Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ
Արաբական զարթոնքով սկզբնավորված Մերձավոր Արեւելքի վերաձեւումը դուրս է եկել բուն արաբական աշխարհի սահմաններից եւ մեծ ազդեցություն է գործում Հյուսիսային Աֆրիկայի երկրներից մինչեւ Աֆղանստան ու Պակիստան ձգվող անկայունության ողջ աղեղի երկայնքով տեղի ունեցող գործընթացների վրա: Ընդսմին` ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությունը հաճախ չի համընկնում հրապարակայնորեն շեշտադրվող նպատակների եւ մտադրությունների հետ: Օրինակ, Սիրիայի խնդիրների կամ Իրանի միջուկային ծրագրի լուծումն իրականում ոչ այդքան նպատակ է, որքան միջոց, որի շնորհիվ լուծվում են աշխարհաքաղաքական խնդիրներ, մասնավորապես` Իրանի ազդեցության գոտու հարցը:
21-րդ դարում Իրանը բազում դարերից հետո առաջին անգամ մոտեցել է արեւելքում` Աֆղանստանից մինչեւ արեւմուտքում` Բեյրութ տարածվող ու աշխարհագրորեն չընդհատվող ազդեցության գոտի ստեղծելուն: Սույն գոտու ստեղծումն արմատապես փոխելու է Մերձավոր Արեւելքում ուժերի հավասարակշռությունը՝ վերածելով Իրանը Պարսից ծոցում գերիշխող տարածաշրջանային ուժի եւ հարկադրելով աշխարհաքաղաքական դերակատարներին, նախ եւ առաջ ԱՄՆ-ին, հրաժարվել Իրանը որպես տարածաշրջանային ուժի կենտրոն ոչնչացնելու գաղափարից: Բացի դրանից, Իրանը հնարավորություն է ստանում ուղղակիորեն ազդել Պարսից ծոցի երկրների քաղաքականության վրա՝ հենվելով իր բնական դաշնակցի՝ շիա բնակչության վրա: Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի մյուս երկրները, հարկադրված լինելով լուծել սեփական վարչակարգը պահպանելու խնդիրը, ավելի պատրաստակամ կլինեն համաձայնությանը հանգելու հարցում:
Թուրքիան նույնպես գտնվում է անցումային կացության մեջ, երբ նա այլեւս Արեւմուտքի սոսկական արբանյակ չէ, բայց դեռեւս տարածաշրջանային գերտերություն չէ: Թուրքիան այլեւս չի սահմանափակվում Սառը պատերազմի տարիներին ունեցած դերակատարությամբ, երբ նա ընդամենը ՆԱՏՕ-ի անդամ էր, բայց դեռեւս չի կառուցել հասուն տարածաշրջանային քաղաքականության համար անհրաժեշտ հենքը: Այսօր Թուրքիան ի վիճակի չէ կատարել տարածաշրջանային պատկերը ձեւավորող հեգեմոնի դեր, բայց, միաժամանակ, չի կարող անտեսել ընթացող գործընթացները, ինչն, ակներեւաբար, տեսնում ենք Սիրիայի օրինակով: Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն ուղղակիորեն առնչվում են Թուրքիայի շահերի հետ, բայց նա դեռեւս ի վիճակի չէ իրեն թույլ տալ բաց միջամտություն իրականացնել սիրիական գործերին եւ, առավել եւս, ղեկավարել միջազգային դաշինք՝ Սիրիայում անհրաժեշտ կարգուկանոնի «հաստատման» համար:
Որպես հետեւանք՝ Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ու ռազմավարությունը ներկայումս մնում են երկիմաստ եւ բոլոր ուղղություններով՝ անցումային: Այսօր Թուրքիան չի ձեւավորում տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, ինչը բնորոշ կլիներ հասուն տարածաշրջանային ուժի, բայց, ավելի շուտ, ստեղծում է թուրքական ուժերի հավասարակշռություն՝ հավասարակշռելով ԱՄՆ հանդեպ իր ենթակայությունն ու ինքնուրույն քաղաքականությունը: Մենք բախվում ենք մի յուրօրինակ առեղծվածի. որքան ավելի հզոր է դառնալու Թուրքիան, այնքան իրենց նվազ հարմարավետ են զգալու աշխարհաքաղաքական մի շարք կենտրոնները եւ տարածաշրջանի պետությունները, եւ, որպես հետեւանք, Թուրքիան դառնալու է ավելի խոցելի: Կարեւոր է հիշել, որ Թուրքիայի հարավային սահմաններին առկա անկայունությունը, իրանական ազդեցության գոտու աճը, Կովկասում արձանագրվող դինամիկան եւ ԱՄՆ մերձավորարեւելյան քաղաքականության հնարավոր փոփոխությունը թույլ չեն տալիս հուսալու, որ անցումային քաղաքականությունն ու ռազմավարությունը կայուն կլինեն:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Մերձավոր Արեւելքի վերաձեւման գործընթացներն ամբողջությամբ մոտեցել են Կովկասի եւ հայոց պետությունների սահմաններին ու պատրաստ են ճեղքել ծակոտկեն դարձած տարածաշրջանային սահմանները: Կովկասը վերածվում է Եվրասիայի տարածություններում ծավալվող աշխարհաքաղաքական դիմակայության կարեւոր տարրի: Դա հարկադրում է առավել ուշադիր քննել արցախյան կարգավորման խնդիրը՝ ոչ թե Հարավային, այլ Մեծ Կովկասի համատեքստում: Կովկասը ձեւավորում է բազմապիսի եւ հակասական իրականություն, որի համար ավանդաբար մրցակցում էին Պարսից, Օսմանյան եւ Ռուսական կայսրությունները: Մեծ խաղի շրջանակներում 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին Կովկասի համար պայքարի մեջ է ներքաշվել նաեւ Բրիտանական կայսրությունը: ԽՍՀՄ փլուզումը հանգեցրել է Կովկասում ավանդական մրցակիցներից բացի նաեւ նոր դերակատարների՝ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Հարավային Կովկասի պետությունների ի հայտ գալուն: 21-րդ դարում Կովկասի համար պայքարն ավելի բարդ է դառնում, որովհետեւ աճել է դերակատարների եւ դիմակայության հարթակ դարձած ասպարեզների թիվը: Եթե նախկինում այդ պայքարն ընթանում էր կայսրությունների միջեւ, ապա այժմ կարելի է խոսել առնվազն երեք ասպարեզի մասին:
Առաջին ասպարեզը՝ Հարավային Կովկասի ճանաչված ու չճանաչված պետություններն են, ինչպես նաեւ իրենց ազգային շահերի համար պայքար մղող Հյուսիսային Կովկասի պետական կազմավորումները: Երկրորդը տարածաշրջանային ասպարեզն է, որի վրա մրցակցում են ավանդական կայսրությունների ժառանգորդները՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը: Եվ երրորդը համաշխարհային կամ աշխարհաքաղաքական ասպարեզն է, որի վրա ներկա են աշխարհաքաղաքական ուժի կենտրոններ՝ նախ եւ առաջ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ինչպես նաեւ միջնորդավորված կերպով ԵՄ-ն ու Չինաստանը: Ընդսմին՝ եթե մյուս աշխարհաքաղաքական դերակատարների համար ու նախեւառաջ Արեւմուտքի համար Կովկասը ռազմաքաղաքական ուժն երեւակելու հենակետ է, եւ նրանք կարող են իրենց թույլ տալ անտարբերություն եւ անզգայություն ցուցաբերել տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի հանդեպ, ապա Ռուսաստանն այդ հնարավորությունից զրկված է եւ ստիպված է իրականացնել ավելի բարդ եւ երանգավորված քաղաքականություն: Կովկասի միջով են անցնում Կասպից ծովի եւ ողջ Եվրասիայի ճգնաժամորեն կարեւոր պաշարներին մատչելիություն ապահովող հաղորդակցային ուղիները: Կովկասի հիմնական աշխարհաքաղաքական գործառույթը Արեւելքի եւ Արեւմուտքի, Հյուսիսի եւ Հարավի միջեւ կապող օղակ լինելն է, իսկ դրա ապահովումը ստեղծում է հիմնարար աշխարհաքաղաքական խնդիրներ:
