Անդրեյ ԱՐԵՇԵՎ
Վերջերս փորձագիտական հանրությունն ու ԶԼՄ-ները սևեռուն ուշադրության ներքո են պահում «3+3» «կովկասյան» բանակցային ձևաչափի թեման՝ ելնելով հատկապես Թուրքիայի նախագահի մեդիա-դիվանագիտական նախաձեռնողական ջանքերից։
«Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան և Հայաստան՝ եկե՛ք վեցս միասին նախաձեռնենք համատեղ քայլ և տարածաշրջանում խաղաղություն հաստատենք։ Այս կապակցությամբ պարոն Իլհամ Ալիևն արդեն առաջարկել է Հայաստանին տարածաշրջանում խաղաղություն հաստատել։ Կա Վրաստանից եկող որոշակիորեն բացասական նախատրամադրվածություն, բայց եթե այս բոլոր երկրները դրսևորեն դրական մոտեցում, ապա սույն պլատֆորմը կստեղծվի և տարածաշրջանը կդառնա խաղաղության հարթակ»,
-ասել է Լազիստանից սերվող Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ Հռոմում հոկտեմբերի 30-31-ը կայացած G20 գագաթնաժողովի արդյունքն ամփոփելով։ Տարածաշրջանում տնտեսական և հաղորդակցային կապերի ապաշրջափակմանը միտված «3+3» ձևաչափը դարձել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և Թուրքիայի ԱԳ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուի բանակցությունների թեմաներից մեկը։ Երկուսն էլ հատուկ ուշադրություն են դարձրել Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ջանքերի համատեղման վրա։ Հոկտեմբերին այս նախաձեռնությունը քննարկվել է ՌԴ-ի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում՝ Թեհրանի ու Բաքվի միջև հարաբերությունների լուրջ վատթարացման ֆոնին։
«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առաջարկած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի ստեղծմանը․ խոսքը Հարավային Կովկասի երկրների ու նրանց հարևանների մասին է։ Դրանք են՝ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Մենք, իհարկե, համարում ենք, որ ժամանակն է, կրկին ընդգծում եմ՝ ժամանակն է այս ծրագրերը գործնական հարթության վրա տեղափոխելու»
– նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ նրա՝ «բազմակողմանի տարածաշրջանային համագործակցության զարգացումը համապատասխանում է տվյալ ձևաչափի բոլոր ենթադրվող մասնակիցների շահերին՝ նպաստելով միջպետական հարաբերություններում վստահության մեծացմանը, գոյություն ունեցող հակասությունների կարգավորմանը և տարածաշրջանի հաղորդակցային ներուժի բացահայտմանը»։
«Turan» տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը համարում է, որ պլատֆորմի աշխարհաքաղաքական նշանակությունը համագործակցության համակովկսյան միասնական տարածության ստեղծումն է. «Թուրքիան և Իրանը նույնպես մասամբ կովկասյան երկրներն են։ Փոքր Կովկասի լեռները տարածվում են դեպի Իրան և Թուրքիա։ Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմտյան և Թուրքիայի արևելյան մասը նույնպես Հարավային Կովկաս են։ Իսկ ավանդաբար Հարավային Կովկաս կոչվող Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանն, ըստ էության, Կենտրոնական Կովկասն են։ Այսպիսով, «3+3» ձևաչափի մեջ ներառվում է ողջ Կովկասը. հարավայինը՝ Թուրքիան և Իրանը, կենտրոնականը՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, և հյուսիսայինը՝ Ռուսաստանը»։
