հայկական ոստիկանության բարեփոխման համապատկերում
Նոնա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Անկախ հետազոտող
Երեւան
Կոռուպցիայի մշակութային չափումը: Որոշ դեպքերում տնտեսական ստվերային (ոչ ֆորմալ) բաշխում-վերաբաշխումը և հաճախորդությունը նվազագույն մակարդակում գործում են որպես ժողովրդավարական հարաբերությունների վերջին ապաստանը:[1] Խոսքն այսպես կոչված բարոյական տնտեսության կամ գյուղացիական կոմունիզմ ակադեմիական կատեգորիայի մասին է, որը մշակել էր սոցիոլոգ Ջեյմս Սքոթը:[2] Այնուամենայնիվ, իրավապահ մարմինների կոռումպացվածությունը զգալիորեն գերազանցում է հասարակական ցինիզմը:[3]
Հետխորհրդային շրջանում շուկայական տնտեսությանն անցնելու ժամանակ պետական հաստատությունների թուլության պայմաններում Հայաստանում իրավապահ մարմինների` ոչ ֆորմալ եկամուտներ ստանալու հավակնություններն անվիճարկելիորեն սովորական են դառնում: Կոռուպցիայի բարոյական տնտեսությունն այդ հարաբերությունները զետեղում է «կոռուպցիոն համալիրի» ավելի լայն համապատկերում և ընդգծում դրանց կենցաղային բնույթն ու որոշակի օրինավորությունը/լեգիտիմությունը, որը ճանաչում են նաև հարստահարության զոհերը:
Համալիր հարաբերությունների այս հանրագումարն առանձնապես զգայուն չէ քաղաքական վարչակարգի տիպաբանության նկատմամբ: Այսպիսով, կոռուպցիան ներառված է բանակցությունների, նվիրատվության, սոցիալական համերաշխության, թալանող իշխանության և վերաբաշխողական կուտակման «տրամաբանության» մեջ: Յուրաքանչյուր հակակոռուպցիոն քաղաքականություն որոշակի ձևով անպայման բախվում է այդ իրողություններին:[4]
Հետաքրքիր է, որ հայկական հայմաններում կարելի է տեսնել նաև որոշ դրական փոխադարձություն, որն այդ հարաբերությունները մտացածին կերպով հորիզոնական դաշտ է տեղափոխում: «Մեր ոստիկանությունը մարդկանց հանդեպ շատ հանդուրժող է` համբերատար, մենք չենք կամենում մարդկանց նեղացնել: Մեր հասարակությունն այնպիսին է, որ անգամ եթե բոլորն իրար անմիջականորեն չճանաչեն էլ, ապա, վերջին հաշվով, միջնորդավորված ամենքս միմյանց գիտենք: Ամբողջ հարցը սրա մեջ է» (անանուն ոստիկան):
Խոչընդոտներ: Հայաստանում բարեփոխիչներին հանդիպած ամենամեծ խոչընդոտը հենց պարզունակ իներցիան էր: «Մարդիկ ցանկանում են հոսանքի ուղղությամբ ընթանալ, որովհետև օրենքին ենթարկվելը դժվար է, նրանք ոչինչ փոխել չեն ուզում: Դժվար է հետիոտնին ստիպել ճանապարհը սահմանված տեղում անցնել: Խնդիր է անգամ նորմալ հերթ կազմակերպելը» (անանուն ոստիկան):
Որոշ իմաստով խոչընդոտների այս փունջը կապում են նաև քաղաքային մշակույթին դեռևս լիովին չընտելացած քաղաքաբնակների «ավանդական» սովորույթների հետ: «Մենք հարգում ենք տարեցներին` ահա և մեր մշակույթը: Բայց լուսակրին ենթարկվել, երբ փողոցում մեքենա չկա, ոչ ոք չի կամենում…» (անանուն ոստիկան):
Հայաստանում տեղական առանձնահատկություններ ունի, մասնավորապես, մարզերում առկա բողոքի մշակույթը: Վրաստանին սահմանակից փոքր քաղաքից մի տաքսու վարորդ պատմեց, որ գոյություն ունի «թեժ գիծ», որի միջոցով հնարավոր է բողոքել ոստիկանական չարաշահումների դեմ, «բայց ես դա չեմ անի, գործերս ինքս կկարգավորեմ, ի վերջո, այս քաղաքում ծնվել-մեծացել եմ»:[5] Այստեղ տեղին կլիներ հղում կատարել Քեյթ Փիրսի հետազոտությանը, որում արձանագրվում է Հայաստանում և ԱՄՆ-ում բնակչության համեմատաբար բարձր վստահությունը ոստիկանության հանդեպ: Միաժամանակ, ոստիկանության հետ համագործակցելու պատրաստակամությունն այս երկու երկրներում բոլորովին համեմատելի չէ:[6]
Կոռուպցիա, քրեական տարրեր և արդիականացում: Մի անգամ` 90-ականների սկզբի անիշխանության շրջանում, այն ժամանակվա ոստիկանապետ Վանո Սիրադեղյանը գիշերվա կեսին զանգահարել է իր ենթականերին.
