցներով կառուցվել է քաղաքային թատրոնի շենքը` 350 տեղանոց դահլիճով, հարմարավետ բեմով եւ ճեմասրահով: Թատրոնն ունեցել է էլեկտրական լուսավորություն, որն այն տարիների համար ողջ ռուսական Անդրկովկասում դեռեւս հազվագյուտ երեւույթ էր: Մկրտիչ Խանդամիրյանը չի կամեցել բավարարվել սոսկ թատերասեր մեկենասի համբավով: Նա ֆրանսերենից հայերեն էր թարգմանել Ժորժ Օնեի «Դոկտոր Ռամոն» պիեսը, թարգմանություններ կատարել ռուսերենից եւ անձամբ հեղինակել մի քանի պիես:[16]
Խանդամիրյանի թատրոնում բեմադրություններով հանդես են եկել մի շարք հայտնի թատերական խմբեր: Ներկայացումների տարեկան հաճախականության մասին տեղեկանում ենք Ե. Լալայանի կատարած հաշվումներից. 1891 թ.՝ 13 ներկայացում, 1892 թ.՝ 19-ը, 1893 թ.՝ 20-ը, 1894 թ.՝ 19-ը, 1885 թ.՝ 24-ը, 1886 թ.՝ 24-ը:[17] Այս տվյալներն ինքնին վկայում են, որ բեմարվեստը հաստատուն եւ պատկառելի տեղ է գրավել Շուշիի մշակութային կյանքում:
Խանդամիրյանների թատրոնի գեղարվեստական օրակարգում էին տասնյակ հայ եւ օտարազգի հեղինակների՝ Սունդուկյանի, Շիրվանզադեի, Պարոնյանի, Պուշկինի, Գոգոլի, Չեխովի, Լերմոնտովի, Օստրովսկու, Իբսենի, Սերվանտեսի, Շիլլերի, Մոլիերի եւ Հյուգոյի գործերը: Շեքսպիրյան շարքն ի դեմս «Համլետ», «Օթելլո», «Լիր արքա», «Վենետիկի վաճառականը» երկերի շուշեցիների շրջանում վայելում էր առանձնահատուկ ժողովրդականություն:
Թատերական ներկայացումներին հաճախ ներկա էին լինում նաեւ քաղաքաբնակ թուրքերը: Ուշագրավ է նաեւ, որ 1882 թ. հայազգի Սաֆրազյան ամուսինները Շուշիում կազմակերպում են թուրքական սիրողական մի թատերախումբ,[18] իսկ ծագումով շուշեցի Հովհաննես Աբելյանն աջակցել է Շեքսպիրի «Լիր Արքան» պիեսը թուրքերեն բեմադրելու գործում: Այսպիսով, թուրք-ադրբեջանական թատրոնի թե’ հիմնադրման վայրը, եւ թե’ բուն երեւույթն արգասիք են Շուշիի հայոց մշակութային միջավայրի:
Խանդամիրյանի կառուցած թատրոնի շենքը զոհ է գնում 1905 թ. հայ-թուրքական ընդհարումներին եւ ամբողջապես հրկիզվում:
—————————————————————————–
1.“Обозрение Российских владений за Кавказом в статистическом, этнографическом, топографическом и финансовом отношениях”, С. Петербург, 1836, ч. III, էջ 308-309:
2. Իսրայելյան Ռ., «Հոդվածներ, ուսումնասիրություններ, ակնարկներ», Երեւան, 1982, էջ 130:
3. Սարգսյան Մ., նշվ. աշխ., էջ 16: Տե°ս` Սարգսյան Մ., էջ 16:
4. ՎՀՊՊԿԱ, ֆ. 8, ց. 1, գ. 2254, թ. 3
5. “Кавказский календарь на 1952 г.”, էջ 435:
6. ՀՀՊՊԿԱ, ֆ. 113, ց. 3, գ. 159, թ. 2-3:
7. Աճառյան Հ., նշվ. աշխ., էջ 255:
8. Լալայան Ե., «Արցախ», հ. 2, Երեւան, 1988, էջ 25:
9. Լալայան Ե., նշվ. աշխ., էջ 25:
10. Լալայան Ե., նշվ. աշխ., էջ 29:
11. Լալայան Ե., նշվ. աշխ., էջ 29:
12. Լալայան Ե., նշվ. աշխ., էջ 25:
13. Լալայան Ե., նշվ. աշխ., էջ 96:
14. Աճառյան Հ., նշվ. աշխ., էջ 260:
15. Տեր Գասպարյան Ռ., «Շուշի», Երեւան, 1993, էջ 117:
16. Կարապետյան Բ., նշվ. աշխ., էջ 213:
17. Լալայան Ե., նշվ.աշխ., էջ 93-94:
18. Կարապետյան Բ., նշվ. աշխ. Էջ 213: