Արսեն ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՈՎ
Դիվանագետ
Մոսկվա
Շուշին Անդրկովկասի մյուս քաղաքների բացարձակ հակապատկերն է: Տները կանոնավոր են, գեղեցիկ են, բարձր եւ բազմաթիվ հրաշագեղ պատուհաններով լուսավորված: Փողոցներն ամենուր պատված են լայն սալիկներով, իսկ տանիքները՝ եվրոպականի նման են:
Վասիլի Վերեշչագին, «Ճամփորդություն դեպի Անդրկովկաս՝ 1864-1865 թթ.»
Ինչպիսի՞ն է եղել 20-րդ դարի սկզբին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը: Դրա մասին ստորեւ՝ փաստեր, վիճակագրական տվյալներ, ինչպես նաեւ ականատեսների կենդանի վկայություններ: 1897 թ. մարդահամարի համաձայն քաղաքի բնակչության թիվը 25881 հոգի էր, որոնցից հայեր՝ 14345 մարդ (55,3 %), թաթարներ՝ 10809 մարդ (41,7 %), ռուսներ եւ այլ ազգություններ՝ 734 մարդ (3%):
Տների թիվը քաղաքի երկու հատվածներում 1880-ականների վերջում հասել է 5779:[1] Քաղաքի տարածքն աշխուժորեն ընդարձակվում էր, հիմնականում արեւմտյան՝ հայկական մասի հաշվին: 20-րդ դարի սկզբում քաղաքի արեւմտյան մասը, դատելով այդ տարիների պահպանված լուսանկարներից, միանգամայն եվրոպական քաղաք էր, որն իր ոճով նման էր շվեյցարական Ալպերում սփռված բազմաթիվ քաղաքների ու ավանների:
Այդ ժամանակ քաղաքի տարածքի շուրջ 65% զբաղեցնող հայկական հատվածում ձեւավորվել էր 18 թաղ: Թոփխանա հրապարակը դարձել էր քաղաքի հասարակական կյանքի կենտրոն: Կենտրոնում կանգնած էր մի գեղեցիկ կրպակ, որտեղ ջուր էր վաճառվում, իսկ դրա կողքին գտնվում էր հանրային կշեռքը: Հրապարակի եզրագծով կառուցված էին առեւտրային շարքեր: Նման երկկողմանի առեւտրային շարքերը ձգվում էին հրապարակից Ագուլեցոց թաղ տանող մայրուղին: Թոփխանայի հարեւանությամբ գտնվում էին քաղաքային ակումբներ:
«Կենտրոնական թաղն ուներ երեք մեծ սալահատակ փողոցներ: Թատերական փողոցում գտնվում էր հայկական թատրոնը, Ագուլեցոց փողոցի վերին հատվածում՝ Ղազանչեցոց, իսկ ստորին հատվածում՝ Ագուլեցոց եկեղեցիները: Փոստի փողոցում գտնվում էին տելեգրաֆն ու բանկը: Բացի դրանից, կենտրոնական թաղում կային 400-ից ավելի բնակելի տներ, հարյուրավոր խանութներ, արհեստանոցներ, ինչպես նաեւ արտադրական եւ հասարակական շինություններ: Քաղաքի վերին հատվածի կառուցապատումն իրականացվում էր հստակ քաղաքաշինական սկզբունքի համաձայն՝ ուղիղ փողոցներով եւ ընդգծված հասարակական կենտրոններով: Բերդաքաղաքի այս մասին բնորոշ է կանոնավոր հատակագիծն ու փողոցների փոխուղղահայաց ցանցը: Այս ուղղություններով են տեղաբաշխված բնակելի, հանրային, կրթական եւ վարչական շինությունները»: [2]
Մարիետա Շահինյանի պատկերավոր արտահայտությամբ Շուշիի հայկական մասը «ասիական քաղաքին ծառայում էր որպես նրան տնտեսական հիմքն ընծայած եւ նրանից նկատելիորեն ավելի մեծացած եվրոպական կցորդ»: [3]
Պատահական չէ, որ ժամանակակիցներից շատերը 20-րդ դարասկզբի Շուշին անվանում էին «կովկասյան փոքր Փարիզ»:
Միաժամանակ, Շուշիի արեւելյան` մահմեդական հատվածում ձեւավորվել է 17 թաղ, թեեւ դրա քաղաքաշինական կառուցապատման տարածքը համարյա չի ընդարձակվել: Ելիզավետոպոլյան դարպասների եւ նախկին խանական նստավայրի միջեւ ընկած հատվածում դեռեւս 1859 թ. ստեղծվել է 100 սաժեն երկարություն եւ 20 սաժեն լայնություն ունեցած պարտեզ:
1876 թ. ավարտվել է 89.5 վերստ երկարությամբ Շուշի-Գորիս ճանապարհի շինարարությունը: Այդ՝ Արեւելյան Անդրկովկասը Նախիջեւանի եւ Երեւանի հետ միացնող ճանապարհի շնորհիվ Շուշիի ռազմավարական նշանակությունն էլ ավելի է աճել:[4]
Սակայն, դարավերջում սկսում է աճել Բաքվի ազդեցությունը. հենց այնտեղ են գտնվում խոստումնալից նավթահորերը, որոնք սկսում են ստվերել Շուշիի փառքը: Մեծահարուստ շատ ձեռներեցներ լքում էին քաղաքը եւ տեղափոխվում Բաքու: Երկաթգծերից հեռու գտնվող Շուշին սկսել է արագորեն կորցնել Անդրկովկասում իր վաղեմի նշանակությունը:
Սակայն, ի հեճուկս քաղաքի նշանակության նվազմանը, Շուշին շարունակում էր մնալ Անդրկովկասի խոշորագույն առեւտրատնտեսական եւ մշակութային կենտրոններից մեկը, քանի որ, ի տարբերություն շատ այլ քաղաքների, արհեստն ու առեւտուրը շարունակում էին մնալ նրա բնակիչների եկամտի միակ աղբյուրը: Արեւելյան կամ Ռուսական Հայաստանի տարածքում Շուշին միակ քաղաքն էր, որն ամբողջովին կտրված էր գյուղատնտեսական ոլորտից (զորօրինակ՝ ի տարբերություն Երեւանի կամ Նախիջեւանի, որոնց բնակիչներն աշխուժորեն զբաղվում էին այգեգործությամբ եւ խաղողագործությամբ, ինչն, իր հերթին, այդ քաղաքներին հաղորդում էր շատ մեծ գյուղերի տեսք):
Լինելով 1867 թ. ստեղծված Ելիզավետոպոլյան նահանգի գավառական քաղաքներից մեկը՝ Շուշին արդեն այդ ժամանակ դարձել էր ողջ Արցախի եւ Սյունիքի (Զանգեզուրի) առեւտրամատակարար կենտրոն: Ֆինանսադրամական պալատի տեղեկությունների համաձայն՝ առեւտրային շրջանառության ծավալը հասնում էր 3 միլիոն ռուբլու՝ նշված ժամանակի կուրսի համաձայն:
«Շուշիի առեւտրականները, որոնք մեծ վարկ ունեին Մոսկվայի, Բաքվի եւ այլ տեղերի գործարանային պահեստներում, բանկային եւ բորսային գործիչերի հետ ազգակցական եւ այլ կապեր ունենալու շնորհիվ քաղաքում ծավալել են լայն մեծածախ եւ մանրածախ առեւտուր՝ կապ հաստատելով ոչ միայն Շուշիի եւ Ջեւանշիրի, այլեւ Զանգեզուրի եւ Ելիզավետոպոլի գավառների մանր մասնավոր առեւտրային կետերի հետ: Միեւնույն ժամանակ Շուշիում կենտրոնանում էին տեղական հումքի գնման եւ այն դեպի ռուսաստանյան գործարաններ եւ ֆաբրիկաներ առաքելու գլխավոր գործակալություններ»: [5]
20-րդ դարասկզբին Շուշիի բնակչությունը հասել էր 33 187 մարդու: [6]
Քաղաքում գործում էր 800 առեւտրային հիմնարկ, շուրջ 570 արհեստանոց, արտադրամաս եւ ֆաբրիկա: Դրանց մեջ աչքի էր ընկնում 1906-1907 թթ. քաղաքի հայտնի կին-բարերարների նախաձեռնությամբ հասարակական հիմունքներով հիմնադրված եւ 120 աշխատատեղ ունեցող գորգագործական ֆաբրիկան: Ֆաբրիկայի բացումը հետապնդում էր մարդասիրական նպատակ՝ գոյատեւման միջոցներ հայթայթելու 1905 թ. քաղաքում հայկական ջարդերի եւ դրանց հաջորդած կռիվների ժամանակ այրիացած կանանց համար: Տարեկան կտրվածքով ֆաբրիկայում արտադրվում էր 600-700 միավոր բարձրորակ գորգ, որոնց մեծ մասն այնուհետեւ արտահանվում էր:
1915 թ. «Կովկասյան օրացույցում» բերված տվյալների համաձայն՝ 1914 թ. Շուշիում բնակվում էր 42.1 հազ. մարդ, որոնցից՝ 22 հազ. հայ (ավելի քան 52%):
1917 թ. նախաշեմին Շուշիում բնակվում էր 43 869 մարդ, որոնցից՝ 23 396 հայեր (53%) եւ 19 121 թաթարներ (44%):[7]
Այսօր դժվար է հավատալ, բայց 20-րդ դարի սկզբում Շուշին բնակչության թվով Անդրկովկասի երրորդ քաղաքն էր՝ զիջելով միայն Թիֆլիսին ու Բաքվին եւ գերազանցելով այդ ժամանակվա Երեւանը, Ալեքսանդրոպոլը (Գյումրի), Ելիզավետոպոլը (Գանձակ-Գյանջա), Կարսը, Բաթումը, Քութայիսը, Շամախին, Նուխին եւ անդրկովկասյան նահանգների մյուս քաղաքները:
1891 թ. Ն. Խանդամիրյանցը Շուշիում` Ղազանչեցոց եկեղեցու հարեւանությամբ, թատրոն է կառուցել: Այս հոյակերտ կառույցը համարյա ամբողջությամբ ոչնչացվել է տեղի թաթարների կողմից եւ հրկիզվել 1905 թ. ամռանը՝ ցարական իշխանությունների սադրած հայկական կոտորածների եւ դրանցից ծագած հայերի եւ կովկասյան թաթարների միջեւ ծավալված արյունալի զինված բախումների ժամանակ:
1902 թ. բացվել է 46 մահճակալ պարունակող առաջին քաղաքային հիվանդանոցը, որը կառուցվել ու պատկանել է Շուշիի ամենահարուստ գերդաստաններից մեկին՝ Ժամհարյաններին: Մինչ այդ (1876 թվականից սկսած) գոյություն է ունեցել միայն բանտին կից 20 մահճակալանոց հիվանդանոցը: Քաղաքի առաջին դեղատունը բացվել է 1857 թ.:
Նույն տարիներին կառուցվել է Մարիամյան օրիորդաց վարժարանի եւ մյուս շինությունները: Շենքերի մեծ մասը կառուցվում էր հայտնի շուշեցի ճարտարապետների՝ Սիմոն Տեր-Հակոբյանի, Մարգար Կարագյոզյանի, Արմենակ Գոնդաքսազյանի եւ այլոց նախագծերի հիման վրա:
Շուշիի ամենախոշոր, եթե չասենք՝ ամենամեծ հանրային շինությունը միմյանց հետ կապված մի քանի մասնաշենքերից բաղկացած եռահարկ Ռեալական վարժարանն էր: Վարժարանը բացվել էր դեռեւս 1881 թվականին, բայց ժամանակի ընթացքում հին շենքը դարձել է տարողունակապես ոչ բավարար: Այդ իսկ պատճառով 1901-1908 թթ. մի քանի փուլով կառուցվել է նոր ընդարձակ շինությունը:
Խոսելով Շուշիի կրթական հաստատությունների մասին՝ հարկ է հիշատակել դեռեւս 1827 թ. Շուշիում Բազելի Ավետարանչական ընկերակցության կողմից հայ երեխաների համար հիմնադրված դպրոցը:
1836 թ. քաղաքում արդեն կային հայկական ուսումնարանն ու Կուսանաց վանքին կից գործող դպրոցը:[8]
1838 թ. քաղաքում բացվել է Շուշիի հայկական թեմական դպրոցը, որը հետագայում կրթական շփումների մեջ էր Ռուսաստանի եւ արտերկրի բազմաթիվ կրթօջախների հետ: Այսպես, 1913 թ. Շուշիի թեմական դպրոցի 75-ամյա հոբելյանը նշելու ժամանակ Տարտուի համալսարանի վարչությունը հեռագիր է հղել, որում արտահայտվում էր «հոգեւոր լույսը սերմանող սույն հաստատությանն ուղղված նորանոր հաջողությունների հասնելու մաղթանքն՝ ի շահ հայ ժողովրդի եւ ի փառս եւ բարգավաճումն ամենքիս սիրելի Ռուսաստանի»:
1864 թ. հիմնադրվել է Սբ. Մարիամ Աստվածածնի անվամբ իգական ուսումնարանը, 1881 թ.՝ Շուշիում լուսավորության գլխավոր օջախ դարձած Ռեալական ուսումնարանը, 1894 թ.՝ Մարիամ Ղուկասյան օրիորդաց վարժարանը:
Ինչպես տեսնում ենք, հայկական Շուշիի կրթական ներուժն այդ ժամանակների համար բավականին հզոր էր: Տեղին է հիշատակել, որ Ռեալական վարժարանի շատ շրջանավարտներ հեշտորեն ընդունվում էին Ռուսաստանի եւ արտերկրի հեղինակավոր համալսարաններ: Ավելին՝ եվրոպական շատ երկրներում բնակվելը եւ համալսարաններում ուսանելն այն ժամանակ ավելի սակավածախս էր, քան, ասենք, Սանկտ-Պետերբուրգի կամ Մոսկվայի համալսարաններում ուսանելը: Իսկ Ռուսաստանի սահմաններից դուրս գալն այն ժամանակ այսօրվա պես բարդ ձեռնարկ չէր:
Օրինակի համար, ըստ սույն հոդվածի հեղինակին հայտնի տվյալների, 19-րդ դարի վերջում Մելիք-Շահնազարովների տոհմից մի քանի հոգի միաժամանակ ավարտել են եվրոպական համալսարաններ: Այսպես, հեղինակի պապի հայր Սամսոնն ուսանել է Լոզաննայում, իսկ իր հորեղբորորդի Կոնստանտինը՝ Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում:
Հեղինակի պապը՝ Շուշիում ծնված եւ մեծացած Զարեհ Սամսոնի Մելիք-Շահնազարովը շատ եւ հանգամանորեն էր պատմում իր մանկության եւ պատանեկության քաղաքի մասին: Պատմում էր ցավով, քանի որ իր մանկության քաղաքն այլեւս չկար. այն անհետացել է 1920 թ. մարտ ամսի մի քանի օրերի ընթացքում: Ահա մի հատված Շուշիի մասին իր հուշերից, որը ժամանակին չի մտել պապիս՝ 1918-1920 թթ. Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող «Ղարաբաղցի զինվորի գրառումները» հուշագրքի մեջ:
«Շուշիում կար ձմեռային ակումբ, ամառային ակումբ՝ իր հայտնի ծաղկանոցով հանդերձ, Խանդամիրյանցի թատրոնը, «Բիոսկոպ» եւ «Ամերիկանկա» կինոթատրոններ, «Ամերիկանկայի» մասնաճյուղ բուլվարի ամառային կինոթատրոնը:
Մուտքի պտուտանի ետեւում գտնվում էր Մեծ բուլվարը բազմամյա զարդարական (դեկորատիվ) ծառերով: Ծառուղիների երկայնքով տեղադրված էին լայն նստարաններ, որոնք ամեն գարուն կանաչ գույն էին ներկվում: Այնտեղ էր նաեւ սքեյթինգ-ռինգը, այսինքն՝ սահադաշտը, ինչպես որ այդ ժամանակ անգլերենի հետեւությամբ դրանք կոչվում էին Ռուսաստանում: Ձմռանը մարդիկ սառույցի վրա սահում էին չմուշկներով, իսկ ամռանը՝ անվավոր չմուշկներով: Մուտքը սահադաշտ անվճար էր:
Մեծ բուլվարի տարածքի համարյա մեկ երրորդը զբաղեցնում էր Հանրային ժողովի ամառային շենքը (Ամառային ակումբ) հարակից ծաղկանոցով հանդերձ, որում կային աշխարհի տարբեր երկրներից բերված ծաղիկների բազմազան տեսակները:
Ծաղկանոցի մուտքի հարեւանությամբ կենդանի տարբեր ծաղիկներից՝ գերազանցապես վարդերից հյուսված էր երեք մեծ տառ Մ.Կ.հ., այսինքն` ՄցՔՌվրՍՏպ ԿոքպրՑՉպվվՏպ հՏոՐՈվՌպՇուշիի հանրային ժողով: Յուրաքանչյուր տառ ուներ մոտ կես մետր բարձրություն եւ 60 սմ լայնություն:
Ծաղկանոցի վերին աջ մասում կային մեծահասակների, պատանիների եւ երեխաների համար նախատեսված մարզահարթակներ, ինչպես նաեւ ճոճանակներ, ավազ, խաղալիքներ, դույլիկներ եւ բահիկներ ունեցող մանկահրապարակներ:
Մեծահասակների եւ պատանիների համար պարբերաբար մրցույթներ էին կազմակերպվում Սոկոլյան մարմնամարզության [9] եւ սպորտային այլ բնագավառների ոլորտում: Սոկոլյան մարմնամարզության մարզաձեւի մասնակիցները 90 տոկոսով այլուստ եկած երիտասարդության ներկայացուցիչներ էին, քանի որ այս մարզաձեւը նոր էր թափանցել Շուշի, մինչդեռ բռնցքամարտի եւ ըմբշամարտի մրցումները Շուշիում պարբերաբար էին անցկացվում 1911 թվականից սկսած:
Մանկահասակ եւ դպրոցահասակ երեխաների համար տոն օրերին կազմակերպվում էին տարատեսակ մրցումներ ու խաղեր: Սակայն երեկոյան ժամը 7-ին հատուկ կոչնազանգն ազդարարում էր՝ «Երեխաները՝ տո’ւն»:
Ծաղկանոցից դեպի բուլվար ելքի աջակողմում գտնվում էր մեծ շատրվան, որի ջրում թպրտում էին երեխաների ուշադրությունը մշտապես գրավող արջի քոթոթներ: Կոչնազանգի հարվածից հետո երեխաներն աղմուկով վազում էին շատրվանի մոտ՝ նրա ավազանում թպրտացող կենդանիներին նայելու համար:
Բուլվարի պտուտանից դուրս գալուց հետո՝ փոքր ինչ դեպի ձախ գտնվում էր ամառային կինոթատրոնի մեծ փայտե շինությունը՝ «Ամերիկանկայի» մասնաճյուղը:
Ամառային ակումբում հաճախ կազմակերպվում էին երեկույթներ, մեծահասակների համար պարահանդես-դիմակահանդեսներ, թատերական ներկայացումներ, հայկական եւ արեւմտյան պարեր: Այս ամենն ուղեկցվում էր ժողովրդական երաժիշտների՝ դուդուկահարների, քյամանչահարների, կամ փողային եւ լարային նվագախմբերի կատարումներով: Դրանք բոլորը ղեկավարվում էին Հովաննես Հայրապետի Իոնեսյանի կողմից:
Երիտասարդական երեկույթները կիրակի օրերին անցկացվում էին նաեւ Ռեալական վարժարանի հանդիսությունների մեծ դահլիճում: Ներկաները մասնակցում էին ժողովրդական եւ եվրոպական պարերին. Ռեալականի ուսանողներին միանում էր նաեւ քաղաքի այլ դպրոցների եւ ուսումնարանների աշակերտությունը: Երեկույթներին ներկա էին գտնվում շուրջ 150-200 երիտասարդներ. նվագակցում էին Ռեալական վարժարանի եւ Թեմական դպրոցի նվագախմբերը: Պարերի ժամանակ հրամանները տրվում էին հայերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն: Հիշում եմ, որ ֆրանսերեն հրամանները տրվում էին մադմուազել Ժանետայի կողմից:
Շուրջպարերին մասնակցում էր 50-60-ական մարդ:
Ռեալական վարժարանում ուսանում էր ավելի քան 600 հայ եւ ընդամենը 5-8 մահմեդական տղա՝ մեծահարուստ թաթարների ընտանիքներից:
«Խաների եւ բեկերի մոտ գրելն ու կարդալն ամոթալի էր համարվում. դա աղքատների գործն էր», – վկայում է ժամանակակից գերմանացի հետազոտող Հաքստհաուզենը: [10]
Քաղաքի մահմեդական կամ թաթարական մասում մզկիթին կից գործում էր միայն արական նախապատրաստական դպրոց: Աղջիկների համար կրթությունը նախատեսված չէր, թեեւ ունեւոր թաթար ծնողների մոտ ընդունված էր դստրերին կրթություն տալ տնային պայմաններում, որտեղ հրավիրվում էին մոլլա-ուսուցիչներ: Մահմեդական օրիորդների մեծագույն մասը չէր ստանում ոչ մի անգամ տարրական կրթություն: Ի դեպ, անկախ կրթություն ունենալու հանգամանքից բոլոր օրիորդներն ու կանայք կրում էին չադրա: Թաթար աղջիկների համար դպրոցներ բացվել են միայն խորհրդային ժամանակներում, կարծես թե՝ 1928 թ.՝ «Ո’չ չադրային» կարգախոսի հրապարակումից հետո:
Քաղաքի մահմեդական հատվածի մեծահարուստներն, ընդհակառակը, Շուշիի վերին` հայկական մասում գտնվող Ամառային եւ Ձմեռային ակումբների մշտական հյուրերն էին: Այդտեղ նրանք կլոր կանաչ սեղանների շուրջ ոգեւորությամբ թղթախաղ էին խաղում, չէ՞ որ մահմեդական օրենքների համաձայն մոլեխաղերը ձեւականորեն արգելված էին, եւ քաղաքի ստորին՝ թուրքական մասում նման ակումբներ լինել չէին կարող: Ընդսմին՝ այնտեղ չկային ո’չ թատրոն, եւ ո’չ էլ կինոթատրոն:
Առաջին աշխարհամարտի նախաշեմին սկսվել էր Եվլախ-Շուշի նեղուցի երկաթգծի կառուցումը: Կառուցվել են համարյա բոլոր կամուրջներն ու ինժեներական կառույցները, կայարանների եւ կիսակայարանների շենքերը, անցկացվել են ռելսեր եւ կատարվել գնացքների փորձնական տեղաշարժը: Սակայն պատերազմի սկսվելուց հետո շինարարությունն ընդհատվել է, իսկ 1916 թ. ռելսերն ու փայտակոճերն ապամոնտաժվել են եւ ուղարկվել գործող Կովկասյան բանակ? Էրզրումի երկաթգծի կառուցման կարիքների համար: Վերջինս անհրաժեշտ էր Արեւմտյան Հայաստանը ռազմակալած ռուսական զորքերի մատակարարումների համար:
Այնուամենայնիվ, Անդրկովկասի բազում, այդ թվում եւ նախապատերազմյան խորհրդային քարտեզներում նեղուղի Եվլախ-Շուշի երկաթգիծը նշված է մնում: Որոշ տվյալներով, 1920-ական թվականների երկրորդ կեսին այդ երկաթգիծը վերականգնվել է եւ դրանով երթեւեկում էին փոքր շոգեքարշներ, որոնք ժողովրդի կողմից «կուկուշկա» էին անվանվում:
Հեղինակի նախապապը մասնակցել է Եվլախ-Շուշի նեղուղի երկաթգծի նախագծմանն ու շինարարությանը: Պապիս՝ Զարեհ Սամսոնի Մելիք-Շահնազարովի խոսքերով՝ Սամսոնն ասում էր, որ Եվլախ-Շուշի հատվածը շահագործման հանձնելուց մի քանի տարի անց 1914 թվականից սկսած պետք է մեկնարկեին նաեւ Շուշի-Գորիս երթուղով նեղուղի երկաթգիծ կառուցելու նախագծի իրականացման աշխատանքները:
Այսօր այս նախագիծը ֆանտաստիկ է թվում՝ այնքան բարդ է բազում վերելքներ ու վայրէջքներ, բարձրությունների ելեւէջներ ու ոլորաններ ունեցող լեռնային տեղանքը: Բայց դույզն իսկ տարակուսանք չկա, որ այն պայմաններում նախագիծը հաջողությամբ կսկսվեր: Խանգարել է 1914 թ. ամռանը բռնկված Առաջին աշխարհամարտը: Ցավոք, Մեծ պատերազմի սկզբին, ինչպես այդ ժամանակ անվանում էին Առաջին աշխարհամարտը, «փոքր կովկասյան Փարիզին» վիճակված էր այդպիսին մնալ եւս մի քանի տարի:
Շուշիի հայկական մասի ընդհանուր տեսքը, 19-րդ դարի վերջ
Հին հայկական տուն Շուշիում, նկարիչ` Վ. Վերեշչագին:
Սուրբ Ամենափկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին, 19-րդ դարի վերջ
Շուշիի կենտրոնական հատվածի տեսարան: Առաջին պլանում` Խանդամիրյանցի թատրոնը: Լուսանկարª1905 թվականից առաջ:
Շուշիի կենտրոնական հրապարակներից մեկը: Հանրային ժողովների շենքը:
———————————————————————–
1.ЦГИА Арм. ССР, 319, оп. 1, ед.хр.1. С. 52.
2.Мкртчян Шаген. Историко-архитектурные памятники Нагорного Карабаха. Ереван,Айастан, 1988. с. 182.
3. Шагинян. М., Нагорный Карабах. М.-Л., 1927, с.36.
4. ЦГИА Груз. ССР, фонд 8, оп. 1, ед.хр. 2254. С. 3
5.Степан Лисициан, указ. соч., с. 74.
6. ЦГИА Арм. ССР, фонд 113, оп. 3, N159. С. 2.
7. «Кавказский календарь» на 1917 год. Тифлис, 1916, с. 190-196.
8.Обозрение Российских владений за Кавказом в статистическом, этнографическом,топографическом и финансовом отношениях. Ч.III. Санкт-Петербург. 1836. с 310.
9. Սոկոլյան մարմնամարզությունը) տարբեր առարկաների, մարմնամարզական պիտույքների եւ բուրգերի հետ վարժություններ կատարելու վրա հիմնված մարմնամարզության ձեւն է: Սկզբնապես ծագել է Ավստրո-Հունգարիայում. մարզաձեւի հիմնադիրը Պրահյան համալսարանի պրոֆեսոր Միրոսլավ Տիրշն էր (1832-1884)՝ Ավստրո-Հունգարիայից սլավոնական անկախության Սոկոլյան շարժման գլխավոր գաղափարախոսը: 19-րդ դարի ավարտին մշակվել են մրցումների կանոններն ու մարմնամարզական վարժությունների եզրութաբանությունը:
10. «Закавказский край». СП6, 1857, ч.1, стр.185.