–Պետք է հավաքվենք ու խմենք:
-Ի՞նչ առիթով,-հարցրել են նրան:
–Այսօր ոստիկանին կաշառք են առաջարկել. դա նշանակում է, որ մենք դեռ պետություն ունենք: Դա էլ կնշենք:7
Այս դեպքը հատկանշական է, քանի որ բացահայտում է ոչ միայն կաշառակերության, այլև պետական շինարարության և արդիականացման որոշ հայեցակետերի մշակութային և նորմատիվ հարաչափերը: Հանրահայտ է, որ Հայաստանում 90-ական թվականներին Վանո Սիրադեղյանի օրոք իրավապահ մարմինները կապված էին գողական աշխարհի հետ: Մանրամասն հայտնի է նաև այն, որ հենց ինքն է այդ աշխարհը կործանել:
Քրեական հեղինակությունների դեմ Սիրադեղյանի կազմակերպած հաշվեհարդարից հետո երկրում կտրուկ թուլացել է քրեական միջավայրը: Ի հեճուկս դրան նախորդած երկու համաներումների (ուշխորհրդային համամիութենականը և հետխորհրդային հայկականը) 1994 և 1996 թվականներին, արձանագրվել է հանցավորության եռակի նվազում: Ընդ որում, այդ ձեռքբերումը ցայսօր պահպանվում է:
34-ամյա ստաժ ունեցող ոստիկանության գնդապետը խոստովանել է, որ գողացված մեքենաների որոնմամբ նրանք հիմա համարյա չեն զբաղվում. «այդպիսի դեպքեր մեզ մոտ համարյա չեն լինում, շատ քիչ են լինում…»: Սակայն, հարկ է կրկնել, որ դրան հնարավոր է եղել հասնել քրեական հեղինակությունների դեմ արտակարգ բռնության և բազմաթիվ հակաիրավական գործողությունների հաշվին` ներառյալ տեղում գնդակահարություններ և սև էսկադրոններ: [8]
Եթե մանրամասնենք, ապա փաստորեն վայրի 90-ականներին Վանո Սիրադեղյանը բանտարկել է բոլոր «օրենքով գողերին»: Այն ժամանակ նա հրապարակավ հայտարարել է. «Այստեղ գլխավոր գողը ես եմ»: 2000թ. գարնանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը բավարարել է Գլխավոր դատախազության` Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդագիրը: Վերջինս մեղադրվում էր 1992թ. ամռանը` ՆԳ նախարար եղած ժամանակ, անհատ քաղաքացիների և պետական պաշտոնյաների սպանության համար զինված հանցախումբ ստեղծելու մեջ: 2000-2008թթ. նրան որոնում էր Ինտերպոլը: Վտարանդի Սիրադեղյանն այսօր էլ Հայաստանում բավական մեծ ժողովրդականություն է վայելում:[9]
Այսպիսով, հետխորհրդային հայկական ոստիկանության պատմությունը լի է հակասություններով և առեղծվածներով:10 Հետագա փոփոխություններն ունեին երկար նախապատմություն և, անտարակույս, ի թիվս այլոց կապված էին նաև գաղափարների արտահանման և միջազգային հաստատությունների անխոնջ աշխատանքի հետ: «Այսօր այսպիսի բան չկա: Այսօր մենք, այնուամենայնիվ, առաջնորդվում ենք եվրոպական սկզբունքներով: Թեև այս ամենը մեզ համար դյուրին չէ…» (անանուն ոստիկան):
Կոռուպցիան, պատերազմը և պետական շինարարությունը: Կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարը, ինչպես ակներևաբար ցույց է տվել վրացական փորձը, ուղղակիորեն կապված է արտաքին թշնամու կողմից խարխլվող ազգային անվտանգության հետ:11 Հայաստանի պարագայում արտաքին թշնամու դերում հանդես է գալիս Ադրբեջանը: Հայ-ադրբեջանական էթնիկական պատերազմն ընթանում էր վաղ հետխորհրդային շրջանի աշխուժացած քրեական խմբերի (ոչ ֆորմալ հեղինակությունների, այսպես կոչված` օրենքով գողերի, քրեական մանր փողոցայինների` գրպանահատների, նաև ասֆալտի ֆիդայինների) պարագայում, որոնք դիտվում էին որպես բռնության12 նկատմամբ պետական մենաշնորհի և ողջ հայոց պետականության դեմ ուղղված սպառնալիք:
Քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանը հիշյալ իրադարձություններն այսպես է մեկնաբանում. «Վանո Սիրադեղյանը 1990-ականներին իսկապես ծայրահեղ միջոցներով հաշվեհարդար է տեսել քրեական աշխարհի հետ հետևյալ երկու նկատառումներով. նախ` Լեռնային Ղարաբաղում ընթանում էր պատերազմ, և հայերին անհրաժեշտ էր ամուր թիկունք` նվազագույնի հասցված քրեական շրջանակների ազդեցությամբ: Երկրորդ` 1990-ականների կեսերից սկսվել էր վաուչերային սեփականաշնորհման գործընթացը: Իշխանություններին անհրաժեշտ էր խարդախների չեզոքացումը` որպես վերոնշյալ գործընթացում նրանց համար անցանկալի մրցակիցների: Այսպիսով, հանցավորության մակարդկաի եռակի նվազման մասին տեղեկություններն, ամենայն հավանականությամբ, ճշմարտացի են, թեև նույնքան ճշմարտացի է, որ դրան հաճախ հասնում էին հակաիրավական գործողությունների շնորհիվ: [13]
Ազգային անվտանգություն: Հայաստանը համեմատաբար երիտասարդ ազգային պետություն է, որը ԽՍՀՄ փլուզման ժամանակ հարևան Ադրբեջանի հետ երկարատև էթնիկական պատերազմ է ունեցել: Այս փաստը կարևոր դեր է ունեցել նոր իրավապահ մարմինների ձևավորման ընթացքում:[14]
Ազգային շահերի պաշտպանությունը և արտաքին հեկառակորդից երկրի պաշտպանությունն այստեղ հավուր պատշաճի խոսքեր չեն: Հենց այս սպառնալիքն է իրավապահ մարմինների, այսինքն ներքին զորքերի վերակազմավորման համար նվազագույն նյութական պաշարներ թողել` ի տարբերություն արհեստավարժ բանակի պահպանության առաջնահերթության: Հենց արտաքին սպառնալիքի գոյությունն է կանխորոշում ոստիկանական անձնակազմի շրջանում համապատասխան «հայրենասիրական-զգացմունքային» հռետորաբանությունների առկայությունը:
Մայրաքաղաքի ոստիկանության փոխգնդապետներից մեկն ասում է. «Մենք պարզապես հասկանում ենք, որ պետությունը դժվարություններ ունի, իսկ մեզ համար նախ կարևոր է, որ մեր բանակը հզոր լինի: Քանի՞ տարեկան է մեր պետությունը: Քսա՞ն: Եթե պատերազմը չլիներ, ապա ամեն ինչ այլ կերպ կլիներ: Ես չեմ հավատում, որ պետությունը հնարավորություն ունի մեզ աշխատավարձ բարձրացնել. հնարավորություն չունեն և չեն բարձրացնում»: Մեկ այլ բարձրաստիճան ոստիկան` ծառայության բազմամյա փորձառությամբ, էլ ավելի լոյալ արտահայտվեց. «Ինձ համար ամենակարևորը կարգուկանոնն է: Ես ծառայում եմ Հայոց պետությանը: Մենք պետք է ներքուստ ուժեղ լինենք, որպեսզի ի վիճակի լինենք դիմագրավել արտաքին հարվածներին»:[15]
Միևնույն արտաքին սպառնալիքի եզրույթներով են բացատրվում նաև պետական գաղտնիության հետ կապված ֆանտոմները: Ոչ առևտրային հատվածի ներկայացուցիչները բազմիցս դժգոհում էին, որ հարցումների ժամանակ «վիճակագրական ծառայությունները տալիս են բացարձակ թվեր և ոչ թե պատահարների քանակը 10 000 մեքենայի հաշվով: Մերժումը բացատրվում է նրանով, որ բնակչության թվին առնչվող բոլոր տվյալները հանդիսանում են պետական գաղտնիք: (Է. Ավանեսյան, ՈԱԿ «Աքիլլես»): Նույնկերպ փորձ էր արվում հիմնավորել նաև օլիգարխների երևույթի նկատմամբ հանրապետական իշխանությունների հանդուրժողականությունը:[16]
Այսպիսով, ղարաբաղյան պատերազմը եղել է և շարունակում է հանդես գալ որպես կարգուկանոնի և սոցիալական հավաքագրման/մոբիլիզացման արտակարգ և թելադրող խթանիչ, անգամ եթե հանգամանքները ստիպում են հավասարակշռություն պահպանել ավտորիտար միջոցների եզրին, ինչն էլ, թերևս, պետության գոյատևման բանաձև է դարձել:
1. Mars, Gerald and Yochanan Altman. 1983. “The Cultural Bases of Soviet Georgia’s Second Economy,” Soviet Studies XXXV, no. 4 (October), pp. 546-60.
2. Скотт Дж. 2003. Моральная экономика деревни //Неформальная экономика. Россия и мир / Под ред. Т. Шанина. М.: Логос. С. 541–544.
3. Manning P. (1977) Police Work. MIT Press, Cambridge, Massachusetts.
4. Gupta A.(1995) Blurred Boundaries: Discourse of Corruption, the Culture of Politics, and the Imagined State. American Ethnologist. Vol.22, #2, p. 375-402.
5. Էդգար, 26 տարեկան, տաքսու վարորդ, ք. Վանաձոր:
6. Pearce K, Giles H., Hajek C., Barker V., Choi C.The Role of Communication and Trust in Reported Compliance with Police in Armenia and United States. Armenian Review, vol. 52. # 3-4 (Fall-Winter 2011), pp. 41-64.
7. Փորձագիտական հարցազրույց Արսեն Հակոբյանի հետ` Երևան, օգոստոս, 2013թ.
8. http://www.memo.ru/hr/politpr/sng/sv3/Armenia.htm
9. Երևանի բնակչության համար մի գիտահետազոտական կենտրոնի անցկացրած հարցման տվյալների հիման վրա հարցվածների 0,5%-ը Սիրադեղյանին հերոս է անվանել: Հարցումն անցկացվել է պատահական ընտրության հիման վրա ընտրված 630 հոգու մեջ:
http://www.yerkramas.org/2011/12/20/sargsyan-i-ter-petrosyan-samye-xarizmatichnye-politiki-v-armenii-%E2%80%93-socopros/
10. Քրեական աշխարհն իրավապահ մարմինների հետ կապակցված էր դեռևս Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանից ի վեր:
11.«…Վրաստանը բախվել է յուրահատուկ արտաքին հակառակորդի` Ռուսաստանի հետ: Վարդերի հեղափոխության նախաշեմին երկրի վերնախավերը վճռականորեն տրամադրված էին վերջ դնել ռուսական ազդեցությանը: Ոչ մի այլ հետխորհրդային հանրապետություն չուներ բնութագրիչների այդպիսի դասավորություն` պետականությունն ու սոցիալական կարգուկանոնը խաթարող և Ռուսաստանի կողմից աջակցվող անջատողական մեկուսատարածքներ/անկլավներ և Ռուսաստանի համակողմանիորեն թափանցող վերահսկողությունն անվտանգության ծառայությունների վրա: Այդ իսկ պատճառով, Սաակաշվիլու կառավարության տեսանկյունից կազմակերպված հանցավորությունն ու կոռուպցիան սերտորեն միահյուսված էր պետական գոյատևման ավելի լայն նպատակների հետ»: Light, M. p 15.
12. Фуко М. Безопасность, территория, население. СПб., 2011. С. 25-26; 471. Фуко M. Надзирать и наказывать. Рождение тюрьмы. Пер. с фр. В. Наумова под ред. И. Борисовой. — M.: Ad Marginem, 1999.
13. «Վանո Սիրադեղյանի դեմ առաջադրված մեղադրանքները պետք է ստուգվեն և վերստուգվեն: Տարօրինակ է նաև այն, որ այդ գործով անցած բոլոր անձինք, այդ թվում և «մահվան հանցախմբերի» անդամները վաղուց ազատության մեջ են, այսինքն` կարճ ժամանակահատվածով են բանտարկվել»:
14. Հարևան Վրաստանում ազգային անվտանգության հարաչափերը 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո մեծ փոփոխությունների են ենթարկվել (այդ պատերազմը որոշակի անդրադարձ է ունեցել նաև Հայաստանի վրա): Ի տարբերություն Հայաստանի` Վաստանն այլևս բաժանված չէ առանձնացած տարածքների համար պայքարով:
15. Ի դեպ, այս արտահայտությունը համարյա բառ առ բառ նույնանում է ղարաբաղյան պատերազմում զոհված ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի խոսքերին, որը ազգային գոյապայքարն ավելի շատ էր կարևորում, քան ներքաղաքական կամ դասակարգային պայքարները:
16. «Յուրաքանչյուր հայ օլիգարխ արտադրող է, ուստի նրա հետ հարկ է հաշվի նստել: Այդ իսկ պատճառով հաճախ թվում է, որ խորհրդարանը ներկայացնում է վերնախավային շահը» (Ա. Իսկանդարյան, Կովկասի ինստիտուտ, 13-12-2012):