Առայժմ «3+3» ձևաչափի նախաձեռնությունը շահագրգիռ կողմերը քննարկում են քաղաքական-դիվանագիտական խողովակներով (ներառյալ Իլհամ Ալիևի՝ Նիկոլ Փաշինյանին կատարած հեռախոսազանգը, որի մասին հայտնել է Էրդողանը Հռոմից Անկարա վերադառնալուց հետո)։ Արդյո՞ք հիշյալ նախաձեռնությունը կունենա երաշխավորված հաջողություն․ ինչպիսի՞ն կարող է լինել նրա իրական բովանդակությունը։ Այն նման կլինի «Սիրիայի հարցով «աստանյա՞ն» բանակցային ձևաչափին, թե՞ «ղրիմյան պլատֆորմին», որտեղ թուրքերն առաջ են մղում տարածաշրջանային կայունության և բարեդրացիության հետ նվազագույն իսկ աղերս չունեցող օրակարգ։ Անգամ եթե մի փոքր երևակայենք ու ենթադրենք, որ այս անգամ ամեն ինչ այլ կերպ կլինի, ո՞րն է լինելու ենթադրվող հանդիպման արգասիքը, եթե ոչ սոսկ աշխույժ հայտարարություններն ու «խորը դիվանագիտական բավարարվածության» զգացումը։ Մտադրությունների լրջության պարագայում արդյո՞ք նպատակային չէր լինի նախ մշակել քննարկումներին առաջադրվելիք թեմաները (թող անգամ փակ ձևաչափով) կայանալիք փորձագիտական հանդիպման ընթացքում․ ո՞վ է այն նախապատրաստելու և որտե՞ղ այն կարող է կայանալ։
Այստեղ հարցերն առայժմ ավելի շատ են, քան պատասխանները, իսկ նախորդ նախագծերի ճակատագիրը նույնպես լավատեսություն չի ներշնչում, թեև դրանք ևս ներկայացվում էին որպէս բոլոր մասնակիցների համար շահեկան։ Սակայն դրանցից ոչ մեկը բոլոր շահագրգիռ խաղացողների կողմից կոնսոլիդացված աջակցություն չի ստացել։ Նախկինում ևս նմանատիպ առաջարկությունները որոշակի անհրաժեշտ հստակություն չունեին և բավականին լղոզված էին։ 2008 թ․ օգոստոսին Հարավային Օսիայում «հնգօրյա» պատերազմի ֆոնին Էրդողանը հանդես է եկել «Կովկասում կայունության և համագործակցության պլատֆորմի» գաղափարով՝ սկզբնապես առանց Իրանի, մինչդեռ 2000 թ․ Սուլեյման Դեմիրելը «կովկասյան հնգյակին» ավելացնում էր ԱՄՆ-ին։ Զուգահեռաբար՝ 2000-ականների երկրորդ կեսից սկսած Անկարան նախաձեռնում և նախանձախնդրորեն առաջ է մղում եռակողմ «Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան» ձևաչափը, որն ամրակցված է «Արևելք-Արևմուտք» գծով մի քանի հաղորդակցային նախագծերով։ Աբխազիայի և Հարավային Օսիայի պատճառով առկա խնդիրները շրջանցելու միջոցով ռուսական կողմին դրան միավորելու ջանքերն, այնուամենայնիվ, ապարդյուն են եղել։ Այսպես, 2019 թ․ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի երկաթգծերի ղեկավարները ստորագրել են Բաքու-Թբիլիսի-Կարս գծով բեռնափոխադրումների զարգացման մասին հուշագիր, սակայն վրացի գործընկերները հրաժարվել են միանալ այդ փաստաթղթին։ (1).
Թբիլիսիում նույնպես չեն պատկերացնում, թե ինչպես Ռուսաստանն ու Իրանը պիտի կարողանան մաս կազմել «խաղաղության և կայունության պլատֆորմին» և նրանց հետ բանակցային սեղանին չեն նստի, եթե այդ նույն սեղանին նստած չլինեն Վաշինգտոնից և Բրյուսելից ժամանած «ավագ գործընկերները»։ Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «այդպիսի պլատֆորմները պետք է հիմնվեն կարևոր և հիմնարար սկզբունքների՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման վրա», ավելացնելով, որ Թբիլիսիի համար նախընտրելի է «եռյակի» կազմում թյուրք հարևանների հետ համագործակցությունը։ Ավելին՝ սեպտեմբերի 29-ին Բաքու այցելած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է «Հարևանության խաղաղ նախաձեռնությունը», իսկ հաջորդ օրը LINKSEurope-ի ջանքերով և Եվրամիության ու Վրաստանի ԱԳՆ աջակցությամբ Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի փորձագիտական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչները։ «Օրբելի» հետազոտական կենտրոնի վերլուծաբան Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ «Բաքվում վրացական պլատֆորմի մեջ փորձում են տեսնել մի նոր՝ Արևմուտքի մտահղացած նախաձեռնություն, որը կարող է փոխարինել Մինսկի խումբն ու Ռուսաստանին դուրս թողնել բոլոր նշված գործընթացներից»։
Անկարա-Երևան-Բաքու եռանկյունում խնդրահարույց «հանգույցները» պակաս չեն։ Ստանիսլավ Տարասովը նշում է․ «․․․ առանց «նոր Ցյուրիխի», այսինքն՝ առանց Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բնականոնացման՝ «վեցի պակտի» մասին կարելի է խոսել սոսկ ակադեմիական հարթության վրա»։ Լեռնային Ղարաբաղում 2020 թ․ աշնանը տեղի ունեցած «44-օրյա պատերազմից» հետո, որը նշանավորվել է Կովկասում Թուրքիայի ներկայության որակական ընդարձակմամբ, Էրդողանը վերադառնում է իր վաղեմի գաղափարին, որն, իր կարծիքով, թույլ է տալիս «Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում նոր էջ բացել»։ Թուրք ռազմավարներն Ադրբեջանում և Վրաստանում հաջողությամբ լուծելով իրենց իսկ սահմանած նպատակները՝ ակտիվորեն այլևայլ «բանալիներ են փորձարկում» նրանց համար ամենախնդրահարույց կովկասյան երկրի՝ Հայաստանի համար։ Վերջին տարիների իրադարձությունները վկայում են, որ այս հարցում նրանք նույնպես զգալի հաջողությունների են հասել։ Այսպես, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրջորեն ակնկալում է, որ հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակումն ընդամենը երկու տարում Հայաստանի ՀՆԱ-ն մեծացնելու է 30 տոկոսով։ Նմանատիպ լավատեսություն բազմիցս արտահայտում էր նաև վարչապետ Փաշինյանը, ինչը դարձյալ վկայում է երկրի առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների մասին այդ անձանց ունեցած ըմբռնման մակարդակի մասին։
Հաջորդիվ լույս տեսնելիք հրապարակումներից մեկում մենք ավելի մանրամասն կանդրադառնանք Արաքսի վերին հոսանքի հատվածում և նրա վտակների վրա կառուցվող փոքր և միջին հզորության ՀԷԿ-երի և ջրամբարների կառուցման խնդրին, ինչը Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի և Շիրակի մարզերին և Սևանա լճի մակարդակին ջրային ճգնաժամով է սպառնում, որն էլ, իր հերթին, հայաստանյան գյուղատնտեսության համար լրջագույն խնդիրներ կստեղծի։ Արդյո՞ք Անկարան որևէ չափով հաշվի կառնի հարցի շուրջ Երևանի մտահոգությունները, անգամ եթե Փաշինյանի վարչակարգը ընդունի և ի կատար ածի «խաղաղ պայմանագրի» ստորագրման և սահմանների բացման վերաբերյալ Անկարայի և Բաքվի բոլոր նախապայմանները։ Պատասխանն ակնհայտ է, ավելին՝ Սիրիայի օրինակն ակներևաբար վկայում է, որ Հայկական լեռնաշխարհում գետերի ակունքները վերահսկող թուրքերը լավագույնս օգտվում են հարևան երկրներում իրենց իսկ ստեղծած ջրային ճգնաժամերից։
