Իզիդա ՃԱՆԻԱ
“Нужная газета”
թերթի գլխավոր խմբագիր
Սուխում (Աբխազիա)
Հոկտեմբերի 12-ին ռուս-աբխազական սահմանի աբխազական կողմում գտնվող Ծանդրիպշ ավանում տեղի է ունեցել հերթական ռուսական սահմանապահ կայանի հանդիսավոր բացումը: Կայանի տարածքում վարչական մասնաշենքից բացի կառուցվել է 25-բնակարանանոց բնակելի շենք` սահմանապահների ընտանիքների համար:
Բնակելի շենքի բոլոր բնակարանները կահավորված են, ստեղծված են բոլոր պայմանները սահմանապահների եւ նրանց ընտանիքների ժամանցի համար` մարզադահլիճ, մանկական ու հանգստի սենյակներ, սաունա, թենիսի ու բասկետբոլի խաղադաշտ: Սահմանապահ կայանի ենթակառուցվածքն ամբողջապես ինքնաբավ է. տեղակայված են ջրի եւ էներգամատակարարման սարքավորումներ:
Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումից երեք տարի անց այդպիսի սահմանապահ կայաններ կառուցվել են Աբխազիայի բոլոր շրջաններում: Դրանցից մի քանիսը` Նոր Աֆոնում, Պրիմորսկոյե եւ Ծանդրիպշ ավաններում կառուցվածներն ավելի շատ նմանվում են առողջարանային օբյեկտների: Նրանց ռազմական նշանակության մասին վկայում են սոսկ հիմնավոր պարիսպները եւ տարածք մուտք գործելու անհնարինությունը: Ծանդրիպշում կառուցված ավանը թվով 11-րդն է: Երկու երկրների նախագահների երկու տարի առաջ ստորագրված ՙԱբխազիայի Հանրապետության պետական սահմանի համատեղ պաշտպանության՚ պայմանագրի համաձայն այդպիսի կայանների թիվը լինելու է 28-ը (չորսական կայան` Աբխազիայի յուրաքանչյուր շրջանի համար): Աբխազիայի մայրաքաղաք Սուխումի մուտքին գերարագ տեմպերով կառուցվում է մեկ այլ` իսկապես ահռելի սահմանակայան, որտեղ 12 հարկանի տներն աճում են որպես սնկեր անձրեւից հետո: Դա Աբխազիայում Ռուսաստանի ԱԴԾ (Ղհը) սահմանապահ վարչության շտաբն է:
Եթե այս ՙկայաններին՚ եւ ՙավաններին՚ հավելենք ռազմակայանները, առողջարանները, հանգստյան տներն ու ամառանոցները, դեսպանատան եւ դիվանագիտական անձնակազմի համար բնակելի շինությունների շինարարությունը Սուխումի ամենահեղինակավոր թաղերում եւ հանկարծակիորեն վիճելի դարձած սահմանամերձ Աիբգա գյուղում, ապա իրավացի հարց է ծագում, թե ո±ր պայմանների հիման վրա է իրականացվում Աբխազիայի եւ Ռուսաստանի սույն ՙփոխշահավետ համագործակցությունը՚:
Այս պայմանները նշված են ռուս-աբխազական բազմաթիվ համաձայնագրերում: Ահավասիկ այդ փաստաթղթերից որոշ մեջբերումներ.
– Այն հողամասերը, որոնց տարածքում գտնվում են օբյեկտներ, փոխանցվում են ռուսական կողմին վարձակալական հիմունքներով 49 տարով` յուրաքանչյուր հողամասի համար 1 ռուբլի վարձավճարով,
-Վարձակալությամբ տրվող հողամասերի վրա ռուսական կողմն իրավունք ունի իրականացնել կապիտալ շինարարություն: Կառուցված շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը եւ այդ նույն շինությունները պատկանում են ռուսական կողմին: Աբխազական կողմն ապահովելու է ռուսական կողմի սեփականության իրավունքի իրավաբանական ձեւակերպումը,
– Աբխազական կողմն ապահովելու է օբյեկտներն էլեկտրականությամբ, կապով, ջրամատակարարմամբ, վառելիքով եւ այլ ծառայություններով` ըստ Աբխազիայի Հանրապետության նախագահի աշխատակազմի համար նախատեսված գների,
– Ստորաբաժանումներն օժտված են ամբողջական անձեռնմխելիությամբ` Աբխազիայի Հանրապետության քաղաքացիական եւ վարչական իրավասության նկատմամբ,
– Իշխանության մարմինների ներկայացուցիչները նշված օբյեկտները եւ դրանց զբաղեցրած հողամասերը մուտք են գործում միմիայն ստորաբաժանման ղեկավարի համաձայնությամբ…,
– Ստորաբաժանումներն ազատվում են Աբխազիայի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված բոլոր տեսակի հարկերի, տուրքերի, մաքսերի վճարումից,
– Զինծառայողները, քաղաքացիական անձնակազմի անձինք եւ նրանց ընտանիքների անդամներն ազատվում են բոլոր տեսակի հարկերից, տուրքերից եւ մաքսերից,
– Աբխազական կողմը զինծառայողների ընտանիքների անդամներին եւ քաղաքացիական անձնակազմի անձանց շնորհում է իր քաղաքացիներին հավասար իրավունքն` աշխատանքային գործունեությունը ծավալելու համար,
– Աբխազիայի Հանրապետությունը որպես բնակության վայր ընտրած զինծառայողներին աբխազական կողմն ապահովում է բնակելի մակերեսով` Աբխազիայի Հանրապետության Զինված ուժերի զինծառայողների համար նախատեսված կարգի համաձայն…
Երեք տարի առաջ Ռուսաստանի ճանաչած Աբխազիայի անկախությանը սպառնացող ՙզիջողականության՚ բացատրությունն, իհարկե, գոյություն ունի: Դրան լավագույնս նպաստում է վրաց-աբխազական հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության համառությունը: Արեւմտյան երկրների` առկա իրողությունների հետ հաշտվելու դժկամությունը ոչ թե մոտեցնում, այլ իրարից էլ ավելի է հեռացնում կովկասյան հանրապետություններին` նվազեցնելով երկրի վրա սեփական` անգամ տեսական ազդեցության մակարդակը: Աբխազ քաղաքագետ Իրակլի Խինթբայի կարծիքով. ՙ…տարածաշրջանային հակամարտությունների տարբեր էությունը ճանաչելու դժկամությունը նպաստում է Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման եւ վերափոխման մեջ եվրոպական ներգրավման ցածր արդյունավետությանը՚:
Վերջին մի քանի տարիների ընթացքում ՄԱԿ-ի ՙսկզբունքայնությունը՚ Աբխազիայի տարածքում այդ կազմակերպության ներկայացված չլինելու պատճառ է դարձել, իսկ այժմ պաշտոնական այցերի շրջանակներում հանրապետություն ժամանող ՄԱԿ-ի դիվանագետները խոսում են շփումների վերսկսման հնարավորության մասին: Իսկ ահա աբխազական դիվանագետներն այլեւս ՄԱԿ-ին չեն առաջարկում Աբխազիայում ներկա գտնվելու ՙտարբերակներ՚: ՙՄամուլում հայտնված այն տեղեկությունները, թե իբր Աբխազիան պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի նոր առաքելությանը կամ դիտորդներին, հեռու են արդի քաղաքական իրողությունից եւ արտացոլում են սոսկ տեսականորեն ենթադրելի հնարավորությունները կամ տարբերակները՚, – ասում է Ժնեւյան քննարկումներում Աբխազիայի պատվիրակության ղեկավար եւ երկրի արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբան, հասկացնելով, որ Աբխազիան հետաքրքրված չէ իր տարածքում ՄԱԿ-ի առաքելության ներկայությամբ: Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը, ընդունելով ՄԱԿ-ի պատվիրակությունը` քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ֆեռնանդես Տարանկոյի ղեկավարությամբ, իր արտահայտություններում բավականաչափ հստակ էր` համեմատելով Ռուսաստանի եւ միջազգային հանրության կողմից Աբխազիային ցուցաբերվող օգնության ծավալները: Օսկար Տարանկոյի` Աբխազիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին հարցին ի պատասխան նախագահը դիվանագետին ոչ մի տարբերակ չի թողել: Աբխազիայի ռազմավարական գործընկերը Ռուսաստանն է:
Իհարկե, ոչ պաշտոնական շփումների շրջանակներում որոշ վրաց քաղաքական գործիչներ, լրագրողներ եւ միջազգային դիվանագետներ խոստովանում են, որ Վրաստանի եւ Արեւմուտքի քաղաքականությունն Աբխազիայի հանդեպ ոչ միայն չի հանգեցրել ակնկալած արդյունքների, այլեւ խոչընդոտել է բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելուն: Ժնեւյան քննարկումներում Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումից հետո կողմերի դիրքորոշումները նույնպես իրարից էլ ավելի են հեռացել: ՙԱբխազիայի ժողովրդավարական ձգտումների բացահայտ մերժումը եւ Աբխազիայի մեկուսացման թբիլիսյան կարծր գծին ցուցաբերված կույր աջակցությունը հանգեցնում է նրան, որ Արեւմուտքն ինքն է հրաժարվում ազդեցության այլ լծակներից, որոնցով հնարավոր էր աբխազական ղեկավարությանը մղել կարգավիճակի շուրջ բանակցություններ վարելուն՚, – համարում են ամերիկացի քաղաքագետներ Ա. Կուլին եւ Լ. Միտչելը: Նույնը կարելի է ասել նաեւ միջազգային տեսակի անձնագրերի վերաբերյալ (որոնց մի տեսակն այսօր Վրաստանը փորձում է պարտադրել Աբխազիայի քաղաքացիներին): Այս ՙիրադարձությունն՚ ուշացել է առնվազն մեկ տասնամյակով, որի ընթացքում Աբխազիայի բոլոր քաղաքացիները ստացել են ռուսաստանյան անձնագրեր եւ լուծել իրենց տեղաշարժի հարցերը: ՙԱբխազները եւ օսերն իրենց ուրախությամբ Ռուսաստանին են հանձնել: Մենք պետք է պարսավանքի ենթարկենք ու դատապարտենք մեր իշխանության անպատասխանատու եւ արկածախնդիր քաղաքականությունը: Որքան երկար Սաակաշվիլին գտնվի պետության ղեկին, այնքան ավելի է դա ձեռնտու Ռուսաստանին՚, – ասում է վրացի հակամարտաբան Պաատա Զաքարեիշվիլին:
Այսօր, երբ Վրաստանում հասարակության մի (ոչ նշանակալից) մասը վերջապես հասունացել է Վրաստանի կողմից Աբխազիայի ճանաչման հարցը քննարկելու համար, Աբխազիայում այդ նույն թեման արդեն իսկ կորցնում է իր արդիականությունը: Վրացական գործոնի ապաարդիականացումը` Ռուսաստանի կողմից անկախության ճանաչումից անցած երեք տարիների ընթացքում աբխազական հասարակությունում տեղի ունեցած փոփոխությունների լուրջ ցուցանիշ է: Վրաց քաղաքագետներն ու իմ գործընկերները պարբերաբար կանխատեսում են, որ Ռուսաստանի վարքագիծը հանգեցնելու է Աբխազիայում բողոքի ու դժգոհության տրամադրությունների առաջացմանը: Իմ կարծիքով, նման ենթադրություններն ոչ այնքան անհիմն են, որքան անընդունակ` վրաց-աբխազական հակամարտության կարգավորման հարցում Վրաստանին որեւէ շահութաբաժին բերելու: Հարկ է խոստովանել, որ Աբխազիայի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հնարավորությունների ժամանակը սպառվել է, եւ Վրաստանի համար բոլորովին անիմաստ է ու վնասակար ընդունել Ռուսաստանով Աբխազիա մտնելն արգելող օրենքներ, դժգոհել Աբխազիա ժամանող օտարերկրյա գործարարների, քաղաքական գործիչների այցերի կապակցությամբ կամ ձերբակալել մարդկանց, ում անձնագրում դրված է ՙՓսոու՚ կնիքը, իսկ Եվրամիության համար` երդմնեցուցչաբար կրկնել Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքին հավատարիմ լինելու հավաստիացումները:
Ցավոք, միջազգային հանրությունն այդպես էլ չի ունկնդրել Աբխազիայից վերջինիս հասցեագրված բազմաթիվ ուղերձները: 2010 թ. Կառնեգիի հիմնադրամի հրավիրած կլոր սեղանի ժամանակ աբխազ փորձագետները վերահաստատել են, որ առանց միջազգային հանրության կողմից ճանաչվելու հանրապետությանն ավելի դժվար է լինելու զարգանալ որպես ժողովրդավարական պետություն եւ առաջարկում էին ԱՄՆ-ին եւ Եվրոպային նպաստել այդպիսի զարգացմանը` հանրապետությանը ցուցաբերելով ժողովրդավարական հաստատությունների հետագա շինարարության համար անհրաժեշտ աջակցություն: Խնդրվում էր նաեւ աշխուժացնել Աբխազիայի տարածքում միջազգային, այդ թվում եւ ոչ կառավարական հաստատությունների գործունեությունը: Արդյունքում` միջազգային հանրության կողմից Աբխազիայի անկախության չճանաչումը եւ ուղիղ փոխգործակցությունից հրաժարվելը նպաստել են վերջինիս Ռուսաստանից միակողմանի կախվածության ուժեղացմանը: Այդ իսկ պատճառով Աբխազիայում Ռուսաստանի դեսպանի` ՙՌուսաստանը Աբխազիա եկավ լրջորեն եւ երկար ժամանակով՚ հնչած խոսքերը հիմնովին համապատասխանում են իրականությանը եւ Ռուսաստանի գործողություններին, ինչպես նաեւ` Աբխազիայի անգործությանը, որը ՙզիջողականություն՚ է դրսեւորում անգամ երկրի անվտանգության հետ կապված հարցերում:
Դիվանագիտական անձնակազմի համար բնակելի շինությունների կառուցման նպատակով հատկացված տարածք
Մոսկվայի տունը` Սուխումի ծովափին
Ռուսաստանի Դաշնության դեսպանատան կառուցման համար հատկացված տարածք
Ռուսական սահմանակայանի շինարարությունը` Սուխումի մուտքին