Կովկասի առաջին եւ ավանդական աշխարհաքաղաքական խնդիրը Կասպից ծովի եւ Կենտրոնական Ասիայի էներգակիր պաշարներն են: ԽՍՀՄ շրջանակներում ստեղծված խողովակաշարերի համակարգն ապահով կերպով «կողպում» էր նոր եվրասիական պետությունները եւ հետխորհրդային շրջանում թույլ էր տալիս Ռուսաստանին պահպանել վերահսկողությունը Եվրասիայի էներգակիր պաշարների վրա: Սակայն «Բաքու-Ջեյհան» նավթամուղի կառուցումը վերացրել է Ռուսաստանի մենաշնորհը սույն խիստ կարեւոր բնագավառում: Այսօր բարձրաձայնվում եւ մշակվում են տվյալ առաջխաղացումն ամրապնդելուն միտված նոր նախագծեր:
Տարածաշրջանի մյուս խնդիրը, որն օգտագործվում է որպես աշխարհաքաղաքական խաղի տարր, ծայրահեղական իսլամն ու ահաբեկչությունն են: Արեւմուտքն այս գործոնին մեծ կարեւորություն է ընծայում: Կրոնական, էթնիկական եւ մյուս տարբերությունները պարարտ հող են ստեղծում լարվածության եւ տարածաշրջան ջիհադի ու վահաբիզմի ներթափանցման համար: Հենվելով Կովկասի վրա՝ ծայրահեղական իսլամը ձգտում է գործել նաեւ ողջ Ռուսաստանի տարածքում:
Երրորդ աշխարհաքաղաքական խնդիրն արցախյան հիմնահարցն է: Արցախի դերն ու նշանակությունը դարեր շարունակ հիմնականում կապված էին ավանդաբար ռազմական ու պետական ծառայության ձգտող արցախահայի յուրահատուկ հոգեկերտվածք ձեւավորած աշխարհաքաղաքական գործառույթների հետ: Արցախյան հակամարտությանը վերաբերող գնահատականներն ու կանխատեսումները պատշաճ ուշադրություն չեն ընծայում վերջին շրջանում անվտանգության միջազգային միջավայրում տեղի ունեցած որակական փոփոխություններին: Փորձագետները նախընտրում են խոսել Արցախի եւ արցախյան հիմնախնդրի մասին՝ մնալով սովորական դարձած ու լավ ուսումնասիրված Հայաստանի (ի դեմս ՀՀ եւ ԼՂՀ) եւ Ադրբեջանի միջեւ դիմակայության կաղապարի շրջանակներում:
Այսպիսի մոտեցումը համապատասխանում է 1990-ականների սկզբների իրողություններին, երբ Ռուսաստանը՝ որպես ԽՍՀՄ ժառանգորդ, ուներ բավարար կշիռ՝ հակամարտող կողմերի վրա արտաքուստ ռազմաքաղաքական ճնշում գործադրելու փորձերը կասեցնելու համար: ԽՍՀՄ սահմանները, դադարելով գոյություն ունենալ որպես քաղաքական երեւույթ, այնուամենայնիվ, մնում էին այլ աշխարհաքաղաքական կենտրոնների աշխուժությունը զսպող աշխարհաքաղաքական իրականություն: Սակայն 20 տարիների ընացքում թե° տարածաշրջանում, եւ թե° շրջակա աշխարհում շատ բան է փոխվել:
Արցախն անցել է սեփական պետականության կայացման իրադարձություններով հարուստ զարգացման ուղի: Այո°, դա արտաքին աշխարհի համար որոշակիորեն անսովոր եւ անծանոթ գործընթաց է, քանի որ ԼՂՀ կայացումն ընթանում էր առանց միջազգային հանրության մասնակցության, բայց, ի տարբերություն շատ այլ ճգնաժամային կետերի, այստեղ այն հաջողված է եղել: Նոր պայմաններում Արցախն անտեսելու կամ այն «ԼՂ հակամարտությանը» ստորակարգելու փորձերն ակնբախորեն սխալ են:
Միջազգային համատեքստի առնչությամբ հարկ է ասել, որ 2008թ. հնգօրյա պատերազմը եւ 2011թ. արաբական զարթոնքն արմատապես փոխում են աշխարհաքաղաքական միջավայրը: Այս նոր պայմաններում համաշխարհային գործընթացներից Կովկասի մեկուսացվածությունը ենթադրող որեւիցե ռազմաքաղաքական սցենար դառնում է ոչ միայն անադեկվատ, այլեւ՝ վտանգավոր: Կովկասի կայունությունը, որքան էլ դա տարօրինակ հնչի, ածանցվում է արցախյան խնդրի առկայությունից, որն սկսում է ունենալ կայունացնող դեր: Անկայունության աղեղի մեծ դինամիկայի ֆոնին հայ-ադրբեջանական նոր պատերազմի հետեւանքով Կովկասի ապակայունացումը չափազանց արկածախնդիր քայլ է: Այն ունի բոլոր հնարավորությունները տեղականից վերաճելու տարածաշրջանային պատերազմի՝ դրանով իսկ հանգեցնելով ճգնաժամորեն կարեւոր եվրասիական պարանոցում աշխարհաքաղաքական գործընթացների նկատմամբ վերահսկողության կորստի:
Այսպիսով, կովկասյան ուղղությամբ հետխորհրդային տարածության սահմաններն արդեն ծակոտկեն են ու այլեւս չեն բացառում երկու ուղղությամբ ռազմաքաղաքական հզորության երեւակումը: Այս պայմաններում հայ-ադրբեջանական սահմանափակ պատերազմի սցենարների քննարկումն առնվազն անլուրջ է, եթե ոչ անպատասխանատու: Ակնհայտ է, որ Արցախի շուրջ ռազմաքաղաքական աշխուժությունն առավել լայն համայնապատկերի տարր է: Հարավկովկասյան պետությունների կողմից նեղ ազգային շահերից դրդված պատերազմ վերսկսելու նախաձեռնության քննարկումը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե ձեռնարկվող քայլերը ներառվում են ավելի լայն միջազգային համատեքստի մեջ:
Այդքան փոխադարձաբար ներազդող աշխարհաքաղաքական, տարածաշրջանային եւ տեղական խնդիրների առկայությունը Կովկասի համար մրցակցությունը վերածում է բարդագույն խնդրի: Հարկ է գիտակցել, որ դիմակայությունը ծավալվում է բոլոր ասպարեզներում: Ասպարեզներից մեկն անտեսելու փորձերը կարող են տխուր հետեւանքներ առաջացնել, իսկ չհաշվարկված քայլերը հանգեցնելու են բոլորովին չսպասված արդյունքների: Որպես վառ օրինակ կարելի է հիշել 2008թ. Վրաստանի վարքագիծը, երբ նա հնարավոր է համարել օգտագործել ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ աշխարհաքաղաքական դիմակայության գործոնն իր տեղական պետական խնդրի՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողությունը վերահաստատելու համար: Հավակնոտ ու երիտասարդ Սաակաշվիլուն թվում էր, թե վրաց պետականության խնդիրները կարող է լուծել աշխարհաքաղաքական ասպարեզի խաղին մասնակցելու միջոցով, բայց ամեն ինչ Վրաստանի համար բավական կանխատեսելիորեն ավարտվեց: Հնգօրյա պատերազմի արդյունքում Ռուսաստանը ծանր պարտության է մատնել Վրաստանին եւ առանց նրա մայրաքաղաք մտնելու Վրաստանին ու ողջ աշխարհին ցուցադրել է վերջինիս անօգնականությունը:
Այսպիսով, մշակելով 21-րդ դարի կովկասյան ռազմավարությունը, դերակատարները հարկադրված են ձեւավորել արձագանք՝ մարտահրավերների եւ սպառնալիքների մի ողջ շրջանակի նկատմամբ: Ընդսմին՝ ճգնաժամորեն կարեւոր խնդիր է դառնում դիմակայության ծավալման հիմնական՝ տեղական, տարածաշրջանային կամ համաշխարհային ասպարեզի տարբերակումը: Դա պարտադիր է հասկանալու համար, թե դրանցից ո՞ր մեկի վրա է ծավալվելու Կովկասի համար դիմակայության հերթական փուլը: Ինչպե՞ս կամ ի՞նչ ձեւերով է իրականացվելու աշխարհաքաղաքական հզորության երեւակումը: Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները Մեծ Կովկասի բոլոր պետությունների համար ծայրահեղ կարեւոր են: