Ժան-Պոլ Էմետի (Jean-Paul Aimetti)
Le Figaro, Ֆրանսիա
ԵՄ-ի կողմից Google-ի դատապարտումը և աշխարհով մեկ կիբեռհարձակումները բացահայտում են թվային դարաշրջանիվտանգները: Ժան Պոլ Այմետիի կարծիքով՝ այդ սպառնալիքները կարևոր են, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել երիտասարդ սերունդներին պաշտպանելու և կրթելու համար:
Ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել թվային հեղափոխության առավելությունները, երբ խոսքը վերաբերում է մեր առողջությունը բարելավելուն, էներգետիկայի սպառման վերահսկողությանը կամ մեր տեղաշարժերն օպտիմալացնելուն: Մյուս կողմից, թվային դարաշրջանի և «big data»-ի (տվյալների խոշորագույն բազա) ծաղկող դիկտատուրան տագնապալի հետևանքներ ունի առնվազն երկու ոլորտներում:Առաջին վատ լուրը. թվային հաղորդակցության նոր միջոցները ֆենոմենալ խոշոր չափերի են հասցնում բոլոր տեսակի գիշատիչների (չարակամ անհատներ և խմբեր, կիբեռհանցագործներ, աշխարհակալ նպատակներ ունեցող կազմակերպություններ) գործողությունների ուժը և դրա ազդեցության գոտին: Համացանցում հանցավոր գործողությունների ցանկն անընդհատ աճում է՝ սկսած սոցիալական ցանցերում ոտնձգություններից մինչև վերջին վիրուսային հարձակումներն ու թվային հարթությունների կոտրումը ընտրությունների ժամանակ:
Wannacry-ից հետո Notpeyta անվամբ վիրուսի միջոցով ևս մեկ համաշխարհային կիբեռհարձակում է տեղի ունեցել, որն արդեն հասել է հազարավոր բիզնեսների և կազմակերպությունների՝ պահանջելով վճարումներ կատարել: Պոտենցիալ վտանգը ծայրահեղ լրջության աստիճանի է այնպիսի կենսական ոլորտներում, ինչպիսին են արդյունաբերությունը, հիվանդանոցները, բանկային հաստատությունները, ավիափոխադրողները և այլն:
Երևույթի արագացումը պայմանավորված է մի քանի պատճառներով: Մի կողմից համացանցի և Cloud -ի միջոցով տեղեկատվական կայքերի գլոբալ փոխկապակցվածությունը գրեթե ակնթարթային են դարձնում վիրուսների տարածումը, իսկ մյուս կողմում կիբեռհանցագործների անդադար նորարարությունների և անվտանգության համակարգերի միջև անվերջանալի մրցավազքն է:
Թվային անվտանգության ապահովման գործակալություններ կան երկրների մեծամասնությունում (այդ թվում ANSSI-ն՝ Տեղեկատվական համակարգերի անվտանգության ազգային գործակալությունը Ֆրանսիայում), սակայն այդ հարձակումների աղբյուրները պահանջում են երբեմն լայնածավալ ուսումնասիրություններ և միջազգային համակարգում, որը ձևավորման փուլում է դեռ: Ավելին, կապին միացված սարքերի հետագա ավելացումը մեծապես կնպաստի թվային ծովահենությանը, քանի որ ավելի հեշտ է վերծանել ծրագրային ապահովման հաշվողական սարքավորումների գործունեությունը, քան համակարգչային կենտրոններինը:
Ծայրահեղ դեպքում կարելի է պատկերացնել Alibaba -ի շուրջ հնարավոր աղետալի սցենարները, երբ վերջինս իր մեջ ներառում է համացանցում առաջարկվող ծառայությունների մեծ մասը (որոնողական համակարգեր, սոցիալական ցանցեր, էլեկտրոնային առևտուր, ապրանքափոխանակում, վճարման համակարգ, միացված սարքերի ինտերնետ ապահովում) և ամեն օր կապի մեջ է հարյուր միլիոնավոր չինացիների հետ, վաղը, միգուցեև, երկրագնդի կեսի հետ: Ի՞նչ ենք անելու, եթե մի քանի տարի անց այս հսկան հետապնդի այլ նպատակներ, քան բիզնես տիրապետությունը, և դրա համար ունենա չինական կառավարության օրհնությունը:
Երկրորդ վատ լուրը. մեր մտքի և գործողությունների ազատությունները ամեն օր ավելի սահմանափակ են դառնում: Էլեկտրոնային փոստերի տարափով սկսվող առավոտները, անկոչ գովազդները, հաղորդագրությունների պատճառով անվերջանալի ընդհատումները, համապատասխան տեղեկատվության փնտրտուքը «շինծու նորությունների» ու ստահոդ ծանուցումների լաբիրինթոսում ավելի ու ավելի քիչ ժամանակ են թողնում մտածելու կամ ստեղծագործելու համար և կարող են արգելակել գործարար արդյունավետությունը: Մեր ամենափոքր գործողությունները, վաղը նաև մտքերը (ֆիզիոլոգիական սենսորների միջոցով չափումը կամ մեր դեմքին արտացոլված զգացողությունների վերծանումը) այսուհետ թվայնացված են և ամեն րոպե հարստացնում են տվյալների հսկայական բազաները, որոնք սնում են անհագուրդ «big data»-ն:
Այնուհետև, համացանցի հսկաները մտնում են այս վիթխարի պահոցները և ներխուժում մեր մասնավոր կյանք՝ մեզ առաջարկելու իբրև թե մասնավորեցված ապրանքներ՝ ազդելու մեր վարքի վրա և աստիճանաբար ծրագրավորելու մեր չնչին իսկ գործողությունը: Խարդախության բարձրագույն աստիճանում մեր անգիր արած բառերի հոսքն է, արհեստական ինտելեկտի գրեթե կախարդական ալգորիթմերը, որ առեղծվածի լուսապսակ են կապում և բերում անվիճարկելի գիտական նվաճումների՝ ծածկելու անցանկալի մանևրները:
Ֆրանսիական CNIL-ի նման վերահսկողական մարմիններ են հիմնվել բազմաթիվ երկրներում՝ պաշտպանվելու համացանցային վատ արարքներից կամ խուսափելու անհատական տվյալների ամենօրյա թալանից: Այնուամենայնիվ, նրանց արդյունավետությունը սահմանափակ է՝ հաշվի առնելով թվային տնտեսության բազմազգ առաջատարների հսկայածավալ ֆինանսական ռեսուրսները և հեռավոր երկրներում գործող ցանցահենների անվերջանալի նորարարությունները: Հnւյսի մի շող կարող է լինել նոր RGPD-ի՝ Անհատական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի կիրառումը 2018 թվականին, որը զգալիորեն կմեծացնի բիզնեսների վրա ճնշումը և խախտողների նկատմամբ տուգանքները:
Կարելի է նաև կարծել, թե թվային բիզնեսները բարի վարք են դրսևորում՝ ավելի լավ սպասարկելու հաճախորդներին, ովքեր հոգնել են խարդախ գովազդներից և թափանցիկություն են փնտրում: Անշուշտ, նրանք հաճախ անբասիր կերպար են ձևավորում մարդասիրական գործողությունների և բժշկական հետազոտությունների ֆինանսավորման միջոցով: Ցավոք, հափշտակությունների երկար ցանկը ցույց է տալիս, որ թվային տնտեսության ուղին դեպի բարոյականություն երկար կլինի: Սովորաբար, մեծ ընկերություններն են մեղավոր ճանաչվում և երբեմն էլ տուգանվում կանոնակարգող մարմինների կողմից: Բազմաթիվ օրինակներից է booking.com-ը, որ աշխարհում առաջատար հյուրանոցների ամրագրման ընկերությունն է, որը մինչև 30% անհամաչափ վճարումներ է պահանջում (որպեսզի շինծու դրական կարծիքներով հայտնվեն ցանկի վերին տողերում), բացահայտվել է նաև, որAdblockplus ծրագիրը համացանցում արգելափակում է բոլոր գովազդները, բացի «սպիտակ ցուցակում» գրանցված ընկերություններից, որոնք վերահսկողությունից դուրս են մնում՝ վճարելով մի քանի միլիոն դոլլար…
Վերջերս Facebook-ը խիստ քննադատության է արժանացել եվրոպական իշխանությունների կողմից, քանի որ այն չի պահել սոցիալական ցանցի ևWhatsapp-ի միջև անհատական տվյալների հերմետիկության պահպանման խոստումը:
Այսպիսով, հրատապ են բարեփոխումները՝ հակազդելու բոլոր կազմակերպություններում և մեր առօրյա կյանքում թվային համատարածության չարաշահումները:
Կիբեռհանցագործությունների հետ կապված մի կողմից ձեռնարկությունները և կազմակերպությունները պետք է զարգացնեն իրենց համակարգչային կայքերի և միացված սարքերի պաշտպանությունը, մյուս կողմից՝ ազգային և միջազգային մարմինները ավելի զորացվեն: Ցավոք, չի բացառվում, որ առաջընթացի համար երկար ժամանակ պահանջվի, իսկ մենք իմունիտետ չունենք ընդդեմ լուրջ կիբեռհարձակումների:
Ինչ վերաբերում է մեր անհատական ազատություններին, ապա հիմա հնարավոր է գործել: Նախևառաջ, ինչպես թմրանյութերից կախվածություն ունեցողն է դետոքսացվում, այնպես էլ ցանկացած ինտերնետ օգտագործող պետք է սովորի նվազեցնել ինտերտային կապի օգտագործումը և, ընդհանուր առմամբ, ավելի լավ կառավարի իր ժամանակը՝ պահպանելու իր մտորումների ու հանգստի «իրական» կյանքը: Միևնույն ժամանակ, կենսական է ձեռք բերել մի շարք մեթոդներ՝ դիմակայելու անարդյունավետությանը, խելամտորեն օգտագործելու սոցիալական ցանցերը և պաշտպանվելու վիրավորական և հանցագործ ներխուժումներից:
Երկրորդ, ուղղակի անհրաժեշտություն է նպաստել կոլեկտիվ հակահարվածներ տալուն: Ինչպես ձյուդոիստներն են օգտագործում իրենց հակառակորդի ուժը նրան հավասարակշռությունից գցելու համար, այնպես էլ մենք պետք է թվային տեխնոլոգիաների ուժը մոբիլիզացնենք կոլեկտիվ նախաձեռնություններում, որոնք կգործեն զգուշացումների ու միջնորդությունների միջոցով նույնիսկ խմբակային գործողությունների կամ բոյկոտելու կայքերում: Նույն կերպ, համագործակցային հարթակները լավ այլընտրանք են մասնակցային տնտեսության միջազգային չեմպիոնների գերիշխանության դեմ: Այստեղ արժե խոսել fairbooking-ի մասին, որը միավորում է մոտ 2000 հյուրանոցատերերի, ովքեր ցանկանում են booking.com-իձեռքը չընկնել, կամ նմանատիպ արկածների հանդիպող տաքսիների կոոպերատիվների մասին, որոնք խուսափում են Uber-ի դիկտատուրայից: Այս կոլեկտիվ հակահարվածները պետք է լիովին համապատասխանեն էթիկայի և թափանցիկության կանոններին ու երաշխավորվեն բաժանորդագրային կամ հայտնի և անկախ դոնորների ֆինանսավորմամբ:
Եվ, վերջապես, այժմ, երբ մեր առաջնորդները քննարկումներ են անում կրթական համակարգում լատիներենին հատկացված տեղի վերաբերյալ, կարծես թե առավել հրատապ է սկիզբ դնել մի հավակնոտ ծրագրի, որը տարրական դպրոցից կկրթի «թվայնացման դարաշրջանի ազատ քաղաքացիների»:
Այս ծրագիրը պետք է վերաբերի ոչ միայն ուսանողներին,այլև ուսուցիչներին և ծնողներին: Մարդկության պատմության մեջ այս աննախադեպ տեխնոլոգիական և հասարակական փոփոխությանը ադապտացվելու անցումային շրջանը անկասկած երկար է տևելու: Հուսով ենք, որ մեր ուղերձն ավելի արդյունավետ կլինի, քան անհեթեթ կոչերը՝ պայքարելու ծովի մակարդակի անխուսափելի բարձրացման դեմ:
Հատուկ «Անալիտիկոնի» համար ֆրանսերենից թարգմանեց Աննա Սեթաղյանը