Եվ սա ամենևին միակ օրինակը չէ։ Ռազմաքաղաքական նպատակներից («Զանգեզուրյան միջանցք», որին Անկարան և Բաքուն պահանջում են տալ արտատարածքային բնույթ) բացի, հայաստանյան համեմատաբար փոքր շուկայի արագընթաց կլանումը Թուրքիային օժտում է դեպի ԵԱՏՄ շուկաներ դուրս գալու հավելյալ «մուտքի կետերով»։ Իսկ Հայոց ցեղասպանության խնդրի փոխադրումը «պատմաբանների համատեղ աշխատանքի» հարթություն կնշանակի հայկական սփյուռքի բազմամյա գործունեության արդյունքների զրոյացում, որն էլ կապահովի թուրք լոբբիստական կառույցների ավելի հարմարավետ աշխատանքն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ արևմտյան երկրներում։ Այսօր բալկանյան երկրների՝ Բուլղարիայի և Սերբիայի օրինակով հայալեզու տեղեկատվական տարածությունում շրջանառվում է կեղծ ազգայնականների ջանքերով լայնորեն տարածվող թուրքամետ մի պատմույթ , որը հանդես է գալիս «ռուսական գաղութատիրությունից» ազատագրվելու կոչով։ Պատմվում է, թե ինչպես էին հայերը բարգավաճում Օսմանյան կայսրությունում և սուլթանի արքունիքում բարձր պաշտոններ զբաղեցնում (Millet-i Sâdıka Ermenileri)։ Միաժամանակ՝ Ռուսական կայսրությունը ներկայացվում է որպես մինչ այդ համարյա «եղբայրաբար» Անատոլիայում ապրած հայ ու թուրք ժողովուրդներին Առաջին աշխարհամարտի տարիներին պատուհասած ողբերգության գլխավոր մեղավոր․․․
Կարելի է համաձայնվել այն փորձագետների հետ, որոնք պնդում են, որ նորահայտ թուրքական պլատֆորմը նվազագույնս է համապատասխանում Ռուսաստանի շահերին՝ ի հեճուկս Մոսկվային այդ ոչ միանշանակ նախաձեռնության քարշակը ներկայացնելու ոմանց ջանքերի։ Բնականաբար, նախկին Խորհրդային Անդրկովկասում միասնական «թուրքամետ» քաղաքական տարածության ձևավորումը հազիվ թե կարող է երբևէ ավարտուն իրականություն դառնալ, գոնե այն պատճառով, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, ի հեճուկս նրանց բաժանող բոլոր ներքին խնդիրների, տեսանելի ապագայում տարածաշրջանից չեն անհետանա։ Տառացիորեն այս օրերին Երևան, Թբիլիսի և Բաքու է այցելել Կենտրոնական Ասիայում, Թուրքիայում և Վրաստանում աշխատանքային փորձառություն ունեցող ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնը։ Ռուս քաղաքագետ և կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով՝ վաղաժամ է տարածաշրջանից Ամերիկային «դուրս գրել»․ «․․․Վաշինգտոնում պատրաստ չեն դուրս գալ համաշխարհային խաղից և այլևայլ տարածաշրջանային գործընթացներից։ ԱՄՆ-ին մտահոգում է Եվրասիայում Ռուսաստանի և Թուրքիայի ուժեղացումը, ինչպես նաև Իրանի հնարավոր ակտիվացման հեռանկարը։ ԱՄՆ-ում անհանգիստ են նաև Վրաստանում տիրող դրությամբ․ Վրաստանը յուրօրինակ աշխարհաքաղաքական միայնության մեջ է հայտնվել (միայն Թբիլիսին է կողմնորոշված եվրատլանտյան ինտեգրման օգտին)».
Այսպիսով, արդիական տարածաշրջանային խնդիրներն այսուհետ ևս արդյունավետության տարբեր գործակիցով շարունակելու են քննարկվել կայացած երկկողմանի և բազմակողմանի ձևաչափերի շրջանակներում, որոնցից կարելի է առանձնացնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջկառավարական հանձնաժողովը, ԵԱՀԿ Մինսկի խումբը, թուրք-ադրբեջանա-վրացական դաշինքը, հայ-իրանական անդրսահմանային փոխգործակցությունը, ինչպես նաև արևմտյան գործընկերների բազմաշերտ գործունեությունը։ Որչափ էլ արտաքնապես գրավիչ թվա այս ամենն «ընդհանուր հայտարարի» բերելու հրաշախոստում պատրանքը, առայժմ իրավիճակն ավելի նման է մառախուղով պատված և կայծակներով փայլող կովկասյան երկնքում ձեռքից դուրս պրծած «կռունկին» փնտրելու ջանքերին․․․
Ծանոթություն
(1) Ռուս-թուրքական ապրանքաշրջանառությունը հիմնականում իրականացվում է Սև ծովի միջով․ Մոսկվայում հազիվ թե ոգևորված են տրոհել և մասամբ վերուղղորդել այդ ապրանքաշրջանառությունը, մեղմ ասած, ոչ բարեկամական և քաղաքականապես անկայուն երկրի միջով։